«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Որքա՜ն հայեցի էր Լյուբիմովի Կոմիտասը»

«Որքա՜ն հայեցի էր Լյուբիմովի  Կոմիտասը»
31.10.2014 | 12:44

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ մեծանուն դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր ԱԼԵՔՍԵՅ ԼՅՈՒԲԻՄՈՎԻ մենահամերգը։ Դաշնակահարն ինքն էր իր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ մեծ նվեր բերել բազում երկրպագուների։ Դա հենց իր համերգն էր, որի հայտնությունն է Կոմիտասի «Յոթ երգ» դաշնամուրային պիեսների փունջը։ Ի տարբերություն դաշնակահարին մատուցած ծաղիկների, կոմիտասյան հնչյունակերտ այդ ծաղկեփունջն անթառամ է, և իր բուրմունքը հարատևում է ձայնասկավառակում։
Ժողովրդական երգերի հիման վրա ստեղծված այս մանրանվագներն իրենց արժանի տեղն էին գտել Մոցարտի, Շուբերտի, Դեբյուսիի գլուխգործոցների համապատկերում։ Երեկոն բացվեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ռե-մաժոր (KV311) սոնատի «շողերով»։ Այս և սրա նախորդ՝ Դո-մաժոր (KV309) սոնատներն անվանում են «մանհայմյան»։ Մոցարտն ինքը՝ այդ սոնատները դասում էր դժվար գործերի շարքը։
Ըստ երաժշտագետ Ալֆրեդ Այնշտայնի, «Դրանք, իրոք, դժվար են... Թեպետ, Մոցարտի նույնիսկ ամենադյուրին պիեսները, միևնույն է, դժվար է կատարել»։
Սակայն Ալեքսեյ Լյուբիմովի համար դաշնամուրային արվեստում դժվարություններ վաղուց գոյություն չունեն։ Նրա նվագի թեթևությունը, ճախրանքը բնութագրելու համար համեմատենք նախկին գրամեքենան և այժմյան սենսորային էկրանը։ Գրամեքենայի վրա տպագրելիս մատներով հարվածում էին կոճակներին, իսկ այժմ բավական է մատը մոտեցնել, շոյել։ Թեպետ Լյուբիմովին անվանում էին «պողպատե մատներով դարբին», նրա մատների թեթև հպումից էլ «հալչող» նյութը տեղի է տալիս, վերածվում հնչյունի, գույնի, լույսի։ «Լյուբիմովի մասին գրել են որպես հանճարեղ դաշնակահարի, մեկ շնչով արտասանելով նաև Էմիլ Գիլելսի և Սվյատոսլավ Ռիխտերի անունները, դասելով նրանց նույն կարգում» («Կեսկիսուոմալայնեն», 7.05.1975)։
Սա գրվել է դեռ 1975 թվականին, և այդ օրվանից շատ ջուր է հոսել, շատ հնչյուններ հորդել։ Լյուբիմովը բավական խորացել է, ուսումնասիրել անցյալի կատարողական ոճերը, ձեռք է բերել հնագույն նվագարանների հավաքածու, մատները «թաթախել» տարբեր ժամանակների գործիքների հնչյունային ավազանում։
Օրինակ, Բեթհովենի 3-րդ կոնցերտը նվագել է և ձայնագրել Վիեննայի ակադեմիական նվագախմբի հետ՝ «համմեր-կլավիրով» (մուրճիկավոր դաշնամուր), Շոպենի երկերը ձայնագրել է Սվելինկի թանգարանի 1837 թ. «Էրար» դաշնամուրով, Շուբերտի «Էքսպրոմտները»՝ «Քրիստոֆեր Կլարկ» դաշնամուրով, Բախի և ռուս կոմպոզիտորների գործերը՝ «Նոյպերտ» դաշնամուրով և այլն։ Բացի այդ, բազմաթիվ ելույթներ է ունեցել կլավեսինով, երգեհոնով։ Եվ անցյալի յուրաքանչյուր գործիք՝ մարդու պես, իր բնավորությունն ուներ, անկրկնելի հնչողությունը, անհատականությունը։ Բացի այդ, երաժշտությունը համապարփակ ընկալելու, կերպարանափոխվելու, ոճական ճկունություն ձեռք բերելու գործում մեծ նշանակություն ուներ այն, որ Լյուբիմովն իր վիթխարի նվագացանկում ընդգրկում էր նաև նոր երաժշտության բազում նմուշներ՝ սկսած Չառլզ Այվզից մինչև Քեյջի, Շնիտկեի, Վոլկոնսկու, Գալինա ՈՒստվոլսկայայի, Մանսուրյանի և այլոց նորաստեղծ գործերը։
Ահա այս ամենը և պատմական մոտեցումը դաշնակահարի նվագը, մեկնությունը դարձնում են հավաստի, հոգեհարազատ տվյալ դարաշրջանին և կոմպոզիտորի մտահղացմանը։
Այդպես էլ նա կատարեց Մոցարտի հիշյալ սոնատը։ Այն անվանել են «մանհայմյան» ոչ միայն, որ գրվել է Մանհայմում։ Սոնատը կրում է նաև մայնհայմյան սիմֆոնիկ դպրոցի ազդեցությունը, ինչն առաջինը նկատել է Մոցարտի հայրը։
Սոնատի առաջին իսկ լուսացայտ ակորդը հիշեցրեց նվագախմբային միաձույլ համահնչյուն, որից հետո ձայները տրոհվեցին ու ճյուղավորվեցին տարբեր ուղղություններով ու ռեգիստրներով, և մեր «աչքերի» առջև վերընձյուղվեց Մոցարտի հնչյունակերտ «կենաց ծառը»։
Մերթ լսվում էին ջութակային ճախրող մեղեդիներ, մերթ գործիքային տարբեր խմբերի փոխկանչեր, արձագանքներ, մերթ փողայինների ու թմբուկների «համազարկեր», մերթ բասերի կտրուկ քայլեր (պիցիկատոներ) և այլն։
1-ին մասի զվարթ տրամադրությունը շարունակվեց ֆինալում՝ խաղացկուն ռոնդոյում, որտեղ նույնպես տեղի են ունենում տրամադրությունների հաճախակի և արագ փոփոխություններ։ Այս ամենը հիշեցնում է Մոցարտի ակտիվ, Պրոտևսի պես արագ և ճկուն կերպարանափոխվելու հատկությունը։
Ինչ վերաբերում է սոնատի 2-րդ մասին (Andantino con espressione), ապա այն Մոցարտի ամենասրտառուչ, քնարական էջերից է։ Դո-մաժոր (KV309) և Ռե-մաժոր (KV311) սոնատները երաժշտագետները համարում են «երկվորյակ սոնատներ»։ Ա. Այնշտայնը նմանություն է տեսնում դրանց դանդաղ մասերի միջև։ Խնդրո առարկա սոնատի Andantino-ի վրա լույս է սփռում նախորդի 2-րդ մասի իմացությունը։
Այն ներշնչվել է Մոցարտի բարեկամ Յոհան Կաննաբիխի դստեր՝ Ռոզայի հմայքով ու գեղեցկությամբ։ Այս մասին Հերման Աբերտը տեղեկություններ է քաղել հորն ուղղված՝ Մոցարտի նամակից, ջութակահար Քրիստիան Դանների պատմածից և այլ աղբյուրներից։
«Ռոզան շատ գեղեցիկ, բարեհամբույր աղջնակ է»,- գրել է Մոցարտը, այնուհետև ավելացրել Դանների կարծիքը։ Մոցարտն իր հորը գրել է. «Դաններն ինձ հարցրել է, թե ինչպես եմ պատրաստվում գրելու Andante-ն։- Ես ուզում եմ այն ստեղծել իսկ և իսկ օրիորդ Ռոզայի բնույթով»։ Դանները հետագայում պատմում էր. «Այդպես էլ կա՝ ինչպիսին Andante-ն է, այնպիսին էլ նա է»:
Համեմատելով Andante-ն և Andantino-ն, Ա. Այնշտայնը գրում է. «...մանհայմյան մյուս սոնատի դանդաղ մասը՝ շատ մանկական, շատ անմեղ Andantino con espressione-ն, դյուրությամբ կարելի է դիտել որպես փոքրիկ Ռոզա Կաննաբիխի երաժշտական դիմանկարը»։ Եվ մեր դաշնակահարը՝ Ալեքսեյ Լյուբիմովը, այնքան համոզիչ ու հմայիչ էր նվագում, որ թվաց, թե նա էլ է տեսել ու զմայլվել Ռոզայով։
Դաշնակահարի ներգործման ուժի գաղտնիքներից է այն, որ մոտիվները, ֆրազները, որոշ ակորդներ այնպիսի սքանչացում ու զարմանքով էր նվագում, որ կարծես առաջին անգամ էր տեսնում։ Հավանաբար, նման բան տեղի է ունենում երեխայի հետ, երբ նա սկսում է բացահայտել աշխարհը, առաջին անգամ է տեսնում ծաղիկ, ծառ, լեռներ, ծով և այլն։ Թվում էր, թե Andantino-ում լսվում էին Մոցարտի շնչառությունը, հոգոցները, պայծառացումները այն պահին, երբ նա նոր էր տեսնում Ռոզային, լսում նրա նվագը։
Մոցարտի այս կենսախինդ սոնատից հետո Շուբերտի ֆա-մինոր էքսպրոմտը ներխուժեց ինչպես հոգեցունց աղետ։ Տեղին է Մարսել Պրուստի միտքը. «Իսկական դրախտը կորսված դրախտն է»։
Շուբերտի չորս էքսպրոմտները (ՏՐ.142) միմյանց կապված են ներքին տրամաբանությամբ, տոնայնական պլանով, կոնտրաստային դրամատուրգիայով։ Դրանք կազմում են մեկ կամարակապ ամբողջականություն, նմանվելով սիմֆոնիկ քառամաս ցիկլի (պատահական չէ, որ ՏՐ. 90 էքսպրոմտների շարքը նույնպես բաղկացած է չորս հատից)։ Լյուբիմովն իր կառուցիկ նվագով զգալ տվեց էքսպրոմտների ամբողջականությունը, ճարտարակերտությունը։
1-ին էքսպրոմտն ի խորոց սրտի «աղաղակում» է շուբերտյան մեծության մասին։ Այն այս աշխարհում իր տեղը չգտած արվեստագետի հառաչանքն է։ 1-ին էքսպրոմտի ալեկոծումներին հակադրվեց հովվերգական բնույթի 2-րդը՝ իր մաժորային լուսավոր տոնայնությամբ, խորալային, ակորդային համաչափ կերտվածքով, միջին մասի զեփյուռային, մեղմօրոր տրիոլներով։
3-րդ էքսպրոմտը հինգ վարիացիաներ են, որոնք ամփոփված են թեմայի (հիմնանյութի) և իր մասնակի կրկնության (կոդայի) միջև։ Թեմայի հանդարտիկ մեղեդին Շուբերտն օգտագործել է «Ռոզամունդա» թատերագրության մեջ, ինչպես նաև թիվ 13 կվարտետի վարիացիաներում։
Էքսպրոմտի կառույցը կատարյալ է, դասական։
1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ վարիացիաները մաժորային են, խաղացկուն, ինչպես Մոցարտի հիշյալ սոնատը։ Միայն 3-րդ վարիացիան, որ էքսպրոմտի սիմետրիայի առանցքն է, ողբերգական բնույթի է։ Այն, ասես, ամբողջ ցիկլի սեղմագիրն է, միջուկը, որտեղ արծարծվում են շարքի հիմնական հոգեվիճակները, հոգեշարժումները։
Վերջին՝ 4-րդ էքսպրոմտը սթափեցնող է, և ցույց է տալիս, որ երջանկության այն պահերը, որ զգացել և արտահայտել է Շուբերտը, թվացյալ են, մինչդեռ ողբերգությունը՝ իրական։
Ինչպես Ֆրիդրիխ Նիցշցեն կասեր. «Երջանկությունը մոտ է, բայց ոչ այնքան, որ կարողանաս հասնել, դիպչել նրան»։ Շուբերտն էլ մի առիթով պոռթկացել է. «Ինչպիսի՛ դժբախտություն է ավստրիացի ծնվելը», և դա Մետեռնիխի բռնատիրության օրոք էր։ Եվ այսպես արվեստը, արվեստագետն ի զորու են դժբախտությունը վերածելու երջանկության, որը Շուբերտը և դաշնակահարը պարգևեցին մեզ. մոմի պես իրենք վառվելով՝ լուսավորեցին մեզ։ Սա չէ՞ արդյոք արվեստագետի առաքելությունը, նրա խաչը։
31 տարեկանում անմահացած Շուբերտի ողբերգական կյանքի մասին վկայող միայն մի փաստ։ Մի պատկերագրքում զետեղված էին հանճարեղ արվեստագետների տների լուսանկարները՝ հետևյալ մակագրությամբ. «Այս տանը ապրել է Մոցարտը», «Այս տանը ապրել է Բեթհովենը»։ Իսկ Շուբերտի վերաբերյալ գրված էր. «Այս տուն այցելում էր Շուբերտը»։ Շուբերտի երկարատև ստեղծագործությունները Ռոբերտ Շումանը բնորոշել է որպես «աստվածային երկարաձգություններ»։ Գուցե «անտունի» Շուբերտի տունը հենց երաժշտությո՞ւնն էր, որից նա չէր կարողանում պոկվել, քանզի գնալու տեղ չուներ, գլուխը դնելու տեղ չուներ։ Ինչպես չհիշես Գուստավ Մալերի «Աշխարհի համար կորսված եմ» երգը Ֆրիդրիխ Ռյուկերտի հետևյալ խոսքերով.
Աշխարհիս համար կորսված եմ վաղուց,
Որտեղ այդքան շատ ժամանակ կորցրի,
Այնտեղ իմ մասին լուր չունեն վաղուց,
Բայց դա այլևս չի հուզում ինձ, ո՛չ.
Մեռած են կարծում, թե անհայտ կորած՝
Ես չեմ առարկի, ինչ էլ որ կարծեն,
Քանզի ես իրոք մեռել եմ վաղուց
ՈՒնայն աշխարհի և մարդկանց համար,
Եվ գտել անդորր լռության գրկում։
Ապրում եմ մենակ ես լուռ երկնքում,
Երգիս աշխարհում, սիրուս եզերքում։
Հավանաբար նման տրամադրությամբ էր համակված և Կոմիտասը, երբ դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանին գրում էր հետևյալ տողերը.
«...Թեև ներսս բոլորովին մաքուր ջինջ է, ինչպես պայծառ ու յստակ վտակ, չար մարդիկ քար են ձգում ու պղտորում... Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ, Նուագարանը, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով։ Նա՛ անգամ ինձ հասկանում է... նա ինձ մխիթարում է իմ սրտից բղխած հեծկլտանքների արձագանգն ինձ անդրադարձնելով, եւ ես մխիթարում եմ ինձ եւ ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, եւ հենց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը եւ հանգստութիւնը, եւ զգում եմ որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրենութիւններից։ Ցավն անցաւ, սպին մնաց։ Աստուած իրանց բարին տայ...»։
Գեղարվեստի մի ապաստան են նաև Կոմիտասի ստեղծագործությունները, մասնավորապես, «Յոթ երգ» դաշնամուրային պիեսների շարքը, որով Լյուբիմովը բացեց համերգի 2-րդ բաժինը։ Ժողովրդական երգերի մեղեդիներից փնջած այս նվագաշարը Վարդապետը մշակել է 1911 թ., Հայաստանից հեռու՝ Անգլիայի ՈՒայթ կղզում։ Լսելով «Յոթ երգ» շարքը, մենք էլ «մի վայրկյան հեռու սլացանք», կղզիացանք աշխարհի անօրենություններից։
Երգերում հայ գեղջուկի հոգեվիճակը զուգահեռվում է, միահյուսվում հայրենի բնության երևույթների հետ, ինչը նկատվում է հենց երգերի խոսքերից. «Ղարիբ հավքը բուն չունի, որբ աղջիկը տուն չունի», «Ամպել ա, ձյուն չի գալիս, մթնել ա, տուն չի գալիս», «Հավքեր, թևանի արեք, յարիս հովանի արեք», «Էս գիշեր, լուսնակ գիշեր, վա՛յ լե, լե, լե», «Ձյուն եկեր, գետին նախշեր», «Ջուր կուգա վերին սարիցը»։ Ելնելով իր ծրագրի հուզական համատեքստից՝ Լյուբիմովը շարքն ավարտեց «Լուսնակը սարի տակին» պիեսով։ Նա իր «աշխարհ տեսած» մատներով կոմիտասյան այս հնչյունածաղիկներից խնամքով ու գորովանքով հյուսում էր, փնջում իր «իկեբանան»։ Եվ «արթնացնելով», հնչեցնելով չորս ոլորտի բաժանած դաշնամուրի հնչյունածավալը, Լյուբիմովը վերստեղծում էր կոմիտասյան «ձայնանկարները» այնքան շոշափելի, տարածական, որ դրանք նմանվում էին ներքուստ լուսավորվող «հոլոգրաֆիկ» պատկերների։ Այսպիսով, Կոմիտասի հաղթարշավը շարունակվում է, շարունակվում է նրա արվեստի համամարդկայնացումը, եթե նկատի առնենք աշխարհահռչակ դաշնակահարների կատարումները՝ Գրիգորի Սոկոլովի ելույթը Փարիզում, Ալեքսեյ Լյուբիմովի կատարումները Մոսկվայում, Երևանում։ Եվ լսելով Կոմիտասի երաժշտության նման բարձրարվեստ կատարումներ, ինչպես կասեր Տոնինո Գուերան, յուրաքանչյուր այլազգի, եվրոպացի գոնե մեկ օրով ինչ-որ չափով դառնում է հայ...
Այս մանրանվագներից հետո Լյուբիմովը նվագեց Կլոդ Դեբյուսիի պրելյուդները՝ 1-ին գրքից։ Անցումը միանգամայն օրգանական էր, և դա ոչ միայն ծրագիր կազմելու լյուբիմովյան բարձր ճաշակից էր։ Այդքան հեռու և մոտիկ կոմպոզիտորներին միավորում էր նաև պոետական մեծ սերն առ բնություն, ինչպես նաև ունակությունը՝ արտացոլելու լույսի, ջրի խաղերը, օդի նրբին տատանումները, լուսաստվերները։ Բացի այդ, հարմոնիան, հնչյունաբույլերը որպես գույն կիրառելը, հնչուժի բազում աստիճանակարգերի, հնչյունախաղերի միջոցով բազմաշերտ տարածություններ, հորիզոններ, խորապատկերներ ստեղծելը և այլն։ Եվ սա դժվարին խնդիրներ է առաջացնում կատարողի համար, նոր մոտեցումներ հնչյունին, հարուստ «ներկապնակ» և այլ ունակություններ։
Այս ամենը Լյուբիմովն իրականացրեց «մոցարտյան թեթևությամբ»՝ մերթ ճախրանքով, մերթ տարերային վիթխարի ուժով, և սա դրսևորվեց «Առագաստներ», «Քամին տափաստանում», «Հնչյուններն ու բույրերը պտտվում են իրիկնային օդում», «Անակապրիի բուրգերը», «Ջրասույզ տաճար», «Գուսաններ», «Ոտնահետքեր ձյան վրա», «Ինչ տեսավ արևմտյան քամին» պրելյուդներում։ Բուռն ծափողջույնները ստիպեցին դաշնակահարին ծրագրից դուրս նվագել ևս երկու գործ՝ Դեբյուսիի «Վուշագույն մազերով աղջիկը» և Շուբերտի Մի-բեմոլ-մաժոր էքսպրոմտը (ՏՐ. 90)։
Համերգից հետո դաշնակահարի հետ հանդիպմանը հնչած բացականչություններից էր հետևյալը. «Որքա՜ն հայեցի էր Լյուբիմովի Կոմիտասը»։ Այդպես էլ պետք է լիներ, եթե հիշենք, որ Լյուբիմովն իր առաջին իսկ համերգից հետո սիրեց Հայաստանը, հայոց մշակույթը, սկսեց համագործակցել հայ անվանի երաժիշտների հետ, փոխանցելով իր հարուստ փորձը և իր հերթին ոգեշնչվելով հայոց դարավոր մշակույթով։ Բավական է նշել, որ Լյուբիմովի առաջին համերգը Երևանում տեղի է ունեցել 1966 թ.։ Եվ մինչ օրս նա պարբերաբար այցելում է Հայաստան, իր ընտանիքով, գործընկերներով։
Մեզ մնում է ավելացնել ևս մեկ մեջբերում. «Միայն թե ափսոսում ենք, որ երաժշտության կոթողների նման բարձրարվեստ կատարումը վայելելը մեզ այնքան հազվադեպ է հաջողվում, որքան գիսաստղի թռիչքը տեսնելը» («Ռոնդո» ամսագիր, թիվ 5-6, 1975 թ., Ֆինլանդիա)։
Իսկ մեզ բախտ վիճակվեց մի անգամ ևս տեսնելու Լյուբիմով-«գիսաստղին», որը պայծառացրեց, խոր հետք թողեց մեր արվեստի երկնակամարում ու մեր սրտերում։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ