USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Կարևորը ազատությունն է, բանտում լինի, թե ուրիշ մի տեղ»

«Կարևորը ազատությունն է, բանտում լինի, թե ուրիշ մի տեղ»
06.11.2014 | 19:06

«Ես ասացի` դա նույնն է, թե ես նամակ գրեմ Ֆրանսիայի մշակույթի նախարարին և ասեմ, որ ուզում եմ Ռենուարի 150- ամյակը նշել»


«Իրատես de facto» ակումբում Փարաջանովի թանգարանի տնօրեն ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց, որ վերջին տարիներին մեծ քանակությամբ կեղծ աշխատանքներ են պտտվում Լոնդոնի միջազգային աճուրդում: Մոսկվայում շատ կան նման աշխատանքներ, բայց դրանց դեմ պայքարելը դժվար է և անիմաստ: Լավագույն դեպքում կարող են բացահայտել և զգուշացնել: Ավելին, բանախոսի խոսքով, աշխարհի բոլոր աճուրդներում վաճառվող գործերի մոտ 40 տոկոսը կեղծ է: «Մարդիկ կան, որ շատ լավ աշխատանքներ են անում, ես ասում եմ` լավ, ինչո՞ւ ձեր անունով չեք ներկայացնում: Բայց եթե իրենք իրենց անունով փորձեն վաճառել, պարզ է, որ ավելի քիչ գումար կվաստակեն»,- ասաց Զավեն Սարգսյանը, ով մեծ ճիգեր է գործադրել, որ Լոնդոնում ներկայացված կեղծ աշխատանքը հանեն աճուրդից: Ենթադրում է, որ կազմակերպիչներին էլ ձեռնտու է, որ այդ գործերը վաճառվեն, շատ դեպքերում, լավ էլ հասկանում են, որ աշխատանքները կեղծ են:
Երբեմն էլ կեղծում են բնօրինակները, վերջերս, օրինակ, Կիևում ներկայացվել է «Սուրբ Գևորգ» աշխատանքի այլ տարբերակը: Մոսկվայում ավելի քան 60 կեղծ աշխատանք է ցուցադրվել Փարաջանովից: «Ես դիմեցի, նրանք անգամ չպատասխանեցին, հետո խնդրեցի, որ Հասմիկ Պողոսյանը Մոսկվայի մշակույթի նախարարին տեղեկացնի: Պետք է ասեմ, որ Ռուսաստանը հրատարակում է պարբերականներ, որտեղ նշվում են հեղինակների կեղծ գործերը»,- ասաց բանախոսը: Երբեմն էլ բանը հասնում է զավեշտի:
Մոսկվայում պատկերասրահ ունեցող մի հայտնի կեղծարար ասել է, թե ուզում է Մոսկվայում, Թբիլիսիում, Կիևում Փարաջանովի 90-ամյակը նշել: «Ես ասացի` դա նույնն է, որ ես նամակ գրեմ Ֆրանսիայի մշակույթի նախարարին և ասեմ, որ ուզում եմ Ռենուարի 150-ամյակը նշել: Կեղծարարի նպատակը, իհարկե, փարաջանովյան կեղծ գործեր վաճառելն էր: Եվ նրան հաջողվել է Մոսկվայի Արևելքի թանգարանում ցուցահանդես կազմակերպել` «Փարաջանովը և Թբիլիսին» խորագրով: Ինձ զանգում էին, հարցնում` թե ով է այս մարդը, այս ինչ ցուցահանդես է, ամոթ է, սա Փարաջանով չէ: Ասում էի` ես ինչ կապ ունեմ, դիմեք թանգարանի տնօրենությանը, թե ինչու է արել այդ ցուցահանդեսը»,- պատմեց Զավեն Սարգսյանը, նշեց նաև, որ կեղծարարները պատասխանատվության չեն ենթարկվում, օրենք չկա, որ պատժվեն դրա համար:
Վերադառնալով փարաջանովյան իրական աշխարհ, ասենք, որ Փարաջանովի թանգարանում շուրջ 1500 ցուցանմուշ կա: «Փարաջանովը հետաքրքիր առանձնահատկություն ունի. գործերը իրար նման չեն, դիապազոնը մեծ է: Ամեն ինչին անդրադարձել է, ամեն ինչը վերամշակել է և իր ձևով ներկայացրել մարդկանց: Նրա արվեստը մարդկանց մեջ ցանկություն է առաջացնում աշխատելու, ստեղծագործելու: Կարևորը ազատությունն է, բանտում լինի, թե ուրիշ մի տեղ, մարդն ազատ է, կարող է եղունգով փորագրել ու գործ ստեղծել»,- ասաց բանախոսը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao