Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչպես են ազգերը հիշատակում մեռածներին

Ինչպես են ազգերը հիշատակում մեռածներին
04.11.2014 | 11:25

Սողոմոն իմաստունն ասում է. «Սուգի տուն գնալը կնունքի տուն գնալուց լավ է, քանի որ մարդու վախճանն է այն։ ՈՒ կենդանի եղողը այդ իր սրտի մեջ է դնում»: Սթափ մտածողների համար սա անընդունելի միտք է, բայց չմոռանանք, որ այս տողերի հեղինակը մեծ իմաստուն է, ով իրողության արմատին է նայում, ոչ թե տերևներին: Եվ ըստ Սողոմոնի, մարդիկ սգո տուն այցելելիս հիշում են իրենց մահկանացու լինելն ու փորձում են առավել ճիշտ ու արդար ապրել, քանզի հասկանում են, որ Աստծո առաջ իրենք պատասխան ունեն տալու:
ՈՒ մինչ կկարդանք, թե ինչ է նշանակում Արգո օր, նախ մի փոքր ծանոթանանք ժամանակակից աշխարհի մարդկանց մահվան վիճակագրությանը։
Մեկ տարում աշխարհում տարբեր պատճառներից մահանում է մոտ յոթանասուն միլիոն մարդ։ Այսինքն, ամեն տարի երկրագնդի վրա մահանում է այնքան մարդ, ինչքան կար, ասենք, երեք հազար տարի առաջ ամբողջ երկրագնդի վրա։ Այս էլ ասենք, որ յոթից մեկ միլիոնը ինքնասպանության պատճառով է լինում, իսկ մնացածները աղետներից, ամենաշատը ավտովթարներից, հարբեցողությունից, սպանություններից, և վերջապես տարատեսակ հիվանդություններից, մանավանդ այս օրերին, երբ Էբոլա ժանտախտը մոլեգնում է աշխարհում։
ՈՒ եթե ապրողները հարգում և հիշում են իրենց մեռած հարազատներին, ապա բնական է, որ իրենց իմացության սահմաններում նաև կպատվեն ու կօգնեն նրանց ըստ հնարավորության։ Այդ նպատակով առաքելահիմն եկեղեցիներն ունեն ննջեցյալների հիշատակի արարողություններ ու աղոթքներ, իսկ մեր Եկեղեցին տարվա հինգ տաղավար տոներից հետո սուրբ Պատարագ է մատուցում, որտեղ հիշում են համորեն (իմա՝ բոլոր) ննջեցյալներին։ Իսկ մեռելոց օրերը թվով հինգն են, որովհետև ադամական մարդը մեղանչում է իր հինգ զգայարաններով։
Մեռածների հիշատակությունների օրերը հնուց եկած սովորություն են, ինչի մասին տեղեկանում ենք հայոց հինավուրց մատենագրություններից։ Այս հրապարակման «Արգո օր» խորագիրը նույնպես դրան է վերաբերում։ Այդ հիշատակելի օրվա սկզբնավորման պատմությունն այս է. վտանգավոր հմայք ունեցող Ասորեստանի վավաշոտ թագուհի Շամիրամը, լսելով հայոց Արա թագավորի զարմանալի գեղեցկության մասին, նախ լեզու թափելով իր մահաբեր գիրկը կանչեց, բայց չհաջողվեց, քանի որ վեհանձն թագավորը մերժեց նրան, ինչպես հրեա Հովսեփ գեղեցիկը իր տանտիրոջ ցանկասեր կնոջ առաջարկը։ Այդ ժամանակ Շամիրամը որոշեց ուժով տիրել նրան ու իր ամուսինը դարձնել, և բազմաթիվ զորք հավաքելով Հայաստանը ասպատակեց, և այդ կռվի ժամանակ էլ Արա Գեղեցիկը զոհվեց։ Վավաշոտ Շամիրամը չհուսահատվեց այդքանից հետո, այլ քաղդեական ողջ դիվական հնարքները բանեցնելով իր քրմերի միջոցով, ուզեց կենդանացնել նրան, և մեռած թագավորի դին մի բարձր աշտարակի վրա դրեց, որտեղ իբր արալեզները (դիցաբանական կենդանիներ) պիտի լիզեին ու ողջացնեին նրան։ Բայց այդ ամենը փուչ ու դիվական հնարք էր, ու Արան չարթնացավ։ Այդ ժամանակ ամուսնուն փոխարինած հայոց թագուհի Նվարդը արձակեց ամենաիմաստուն հրովարտակներից մեկը. «Պատերազմի դաշտում զոհված մեր հարազատների հիշատակը հավերժացնելու համար համայն Հայքում սահմանվում է Արգո օր։ Յուրաքանչյուր մարդ ամսվա մեջ երեք օր գտնի և աշխատի բոլորանվեր ուժով՝ մտածելով, որ ինքը բանում է մեռածների փոխարեն։ Այդպես պիտի վերակենդանացնել ընկածներին և ոչ թե դիմել արալեզների օգնությանը։ Դրանով մենք կհաղթենք մահին։ Ողջերի հետ կապրեն բոլոր մեռածները։ Արգո օրով պետք է ծածկենք ընկածների բացը։ Ոչ ծառերն ու ծաղիկները կչորանան, ոչ էլ դաշտերը կդառնան խոպան ու տատասկածածկ։
Դա՛ է Հայքի հարատևության պայմանը։ Թող հայոց բոլոր աստվածները պատժեն նրան, ով կապրի առանց Արգո օրի»։
Չինաստանում մահամերձներին տանում են մահացման սենյակներ, որտեղ նրանց վերջին ժամերին զբաղեցնում են, ուրախացնում և հոգիները դուրս կանչում մարմնից, բայց ո՞ւր։ Իսկ հարուստ չինացիների մոտիկ հարազատները մեռածի մոտ չինական թղթադրամներ են վառում, որ այդ հոգին «այնտեղ» գնալուց հետո «փողի պակասություն» չունենա անձնական կարիքները բավարարելու համար։
Ճապոնական սովորույթներ։ Հուլիսի կեսին Ճապոնիայում տոնում են Բոնը՝ մեռածների հիշատակի օրը: Այդ տոնին՝ հուլիսի 13-ին, բոլոր տներում կրակ են վառում, ու այդպիսով հրավիրում են իրենց նախնիների հոգիները, որ հյուրընկալեն տանը: Միաժամանակ բուդդայական տաճարներ թարմ մրգեր ու բանջարեղեն են տանում «հյուրասիրելու» հոգիներին, և գույնզգույն լապտերներ են վառում, որ ուրախացնեն նրանց: Իսկ հուլիսի 16-ի գիշերը կրակ են վառում, որ դրանով նախնիների հոգիները հետ՝ իրենց հավիտենական հանգստավայրը, ճանապարհեն, միաժամանակ «ճամփի պաշար» են դնում հետները՝ փոքրիկ նավակների մեջ ուտելիք դնելով, ծովի կամ գետի ջրերում բաց թողնում լողալու։
Մալայան կղզիների բնակիչներն իրենց մահացած հարազատների վզից մի ծանր քար են կապում ու ծովի «գերեզմանոց» իջեցնում, որտեղ որդերի դերը կատարում են գիշատիչ շնաձկները, որոնք մի քանի րոպեում դիակից միայն ոսկորներն ու գանգն են թողնում։ (Երբ այդ փաստագրական կինոկադրերը տեսա, ջրի տակ լեցուն մեռելների ոսկորներով ու գանգերով, հիշեցի Տիրոջ այս խոսքը. «Եվ ծովը իր մեռելներին կտա...»)։
Ընդհանրապես, նրանք համարում են, որ մահացածները դևեր են դառնում, այդ պատճառով ոսկորները տանում և մի անմարդաբնակ կղզում են թաղում։
Մադագասկար կղզու բնիկներն ամեն տարի մեռածի ծննդյան օրը բերում են նրա ոսկորները տուն և ուրախությամբ նշում նրա ծնունդը, հետո նորից հետ տանում։ Այդ նույն երկրում հոգեվարքի մեջ գտնվողներին կամ այն հիվանդներին, ովքեր ուզում են մեռնել, օգնելու համար նրա սիրած զգեստներից բերում և դնում են վրան, որ պատշաճ հագնված «վերադառնա»։
Գրենլանդիայի էսկիմոսները, երբ ձմեռը երկարում է և կերակուրը պակասում, տան ամենամեծի կամ հիվանդի հագուստները հանում են և ուղարկում տաք յուրտից դուրս, որ սառնամանիքին ինչքան կարողանա քայլի, հեռանա։ Իսկ գարնանը, երբ ձյունը հալվում է, գտնում են նրան ու թաղում, ասես հենց նոր է մահացել։
Ահա այսպես են հեթանոսները «հարգում» իրենց մեռած հարազատներին։
Էտրուսկները՝ Իտալիայի նախկին բնիկները, ուրախանում էին, երբ մոտենում էր իրենց մահվան օրը, քանի որ, ըստ նրանց սովորության, մահացածների հետ ճոխ կերակուրներ էին դնում, և ընդհանրապես, «այն կյանքի» համար անհրաժեշտ ամեն ինչ, նույնիսկ կատուներ, որ «այնտեղ» մկները չանհանգստացնեն մահացածին։
Եզդիները հոգին պատկերացնում են մազի նման նուրբ ինչ-որ էակ, որը կարող է ելումուտ անել մարմնի մեջ։ Ըստ դրա էլ, հոգին երազում մարմնից դուրս գալով, պտտվում է աշխարհով մեկ իր ուզած տեղերով ու նորից վերադառնում իր օթևան մարմինը։ Իսկ մահվան ժամանակ, ըստ եզդիների հավատքի, Ազրայիլ հրեշտակն է հոգին մարմնից հանում, տանում և հետո կարող է կենդանիների, բույսերի, առարկաների կամ Ազրայիլի միջոցով դրախտ կամ դժոխք տարվել։ Իսկ ծերերի պատմածով՝ Ազրայիլը այնպիսի սարսափազդու տեսք ունի, որ երբ նա մեռնողի հոգու գլխավերևում է երևում, իսկույն նրա լեզուն կապ է ընկնում վախից, մանավանդ եթե այդ մեռնողը բազմաթիվ մեղքեր է գործել։
Հոգեառ հրեշտակի՝ Ազրայիլի օգնականներն են Ջբրաիլը, Ազրաֆիլը և Մքայիլը, որոնք հոգիները տանում են կամ Դնյատարի (մութ, սառը աշխարհ, որ գետնի տակ է) կամ երկինք, ըստ մեղքերի չափի։ Այդ պատճառով եզդիները մեռնողի մոտ ձայն չեն հանում, որ հոգին ղալբից (կաղապարից) հանգիստ դուրս հանի Ազրայիլը, ու միայն մահից հետո են ուժեղ լացուկոծ դնում, մանավանդ եթե մեռնողի աչքերը բաց են մնում, քանի որ դա նշան է, որ հոգին այս աշխարհից դեռ չի կշտացել։
Ըստ եզդիների հավատալիքի, թաղման ժամանակ հոգին ժամանակավորապես մտնում է իր անշարժացած օթևան մարմինը, իսկ հողին հանձնելուց հետո բերանից դուրս է գալիս ու տարվում Դնյատարի։ Թաղման ժամանակ մեռնողի հարազատ կինարմատները լացով ու սուգով ճանկռում են երեսները, մազերը կտրում, իսկ տղամարդիկ իրենց գլուխներին են խփում, որ իրենց հանգուցյալը այնտեղ քիչ տանջվի։ Այս ամենը արվում է, որ հանգուցյալի հոգին այնտեղ հաց ու ջուր և լույս ունենա, այսպիսով նրանք երբեմն-երբեմն հոգում են իրենց հանգուցյալ հարազատի հոգևոր կարիքները։ ՈՒ նաև տարին մեկ անգամ՝ ապրիլին, եզդիները գերեզմանում Նանե մրիա են անում (հոգեհաց են տալիս) իրենց հարազատների հոգիների համար, որ նրանց «աչքը ճանապարհին չմնա»։ Իսկ Անջարի եզդիները նաև հանգուցյալի հետ թաղում են նրա զենք ու զրահը, նաև որոշ իրեր, իսկ առավել ծայրահեղները նաև կնոջն են հետը թաղում, որ նա կնոջ «պակասություն» չունենա այնտեղ։
Ըստ նրանց հավատալիքների, հոգիները դրախտից ու դժոխքից կարող են այցելել միմյանց ու իրար պատմել իրենց երջանիկ կամ դժբախտ վիճակների մասին։ Դժոխքում գտնվող հոգիները կարող են «դժոխքապետից» կերակուր ստանալ, եթե տվյալ հոգու համար երկրի վրա Նանե մրիա են բաժանել աղքատներին։
Ըստ մեկ այլ հավատալիքի՝ կարող են լինել հոգիներ, որոնք ապրում են գերեզմանում, մտնել կենդանիների մեջ կամ դառնալ Ռաշե շավե (գիշերային հրեշ) ու թափառել երկրի երեսին։ Այդ պատճառով եզդի ծերունիները արգելում են մարդկանց գիշերով գերեզման գնալ ու անհանգստացնել քնած հոգիներին։ Ըստ որոշ եզդիական ցեղերի՝ իրենց հարազատների հոգիները թաքնված են վարդերի մեջ, այդ պատճառով վարդ տրորելն ու փչացնելը կամ հայհոյելը վարդի մոտ մեղք են համարվել։ Ոմանք էլ իրենց պաշտած նախնու համար երեք օր ծոմ են պահել։ (Ամնե Ավդալ, «Եզդի քրդերի հավատալիքները»):
ա) Վերջնական եզրահանգումից առաջ հիշատակենք երկու փաստ ևս. «Time-ն ահազանգում է, որ Չինաստանում շարունակվում է գերեզմաններից դիակներ հանելու և դրանք որպես հարսնացուներ վաճառելու արատավոր պրակտիկան:
Այս անգամ նման գործունեության համար 11 մարդ է ձերբակալվել արևելյան Շանդոն նահանգում:
Կանանց դիակները վաճառվում են մահացած երիտասարդ տղամարդկանց ընտանիքներին. այդ կանայք հուղարկավորվում են տղամարդկանց մոտ, որպեսզի անդրշիրիմյան կյանքում նրանք «ընկերակցություններ ունենան»: Սա կապվում է հին ավանդույթի հետ, որն անվանում են «ուրվականների հարսանիք»:
բ) Իսկ այս հատվածն էլ փաստենք, որպեսզի առավել սթափ լինենք մեր հարևան ու հակառակորդ ազերիների վերաբերյալ:
Ադրբեջանական մեջլիս-խորհրդարանում հարց է բարձրացվել` իրենց պետության մեջ թույլ տան, որ ընտանիքի հայրը իր կնոջ մահից հետո մեկ շաբաթ էլ շարունակի կենակցել մեռած կնոջ հետ, որից հետո տանեն ու թաղեն դիակը: Նման բան արդեն թույլատրել է մուսուլմանական օրենքներով շարժվող ազգերից մեկը, հիմա էլ ադրբեջանցիներն են փորձում այդ օրենքն անցկացնել, որ նման արարքները չհամարվեն դիաբռնաբարություն: Ասել է` նման դեպքեր արդեն եղել են, որ նրանք ստիպված օրենքին են դիմում, ինչպես եվրոպական մի քանի երկրներ ուզում են իրենց պառլամենտով թույլ տան ազատ սեռական հարաբերություններ (ինցեստ)` ում հետ ուզում ես, ինչ տարիքում էլ ուզում են:
Դեռ ինչեր ասես չենք լսի ու տեսնի այս ապականված ու խելագարված ամբոխներից:
Այս ամենը իմանալուց հետո, թող Տերը մեզ իմաստություն պարգևի, որ մահվանը Հիսուս Քրիստոսի հաղթությամբ դիմավորենք, Ով ասել է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խոսքը լսում է ու հավատում է Նրան, ով Ինձ առաքեց, ընդունում է հավիտենական կյանքը և չի դատապարտվում, այլ մահվանից կյանք անցավ» (Ավետարան ըստ Հովհաննեսի 5.24):

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ