Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր հնարավորությունների համաձայնագրեր

Նոր հնարավորությունների  համաձայնագրեր
31.10.2014 | 00:04

Բաց հասարակության հիմնադրամների և Գլոբալացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում ներկայացվեցին Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրերի, որ գործում են 2014-ի հունվարի 1-ից, մոնիթորինգի արդյունքները: Հաշվետվությունը ոչ միայն բանավոր է, այլև գրավոր, հայերեն ու անգլերեն, ներառում է մոնիթորինգի արդյունքները և համաձայնագրերի տեքստերն ու լուսաբանումը:

Գրքի շնորհանդեսին ու հաշվետվության հրապարակմանը, կազմակերպիչներից բացի, ներկա էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, դիվանագետներ ու դեսպաններ, արտաքին գործերի, արդարադատության, սփյուռքի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տարբեր բուհերի ուսանողներ:
Նախքան շնորհանդեսը Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ խնդրեցի ներկայացնել կատարված աշխատանքը.
-Հայաստանը և ԵՄ-ն ստորագրել են վիզաների տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման պայմանագրերը, որոնք գործում են այս տարվա հունվարից: Հունվարից հունիս մենք պայմանագրերի կատարման մոնիթորինգ կազմակերպեցինք, պարզելու՝ ինչպես են կատարում պայմանագրով սահմանված իրենց պարտականությունները Հայաստանի ինստիտուտները, օրինակ՝ ոստիկանության վիզաների վարչությունը, միգրացիոն ծառայությունը՝ մի կողմից, մյուս կողմից՝ եվրոպական այն վեց տերությունները, որոնց հյուպատոսական ծառայությունները Շենգենյան վիզաներ են տրամադրում: Վիզա ստանալը, արտասահման գնալը՝ գործուղումների, անձնական խնդիրներով, աշխատանքային, կարևոր հարցեր են, որ բոլորիս էլ վերաբերում են: Ես կարծում եմ, որ անպայման պետք է օրենսդրական դաշտն ուժեղացնել, որպեսզի մարդիկ, ովքեր ցանկանում են Եվրոպա գնալ, ոչ թե անօրինական ճանապարհների դիմեն՝ անձնագիր «կորցնեն», գնան՝ քաղաքացիություն խնդրեն, այլ օրինական ու քաղաքակիրթ ճանապարհով գնալ-գալու հնարավորություն ունենան: Եթե գնան ու աշխատանք գտնեն, թող գտնեն, կաշխատեն ու կվերադառնան՝ նոր փորձով, նոր գիտելիքներով, հավելյալ ֆինանսներով: Այս գործընթացը իսկապես շատ կարևոր է, ու հենց այդ պատճառով մենք որոշեցինք մոնիթորինգի արդյունքները գրքով հրատարակել, որպեսզի հասարակությանը ներկայացնենք գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը, պատասխանենք գործընթացով պայմանավորված հարցերին ու, իհարկե, ներկայացրինք երկու պայմանագրերը:
-Ըստ մոնիթորինգի՝ բավարա՞ր եք համարում պայմանագրերի կատարումը:
-Այո, բայց՝ այս փուլում: Կյանքն առաջ է գնում, վերջին մեկ-երկու ամսում եղան փոփոխություններ՝ ստեղծվում են գործակալություններ, որոնք հանձն են առնում կատարել վիզաների ստացման փաստաթղթային աշխատանքը, կարծում եմ՝ որոշ ժամանակից կարող ենք նաև այդ գործընթացի մոնիթորինգը կատարել: Այսօրվա պայմաններում իրավիճակը վատ չէ՝ Գերմանիայի, Լեհաստանի, Լիտվայի հյուպատոսական ծառայությունները, որ տալիս են Շենգենյան վիզա նաև այլ երկրներում լինելու, ակտիվացրել են իրենց աշխատանքը, ավելի բաց են գործում, որը դրական է, բայց, բնական է, որ կան նաև խնդիրներ, որոնցից մեկը՝ հյուպատոսությունների տեխնիկական հզորությունների անբավարարությունը, բավականին ուշացնում է վիզաների տրամադրումը: Իհարկե, կես տարում ամեն ինչ չես անի, մեր մոնիթորինգը կօգնի, որ եվրոպական կողմը մտածի իր ծառայությունների կատարելագործման անհրաժեշտության մասին: Մարդիկ բողոքում են ոչ այն պատճառով, որ իրենց մերժում են, այլ՝ վիզաների ուշացման, որը ձախողում է նրանց գործերը: Սա օբյեկտիվ իրավիճակ է՝ իրավական հնարավորություններ են ստեղծվել, որոնց չեն բավարարում տեխնիկական հնարավորությունները: Նման մոնիթորինգը երկկողմանի կարևոր է՝ հաջորդ քայլերը կոնկրետացնելու առումով:
-Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին իրավական նոր իրավիճա՞կ է, թե՞ համաձայնագրերը շարունակում են գործել:
-Այս ոլորտում հակասություններ չկան, գոնե առաջին փուլում չեն եղել: Եթե նկատել եք՝ Ռուսաստանն էլ իր վիզային ու միգրացիոն օրենսդրությունը փոխում է՝ ուղենիշ ունենալով եվրոպական տարբերակը: Օրինակ՝ սահմանափակվում է երկրում երկարաժամկետ կացությունը, ինչպես Եվրոպայում է:
-Մոնիթորինգը շարունակվելո՞ւ է:
-Այո, քանի որ զարգացումները շարունակվում են, առաջանում են խնդիրներ, որոնք պետք է ուսումնասիրել ու ներկայացնել լուծման:
Սկսելով մոնիթորինգի հաշվետվությունն ու գրքի շնորհանդեսը՝ Ստեփան Գրիգորյանը շեշտեց, որ օրինական ճանապարհների առկայությամբ, որոնք պայմանագրերով ստեղծվել են, որևէ մեկը չի ընտրի անօրինական ճանապարհը, որը լի է վտանգներով՝ դա շատ կարևոր խնդիր է այսօր: Մարդկանց պետք է ոչ թե պատժել, այլ կարգավորել խնդիրը: «Վիզաների խնդրի կարգավորմանը մենք մեծ տեղ ենք տալիս հենց այդ նկատառումով: Շատ շնորհակալ ենք Լեհաստանին, Գերմանիային, Լիտվային, որ ստանձնեցին Հայաստանում եվրոպական այլ երկրների վիզաների տրամադրումը: Երկու պայմանագրերի տրամադրած հնարավորությունների գործադրման ուսումնասիրությունը ընդգրկեց երկու կողմերն էլ՝ մենք քննարկել ենք վեց երկրների հյուպատոսությունների աշխատանքը և Հայաստանի պետական կառույցների գործողությունները»,- ասաց պարոն Գրիգորյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջազգային փորձագետներին, որ օգնել են աշխատանքին՝ փոխանցելով իրենց երկրների փորձը: Բաց հասարակության հիմնադրամների Հայաստանյան մասնաճյուղի կատարած աշխատանքը ներկայացրեց ԴԱՎԻԹ ԱՄԻՐՅԱՆԸ: Պարոն Ամիրյանն ասաց, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը մեծ հույսեր էր արթնացրել, որ մեր երկիրը որոշել է իր ճակատագիրը կապել աշխարհում մեզ հարիր քաղաքակրթական միջավայրի հետ, որը նշանակում էր արժեքներ, դիրքորոշում, կյանքի որակ, կենսամակարդակի բարձրացում, նոր հարաբերություններ ու նոր մտածողություն: «Ասոցացման համաձայնագիրը բերում էր բավականին լուրջ պարտավորություններ մեր պետության համար, սակայն մեր երկրի քաղաքական կուրսը, ցավոք, փոխվեց՝ շատերի համար որոշակի ապատիայի պատճառ դառնալով, որ հասարակական կյանքի և տնտեսության բարելավմանն ուղղված բարեփոխումները այլևս հնարավոր չեն: Մենք համոզված ենք, որ դեռ կան հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել Հայաստանի հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ շարունակելու համար՝ ստիպելով պետությանն առավել արդյունավետ կառավարման ու արդյունավետ բարեփոխումների մեխանիզմեր մշակել: Վիզաների դյուրացման գործընթացը ուղղակիորեն չի նշանակում, որ վիզա ստանալը հեշտանում է: Ես ուզում եմ, որ այս շնորհանդեսն ու մոնիթորինգի արդյունքների ներկայացումը ունենա նաև կրթական ու տեղեկատվական բովանդակություն»,- ասաց Դավիթ Ամիրյանը: Նա հիշեցրեց, որ պայմանագիրը նշանակում է կոնկրետ պայքար կոռուպցիայի, խտրականության դեմ, մարդու իրավունքների պաշտպանություն՝ տեղաշարժի, միգրացիայի, անօրինական աշխատուժի, մարդկանց առևտրի կանխման հարցերում: Պարոն Ամիրյանը կարծում է, որ ՀԿ-ներն իրենց օրակարգում պիտի ունենան վիզաների դյուրացման գործընթացը որպես գործիք՝ իշխանությունների հետ բանակցելու և եվրոպական կառույցների հետ համագործակցելու համար:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար ՏՐԱՅԱՆ ՀՐԻՍՏԵԱՆ կարևորեց ԵՄ արևելյան հարևանության քաղաքականության շրջանակներում կայացած քայլերը, նա անդրադարձավ օրինական միգրացիայի գլոբալ քաղաքականությանը, որը սկսվել է 2005-ին, նշվեց, որ շարժունակության գործընկերության գլոբալ հռչակագիրը համապարփակ, շրջանակային փաստաթուղթ է, սահմանում է ԵՄ-ՀՀ հիմնական առաջնահերթությունները և միգրացիոն համագործակցությունը: 2012-ի դեկտեմբերին ԵՄ-ն և ՀՀ-ն ստորագրեցին վիզաների դյուրացման համաձայնագիրը, 2013-ի ապրիլի 9-ին ստորագրվեց հետընդունման համաձայնագիրը, խորհրդարաններում վավերացումից հետո երկու պայմանագրերը սկսեցին գործել 2014-ի հունվարի 1-ից: ԵՄ-ն առանձնահատուկ կարևորություն է տալիս համաձայնագրերի իրականացմանը և մոնիթորինգին, ընդգծում է քաղաքացիական հասարակության առանձնահատուկ դերը: Պարոն Հրիստեան կարևոր համարեց հաշվետվության եզրակացությունները, որոնք թույլ են տալիս հստակեցնել հետագա համագործակցությունը: Ընդամենը վեց ամիս գործող համաձայնագրերի կատարման ընթացքի ուսումնասիրությունը նաև տեղեկատվություն է տալիս ու սահմանում մարտահրավերները, որ լրացուցիչ ուշադրության կարիք ունեն երկու կողմերի համար հետագա փուլերում:
Զեկույցի համահեղինակ ՆԻԿՈԼԱՅ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանգամանալից ներկայացրեց մշտադիտարկման մեթոդաբանությունը՝ հայկական և եվրոպական օրենսդրության վերլուծություն, ԵՄ հյուպատոսությունների և ՀՀ պետական կառույցների կայքերի ուսումնասիրություն, հարցումներ, էլեկտրոնային մամուլի մշտադիտարկում, վիճակագրական փաստաթղթերի ուսումնասիրություն: Պարոն Իսրայելյանն անհրաժեշտ է համարում հասարակության իրազեկման նպատակով ծրագրերի իրականացումը, տեղեկատվական նյութերի տպագրումն ու տարածումը, տեղեկատվական միջոցառումների կազմակերպումը: Նա կարևորում է ներպետական կառույցների աշխատակիցների համար սեմինարների, փորձի փոխանակման այցերի, վերապատրաստման ծրագրերի անցկացումը: Նիկոլայ Իսրայելյանն անդրադարձավ վիզաների համար դիմած ու մերժված քաղաքացիների խնդիրներին, նշելով, որ մերժումները որոշ դեպքերում հյուպատոսական ծառայությունները չեն հիմնավորում, կարևոր է նաև քաղաքացիներին իրազեկել մերժումը բողոքարկելու մեխանիզմների մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Քաղաքացիների շարժունակությունը հետևանք ունի բազմակարծության, փոխադարձ ճանաչողության և ընկալման խորացումը: Կարևոր է, որ Հայաստանն ակտիվ լինի ԵՄ երկրներում պետության իմիջը բարձրացնելու գործում, մասնավորապես՝ միգրանտներից արդեն խորապես հոգնած եվրոպացիներին պարզ դարձնելու, որ հայերը նոր սպառնալիք չեն: Եվրոպայում աշխատանք որոնող հայերը չեն կարող քանակական վտանգ ներկայացնել ԵՄ-ի համար, բայց Հայաստանի համար կարող են դառնալ որակյալ ու փորձառու աշխատողներ, եթե սահմանը հատել են լեզվի իմացությամբ ու մասնագիտական պատրաստվածությամբ:

Դիտվել է՝ 1215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ