Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարիամ կույսի հետքերը Հայաստան աշխարհում

Մարիամ կույսի հետքերը Հայաստան աշխարհում
11.11.2014 | 12:01

ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍԸ ԱՌԱՔՎԵՑ ՄԻ ԱԶԳԻ ՄՈՏ, ՈՐԸ ՊԻՏԻ ԿՈՉՎԵՐ ՆԱԽԱԴԱՎԱՆ ԱԶԳ


Հայոց ազգին իրավունք և պատիվ շնորհվեց լինելու անդրանիկը բոլոր ազգերից. նա Մարիամի Որդու Մեծ Անունը կրեց իր վրա, ցուցաբերելով հավատարմություն և հնազանդություն, ինչպես նաև քրիստոնյաների ընտանիքի անդրանիկին յուրահատուկ խոհեմություն, ապացուցելով` զուր չէ, որ Տերն Իր հարությունից հետո երեք դար անց Իր Սուրբ անունը վստահեց կրելու մեր ազգին։
Ինչպես գիտենք մեր պատմիչների մագաղաթաբույր գրքերից, Բարդուղիմեոս առաքյալը Տիրոջ կամքով Հայաստան բերեց սուրբ Տիրամոր պատկերը, կիպարիսե տախտակի վրա նկարված, ինչպես և այն անուշահոտ նարդոսի յուղից, որով, ըստ Ավետարանի նկարագրության, Մարիամը մեր Տիրոջն օծեց խաչելությունից առաջ: Իսկ, ըստ հայոց պատմագիրների, այդ նույն յուղն էր, որ հետագայում դարձավ մեր ազգի մկրտության մեռոնի հոգևոր ու նյութական հենքը, որը պիտի զորավիգ լիներ դարերով պահելու հայոց հավատի անաղարտությունը: Ավելացնենք, որ Բարդուղիմեոս առաքյալը նույն ինքը՝ ավետարանական Նաթանայելն է, ով առաջինն էր, որ Հիսուսին Աստծո Որդի անվանեց, այդ պատճառով նրան անվանում են Նախադավան, իսկ Հիսուսը նրա մասին ասաց. «Ահա մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»: Եվ աստվածային նախախնամությունով էր, որ հենց նա Հայաստան աշխարհ եկավ, որովհետև հայոց ազգը առաջինը բոլոր ազգերից պետք է Հիսուսին որպես Աստծո Որդի դավաներ: Առաքվեց մի ազգի մոտ, որը խաղաղասեր էր ու նենգություն չուներ իր մեջ և պիտի կոչվեր Նախադավան ազգ:
Իսկ եթե ընթերցողին հետաքրքրում են Հայաստան բերված սուրբ Աստվածածնի սրբապատկերի հետ կապված պատմության մանրամասները, կարող է կարդալ այս մեղավոր հեղինակի գրած առաջին գրքույկներից մեկում, որը կոչվում է «Աստվածածին Սուրբ Մարիամ»: Միայն հիշեցնենք, որ այդ պատկերը Հայաստան հասցնելուց հետո Բարդուղիմեոս առաքյալին է երևում Տիրամայրն ու հորդորում, որ այդտեղ մի տաճար կառուցի: Հրամանը կատարելով, առաքյալն իր հետ բերած սուրբ պատկերը դնում է Աստվածածնի անունով խորանում: Այդ վանքը կոչվեց Հոգյաց վանք, որը պետք է դառնար Տիրամոր անունով կառուցված առաջին վանքը։
Շատ շուտով այդ սրբավայրը հրաշագործի անուն է ձեռք բերում, որովհետև բազում հիվանդներ, նույնիսկ բորոտներ, գալով այստեղ, բժշկվում էին իրենց ախտաժետ վերքերից:
Հնում եկեղեցին տոնել է այդ սուրբ պատկերի տոնը, որն այժմ կոչվում է Վերափոխման տոն, կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել` Խաղողօրհնեքի օր։ Բայց ավա՜ղ, Հայաստան բերված Տիրամոր սրբապատկերի հետքերը հետագայում կորսվել են: Տերը թող ների համարձակությանս համար, բայց այս տողերը գրելիս ինձ այնպես թվաց, թե այդ պատկերը հիմա երկնքում է, որպես Նոր ՈՒխտի Տապանակի՝ Աստվածամոր պատկեր, ինչպես որ Հին ՈՒխտի Տապանակի հետքերը չեն գտնում, քանի որ, ըստ Հայտնության գրքի այս տողերի, այն արդեն երկնքում է. «Եվ բացվեց Աստծո Տաճարը, որ երկնքում է, ու երևաց Աստծո տապանակը Իր Տաճարի մեջ»։
Իսկ մեր սրբասուրբ Մոր Գերեզմանը, որտեղից Նա երկինք է վերափոխվել, գտնվում է Երուսաղեմում, չնայած կան այլ կարծիքներ, որ այն Եփեսոսում է՝ Թուրքիայի տարածքում, բայց լուրջ հոգևորականները դա համարում են ընդամենը անհիմն վարկած։ Մնացածի մասին հիմա ինքներդ կկարդաք։

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ
Ամենաօրհնյալ և ամենքիս Մայր Մարիամ Կույսի Գերեզման-սրբատեղին գտնվում է Ձիթենյաց լեռան ստորոտում՝ Ավետարանում նկարագրված Գեթսեմանիի պարտեզի հայոց սեփականությանը կից տարածքում։
Այն դեպի ընդերք իջնող մի ստորգետնյա քարանձավի վրա է կառուցվել: Մուտքից անմիջապես հետո սկսվում են թեք աստիճանները, որոնց թիվը քառասունն է, մինչև ներքև, այսինքն՝ գետնի մակերեսից այդքան խոր տեղում է Տիրամոր գերեզմանը: Իսկ աստիճաններով իջնելիս, համարյա մեջտեղ չհասած, աջ և ձախ կողմերում վիմափոր երկու մատուռ-գերեզման կա: Աջինը Աստվածածնի ծնողների` Հովակիմի և Աննայի գերեզմանների մատուռն է, որը պատկանում է հույներին: Իսկ այդ խորանի անմիջապես դիմացի մասում` աստիճանների ձախ կողմում, Մարիամ Կույսի ամուսնու` սուրբ Հովսեփի գերեզման-մատուռն է, որը հայերիս է պատկանում: Այնտեղ մի մեծադիր յուղաներկ նկար կա, որի վրա պատկերված է մահվան անկողնում պառկած Հովսեփը, կողքին Տիրամայրը, իսկ առջևի մասում կանգնած է Հիսուսը, Ով եկել է ընդունելու կարծեցյալ հոր, Իր հավատարիմ ծառայի ընտիր հոգին: Իսկ նկարի տակ խոշոր տառերով գրված է. «Հիշատակ ազգիս Հայոց»: Եվս մի քանի աստիճան իջնելով մի ընդարձակ սրահ ենք մտնում, որը զարդարված է մեծագին ու գեղեցիկ կանթեղներով։ Եվ այդ ամենի հետնամասում մի ցածրիկ ժայռափոր մուտք կա, որ տանում է Տիրամոր բուն գերեզմանը։ Չթաքնված հպարտությամբ միանգամից ասեմ, որ հենց գերեզմանին կպած, դեպի եկեղեցու մեծ սրահը նայող կողմի վրա մեր հայոց ազգին պատկանող պատարագամատույց սուրբ սեղանն է, որը գեղազարդվել է Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ու ծախքով, ով 1300 թ. եգիպտացիների դեմ արշավանքից հաղթությամբ վերադարձավ։
Իսկ բուն Գերեզմանի մուտքը գտնվում է հենց այդ խորանի աջ կողմում, ուր կարելի է մտնել ու ելնել միայն խոնարհվելով, որովհետև մուտքն ու ելքը շատ ցածրիկ են: Երանելի կույսի թափուր տապանակը ապակեպատ, մոտ երկու մետր երկարությամբ և մեկ մետր լայնությամբ փորածո դեղնավուն քարից է, որտեղ ժամանակին հանգչել է Տիրամոր մարմինը, բայց ընդամենը երեք օր, ինչպես Իր Հիսուսը, որից հետո, ըստ ավանդության, Որդին Իր սրբասնյալ Մոր թանկագին անարատ մարմինը երկինք է տարել, որտեղ հոգին նորից վերաբնակվել է Կույսի սուրբ մարմնի մեջ, դառնալով հարության առաջին պտուղը: Եվ այժմ մեր բոլորի Մայրը ամենազորավոր բարեխոսն է Հիսուս Քրիստոսի մոտ: Այդ պատճառով սուրբ հայրերը նրան կոչել են Գանձի գանձարան, Մարմնավոր քերովբե, Պերճալի պարտեզ, Վեմի վիմածին, Քաղցրալի քնար, Կենդանի կտակ, Անկեզ մորենի և այլ հոգեհույզ անուններով:
Տիրամոր գերեզմանի ներսում այնքան նեղվածք է, որ նույնիսկ ծնկի գալու և երկրպագելու տեղ չկա, բայց բարեպաշտները կարողանում են այդ նեղության մեջ էլ խոնարհվել մինչև գետին և համբուրել այն ոտնատեղերը, որտեղ մի ժամանակ կանգնել են Տիրամոր մարմինն այստեղ բերող առաքյալների սուրբ ոտքերը: Այո՛, ոտքերն էլ կարող են սուրբ լինել, որովհետև դրանք անձամբ մեր Տեր Հիսուսն էր լվացել վերջին ընթրիքի ժամանակ։ Ասենք, որ այդ սուրբ գերեզմանի վրա օրը երկու անգամ պատարագ են մատուցում. վաղ առավոտյան` հույները, իսկ դրանից անմիջապես հետո՝ հայերս: Դասերից ազատ ժամանակ երբեմն գնում էի այդ պատարագներին մասնակցելու և հավատացնում եմ, որ կարծես երկրի վրա արդեն երկնային օրհնանքներն էի վայելում։
Այս ամենից հետո, թող մեր բոլորի Հայրը՝ Արարիչն ու Տերը, Իր զորաց Աջով ու սուրբ Տիրամոր բարեխոսությամբ անսասան խաղաղության մեջ պահի մեր ազգը, մեր տունն ու տեղը և արժանացնի բոլորիս Իր Երկնային Ընտանիքի զավակները դառնալուն, երբ մի օր վերադառնանք մեր ճշմարիտ Տուն՝ մեր երկնային ընտանիք։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ