Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ինձ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է, որքան թուրք ժողովրդի շրջանում հայերի մասին մտածելակերպի փոփոխությունը»

«Ինձ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը  նույնքան կարևոր է, որքան թուրք ժողովրդի շրջանում  հայերի մասին մտածելակերպի փոփոխությունը»
31.10.2014 | 00:22

Ծանոթացե՛ք, ԹՈԼԳԱ ՔՈՐԱ, ծնվել է 1982-ին, Ստամբուլում: 2006-ին ավարտել է Բողազիչի համալսարանի սոցիոլոգիայի և պատմության ֆակուլտետները: Ապա սովորել է Կենտրոնական Եվրոպայի համալսարանում (CEU, Բուդապեշտ) և ստացել համալսարանի ազգայնական ուսումնասիրությունների բաժնի MA դիպլոմ. թեզը` «Երիտասարդ թուրքերի ազգայնական քաղաքականության ազդեցությունը երիտասարդների վրա»: 2008-ից մինչ օրս ուսանում է Չիկագոյի համալսարանի արևելագիտական ֆակուլտետում:
Հայաստանում է երկրորդ անգամ, և այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է։


-Դուք շատ լավ խոսում ու գրում եք հայերեն, որտե՞ղ և ինչպես եք հայերեն սովորել:
-Շնորհակալություն, բայց դեռ շատ լավ չեմ տիրապետում: ՈՒզում եմ ավելի լավ խոսել և գրել, դա ինձ համար շատ կարևոր է: Դժբախտաբար, այնքան էլ շնորհաշատ չեմ, ուստի հայերեն սովորել եմ բավական երկար ժամանակ: Նախ, հայերենին հաղորդակցվել եմ Վենետիկում, մասնակցել եմ տեղի համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամառային խտացյալ դասընթացին, որը ղեկավարում էր հայր Լևոն Զէքիյանը: Ապա Չիկագոյի համալսարանում ուսանելիս ավելի քան երեք տարի կրկին հայերեն եմ սովորել արևելագիտական ֆակուլտետում, որտեղ Հռիփսիմե Հարությունյանը դասավանդում է հայոց լեզու և հայ մշակույթի պատմություն: Վերջապես, անցյալ տարի երկու ամիս հաճախել եմ հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոն, որի տնօրենը Սուրեն Դանիելյանն էր: Կուզենայի բոլորին իմ երախտիքը հայտնել:
-Չիկագոյի համալսարանում պատրաստվում եք ատենախոսություն պաշտպանելու Կարնո ¥Էրզրում¤ հայ վաճառականության, հայոց առևտրատնտեսական գործունեության մասին: Ո՞րն է այդ հետաքրքրության պատճառը, և ինչո՞ւ հենց ամերիկյան համալսարանում:
-Իրավացի եք: Իմ թեզն է` «Կարինի/Էրզրումի կերպարանափոխությունը. մեկ բազմէթնիկ օսմանյան քաղաքի սոցիալ-տնտեսական պատմությունը XIX դարում»: Ես հետաքրքրվում եմ այդ դարի ընթացքում Կարինի արդիականացմամբ, հատկապես քաղաքի հայ համայնքի կյանքում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական փոփոխություններով: Դրանցում հայ վաճառականներն ունեցել են վճռորոշ դերակատարում: Նրանք առևտրատնտեսական գործունեության շնորհիվ հարաբերվել են ոչ միայն օսմանյան կառավարական պաշտոնյաների հետ, այլև սերտ կապեր են հաստատել եվրոպական և ռուսական առևտրատնտեսական կենտրոնների հետ: Բայց ամենակարևորն այն է, որ նրանք քաղաքի առաջատար դեմքերն էին և օսմանյան իշխանությունների ու հայոց համայնքի միջև կամուրջներ հաստատողները: Իմ կարծիքով, առանց հայ վաճառականների այդպիսի դերակատարումն իմանալու, Օսմանյան կայսրությունում ապրող հայերի՝ Մեծ եղեռնից առաջ պատմությունն ըմբռնելն անհնար է:
Երբ սկսեցի այդ հարցի շուրջ մտածել, հասկացա, որ պետք է հայերեն սովորել և ծանոթանալ նոր մեթոդաբանությունների: Ես կարող էի այդ թեման ուսումնասիրել միայն մի քանի թուրքական համալսարաններում, բայց որոշեցի ամերիկյան համալսարաններին դիմել, և իմ հետազոտական նախագիծը հավանության արժանացավ Չիկագոյի համալսարանում: Հիմա Թուրքիայում ակադեմիական գիտության ազատության աստիճանը ավելի բարվոք է, իսկ պաշտոնական պատմագիտությունն ավելի համարձակ է քննադատվում:
-Բնական է, որ Կարնո հայ վաճառականության ուսումնասիրմանը զուգընթաց՝ պիտի առնչվեիք հարակից այլ հարցերի հետ:
-Իհարկե, հայ վաճառականության ուսումնասիրումը տարբեր հարցերի հետ է առնչվում: Իմ ուսումնասիրությունը միայն առևտրատնտեսական գործունեությամբ սահմանափակված չէ: Կարինի հայոց տնտեսական պատմության հենքի վրա հետազոտում եմ նաև քաղաքական ու մշակութային հարցեր: Արդեն ասացի, որ հայ վաճառականները քաղաքի առաջատար դեմքերն էին, համայնքի վիճակի պատասխանատուները: Համիդյան ջարդերից առաջ Օսմանյան կայսրության հետ նրանց հարաբերությունները հավասարակշռված էին, որովհետև կառավարությունը նրանց տնտեսական և քաղաքական գործունեությունից կախման մեջ էր: XIX դարում հայ վաճառականներն են ընդլայնել ու զարգացրել օսմանական շուկան, ֆինանսավորել կենտրոնական ու տեղական իշխանություններին: Որպես այդ դերակատարման հետևանք՝ կառավարությունն ընդունել և ճանաչել է հայ վաճառականների վերահսկողությունը տեղական համայնքների նկատմամբ: Այլ կերպ ասած, հեղափոխական շարժումից առաջ գավառներում վաճառականները ներկայացրել են համայնքը: Պատահական չէ, որ 1876-1877 թթ. Օսմանյան խորհրդարանի՝ Էրզրումի նահանգից ընտրված հայ անդամները քաղաքի գլխավոր վաճառականներն էին: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից, հատկապես 1890 թ. հետո, կառավարությունը կտրուկ վերանայեց այդ փոխհարաբերությունները: Համիդյան ջարդերից հետո հայաբնակ վայրերում հասարակական հարաբերություններն ամբողջովին փոխվեցին: Իմ ուսումնասիրության մեջ ուզում եմ հասկանալ այդ փոփոխությունների հետևանքները Կարինում:
Հայ վաճառականները քաղաքի մշակութային կյանքում էլ անփոխարինելի էին: Նրանք ձեռնարկել են բազմազան բարեգործություններ, ֆինանսավորել են եկեղեցիների պահպանման ու վերականգման աշխատանքները, հոգացել դպրոցների ծախսերը: XIX դարում Կ. Պոլսից հեռու հայաբնակ նահանգներում հայոց կրթության զարգացումը հայ վաճառականների ձեռքում էր, և Կարինը բացառություն չէր:
-Ինչպե՞ս կբնորոշեիք առհասարակ արևմտահայության տնտեսական ներդրումը Օսմանյան կայսրությունում:
-Նախ, պետք է ասել, որ ինչպես հայերը, այնպես էլ Օսմանյան կայսրությունում ապրող մյուս ժողովուրդները, կազմված էին տարբեր սոցիալական խմբերից՝ վաճառականներ, արհեստավորներ, գյուղացիներ, իսկ XIX դարի երկրորդ կեսից՝ նաև պետական պաշտոնյաներ: Ամենաստվար դասը, անշուշտ, գյուղացիներն էին, որոնց մեծ մասն ապրում էր պատմական Հայաստանում: Վաճառականներն ու արհեստավորները, գյուղացիների համեմատ, փոքրաթիվ էին, բայց նրանց դերը Օսմանյան կայսրության շուկայում անչափ կարևոր էր: Վաճառականները մայրաքաղաքում, նավահանգստային քաղաքներում և Անատոլիայի գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում խիստ եռանդուն էին: Արհեստավորների առնչությամբ կարող եմ ասել նույն բանը: Օրինակ, Կարինում հայ արհեստավորներին էր պատկանում քաղաքի խանութների կեսից ավելին: Մյուս քաղաքներում գրեթե նույն իրավիճակն էր: Բայց վաճառականների տնտեսական ներդրումը շատ ավելի ծանրակշիռ էր: Իմ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայ վաճառականների մի մասը, բացի առևտրից, XIX դարի երկրորդ կեսին սկսեց արտադրական գործունեությամբ զբաղվել: Ընդ որում, այդպիսի զարգացում տեղի ունեցավ ոչ միայն խոշոր քաղաքներում կամ Կիլիկիայում, այլև համեմատաբար փոքր բնակավայրերում: Իմ կարծիքով, այդ զարգացումը օսմանյան հետամնաց տնտեսության համար չափազանց կարևոր էր: Այդ իմաստով շատ պատմաբաններ իրավացի են՝ խոսելով 1915-ի տնտեսական հետևանքների մասին:
-Անշուշտ, Հայաստանում շփվում եք բազմաթիվ մարդկանց հետ: Ինչպիսի՞ տպավորություն ունեք:
-Ես սիրում եմ Երևանը և նրա բնակիչներին: Իմ ճանաչած մարդկանց մեծ մասը շատ կիրթ անձնավորություններ են: Հաճախ ինձ հարցնում են՝ որտեղից եմ, անվարան պատասխանում եմ՝ Թուրքիայից: Ապա նոր հարց է ծագում, կապված իմ ազգային պատկանելության հետ, ինչին պատասխանում եմ՝ թուրք եմ: Սովորաբար զարմանում են, և միմյանց ժպտում ենք: Պետք է ասեմ, որ ձեր երկրի բարդ սոցիալ-տնտեսական խնդիրներին տեղյակ եմ, և առավել գնահատելի է, որ մարդիկ անկեղծ հյուրընկալություն են ցուցաբերում իմ և այլ օտարերկրացիների նկատմամբ: Բացի շնորհակալանքի խոսքերից, այլ բան չունեմ ասելու:
-Ո՞րն է հայ-թուրքական հարաբերությունների ապագան:
-Ամենադժվար հարցը վերջում եք տալիս: Հուսով եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կզարգանան: Գիտեմ՝ թուրքական կառավարության կողմից ցեղասպանության ճանաչումը հայոց համար ամենակարևոր քայլը կլինի: Ինձ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նույնքան կարևոր է, որքան թուրք ժողովրդի շրջանում հայերի մասին մտածելակերպի փոփոխությունը: Իմ կարծիքով, այս հարցում հասարակական կազմակերպությունները էական դեր կարող են ունենալ: Մեկ օրինակ բերեմ. «Հրանտ Դինք» հիմնարկը շատ է աշխատում հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Նրանց մի ձեռնարկը՝ «Թուրքիա-Հայաստան. փորձի փոխանակման նախագիծ», նպատակ ունի միջպետական մակարդակով ուսուցման հնարավորություն ընձեռելու: Եթե նման նախագծերն ավելանան, կարող ենք ավելի լավ ապագա ունենալ:


Զրույցը`
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ
Հ. Գ.- Այս հարցազրույցը, որի պատասխանները, ի դեպ, Թոլգա Քորան հայերեն գրավոր է ներկայացրել, ներսումս առաջացնում է այլ տեսակի մի ընդվզում:
Արդեն հոգնել եմ բազմիցս գրելով և ասելով, որ մեր ժողովուրդն ունի 25-դարյա տնտեսական մշակույթի գրավոր պատմություն, ինչը աննախադեպ քաղաքակրթական արժեք է:
Սակայն փաստենք իրականությունը. Չիկագոյի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, կարևորելով ոլորտը, նյութը, թուրք պատմաբանին ֆինանսավորում և հնարավորություն է ընձեռում, որպեսզի նա Կարնո հայ վաճառականության մասին գիտական թեզ պաշտպանի: Մենք ունենք առնվազն մեկ (կրկնում եմ՝ առնվազն մեկ) ակադեմիական հաստատություն՝ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը, որը, ըստ պարզ տրամաբանության, պարտավոր էր մեր սեփական տնտեսական մշակույթն ուսումնասիրել: Տարիների ընթացքում քանի՞ այդպիսի հետազոտություն է հրապարակվել:
ՈՒնենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ինչո՞ւ չի դասավանդվում, ասենք, «Հայոց տնտեսական մշակույթի պատմություն» առարկա: Ինչո՞ւ Թաֆթսի համալսարանում կդասավանդվի Նոր Ջուղայի, նույնն է թե՝ հայ վաճառականության, պատմություն, իսկ մեզ մոտ՝ ոչ: Դե, իհարկե, ամերիկյան համալսարաններն ի՞նչ են, որ ոտք մեկնեն մեր աննման «Ժողի» հետ։
Թոլգա Քորայից բացի, ես գիտեմ այլ թուրք պատմաբանների ևս, ովքեր եռանդագին զբաղվում և գրքեր են հրատարակում Օսմանյան կայսրությունում ու Թուրքիայի Հանրապետությունում արևմտահայության և առհասարակ հայերի առևտրատնտեսական գործունեության վերաբերյալ: Եթե չեք հասկանում այդ հետաքրքրության խորքային պատճառները, հարցրեք:
Բայց գիտության ու կրթության պատասխանատուներին կուզենայի մեկ բան ասել՝ գիտցեք, բնագավառը և դրանից բխող հետևանքները կտնօրինեն նրանք, ովքեր ուսումնասիրություններ են կատարում:

Դիտվել է՝ 1915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ