Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երրորդ Հռոմը չի կայանա, որովհետև նրա կառավարողները շարունակում են նախնիների սխալները

Երրորդ Հռոմը չի  կայանա, որովհետև նրա  կառավարողները  շարունակում են  նախնիների սխալները
11.11.2014 | 00:24

Սիրով կարդացի Ստեփան Թոփչյանի «Երրորդ Հռոմը սպասվո՞ւմ է, թե՞ ոչ» («Իրատես de facto», թիվ 70) հրապարակումը: Սկզբից ևեթ ասեմ, որ ես որպես իսկական հայ երբեք չեմ եղել հակառուս և չեմ էլ լինի որևէ ճակատագրական պահի, բայց ասել եմ և կասեմ, որ ռուսները մեր վատ բարեկամներն են, մեր լավը չուզող բարեկամները: Աբովյանի անսահման սերն առ ռուսը կարճ ժամանակ անց խամրեց, երբ տեսավ, թե ռուս չինովնիկն ինչպես է կաշառք վերցնում չարքաշ հայ գյուղացուց: Այսօր, երբ տեսնում եմ, թե ինչ է կատարվում ՈՒկրաինայում, ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել, թե ինչպես պատահեց, որ նույն ծառի վրա ծլած երկու ճյուղեր, նույն հավատով («հավատ» բառն ընդգծում եմ, որովհետև նույն լեզվով խոսող սերբն ու հորվաթը միայն հավատով են իրար հետ թշնամացել), այսօր կատաղի թշնամիներ են: Եթե դա կատարվեր ֆեոդալական մասնատվածության ժամանակաշրջանում, գուցե և հասկանալի լիներ: Բայց այսօր XXI դարն է: Մտածում եմ նաև, որ երևի մեզ անհասկանալի գաղտնիքներ կան, որ եղել են նախկինում այդ երկու ժողովուրդների միջև, որը, շարունակ ծածկվելով պատմության շղարշով, այսօր՝ հարմար պահին, պայթում է: Մտածում եմ նաև, այդ ինչը ստիպեց Վլադիմիր Դոլգորուկովին փոխել իր մայրաքաղաքը Կիևից, այդ ինչպես պատահեց, և ինչու ռուսները Կիևում ապրողներին կոչեցին ՈՒկրաինա (այսինքն` ղրաղի ժողովուրդ), և ուկրաինացիք այդպիսի արհամարհանքով ռուսներին կոչեցին մոսկալներ: Իմ շեշտադրումների պատասխանները գուցե ուկրաինացիներն ու ռուսներն ունեն, բայց դրանք ես չգիտեմ: Երևի մեծ եղբոր իշխելասեր ոգու` ամեն ինչ իրեն ենթարկելու, իր կամքը թելադրելու էությունն է այդպես: Աշխարհում միայն ռուսները չեն, որ սիրում են թելադրել, իրենց ենթարկել ուրիշներին, դա մեծ ազգերի էությունն է, բայց ոչ մեկն այդպես ընդգծված և կոշտ ձևով չի անում, ինչպես ռուսը: Անգլիացի կառավարողն ավելի նուրբ ու խորամանկ է գործում: Անգլիացին որևէ երկրի չի պարտադրում, թե անգլերենը դարձրու երկրիդ երկրորդ պետական լեզուն: Եվ մարդը, որն ուզում է ապրել և մասնակցել աշխարհի անցուդարձին, ակամա սովորում է անգլերեն: Իսկ ռուսը, չգիտես ինչու, պարտադրում է, ինչը հակակրանք է առաջացնում ցանկացած անհատի մեջ: Այդ հակակրանքը գալիս է ոչ թե ռուս լեզվի, ռուս մարդու նկատմամբ ունեցած հակակրանքից, այլ հարկադրանքի նկատմամբ մարդու ունեցած էությունից: Պուտինին հարգում եմ որպես խոշոր անհատի, բայց երբեմն հակակրանք եմ զգում, երբ նա ասում է.
-Մենք ամեն ինչ անում ենք ելնելով մեր ազգային շահից,- մոռանալով, որ ուրիշ ժողովուրդներ էլ ունեն ազգային շահ: Իմ հոգում հակակրանք է առաջացնում նաև նրանց վերջին ժամանակների ընդգծված շովինիստական շեշտադրմամբ հնչող լոզունգը. «Մենք ռուսներս» ¥Վօ ՐՏրրՌÿվպ¤: Պատկերացնում եմ` աշխարհն ինչի կբերի, եթե ճապոնացիք, չինացիք, արաբները, գերմանացիք, անգլիացիք, ամերիկացիք (սրանց լիդերներն էլ նմանատիպ շովինիստական դրսևորումներից հետ չեն մնում), մի խոսքով` բոլոր մեծ ու փոքր ազգերը նույն կերպ մտածեն: Մի՞թե նույն շովինիստական ոգին չէր «Դոյչլանդ, Դոյչլանդ, ուբեր ալես» (Գերմանիա, Գերմանիա, դու վեր ես ամենքից) գերմանացու մեջ, որը, վերջին հաշվով, գիտենք, թե ինչ բերեց գերմանացի ժողովրդի գլխին: Պատկերացնում եմ` ինչ կլինի աշխարհում, եթե հանկարծ նման ձևով մտածի չինացին:
Դմիտրի Կիսելյովը, իմ կարծիքով, նման մեծապետական շովինիզմով տառապող լրագրող է և քաղաքական մեկնաբան, իրեն դրսևորում է հենց այնպես, ինչպես մտածում է, իրեն հարց չտալով, որ հայերն ընդհանրապես ռուսամետ ժողովուրդ են, ռուսներին անկեղծ նվիրված ժողովուրդ են: Իսկ եթե կան Հայաստանում այլ կերպ մտածողներ, թող փորձի մտածել, թե 1828 թվականին Արևելյան Հայաստանը ինչ տարածքով մտավ Ռուսաստանի կազմի մեջ, և այսօր ուր են այդ տարածքները: Թող մտածի, թե քանի անգամ են ռուսները դավաճանել (ես այստեղ նկատի չունեմ ռուս ժողովրդին) հայ ժողովրդին և քանի անգամ հայերը` ռուսներին: Հավանաբար ոչ մի դեպք չի գտնի, որ հայերը դավաճանել են, անգամ անհատի չի գտնի, իսկ ռուս կառավարողները` որքան ուզես: Հենց այդ դավաճանության հետևանքով է շագրենի կաշվի պես փոքրացել Արևելյան Հայաստանը: Սլավոն բուլղարները դավաճանել են ռուսներին, իսկ մենք, հա, մեկ էլ սերբերը` ոչ: Եվ այդ երկու ժողովուրդներին ճակատագրական պահերին ռուսը միշտ դավաճանել է: Եթե ռուսները տեր կանգնեին, Բելգրադը չէին ռմբակոծի, և Կոսովոն` սերբական պատմական հողը, սերբ ժողովրդի օրրանը չէին պոկի նրանից: Սերբերն ու հայերը միշտ տուժել են չափից դուրս ռուսասիրության պատճառով: Մեկ վառ օրինակ: Պատերազմի ավարտի նախօրյակին, ամերիկյան հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ (հիշողությամբ եմ այն մեջ բերում, կարդացել եմ «Թեհրան, Բեռլին, Պոտսդամ» գրքում) ամերիկյան մի բարձրաստիճան պաշտոնյա հարցնում է, եթե Արևմտյան Հայաստանը անջատվի Թուրքիայից, ինչպիսի՞ կարգավիճակ դուք կուզենայիք տեսնել նրա համար: Պատասխանը հնչում է միանշանակ` Խորհրդային Հայաստանի հետ ԽՍՀՄ-ի կազմում: Եվ այդպես հարցը փակվում է: Հակահայ (գուցե ճիշտ բառը չեմ ընտրում) վերաբերմունքը եղել է ցարական Ռուսաստանում, եղել է Ռուսաստանում, կա ներկայիս Ռուսաստանում: Պուտինը հարյուրավոր անգամ կրկնում ու փաստում է ազգերի ինքնորոշման իրավունքը և այն համարում է սրբազան օրենք, բայց և ոչ մի անգամ չի նշում Ղարաբաղի ինքնորոշման մասին: Այդ հարցում նա հակահայ է: Ինչո՞ւ, որովհետև Ղարաբաղով իր ազդեցության ոլորտ է ցանկանում բերել նաև Ադրբեջանին: Այնպես որ, մեր այսօրվա քաղաքագետները թող չփորձեն աջ ու ձախ ձաղկել Լենինին, Ստալինին, իսկ Պուտինին խնայել: Այդ հարցում Պուտինը նույն քաղաքական գծի շարունակողն է:
Հիմա անդրադառնամ Ստեփան Թոփչյանի հրապարակման Գորոդնենկոյի և Բորիսովի հոդվածներին: Միակ դեպքը, որ բերում են նրանք, որ իբր թե հայը կռվել է ռուսի դեմ, Գարեգին Նժդեհի պայքարն էր ընդդեմ թուրք-բոլշևիկյան դաշինքի ի պաշտպանություն Զանգեզուրի, հետագայում գործակցությունը գերմանական ֆաշիստների հետ: Չցանկացա շարունակել մեջ բերել բարոյական օրենքներից զուրկ Տեր-Պետրոսյանի և որոշ ՀՀՇ-ականների ստոր խոսքերը Գարեգին Նժդեհի մասին:
Պետք է նշեմ, որ Նժդեհը Զանգեզուրում կռվել է ոչ թե բոլշևիկների, այլ թուրք մուսուլմանների հետ համագործակցած բոլշևիկների դեմ: Եվ այդ կռիվներից հետո Աթաթուրքից խաբված Լենինը Ստամբուլին քաղաքական պոռնիկ անվանեց: Այստեղ ևս ակնհայտորեն երևում են ռուս մտավորականների` հարցի վերաբերյալ ունեցած թյուր պատկերացումները: Նժդեհը երբեք չի համագործակցել ֆաշիստների հետ: Որպես պետական մտածող նա փորձել է գտնել իրեն տանջող հարցի պատասխանը: Ի՞նչ կլինի, եթե Աստված մի արասցե, Ստալինգրադում ռուսները պարտվեն: Ասելիքս այդ հարցում ինձ պատմել է պատմության-աշխարհագրության իմ ուսուցիչ Դրաստամատ Եղիազարյանն անցած դարի 60-ական թվականներին:
-Ծանոթ բարեկամուհուս պիտի ընդունել տայի Բակունցի անվան մանկավարժական ուսումնարան,- պատմում էր այժմ հանգուցյալ ուսուցիչս:- Ծանոթացա դիրեկտորի հետ, որը գիտե՞ս ով էր,- և չսպասելով պատասխանիս, շարունակեց,- սովետական ռազմական փառքի եռակի շքանշանակիր, «Արաքս-Վեներա» հետախուզական խմբի հետախույզ Վաղարշակ Առաքելյանը: Երբ «Սևան» ռեստորանում նստած մի շիշ օղու շուրջ բավականին հասցրինք իրար մտքեր շոշափել, իմացավ, որ պատմության ուսուցիչ եմ և հետաքրքրվում եմ 1920 թվականների դեպքերով, Դրոյով, հատկապես Նժդեհով, ասաց` քեզ կպատմեմ մի դեպք Նժդեհի մասին և դու կիմանաս, թե ով էր նա: 1944 թվականի գարնանը Գերմանիայում էի։ Կենտրոնից հրաման ստացա պարզել, թե ինչու է Նժդեհը եկել Բեռլին: Գտա Բեռլինում այն տունը, որտեղ կայանել էր Նժդեհը: Տանտիրուհին ասաց, որ տանը չէ, ուշ է գալիս: Խնդրեցի նրան փոխանցել հյուրին, որ ես զանգեզուրցի եմ՝ գորիսեցի, և որ վաղն այսինչ ժամին, այսինչ տեղում կսպասեմ նրան: Ճիշտ ժամին, նշված տեղը եկավ Նժդեհը: Ես նրան առաջին անգամ էի տեսնում, բայց իսկույն ճանաչեցի: Ամուր գրկախառնվեցինք: Նստեցինք զրուցելու: Բնականաբար, նա չգիտեր` ես ով եմ: Ասացի, որ առևտրական գործերով եմ Բեռլինում, վաղուց դուրս եմ եկել հայրենիքից: Խոսք եղավ Դրոյի մասին, որի վարքագիծը Նժդեհը դատապարտեց: Ասաց. «Երազում եմ այն օրը, երբ խորհրդային բանակը Թուրքիա կմտնի, և ես որպես նրա զինվոր կմտնեմ Թուրքիա: Ես խորհրդային պետության դեմ որևէ բան չունեմ»: Ինչպես հանդիպել էինք, այդպես էլ գրկախառնվելով բաժանվեցինք: Մեր հանդիպման մասին նույն երեկոյան տեղեկացրի Կենտրոնին:
Ինչպես այն ժամանակ, առավել ևս այժմ, հավատացած եմ, որ եթե Նժդեհի վրա խորհրդային ԿԳԲ-ն որևէ փաստ ունենար ֆաշիստների հետ նրա համգործակցության մասին, նրան ոչ թե 10 տարով կաքսորեր, այլ կգնդակահարեր: Ավելին ասեմ, ԿԳԲ-ի նկուղում Նժդեհի նկատմամբ շատ հարգալից են եղել, նույնիսկ աքսորից առաջ մեքենայով դուրս հանել և ցույց են տվել գիշերային Երևանը: Ինչ վերաբերում է Նժդեհի նացիոնալիզմին, ավելի ճիշտ, փոքր ազգերի նացիոնալիզմին, եթե չեմ սխալվում, Մարքսը շատ դրական է արտահայտվել, այն համարելով փոքր ազգի ինքնապաշտպանական բնազդի մի մասը: Իրոք, մեծ ազգի նացիոնալիզմը, վերջին հաշվով, ֆաշիզմ է, իսկ փոքրինը՝ ինքնապաշտպանական բնազդ: Մեր մեջ ապրող եզդիներն ընդգծված նացիոնալիստներ են, քան մենք, որովհետև այդպես նրանք ցանկանում են պաշտպանել իրենց գոյությունը: Այդ նացիոնալիզմից հայերս չենք տուժում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ.- Մեր նորանկախ պետության երրորդ նախագահը, ի տարբերություն առաջինի, արտաքին քաղաքականության վեկտորը ճիշտ ուղղությամբ է տանում: Չեմ ուզում մեջ բերել 1992 թվականի «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը, բայց չեմ կարող չնշել, որ Պետրոսյանի տարած վեկտորի սուր ծայրը մեզ կարող էր հասցնել նոր եղեռնի, և, փառք Աստծո, որ Վազգեն Սարգսյանի սպորտսմեն ոտքերն ավելի խելոք դուրս եկան (նկատի ունեմ նրա ջերմ հարաբերությունները Ռուսաստանի պաշտպանության նախարար Գրաչովի հետ), քան Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի գլուխը: Այդ վեկտորի քաղաքականության արդյունքում դատարկվեցին Ղարաբաղի շատ գյուղեր, նաև Արծվաշեն գյուղը: Այդ նույն քաղաքականության արդյունքում նոր քաղաքականություն վերադարձող Լևոնը թող հիշի Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետի հայտարարությունը Հայաստանին մի լավ դաս տալու մասին և այդ կապակցությամբ այն ժամանակվա Ռուսաստանի պաշտպանության նախարար գեներալ Շապոշնիկովի խոսքերը. «Это уже третья мировая война»:
Ես եղել և մնում եմ նույն կարծիքին` ռուսները մեր բարեկամներն են, թեկուզ մեր լավը չուզող բարեկամները:
Լոբանով-ռոստովսկիները, սազոնովները, ինչու չէ` նաև կիսելյովները, կգան ու կգնան, իսկ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը կմնա, և հուսանք, որ իր պատմության ողբերգական էջերից վլադիմիրները վերջին հաշվով, տրամաբանության օրենքով, ճիշտ մտահանգման կգան:

Դիտվել է՝ 2097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ