Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Մարդիկ դառնում են ավելի ոգեղեն, ավելի ներողամիտ, ավելի միասնական, երբ ձեռք ձեռքի, ուս ուսի պարում են իրար հետ»

«Մարդիկ դառնում են ավելի ոգեղեն, ավելի ներողամիտ, ավելի  միասնական, երբ ձեռք ձեռքի, ուս ուսի պարում են իրար հետ»
21.11.2014 | 11:15

«Իրատես de facto»-ի հյուրն է պարուսույց, հայ ազգագրական պարերի նվիրյալ ՍԱՐԳԻՍ ՊԱՐՍԱՄՅԱՆԸ: Տարիներ շարունակ նա Հայաստանի, սփյուռքի և Արցախի տարբեր բնակավայրերում ազգային պարի գաղտնիքներն է ուսուցանում մարդկանց` նպատակ ունենալով նաև այդ զորավոր «զենքի»` ազգային պարի միջոցով խթանել հայի տեսակի անթեղված հատկանիշների վերածնունդն ու վերհառնումը: Վերջին շրջանում «թափառաշրջիկ պարուսույցը» (ինքն իրեն այսպես է կոչել մի առիթով) աշխատում է Արցախում: Մեր զրույցը ներառում է նրա ծավալած մշակութային-մանկավարժական գործունեությանն առնչվող մանրամասներ, ինչպես նաև անդրադառնում պարի, դրա նշանակության վերաբերյալ իր ինքնատիպ դիտարկումներին:

«ՊԱՐԻ ՀԵՏ ԿԱՊՍ ՍԿՍՎԵԼ Է ՄԱՆԿՈՒՑ»
-Սարգիս, ինչպե՞ս պատահեց, որ պոլիտեխնիկական բարձրագույն կրթություն ստացած, պետական կառավարման ակադեմիա ավարտած մասնագետը դարձավ պարուսույց: Ո՞րն էր դեպի պարը բերող քո ճանապարհը:
-Պարի հետ կապս սկսվել է մանկուց. երեք տարեկան էի, երբ մայրս ինձ տարավ ժողովրդական պարի դասերի: Ինը տարի հաճախել եմ Աբովյան քաղաքի` իմ ծննդավայրի «Բարեկամություն» պարի համույթի պարապմունքներին, որոնք վարում էր իր գործի բացառիկ նվիրյալ Արտաշես Հովհաննիսյանը: Նա ապրում էր Երևանում, և այն մութ ու ցուրտ տարիներին հաճախ ոտքով հասնում էր Աբովյան` մեզ հետ պարապելու: Հետո որոշ ժամանակով հեռացա պարից, ուսանողական տարիներին վերագտա կապս` միանալով «Կարին» ազգագրական համույթին: 2011 թվականից, որպես պարուսույց, ծավալել եմ ինքնուրույն գործունեություն: Տարբեր տեղերում եմ աշխատել, դասավանդել սիրողական խմբերում և աշխատանքին զուգահեռ ձեռք բերել կարևոր փորձառություն: 2007 թվականին կայացած «ՈՒսանողական ֆորումից», թերևս, սկսվեց պարուսույցի իմ պրակտիկան: Ապա 2009-ին աշխատեցի «Արևորդի» ամառային ճամբարում, հետագայում` Երևանի, Աբովյանի, Արմավիրի տարբեր խմբերի հետ: Կարևոր փորձառություն էր հատկապես 2011-2012 թթ. ուսումնական տարին, երբ զուգահեռաբար դասավանդել եմ Երևանի թիվ 91 դպրոցում և Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական վարժարանում:
-Աշխատանքդ նկատեցին ոչ միայն հայրենիքում, այլև սփյուռքում, և քեզ հրավիրեցին Լիբանան` աշխատելու Այնճարի «Գալուստ Գյուլբենկյան» վարժարանի սաների հետ: Պարը նաև գաղափարախսություն է: Այս իմաստով տարբերություն տեսնո՞ւմ ես հայաստանցի և լիբանանահայ պարողների միջև։
-Տարբերությունը պարարտ հողն է: Հայաստանի Հանրապետությունում, հատկապես խորհրդային շրջանում, պարը, ազգային մշակույթը դրել էին կաղապարների մեջ, բայց դրա հետ մեկտեղ ձևավորվել էր հանրակրթությանը զուգահեռ երաժշտական դպրոց, պարի խմբակ հաճախելու մշակույթ: Լիբանանում էլ, չնայած հնարավորությունները սուղ են, մարդիկ, ազգասիրությունից դրդված, ցանկանում են իրենց երեխային տանել որևէ մշակութային խմբակ, որևէ ազգային արժեքի հետ հաղորդակցել: Բայց քանի որ կանոնավոր երկարամյա դպրոց նախկինում չի գործել, դա առաջացրել է իր բարդությունները: Ամեն տեղ էլ աշխատանքն ունի իր հեշտ ու դժվար կողմերը: Այնճարում ավելի օպերատիվ են լուծվում խնդիրները, քան, օրինակ, Երևանում: Եվ հարցն այստեղ բոլորովին էլ ֆինանսների առատությունը չէ, այլ եղած միջոցները ազգային պարի, ազգային մշակույթի վրա ներդնելու պատրաստակամությունը:
-Այսինքն` սփյուռքում գիտակցո՞ւմ են, որ ազգային պար սովորելով, ազգային պար պարելով` ոչ միայն մշակութային դաստիարակություն են ստանում, այլև ազգային ինքնության խնդիր են լուծում:
-Այո՛: Անշուշտ, ինձնից առաջ էլ էին այնտեղ եղել տարբեր պարուսույցներ, բայց հիմնականում ուսուցանել էին դասական և ժողովրդական պարեր, որոնք տարբերվում են ազգագրական պարերից: Ազգագրական պարերը մեծ ոգևորություն էին առաջացնում մարդկանց մեջ: Ամենուր դժվար է տղաներին բերել դեպի պարը, բայց ազգագրական պարերի շնորհիվ մենք կարողացանք նաև տղաներ ներգրավել պարային խմբում: Բեյրութում մասնակցեցինք արցախյան շարժման քսանհինգամյակին նվիրված փառատոնին` ռազմապարերով: Եվ պարը իրենց հոգուն կպավ: Ի դեպ, տոհմիկ մուսալեռցիներն էլ ունեն իրենց շուրջպարը, որը պահել-պահպանել են սերնդեսերունդ: Դա իրենց բուն, տեղային ֆոլկն է: Բացի շուրջպարից՝ ունեն նաև դանակներով զուգապար, որ կոչվում է «Չալմը դանկի»: Այն պարում էր Այնճարի հոգևոր հովիվ տեր Աշոտ քահանա Գարագաշյանը, ումից էլ ես սովորեցի այդ պարը և սովորեցրի երիտասարդներին: Պարն առաջին անգամ բեմ բարձրացավ 2012 թվականի մարտի 27-ին՝ մուսալեռցի երիտասարդների կատարմամբ:
-Սփյուռքի ուծացման վտանգն առավելապես կապում են այսօրվա մատաղ սերնդի հետ, մտահոգություններն այս առումով պտտվում են հատկապես երիտասարդների, պատանիների, մանուկների շուրջ: Զգացե՞լ ես այդ ուծացման, ինքնաօտարումի նշանները քո սաների մեջ:
-Չեմ զգացել: Ամեն դեպքում դա մասսայական բնույթ չի կրում: Եթե անգամ այդ երևույթը կա (և իրոք կա), ապա այն համատարած չէ, մեկ-երկու մասնավոր դեպքի սահմաններից այն կողմ չի անցնում: Իրականում այդ խոսակցությունները, այդ մտահոգությունները հայրերի և որդիների՝ տարբեր սերունդների միջև եղած հակասությունների արտահայտությունն են: Միշտ էլ ավագները գոհ չեն իրենցից հետո եկողներից, պնդում են, թե իրենց ժամանակ ուրիշ էր, իրենք ուրիշ էին, իսկ երիտասարդներն այլ են, ավանդական արժեքներից հեռացել են: Սա բնական է, և այս երևույթը միայն սփյուռքում չէ, այն նույնքան տարածված է հենց մեզ մոտ: Բայց մեծ վտանգ, ազգային արմատներից հեռանալու լուրջ նախանշաններ ես գոնե չեմ տեսնում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Լիբանանի հայության մեջ:

«ԱՎԵԼՈՐԴ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՊԱԹԵՏԻԶՄ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ԱՐՑԱԽՑՈՒ ՄԵՋ»
-Վերջին տարիներին պարուսույց ես աշխատում Արցախում: Այստե՞ղ հողն ինչպիսին է, պարա՞րտ է:
-Ցավոք, Սովետական Ադրբեջանի կազմում եղած տարիներին ամենայն ազգայինը, այդ թվում` պարը, շատ վնասներ է կրել: Անգամ ժողովրդական պարի ժանրն է կաղացել: Ազատագրվելուց հետո է, որ ազգային մշակույթը տարածվում է Արցախում և ձնագնդի էֆեկտ ստանում: Արցախի երեխաները շատ ընդունակ են, բայց քանի որ տասնամյակներ շարունակ ազգայինից այդ օտարումը եղել է, նրանք պարերի մեջ որոշ դետալներ ¥«զսպանակներ»¤ դժվարությամբ են հաղթահարում: Անշուշտ, սա պայմանավորված է նաև տեղային որակներով. արցախցիները լեռնցի են, և նրանց շարժումներում որոշակի չորություն կա` ի տարբերություն հարթավայրային բնակիչների:
-Հայերս` թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, մեծ ոգևորությամբ, մեծ պաթոսով ենք վերաբերվում Արցախի ազատագրության փաստին, արցախյան հերոսամարտի հաղթական ելքին: Արցախցին ինչպե՞ս է արձագանքում այս իրողությանը` ապրելով հաղթանակած բնօրրանում:
-Ես արցախցու մեջ տեսնում եմ հաղթանակած ոգու գիտակցումը: Բայց և պիտի մի կարևոր բան ասեմ. եթե Երևանում, ինչպես և սփյուռքում, շատ են այդ մասին խոսում, Արցախում այդքան չեն խոսում: Պարզապես իրենց կյանքն են ապրում` առանց ավելորդ պաթոսի: Իրենք ամեն ինչ հասկանում, զգում են, բայց դրան վերաբերվում են շատ հանգիստ, ապրում են իրենց սովորական առօրյայով, իրենց հոգսերով, իրենց աշխատանքով` առանց ուռճացնելու կատարվածը:
-Այսինքն` իրենք հանգի՞ստ են վերաբերվում հաղթանակին:
-Այո՛, շատ հանգիստ են վերաբերվում: Ավելորդ հռետորաբանություն, ավելորդ պաթետիզմ ես չեմ տեսնում արցախցու մեջ: Այդ հռետորաբանությունը, հայրենասիրական կոչերը, հայրենասիրության դասեր տալն արցախցու մեջ չկան: Դա նրանց ապրելակերպն է: Նրանք ամեն օր հենց դրա մեջ են:

«ԱՐՑԱԽՅԱՆ ՇՈՒՐՋՊԱՐԻ ՊՐԵՄԻԵՐԱ»
-Արցախում քո գործունեության շրջանում կարևոր հանգրվան էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շուրջ 200 հոգու մասնակցությամբ կայացած շուրջպարը: Ազգային պարից, ազգային մշակույթից օտարված այդ եզերքում ինչպե՞ս հնարավոր դարձավ նման իրողությունը:
-Ես Տող գյուղի արվեստի դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանի հրավերով եմ գնացել աշխատելու Արցախում: Սկզբում դասավանդել եմ Տողի և Ճարտարի արվեստի դպրոցներում, ինչպես նաև Ստեփանակերտում բացված սիրողական խմբակում: 2013 թվականին էր: Մի քանի ամիս աշխատելուց հետո ունեցանք փոքրիկ համերգ և մեզ հռչակեցինք «Արցախ ազգային պարի նախաձեռնություն»: Այդ հիմքի վրա այսօր արդեն գործում է պրոֆեսիոնալ որակների ձգտող պարախումբ: Այս տարվա սկզբից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը աջակցեց մեր նախաձեռնությանը, սկսեցինք անցկացնել պարի բաց դասեր, որոնց արդյունքում արցախցիները զանգվածաբար մասնակցեցին մեր դասերին ու սովորեցին ազգագրական պարեր: Նախարարության աջակցության շնորհիվ «Տերյան» արվեստի կենտրոնում կարվեցին Արցախ-Սյունիքի և Սեբաստիայի ազգային տարազներ: Դա հնարավորություն տվեց մեզ պատշաճ տեսքով ներկայանալու: Ստեփանակերտում բաց դասեր նախկինում էլ են եղել, բայց որ այսպիսի ոգևորություն լիներ, այսպիսի ընդգրկում ունենար դասը, աննախադեպ էր: Հունիսի 28-ին Վերածննդի հրապարակում իրականացրած այդ շուրջպարին մասնակցեցին ոչ միայն Ստեփանակերտում, Տողում և Ճարտարում, այլև Կովսականում, Բրաջուրում, Շուշիում, այլ բնակավայրերում գործող պարային խմբեր: Այդ օրը նշանավորվեց նաև նրանով, որ տեղի ունեցավ արցախյան շուրջպարի պրեմիերա:
-Ինչպե՞ս գտար արցախյան այդ շուրջպարը:
-Արցախյան շուրջպար, Արցախի տարածաշրջանին բնորոշ պարեր վաղուց ու շատերն են փնտրել, այդ թվում` Ստեփան Լիսիցյանը, Սրբուհի Լիսիցյանը: Մեր օրերում էլ շատ մասնագետներ են հետաքրքրվել դրանցով: Որոշակի ինֆորմացիա, որոշ պատառիկներ, իհարկե, կային, բայց փաստացի արցախյան շուրջպար ասպարեզում գոյություն չուներ, գոնե հասարակությանը մատուցված չէր: Արցախում աշխատելու առաջին իսկ օրից այդ հարցը հուզել է ինձ: Պատահականորեն արցախյան գյուղերից մեկում Տեառնընդառաջի տոնակատարության ժամանակ նկատեցի, որ մարդիկ օրինաչափ շարժումներով պար են պարում: Դեռ վստահ չէի, որ կարևոր բան եմ տեսել, բայց այնուամենայնիվ որոշեցի տեսանկարել այդ պարը, ինձ անծանոթ այդ շարժումները: Հետո մեկ ուրիշ գյուղում նշվում էր Հացի տոնը, ու ես տեսա, որ այդ նույն շարժումներով պարում են արդեն հիսուն-վաթսուն տարեկան կանայք՝ մոտ քսան հոգով: Եթե Հայաստանի մեկ այլ շրջանում նույն ռիթմով մեղեդի նվագեին, մարդիկ կպարեին պարզ «Վեր-վերի», իսկ Արցախում իմ տեսածն այլ բան էր: Ճիշտ է, համաչափ, սինխրոն չէին պարում, բայց օրինաչափություն կար պարողների շարժումների, հարված քայլերի միջև: Նկատեցի նաև, որ ստեփանակերտցիներից շատերն էլ հենց նույն ձևով են պարում: Հասկացա, որ այդ ձևը, այդ պարաքայլով շարժումը բնորոշ են արցախցիներին:
-Մարդիկ, ուրեմն, ենթագիտակցորեն անում են տվյալ տարածաշրջանին բնորոշ շարժումնե՞ր պարի մեջ:
-Այդպես է ստացվում, որովհետև այլ կերպ, եթե ոչ ենթագիտակցորեն, չես բնորոշի այդ շարժումները, այդ պարաքայլերը: Ոչ ոք նրանց չի սովորեցրել դրանք, տասնամյակներով դա նրանց գիտակցությունից, կենցաղից դուրս մի բան է եղել, բայց ենթագիտակցությունը, գենետիկ հիշողությունը պահպանել են այդ ամենն ու հասցրել մինչև մեր օրերը: Արցախցիներն ասում էին, թե չունեն շուրջպար, եթե անգամ ունեցել են, չի պահպանվել: Բայց, փաստորեն, պարում էին շուրջպար՝ հստակ առանձնացող ձեռքերի բռնվածքով, պարաքայլերով՝ առանց անդրադառնալու, որ իրենք շուրջպար են պարում՝ արցախյան շուրջպար: Ես այդ ամենը տեսագրեցի, երկու-երեք ամիս «մարսում էի»՝ լուռ, դանդաղ, մինչև հասկանայի, թե ինչ է տեսածս և ինչպես է պետք այն մատուցել: Ի վերջո, Տողի արվեստի դպրոցի սաների հետ բեմադրեցինք շուրջպարը և ներկայացրինք Վերածննդի հրապարակում: Անշուշտ, պարը դեռ ունի մշակելու կարիք, բայց այն, ինչ արդեն կա այսօր, կարևոր սկիզբ է:
-Ինչպե՞ս են լուծվում քո կեցության, սոցիալական խնդիրներն Արցախում:
-Արցախի մշակույթի նախարարությունն ապահովել է աշխատավարձով, տարածքով, որտեղ անում ենք մեր փորձերը, նախապատրաստվում համերգներին: Ինչպես ասացի, կարվել են տարազներ, մեզ տրամադրված է տեխնիկա, առհասարակ այն ամենը, ինչ անհրաժեշտ է արդյունավետ աշխատանքի համար: Այս տարվանից նաև ազատվել եմ կեցության համար վճարելու հոգսից: Իմ կեցության խնդիրը հոգում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

«ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ»
-Խոսեցիր ռազմապարերի մասին: Արդյո՞ք անհրաժեշտ չես համարում, որ ազգային պարերի, հատկապես ռազմապարերի ուսուցում իրականացվի բանակում:
-Այդ կարևոր նախաձեռնությունը պիտի գա պաշտպանության նախարարությունից: Իսկապես, ազգային պարը շատ կարևոր է, փոխում է մարդու հոգեբանությունը, վերաբերմունքն ընկերոջ նկատմամբ: Մարդիկ դառնում են ավելի ոգեղեն, ավելի ներողամիտ, ավելի միասնական, երբ ձեռք ձեռքի, ուս ուսի պարում են իրար հետ: Սա ես նկատել եմ ռազմական վարժարանում աշխատելիս: Միմյանց հետ «Քոչարի», «Յարխուշտա» պարող տղաների միջև հազիվ թե ինչ-որ կենցաղային խնդիրներ ծագեն բանակում, կիսաքրեական բնույթի թեմաներ մեջտեղ գան: Եթե անգամ ինչ-ինչ հակասություններ լինեն, դրանք չեն հանգեցնի տխուր, ծանր հետևանքների: Մեր պարերը դարձնում են միասնական՝ այդ բառի բուն իմասով, միասնական՝ թե՛ պարի մեջ, թե՛ մարտադաշտում, թե՛ կյանքում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ