Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Ես եղել եմ Դեմիրճյանների ննջարանում

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Ես եղել եմ Դեմիրճյանների ննջարանում
30.10.2014 | 18:19

Կան դեմքեր ու իրադարձություններ, որոնք, Մարկեսի խոսքով ասած, շպրտել եմ հիշողության ձեղնահարկ, բայց հանգամանքներն ստիպում են վերհիշել ու հրապարակել դրանք:
1980-ին, երբ ես 20 տարեկան էի, հաճախ էի լինում, այսօրվա բառապաշարով ասած, հորեղբորս «օֆիսում»:
Նա «Կառավարական դաչա» կոչված տարածքում հատուկ բազայի դիրեկտորն էր:
Այսինքն, հորեղբայրս տնօրինում էր Խորհրդային Հայաստանի ղեկավարության համար նախատեսված հատուկ բազան (դարձյալ այսօրվա բառապաշարով ասած՝ սուպերմարկետը):
Եվ, ի դեպ, նա այդ բազայի դիրեկտորն էր` սկսած Յակով Զարուբյանից, և, ինչպես ասում են,՝ երեք Կենտկոմի առաջին քարտուղար էր փոխել, բայց մնացել էր իր պաշտոնին: Երևի, իսկապես ազնիվ էր աշխատում, որ Զարուբյանից հետո եկած Անտոն Քոչինյանը, իսկ հետո՝ Կարեն Դեմիրճյանը նրան շարունակում էին պահել:
Ուրեմն, 1980-ին, օրերից մի օր, երբ կրկին այցելեցի հորեղբորս աշխատավայր, այնտեղ էր նաև Կարեն Դեմիրճյանի առանձնատան տնտեսուհին: Այդ աշխույժ կնոջ անունը նույնպես Ռիմա էր, ինչպես Կարեն Սերոբիչի տիկնոջ անունն է:
Քանի որ այդ պահին Կարեն Սերոբիչենց տանը մարդ չկար, տնտեսուհին՝ Ռիման, ինձ առաջարկեց տեսնել Դեմիրճյանների տունը ներսից:
Գնացինք: Ռիման ինձ առանձնատան խոհանոցի մուտքից ներս տարավ, մի քանի աստիճան վեր բարձրացանք ու առաջինը, որ ցույց տվեց, դա Կարեն և Ռիմա Դեմիրճյանների ննջարանն էր:Երկտեղանոց մահճակալ, մի պահարան, պատից կախված մի նկար և, երևի...վերջ:
Ես ապշեցի: Այդքան փոքրիկ ու համեստ ննջարա՞ն:
Հավատացեք, իմ հայրական տան կամ մեր ազգականների ննջարաններից մի քիչ էր ճոխ: Իրոք, ապշել էի: Աչքերիս չէի հավատում: Հետո, իհարկե, Ռիման ինձ տարավ առանձնատան մնացած հատվածները ցույց տալու: Դարձյալ համեստ կահկարասի, անհրաժեշտ իրեր, և ոչ ավելին:
Իրոք շոկի մեջ էի: Ո՞նց, այսքան համեստ են ապրո՞ւմ: Բայց, ախր, աչքովս եմ տեսում, ես գտնվում եմ «կառավարական դաչայում»: Դա հո փա՞ստ է:
Մտածում էի, ախր, Սովետական Հայաստանը, կարծես թե, լավ վիճակում է, ավելին՝ ժամանակին Քոչինյանին ասում էին՝ «Բռլյանտովիչ», իսկ այդ պահին՝ Դեմիրճյանի կառավարման շրջանը գնահատվում էր որպես անարգել կաշառակերության շրջան:
Եվ այս մարդիկ այսքան զուսպ ու ժուժկալ են ապրո՞ւմ: Իսկապես շոկի մեջ էի:
Չերկարացնեմ:
Այսօր նույն «Կառավարական դաչայում» և դրանից դուրս ապրում են իշխանավորներ:
Պարզապես անհնար է պատկերացնել անգամ, որ այսօրվա իշխանավորների (սկսած առաջին դեմքից մինչև «ճ»կլասի պաշտոնյայի) առանձնատներն իրենց արտաքին ու ներքին հարդարանքով գոնե հեռավոր նմանություն կարող են ունենալ 1980-ականների Հայաստանի ղեկավարության տների հետ:
Հասկանալի է, այն օրերից հետո հասարակարգ է փոխվել, հիմա շուկայական հարաբերություններ են, բայց այս աստիճանի վայրենի կարողություն ու հարստությո՞ւն, որ կուտակել ու շարունակում են կուտակել, ու չե՛ն կշտանում կուտակելուց այսօրվա բորենիները:

Դիտվել է՝ 4090

Մեկնաբանություններ