Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Չինացիները ողջամիտ են, բայց այնքան էլ զգայուն չեն թույլ հարևանների շահերի նկատմամբ»

«Չինացիները ողջամիտ են, բայց այնքան էլ զգայուն չեն թույլ հարևանների շահերի նկատմամբ»
31.10.2014 | 00:17

«Foreign Policy» հանդեսում հրապարակված իր վերջին ծավալուն հարցազրույցներից մեկում Զբիգնև Բժեզինսկին, որը, հավանաբար ոչ առանց հիմքի, դեռևս համարվում է համաշխարհային քաղաքականության ամենաիրազեկ անձանցից մեկը, մի շարք հատկանշական դիտարկումներ է արել։ Այսպես, խոսելով այն մասին, որ աշխարհաքաղաքականությունը ներկայումս վերափոխվում է «G2+» նոր ձևաչափի, ընդ որում «Չինաստանը, որին բևեռներից մեկի դերն է վերապահվում, ձգտում է խուսափել խնդիրների մեջ երկրորդ բևեռին՝ ԱՄՆ-ին ներքաշելուց», որ առկա է գաղափարական բախումների բացակայությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, որ չինացիները «ողջամիտ են, բայց երբեմն այնքան էլ զգայուն չեն թույլ հարևանների ձգտումների ու շահերի նկատմամբ, իսկ ամերիկացիները պետք է պահպանեն «հանգիստ ողջախոհությունը և չդառնան այնպիսին, ում ինքնաբերաբար դիմում է այդպիսի մանր երկրներից ցանկացածը», Բժեզինսկին եզրահանգում է, որ «մենք պետք է խորացնենք համագործակցությունը Չինաստանի հետ՝ առանց այդ մասին բարձրաձայնելու, որովհետև մնացած աշխարհը հակառակվում է դրան»։
Կհետևե՞ն, արդյոք, Վաշինգտոնն ու Պեկինը այդ խորհուրդներին, դժվար է ասել։ Սակայն այն, որ չին-ամերիկյան կապերի մասին լրատվամիջոցները, և ոչ միայն ռուսական, ավելի հաճախ գրում են բացասական լույսով, ակնհայտ է։ Եվ այստեղ կարող է օգնել մինչև օրս էլ իր օրախնդրությունը չկորցրած «տողատակերը կարդալու» խորհրդային ունակությունը (իսկ երիտասարդներին խորհուրդ կտայի այսօր էլ չանտեսել այդ անգնահատելի փորձը)։ Եվ այսպես, մենք շարունակ կարդում ենք Չինաստան-ԱՄՆ հասունացող ընդհարման, նույնիսկ ռազմական բախումների մոդելավորման, ապագա պատերազմների քարտեզների մասին։ Ընդ որում, փորձագետները չեն հոգնում պնդելուց, թե «յուանը ոչնչացնում է դոլարը», թե «ավելի ու ավելի է սպառնում դոլարի գերիշխանությանը միջազգային ֆինանսական հարաբերություններում»։ Սակայն, միաժամանակ, ռուսական ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է. «Ամերիկյան արժեթղթերը տնօրինողների շարքում առաջատարը վերջին մի քանի տասնյակ տարում Չինաստանն է, որն օգոստոսի վերջին իր պորտֆելի պարունակությունը հասցրեց 1,27 տրիլիոն դոլարի»։ Ընդ որում, հաղորդվում է, որ արժեթղթերի առևտուրն ԱՄՆ-ի կառավարությանը հնարավորություն է ընձեռում պետական ծախսեր կատարելու բյուջեի դեֆիցիտի պայմաններում, որ ամերիկյան գանձապետական պարտավորությունները համարվում են առավել հուսալի, թեև ոչ ամենաշահութաբեր արժեթղթերը, և դրանց պահանջարկն անշեղորեն աճում է (ի դեպ, ընդհանուր իրազեկության համար նույն հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանն ընդլայնել է ամերիկյան կառավարության արժեթղթերի մեջ կատարվող ներդրումների ծավալը, ու համաձայն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած տվյալների, օգոստոսին այդ ցուցանիշը հուլիսի համեմատ մեծացել է 3,6 միլիարդ դոլարով, հասնելով 118,1 մլրդ դոլարի)։ Իսկ հիմա «տողատակում». թշնամուն, իհարկե, չեն ֆինանսավորում, առավել ևս, որ դա ամենևին շահութաբեր չէ, և, իհարկե, սեփական փողերը չեն ներդնում մի բանում, որը մտադիր է ավերմունք սփռել։
Հիմա դիմենք Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունների մասին չոր տեղեկություններին։ Չինաստանի նորությունների գործակալությունները հաղորդում են. «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը համարում է իր երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարի՝ ազգային անվտանգության գծով օգնական Սյուզան Ռայսը»։ Նա սեպտեմբերին Պեկին էր եկել ԱՄՆ-ի նախագահի նոյեմբերին Չինաստան կատարելիք այցի ծրագիրը նախապատրաստելու, Օբամայի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի քննարկմանը ենթակա հարցերը համաձայնեցնելու նպատակով։ Մեկ այլ հաղորդագրություն. Բոստոն, 19 հոկտեմբերի (Սինհուա)- ՉԺՀ պետխորհրդի անդամ Յան Ցզեչին հանդիպում ունեցավ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ։ Կողմերը խորացված կարգով կարծիքներ փոխանակեցին չին-ամերիկյան նոր տիպի հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։ Յան Ցզեչիի ասելով, Պեկինն ու Վաշինգտոնը պետք է ընդառաջեն միմյանց, ամրապնդեն ռազմավարական համակարգումը, մեծացնեն ռազմավարական փոխվստահությունը, խորացնեն համագործակցությունն ու պատշաճորեն կարգավորեն տարաձայնությունները, ինչպես նաև կենսագործեն այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են հրաժարումը կոնֆլիկտներից ու հակամարտություններից, փոխադարձ հարգանքն ու համագործակցությունը փոխադարձ շահի նկատառումով, նպատակ ունենալով դրանով իսկ ապահովել չին-ամերիկյան հարաբերությունների առողջ ու կայուն զարգացումը և ավանդ ունենալ տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի խաղաղության, կայունության և զարգացման գործում։ Ինչպես հայտարարեց Ջ. Քերին, կան բազմաթիվ ոլորտներ, որոնցում ԱՄՆ-ն ու Չինաստանը կարող են ընդլայնել համագործակցությունը։ Ամերիկյան կողմը մտադիր է ամրապնդել կապերը, երկխոսությունն ու գործակցությունը չինական կողմի հետ, հաղթահարել տարաձայնությունները, անընդհատ հարստացնել երկկողմ կապերի բովանդակությունը։ Նրա ասելով, ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման կարևոր նշանակություն է տալիս ՉԺՀ ղեկավարի այցին և հույս ունի, օգտվելով առիթից, նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկելու միջպետական համագործակցության հարցեր։ Մեկ այլ հաղորդագրության մեջ «Սինհուան» տեղեկացնում է, որ Յան Ցզեչին հանդիպել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հետ. նրանք պայմանավորվել են «շարունակել ջանքերը երկու երկրների բանակների հարաբերությունների առողջ զարգացմանը նպաստելու ուղղությամբ», իսկ Սյուզան Ռայսն իր հերթին հայտարարել է, որ «ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նոր տիպի միջպետական հարաբերությունների կառուցման համար, պատրաստ է Չինաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու բոլոր բնագավառներում և ՉԺՀ-ի հետ համատեղ հակազդելու տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին»։
Էլի մեկ բան։ Սեպտեմբերին Չինաստանում նշվեց ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Այդ առթիվ տեղի ունեցած հանդիսություններին մասնակցում էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը, որը պետության ղեկավարի պոստում Դեն Սյաոպինի հետ որոշում ընդունեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Դա, նրա կարծիքով, իր կյանքում ընդունած ամենակարևոր որոշումն էր։ Չինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Վաշինգտոն վերադառնալուց հետո Քարտերը պատմել է, որ ինքը լիովին համոզված է երկկողմ կապերի զարգացման հնարավորության հարցում։ Չինաստան կատարած այցի ժամանակ նա քանիցս նշել է, որ ԱՄՆ-ին ու Չինաստանին չի կարելի դառնալ հակառակորդներ։ Ինչպես մի առիթով հայտարարել է նախագահ Սի Ցզինպինը. «Խաղաղ օվկիանոսը բավական մեծ է, և նրա անծայրածիր ջրատարածքներում մեր երկու տերություններն էլ կտեղավորվեն»։ ԱՄՆ-ը և Չինաստանն ունեն տարբեր մշակույթներ, տարբեր պատմություն, քաղաքական կարգեր ու պետական շահեր, նրանց հարաբերությունների զարգացման ճանապարհին դեռ մարտահրավերներ կլինեն։ Սակայն երկու պետությունները սերտորեն կապող գործոնները շատ ավելին են, քան եղած տարաձայնությունները, հավաստիացրել է նախկին նախագահը։ Իհարկե, հուշեր էլ եղան։ Այսպես, Քարտերը պատմեց, որ ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երրորդ օրը Դեն Սյաոպինը հայտարարեց բարեփոխումների ու բաց քաղաքականություն վարելու մասին։ Այդ ժամանակվանից ի վեր ինքը բազմիցս իր աչքով է տեսել, թե ինչ հսկայական ու հրաշալի փոփոխություններ են տեղի ունենում այդ հինավուրց երկրում։ Վերհիշեց նաև, որ մի անգամ իր գիտական խորհրդականը գիշերվա ժամը 3-ին զանգահարել է Պեկինից։ Անսպասելի զանգից Քարտերը վեր է թռչում անկողնուց, կարծելով, թե լուրջ բան է պատահել։ Սակայն խորհրդականն ասել է, թե Դեն Սյաոպինն իր կողքին է և ուզում է իմանալ՝ համաձա՞յն է, արդյոք, նախագահը, որ Չինաստանը 5 հազար ուսանող ուղարկի ԱՄՆ՝ ամերիկյան բուհերում սովորելու։ Ջ. Քարտերն էլ տեղնուտեղը պատասխանել է. «100 հազար ուսանող ուղարկեք»։ Հիմա ԱՄՆ-ում սովորում է 240 հազար չինացի ուսանող, իսկ Չինաստանում՝ ավելի քան 10 հազար ամերիկացի։ Սա ամերիկա-չինական հարաբերությունների հաջողության նշանակալի ցուցանիշներից մեկն է։
Չին-ամերիկյան հարաբերությունների այս հերթական, ներկա անորոշ իրավիճակում, իմ կարծիքով, կարևոր տեսությունն ավարտեմ Բժեզինսկու հարցազրույցից վերցված ևս մեկ մեջբերմամբ. «Չինացիները երբեք չեն եղել այնքան հիմար, ինչքան ռուսները, ովքեր գալիս էին մեզ մոտ և կրկնում էին. «Մենք ձեզ կթաղենք», դա այնքան էլ հրապուրիչ հրավեր չէ համագործակցության վրա հիմնված փոխհարաբերությունների համար»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ