Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ի ծաղր առողջ տրամաբանության

Ի ծաղր առողջ տրամաբանության
31.10.2014 | 00:40

«Իրատես de facto»-ի հոկտեմբերի 28-30-ի համարում «Ասում են...» խորագրի տակ ընթերցողին էինք ներկայացրել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կադրային «քաղաքականությանն» առնչվող մեկ-երկու մանրամասն, ինչը չէր վրիպել մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի աչքից։ Նույն օրը էլեկտրոնային փոստով ստացանք հետևյալ «հերքումը», որ տպագրում ենք առանց սրբագրական ու խմբագրական շտկումների։

Հերքում՝ <<Իրատես դե ֆակտո>> թերթի հրապարակման վերաբերյալ <<Իրատես դե ֆակտո>> թերթի այսօրվա համարում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ <<դպրոցից մինչև մանկապարտեզ, մարզպետարանից մինչև հիվանդանոց, իրենց զբաղեցրած տեղերն են վերադառնում Սուրեն Խաչատրյանի հետ հեռացածները>>, ապատեղեկատվություն է: Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք չի հեռացել և ոչ ոք չի վերադարձել: Ինչ վերաբերում է մարզի հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկի աշխատանքից հեռացվելուն, նշենք, որ մարզի 17 առողջապահական հաստատություններից միայն <<Սիսիանի բժշկական կեննտրոն>> ՓԲԸ-ում բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Մանասյանը, որը նշանակվել էր <<Սիսիանի բժշկական կեննտրոն>> ՓԲԸ-ի տնօրեն 2013թ. դեկտեմբերի 10-ի ՀՀ Սյունիքի մարզպետի 107-Ա կարգադրությամբ աշխատանքից որպես տնօրեն ազատվել է իր դիմումի համաձայն և տեղափոխվել այլ աշխատանքի՝ նշանակվելով նույն հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ:
ՀՀ Սյունիքի մարզպետի 2014 թվականի հոկտեմբերի 8-ի N 63-Ա կարգադրությամբ <<Սիսիանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նույն հաստատության բժիշկ- սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սվետլանա Իսախանյանը, մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացումը:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին
28.10.2014 թ.

Հ. Գ.- Շատ կզարմանայինք, եթե Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանկարծ մեզ տեղյակ պահեր, թե «Ասում են…» խորագրի տակ զետեղված մեր վերոհիշյալ հրապարակումը համապատասխանում է իրականությանը: Ինչպես ասում են` հո գլխից ձեռք չէ՞ր քաշել: Իրենց անմիջական պետերի ու նրանց ղեկավարած կառույցների գործունեության մասին հանրությանը ճշմարիտ տեղեկատվություն փոխանցելուն կոչված այս բաժիններն իրականում մեկ «առաքելություն» ունեն` նախանձելի արագությամբ հերքել ցանկացած լուր, որը դույզն-ինչ ստվեր է ձգում իրենց «շեֆերի» վրա: Իսկ որ Սյունիքի մարզպետի նախկին ու ներկա անփառունակ գործունեությունը ոտքից գլուխ մութ ստվեր է, «Իրատես de facto»-ն չէ, որ պիտի հայտնագործեր: Սիսիան քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնանկությունն էլ մեր վառ երևակայության արգասիքը չէ, այլ Սուրեն Խաչատրյանի կամայականության, ինչպես փաստում է հենց մարզպետարանի մեր իրազեկ աղբյուրը: Վերջինիս հավաստմամբ` բժշկական գիտությունների թեկնածու Լևոն Մանասյանին պարտադրել են աշխատանքից ազատման դիմում գրել, բնավ «չքաշվելով» բացեիբաց ասելուց, թե հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնում մարզպետը ցանկանում է իր «մարդն» ունենալ: Ասենք, առողջ տրամաբանության մեջ չի էլ տեղավորվում, որ ընդամենը վերջերս այդ աթոռն զբաղեցրած և, ինչպես շեշտում են սիսիանցիները, հիվանդանոցում լուրջ բարեփոխումների առաջին քայլերն անող մարդը կարող էր իր ձեռքով ազատման դիմում գրել` նույն հիվանդանոցում վիրաբուժական բաժանմունքի վարիչ աշխատելու համար: Աբսուրդը պոզով-պոչով հո չի՞ լինում: Ինչ վերաբերում է գլխավոր բժշկի նորանշանակ պաշտոնակատար Սվետլանա Իսախանյանին, վերջինիս «նորամուտը», դարձյալ տեղացիների փոխանցմամբ, «հեչ խերով չի եղել». հղիության վեցերորդ ամսում գտնվող երիտասարդ կնոջ մոտ պտղի հետ կապված լուրջ խնդիր է առաջացել, ստիպված են եղել հեռացնել պտուղը, սակայն վիրահատական միջամտությունը մահվան ելքով է ավարտվել նաև կնոջ համար:
Այնպես որ, «ապատեղեկատվությունից» դժգոհող Սյունիքի մարզպետարանի համապատասխան բաժինը, լրատվամիջոցին հերքում ուղարկելու փոխարեն, ճիշտ կաներ գոնե հեռատեսորեն լուռ մնալ` մարզպետի առանց այն էլ հեղինակազրկված անունը հերթական անգամ պախարակման թիրախ չդարձնելու համար:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ