Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խփելով արցախյան ուղղաթիռը` Ադրբեջանը վերստին կատարեց ԱՄՆ-ի քաղաքական պատվերը

Խփելով արցախյան ուղղաթիռը` Ադրբեջանը վերստին  կատարեց ԱՄՆ-ի քաղաքական պատվերը
18.11.2014 | 00:01

Եվ այսպես, Ադրբեջանը էական նվեր մատուցեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը. ոչ մի կերպ հրահրված չլինելով, խփեց Արցախի պաշտպանության բանակի ուսումնավարժական ուղղաթիռը։ Զոհված զինվորականները, հուսամ, հետմահու ըստ արժանվույն կնշվեն արցախյան զինված ուժերի հրամանատարության կողմից, և նրանց ընտանիքների նկատմամբ կցուցաբերվի այնպիսի հոգատարություն, որ մյուս զինծառայողներից ոչ մեկը երբեք չափսոսա, որ իր կենսական ուղին կապել է բանակի, մարտական բանակի հետ, որը շարունակում է պատերազմական վիճակի մեջ գտնվել նենգադավ, վախկոտ, սակայն դաժան ու միաժամանակ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական պատվերները անմռունչ կատարող թշնամու հետ։ Այդ ողբերգական միջադեպը մեկ անգամ ևս Հայաստանի և Արցախի հասարակության համար ընդգծեց, որ անհրաժեշտ է համախմբել հասարակական բոլոր ուժերը և հրաժարվել եվրահանդուրժողականություն և դիվանագիտություն «խաղալուց», առավել ևս թշնամու հետ։
Իր հերթին, դա թելադրում է նաև, որ անհրաժեշտ է մեր բոլոր գործընկերներին ոչպաշտոնական և կիսապաշտոնական պահանջներ ներկայացնել` այլևս չնպաստելու Ադրբեջանին որևէ ռազմական օգնության ցուցաբերմանը։ Ասենք, թեկուզ և այն ձևով, ինչ ձևով որ շտապեցին այդ բանն անել ԱՄՆ-ի հայերի որոշ շրջանակներ, ինչպես, օրինակ, Ամերիկայի հայ ազգային կոնգրեսի (ԱՀԱԿ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որը պահանջել է, որ երկիրը, որի քաղաքացին է ինքը, դադարեցնի ռազմական օգնությունը Ադրբեջանին, քանի դեռ նա չի դադարեցրել ուժի գործադրումը հայ ժողովրդի նկատմամբ։ «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի, Արցախի ու Ադրբեջանի միջև, ելնելով այն հանգամանքից, որ «պարզապես այդպես պետք է»։ Ադրբեջանը ավտորիտար երկիր է, որը բռունցք է թափ տալիս: ԱՄՆ-ը պետք է կանգնի խաղաղության ու ժողովրդավարության կողմը»,- նշել է նա։
Նույնպիսի կեցվածք ենք մենք ակնկալում Ռուսաստանի հայերի տխրահռչակ միությունից ու նրա ղեկավար Արա Աբրահամյանից, ինչպես նաև ՌԴ մյուս հայկական հասարակական կազմակերպություններից ու կառույցներից։ Ռուսաստանի քաղաքացի հայերի վրա, ինչով էլ նրանք զբաղվելիս լինեն առօրյա կյանքում, հիմա հսկայական պատասխանատվություն է ընկած, և դա վերաբերում է նաև Ղրիմի հայերի միությանը, քանի որ Ղրիմը ՌԴ-ի կազմ է վերադարձել։ Հուսով եմ, որ անմասն չեն մնա նաև Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, ՈՒկրաինայի, Բելառուսի, Հունգարիայի, Սլովակիայի և այլ երկրների հայերը։ Մի խոսքով, բոլոր այն երկրների, որոնք օգնել և օգնում են Ադրբեջանին զինվելու և «վերակառուցելու» բանակը։ Իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունները, ծառայության բերումով, պարտավոր են բառացիորեն «իրար խառնել» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների ղեկավարներին, հենց ԵԱՀԿ-ն, իսկ Հայաստանը` նաև ԱՊՀ ՀԱՊԿ-ի քարտուղարությունն ու ԱՊՀ մյուս կառույցները։ Եվ բոլորից պահանջեն միարժեքորեն ու աներկբայորեն դատապարտել Իլհամ Ալիևի սադրիչ գործողությունները, ավելին, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական աշխարհի համատեղ ու կոորդինացված ջանքերը միայն կարող են սանձել Ադրբեջանին և այն երկրներին, որոնք Բաքվի ֆաշիստական վարչակազմին շարունակ զինված սադրանքների են հրահրում ընդդեմ Հայաստանի և Արցախի։
Իսկ հիմա մի այլ խոսակցություն էլ կա։ Ինչպես ամռանն էր, Հայաստանում ակտիվացել է մեր ներքին «հինգերորդ շարասյունը»։ Ավաղ, լարված իրադրությունը հարկադրում է ասել դա, քանի որ որոշ մարդիկ հանգիստ չունեն և անընդհատ ուզում են արդարացնել այն փողերը, որ նրանց տրամադրվել է «ժողովրդավարության պաշտպանության» համար և ինչ-ինչ զազրելի նպատակներով, միաժամանակ և հոնորարներ «վաստակելով» տարբեր «ատյացություններ» բորբոքելու դիմաց, բացի մեկից։ Սրանք, ասես, «մոռանում են» ամերիկատյացությունը։ Ինչը, առնվազն, տարօրինակ է. այդ ԱՄՆ-ը չէ՞ր ֆինանսավորում, ռազմական և այլ օգնություն տրամադրում «Սիրիայի չափավոր իսլամական ընդդիմությանը», դրանով իսկ նպաստելով սիրիական Կիլիկիայի, Հայկական Միջագետքի սիրիական մասի տասնյակ, հարյուրավոր հայերի սպանությունը, այդ ամերիկացիները չե՞ն սնել-պահել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որը հիմա հայերից (և մյուս քրիստոնյաներից) մաքրում է Իրաքի հյուսիսը։ Մեր ամերիկամետները երբեք այդ մասին հրապարակավ չեն բարձրաձայնում, չեն շրջափակում և չեն պիկետում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Ավելին, նույն ԱՀԱԿ-ի տնօրեն Արամ Համբարյանը համեստորեն լռության է մատնում այն, որ իր հայրենիքը խրախուսում է Մերձավոր Արևելքի հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանությունը։ Դե, լավ, ամերիկահայերին կարելի է հասկանալ. ամերիկյան հանրության մեջ համատարած լրտեսման պայմաններում մարդիկ պարզապես վախենում են անհամաձայնություն հայտնել աշխարհում ԱՄՆ-ի վարած ֆաշիստական կուրսին։ Սա նրանց` ամերիկյան «ընկալումն» է ժողովրդավարության և մարդու իրավունքների, ազգերի իրավունքների մասին։
Դժվար է հասկանալ Հայաստանի ամերիկյան սնածուներին։ Թեև բացառված չէ, որ ենթագիտակցորեն նրանք այլևս իրենց հայ չեն զգում։ Այսպես, «ընդհանուր ամերիկյան ենթամշակույթի» արգասիք։ Այսինքն, ԱՄՆ-ի «հինգերորդ շարասյունը» հասարակության մեջ։ Ինչո՞ւ ենք այսպիսի հետևություններ անում։ Որովհետև հիմա սոցիալական ցանցերում մեր հասարակության այդ շրջանակի ներկայացուցիչները միևնույն երգի երկու տարբերակ են սկսել երգել.
1) Արցախի` ՌՕՈՒ ուղղաթիռը «խփվել է ռուսական զենքով», 2) Ադրբեջանը գործել է Ռուսաստանի պատվերով։ Երկրորդ տարբերակը, երևի, ծնվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 12-ին տողերիս հեղինակը և «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան բանավեճի ընթացքում կոչ արեցին լինել անաչառ և որոնել հետևյալ հարցի պատասխանը. իսկ ո՞ւմ է ձեռնտու լարվածության սրումը և ընդհանուր իրավիճակի բորբոքումը հակամարտության գոտում։ Չէ՞ որ Հայաստանի պաշտպանության նախարարության և Ստեփանակերտի պաշտպանական աղբյուրները պնդում են, որ խփված ուղղաթիռը կատարելիս է եղել ուսումնավարժական թռիչք և չի կրել ոչ մի սպառազինություն` ո՛չ պաշտպանական, ո՛չ հարձակողական։ Այլ մանրամասներ քննարկելուց և վերլուծելուց առայժմ ձեռնպահ կմնանք, սակայն նշենք, որ ոչ մի խելքը գլխին մարդ չի հավատում ադրբեջանցիների այն վարկածին, թե անզեն ուղղաթիռը, իբր, «փորձում էր գրոհել Ադրբեջանի առաջավոր դիրքերը»։ Նայենք արձագանքը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները «հավասարակշռություն են պահպանում հակամարտող կողմերի հանդեպ։ Ամերիկյան համանախագահ ՈՒոռլիքը, իբր, անաչառ ճշմարտություն է ասում` «հակամարտության սաստկացումը ոչ ոքի ձեռնտու չէ», սակայն մոռանում է ավելացնել. բացի ԱՄՆ-ից, Արևմուտքից։ Մոտավորապես նույն կերպ է իրեն դրսևորում Ռուսաստանի արտգործնախարարությունը։ «Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ լարվածության սաստկացմանն ուղղված քայլերից, և Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը հիշեցնեմ, որ իրենք պատասխանատվություն են կրում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման նպատակով այն պարտավորությունների կատարման առումով, որ ստանձնել են Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ»,- մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հայկական ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպը, մամուլի բրիֆինգում ասել է նախարարի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը։ Տարբերությունն այն է, որ ՌԴ ԱԳՆ-ն անուղղակիորեն հիշեցնում է, և, առաջին հերթին, Ադրբեջանին, ռազմական սադրանքների չդիմելու պարտավորությունների մասին։ Սակայն ձևը նույնն է, ինչ ՈՒոռլիքի պարագայում` կոչն ուղղված է նաև Հայաստանին։
Արևմուտքի դիրքորոշումն ավելի հստակ արտահայտված է գերմանական Բունդեստագի հայտարարության մեջ. գերմանացիները շտապեցին «հիշեցնել», որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»։ Ի՞նչ է սա, թողտվությո՞ւն Ադրբեջանին, իբր, ինչ ուզում են անեն «իրենց տարածքի անբաժանելի մասում»։ Իհարկե։ Չէ՞ որ Արևմուտքը հավանություն տալիս է Դոնբասում, Նովոռուսիայում ՈՒկրաինայի հազարավոր քաղաքացիների զանգվածային սպանություններին և Կիևին չի մեղադրում «չափից մեծ ուժի» գործադրման մեջ։ Փոքր-ինչ ավելի անաչառ է Կառնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից, ղարաբաղյան հակամարտության մասնագետ, անգլիացի Թոմաս դե Վաալը «Հայաստանն ու Ադրբեջանը հավասարակշռություն են պահպանում պատերազմի եզրին» հոդվածում։ Նա արդարացիորեն նկատում է, որ ուղղաթիռի վրա բուն հարձակման մեջ ոչ մի ռազմական տրամաբանություն չկա։ «Զորքերի գլխավոր հրամանատարը տեղում կարող է պատասխանատվություն կրել հրազենի կիրառման համար, սակայն ավելի ծանր զինատեսակների օգտագործման որոշումներն ընդունում է քաղաքական ղեկավարությունը։ Նման հարձակումը կարելի է դիտարկել իբրև ուժի ցուցադրում»,- նշվում է հոդվածում։ Բայց դա, ըստ էության, արձագանք է այն բանի, որ հայկական պետությունները Բաքվին խոստացել են «ցավագին» և «համարժեք պատասխան», այսինքն, «հոգատարություն Ադրբեջանի նկատմամբ» և ոչ թե տարածաշրջանի խաղաղություն։
Նայենք այլ արձագանքներ։ Պայմանականորեն ասած, «Արևելքի անունից» արտահայտվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ Նիկոլայ Բորդյուժան. «Այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրում է հրահրում և մեծացնում է մեր մտահոգությունը»։ Ռուս գեներալը կոշտ արձանագրում է. Արցախի խփված ուղղաթիռը իրոք ուսումնավարժական թռիչք էր կատարում, Ադրբեջանին ոչ մի սպառնալիք չէր ներկայացնում։ Խոսքը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական հայտարարության մասին է, ոչ թե, ասենք, ֆեյսբուքի անձնական էջում թողած գրառման: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ 2014 թ. ընթացքում ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանում միշտ զինված միջադեպեր են տեղի ունեցել։ Ամռանը մոտ 1500 անգամ խախտվել է հրադադարի պայմանավորվածությունը։ Ընդ որում, կրակ է տեղացել բնակավայրերի ու խաղաղ բնակչության վրա։ Տեղ են գտել հետախուզական-դիվերսիոն խմբերի կողմից զորքերի շփման գծի խախտման փաստեր, որոնք ուղեկցվել են բռնություններով և հանգեցրել զոհերի խաղաղ բնակչության շրջանում։ «Այսօր մենք վկա դարձանք հրադադարի մասին պայմանավորվածության նոր խախտման,- ասվում է Բորդյուժայի հայտարարության մեջ։- Խորապես համոզված ենք, որ անհրաժեշտ է թույլ չտալ դեպքերի սպառնալից զարգացում։ Գլխավորը, որ կարող է կանխել իրադարձությունների նման շրջադարձը, հրաժարումն է ուժի գործադրումից, հրադադարի պայմանավորվածության անշեղ պահպանումն ու սադրիչ գործողություններ թույլ չտալը։ Կարևոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակումը»։
Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ը միարժեքորեն մեղադրել է Ադրբեջանին զինադադարի կոպիտ խախտման մեջ և հանդես է գալիս խաղաղության պահպանման օգտին։ Արցախյան ուղղաթիռի հետ կապված միջադեպի առնչությամբ նման միարժեք դիրքորոշում արտահայտել են նաև Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և Հայաստանի արտգործնախարարությունը։ Բաքվին մեղմ ձևով մեղադրել է ամերիկյան կոնգրեսական Ադամ Շիֆը, բայց նա Հայաստանի բարեկամների խմբից է, դա զարմանալի չէ. նրա խոսքերով ասած, այդ միջադեպը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը քամահրական վերաբերմունք ունի մարդկային կյանքի հանդեպ և ձգտում է սադրանքների ու բռնությունների միջոցով շեղել ուշադրությունը իր ներքին խնդիրներից, գրում է «Armenian weekly»-ն։ Թույլ տվեց չհամաձայնել կոնգրեսականի հետ. Բաքվում «ընդդիմության հանրահավաքները» երբեք առանձնապես չեն վախեցրել Ալիևների կլանին, դա ակցիա չէ հարևան հանրապետության բնակչության ուշադրությունը ներքաղաքական գործընթացների հնարավոր «մայդանացումից» շեղելու համար։
Դա միայն ու միայն ԱՄՆ-ի պատվերի կատարում է։
Ամերիկայի հայաստանյան պաշտպանները կընդվզեն, թե իրենց «սիրեցյալին» են մեղադրում։ Բայց դա այդպես է։ Եվ դա հասկանալու համար մենք մեկ անգամ էլ անդրադառնանք Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և ՈՒկրաինայում ամերիկյան քաղաքականության արդյունքների թեմային։ Աֆղանստանը լիակատար ձախողում է և կուլիսային բանակցություններ «Թալիբան» շարժման հետ, շուտով` ԱՄՆ-ի զորքերի գրեթե լիակատար դուրսբերում։ Որևէ ժողովրդավարության մասին խոսք լինել չի կարող, կա միայն նույն «Թալիբանի» միջնադարյան կառավարման «երկրորդ հայտնության», ուրեմն և Աֆղանստանի պառակտման և աշխարհի քարտեզից այդ երկրի փաստական վերացման սպառնալիք։ Իրաքն առհասարակ արյունածոր վերք է, ընդ որում երկար տասնամյակների «հեռանկարով»։ Սիրիան` նույնը, միայն քրիստոնյաների ու քրդերի ցեղասպանության դաժան փորձերով։ ՈՒկրաինան... այստեղ ես գնահատականներ չեմ տա։ Բայց որպես ԱՄՆ-ի քաղաքականության ձախողման ապացույց կհիշատակեմ այդ երկրի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կարծիքը, որը, դատողություններ անելով ուկրաինական ներկա ճգնաժամի պատճառների մասին, 2014 թ. նոյեմբերի սկզբին գերմանական «Der Spigel» շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է. «Արևմուտքը պետք է ընդունի, որ ճակատագրական սխալ է թույլ տվել, թերագնահատելով ՈՒկրաինայի նշանակությունը Ռուսաստանի համար»։ Նա խոստովանել է նաև, որ իրադրությունը ՈՒկրաինայում զարգանում է ոչ Վաշինգտոնի սցենարով։ Բայց ինչպես ասում է ոչ հեռու անցյալի հնդկական կինոնկարներից մեկի այլ ճանաչում ունեցող հերոսը, «ՈՒշ է, Ռիտա, դու արդեն սիրել ես գողի»։ Նշված շրջաններում ԱՄՆ-ի այսօրվա քաղաքականությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի վերջին տարիների նախագահները արկածախնդիր «պարոն 420»-ներ են, որոնց թիկունքում թաքնված են է՛լ ավելի ցինիկ արկածախնդիրներ։ Բայց դեռ առիթ կունենանք անդրադառնալու այդ հարցին։ Չէ՞ որ նրանց ժառանգները, ովքեր ֆինանսավորում էին Ադոլֆ Հիտլերին, իսկ հետո զինում նացիստական Գերմանիան, մինչև հիմա էլ եղանակ են ստեղծում ԱՄՆ-ում։
«Ամենուր ձախողում» իրավիճակում Միացյալ Նահանգներին ոչինչ չի մնում անելու, քան պատերազմական գործողությունների հնարավոր թատրոն գործի դնելը, որպեսզի միանգամից շատ համաշխարհային խոշոր քաղաքական «դերակատարներ» ներգրավված ու շեղված լինեն։ Իհարկե, դա պետք է լինեին Արցախը և հայ-ադրբեջանական հարաբերությունների ոլորտը։ Չէ՞ որ Մերձդնեստրում չհաջողվեց պատերազմ վերսկսել. և՛ ուկրաինացիները, և՛ մոլդովացիները ավելի վախկոտ էին տրամադրված։ «Տեղից չի շարժվում» նաև Իրաքի և Սիրիայի քրդերի դեմ ուղղված արկածախնդրությունը. մարդիկ առայժմ չեն «պայթեցնում» ո՛չ Իրաքը, ո՛չ Սիրիան, ո՛չ էլ անգամ Թուրքիան։ Առավել ևս, մտքներով չի անցնում իրենց ցասումն ու վրեժի ծարավն ուղղել ընդդեմ Իրանի, որն այնքան շատ է խանգարում Մերձավոր Արևելքի ու քրդերի վերաբերյալ ԱՄՆ-ի պլանների իրականացմանը։ Թվարկված բոլոր «գործողություններում» ԱՄՆ-ի ամբողջ «հաջողությունը» Իրանի վերահսկողությանը ենթակա, դեպի Միջերկրական ծովի առափ ձգվելիք գազամուղի շինարարության վերաբերյալ իրանա-սիրիական պայմանագրի կատարման ձախողումն է, ինչպես նաև դեպի Եվրամիություն ռուսական «հարավային հոսք» գազամուղի շինարարության որոշման «սառեցումը»։ Նայենք Իրանի և Ռուսաստանի, Ռուսաստանի ու Չինաստանի մտահղացումներն ու փաստաթղթերը. Արևելքի հսկաներն ընդհուպ մոտեցել են մի գծի, որից այն կողմ առևտրի դոլարազերծումն է ¥առայժմ միայն իրար միջև, ապա նաև համաշխարհային մակարդակով¤ և անցումը կամ ազգային արժույթներով, կամ ոսկու ստանդարտով հաշվարկների։ Իսկ Ադրբեջանի ձեռքով Հայաստանին ու Արցախին հասցվող հարվածը գոնե Իրանին և Ռուսաստանին կստիպի միառժամանակ ձեռնպահ մնալ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական կտրուկ քայլերից։ Կարծում եք` պատահակա՞ն բան է, որ արցախյան ուղղաթիռը ոչնչացվեց հենց այն օրը, երբ պաշտոնական այցով Բաքվում էր գտնվում Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Ոչ, դա պլանավորված քայլ էր։ Եվ սցենարի «մշակողը» հաստատ Ադրբեջանը չէ։
Մեզ` թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, ռուսներին և իրանցիներին հաստատ ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը` նկատի առնելով թվարկվածներից յուրաքանչյուրի ձգտումներն ու շահերը։ Տարածաշրջանը և ամբողջ աշխարհը համատարած «վերաձևման» եզրին են։ Պատերազմը պետք է նրանց, ովքեր հասկանում են. հետևանքները սպառնալից կլինեն մոլորակի նորագույն ստրկացման և տխրահռչակ «ոսկե միլիարդի» վիճակի անփոփոխության ապահովման իրենց պլանների համար, նրանք վախենում են մեր տարածաշրջանում և աշխարհում Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդումից։ Բայց նշենք, որ չի կարելի նաև անպատասխան թողնել Ադրբեջանի վերջին հանցագործությունը։ ՈՒզում եմ հավատալ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին. «Այս աննախադեպ լարվածության հետևանքները շատ ցավագին կլինեն ադրբեջանական կողմի համար և կծանրանան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»։ Եղիցի այդպես:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ