Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրար են բախվել տերպետրոսյանական մաքսիմալիզմը, Րաֆֆիի ռոմանտիզմն ու ԲՀԿ-ի պրագմատիզմը

Իրար են բախվել տերպետրոսյանական մաքսիմալիզմը, Րաֆֆիի ռոմանտիզմն ու ԲՀԿ-ի պրագմատիզմը
31.10.2014 | 00:36

Խորհրդարանում սկսվել են բյուջետային քննարկումները:
Էլի մեզ հայտնի բառապաշարն է, բյուջեին փակցվող «իրատեսական» ու «սոցիալական» որակումները, թեև դրանց այլևս ուշադրություն չեն դարձնում ոչ միայն քաղաքացիները, այլև քննարկումների անմիջական մասնակից պատգամավորներն ու նախարարները:
Տարակույս չկա, որ բյուջեն կհաստատվի, որովհետև մեծամասնության ձայները դրա համար լիուլի բավարար են, բայց նաև ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ամբիցիաները դրանով չեն բավարարվում:
Այդ քվեարկությունն արտացոլելու է այն իրականությունը, որ գործող վարչապետի քաղաքական կարիերան, նրա ինքնուրույնությունը կախված են բացառապես նախագահի ցանկությունից, որոշումից: Այս առումով գործող վարչապետն ու նրա կաբինետը շատ ավելի խոցելի են, քան նախորդը:
Նունիսկ Արգամիչի խնամու կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, չի կարող «դեմ» չքվեարկել բյուջեի նախագծին, որովհետև տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նկատմամբ լոյալության դեպքում պարարտ հող կստեղծվի այն խոսակցությունների համար, որ Ազատության հրապարակն օգտագործում է ներհամակարգային պայքարում իր դիրքերն ամրապնդելու համար:
Սակայն մինչև Ազատության հրապարակին անդրադառնալը նկատենք, որ այժմ Ազգային ժողովի հանձնաժողովներում քննարկվող փաստաթուղթը պայմանականորեն կարելի է համարել հաջորդ տարվա բյուջե, որովհետև դրանում արտացոլված չեն այն էական սրբագրումները, որոնք տեղի են ունենալու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո: Կառավարությունն ասում է, որ այդ հանգամանքը շրջանցված է, որովհետև Հայաստանը դեյուրե առայժմ ԵԱՏՄ անդամ չէ: Ֆորմալ առումով բացատրությունը ճիշտ է, բայց դրանից իրականությունը չի փոխվում, ու բյուջեի նախագիծը հաստատելուց հետո մեր օրենսդիր մարմինը դեռ մի քանի անգամ էապես սրբագրելու է իր իսկ ընդունած փաստաթուղթը՝ մինչև այն եվրասիականացվի:
Բյուջեի իրատեսականությունը նույնպես, մեղմ ասած, վիճահարույց է: Նույնիսկ ընթացիկ տարում կառավարությունը չի կարողանալու ապահովել 4 %-ոց տնտեսական աճ, մյուս տարվա 4,1 %-ն առհասարակ հրաշքների դաշտից է, որովհետև Ռուսաստանի տնտեսությունն առողջացման նշաններ ցույց չի տալիս, իսկ մեր տնտեսությունը խոցելի է ու մեծապես կախված է հենց ռուսական գործոնից:
Իսկ Ազատության հրապարակը, ըստ ամենայնի, դատարկ է մնալու ավելի երկար, քան կանխատեսվում էր: Ոչիշխանական եռյակի ներքին հակասություններն արդեն ոչ միայն չեն քողարկվում, այլև ակտիվ քննարկումների թեմա են դարձել ԶԼՄ-ներում ու սոցցանցերում: Նույնիսկ նոր հանրահավաքի օրը դեռ չի հայտարարվել, որովհետև, ըստ էության, դրա բովանդակությունն ու ասելիքը հայտնի չեն:
Սահմանադրական փոփոխությունների թեման հետաձգված է, 12 պահանջներին վերադառնալը ժամանակավրեպ է՝ հեղափոխական հռետորաբանության համատեքստում, կառավարությանը քննադատության թիրախ դարձնելը չի մտնում ԲՀԿ առաջնահերթությունների մեջ:
Իրար են բախվել տերպետրոսյանական մաքսիմալիզմը, Րաֆֆիի ռոմանտիզմն ու ԲՀԿ-ի պրագմատիզմը՝ հարուցելով ճգնաժամ տակավին հանրահավաքային պայքարի արշալույսին:
Սա այն դեպքն է, որ չգիտես էլ՝ ուրախանա՞ս, թե՞ տխրես Ազատության հրապարակի դատարկությունից։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ