Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երեքամյա Մարիամի ընծայումը տաճարին

Երեքամյա Մարիամի  ընծայումը տաճարին
21.11.2014 | 11:01

Տիրոջ տաճարին էին ընծայում բարեպաշտ ընտանիքների մանկահասակ աղջիկներին, որոնք ապրում ու դաստիարակվում էին այնտեղ մինչև արբունքի տարիքին հասնելը։ Իսկ հետո ամուսնացնում էին արժանավոր տղամարդկանց հետ, քանի որ այդպես էլ չէր կատարվում Եսայու մարգարեությունը:
Երեքամյա աղջնակ Մարիամին ծնողները, իրենց ուխտի համաձայն, հանձնեցին տաճարին այդ գերագույն նպատակի համար:
Երկու դար առաջ Տիրոջ երանելի դուստրերից մեկը՝ Մարիա Վալտորտան, տեսիլային այցելությամբ տեսնում է այդ ընծայման մանրամասներն ու գրառելով փոխանցում է քրիստոնյաներին: Թարգմանաբար ընթերցողին ենք հրամցնում այդ տեսիլքը։
«Տեսնում եմ Մարիամին, որ քայլում է հոր և մոր մեջտեղով` Երուսաղեմի փողոցներով: Անցորդները կանգ են առնում նայելու ամբողջովին ճերմակ հագած հրաշագեղ մանկիկին: Նրա ուսերին թեթև թիկնոց է, այն նույնը` ծաղկազարդ նախշերով, որը կրում էր Աննան մաքրագործման ծեսի ժամանակ: Միայն թե այդ քողը այն ժամանակ հասնում էր մինչև Աննայի գոտկատեղը, իսկ նրա դստրիկի համար, ով դեռ այնքա՜ն փոքրիկ է, հասնում է մինչև կոճիկները, նմանեցնելով եզակի գեղեցկությամբ թեթև և պայծառ ամպիկի: Նրա հրաշագեղ ուսերի վրա թափվող վարսերը ճառագայթում են քողի միջով: Ճակատին կապված երկնագույն ժապավենը զարդարված է մոր ձեռքով ասեղնագործված զարդանախշերով, որոնք մանրիկ արծաթափայլ շուշաններ են: Նրա ձյունաճերմակ շրջազգեստի տակից քայլքի ժամանակ երևում են փոքրիկ տոտիկները` սպիտակ բոկոտիկներով: Թաթիկները, որոնք դուրս են մնացել երկարաթև շրջազգեստի թևքերից, նման են ծաղկի թերթիկների: Նրա ողջ հանդերձանքը, չհաշված քողի վրայի երկնագույն ժապավենը, ճերմակ գույն ունի, ասես Նա ձյան փաթիլ լինի:
Հովակիմը նույն հագուստով է, ինչը հագել էր մաքրագործման ծիսակարգի ժամանակ: Աննան, Դստրիկին տված թիկնոցի փոխարեն, մուգ մանուշակագույն շրջազգեստով է: Նույն գույնն ունի նաև գլխի քողը, որը ծածկում է նրա արցունքներից կարմրած աչքերը, որպեսզի թաքցնի օտար հայացքներից և Հովակիմից, ով ինքն էլ է դժվարությամբ զսպում արցունքները: Նա գնում է փոքր-ինչ կքած, և գլխանոցի ծալքերը, որոնք չալմայի պես ամրացված են գլխին, իջնում են դեմքի վրա, քողարկելով այն:
Հովակիմը շատ ծեր է: Յուրաքանչյուր ոք, նրան տեսնելով, կկարծի, թե մանկիկի պապիկն է, եթե ոչ ապուպապը, որ բռնել է Մարիամի թաթիկը: Դստրիկից բաժանվելու ցավն այնպես է ընկճել նրան, որ նա հազիվ է քարշ տալիս ոտքերը, նա այնքան տառապած ու թախծոտ է, որ քսան տարով մեծ է երևում և թվում է` հիվանդ է: Նրա շրթունքները թեթև դողում են, իսկ բերանի մոտի խորշոմներն այսօր ավելի են խորացել և ընդգծվել:
Երկուսն էլ փորձում են թաքցնել արցունքները: Բայց եթե նրանց հաջողվում է դա թաքցնել օտարներից, ապա Մարիամից թաքցնել չի հաջողվում: Նա նրանց է նայում վարից վեր, շրջելով դեմքը մեկ հոր, մեկ մոր կողմը: Վերջիններս դժվարությամբ են ժպտում Նրան` դողդողացող շուրթերով, միայն ամուր սեղմում են նրա փոքրիկ թաթիկները, ամեն անգամ, երբ Աղջնակը ժպտում է նրանց: Երևի նրանք մտածում են. «Ահա մի ժպիտ էլ պակաս մնաց մեզ տեսնելու»։
Նրանք դանդաղ են քայլում, շատ դանդաղ: Թվում է` ուզում են, որ այդ ճամփորդությունը շարունակվի անվերջ: Յուրաքանչյուր բան, որ հանդիպում է նրանց ճանապարհին, առիթ է տալիս հերթական կանգառի, բայց և այնպես, նրանց ճանապարհը մոտենում է ավարտին: Հորիզոնում արդեն նշմարվում են տաճարի պարիսպները: Աննան հոգոց է հանում, սեղմելով Դստրիկի թաթիկը:
-Աննա՛, թանկագինս, ես այստեղ եմ, ձեզ հետ,- լսվում է ինչ-որ մեկի ձայնը, և նրանց ճանապարհի խաչմերուկի մոտ, կամարի ստվերում սպասող Եղիսաբեթը մոտենում է և գրկում արտասվող Աննային: Նա առաջնորդում է նրանց դեպի իր հյուրընկալ տուն, ամուսնու` Զաքարիայի մոտ, որպեսզի հետո, բոլորը միասին, շարունակեն ճանապարհը: Նրանք մտնում են ցածր առաստաղով մի մութ սենյակ: Տանտիրուհին, հավանաբար Եղիսաբեթի մտերմուհին, նրբանկատորեն հեռանում է, նրանց մենակ թողնելով:
-Մի՛ կարծիր, թե ես ափսոսում եմ, կամ թե դժկամությամբ եմ Աստծուն հանձնում իմ գանձը,- բացատրում է Աննան իր արցունքների պատճառը,- բայց իմ սիրտը... Օ՜, ինչպես է տառապում իմ ծերացած սիրտը, դարձյալ հայտնվելով անզավակ ծնողի միայնակության առջև. եթե դու կարողանայիր դա պատկերացնել։
- Ես գիտեմ, իմ սիրելի Աննա, բայց դու բարի ես, և Աստված կմխիթարի քեզ քո միայնության մեջ: Մարիամը կաղոթի Իր Մայրիկի խաղաղության համար: Ճի՞շտ է, Մարիամ,- Մարիամը շոյում և համբուրում է մոր ձեռքերը՝ դեմքով հպվելով նրանց: Աննան գրկում և գորովալից համբուրում է Նրան:
Ներս է մտնում Զաքարիան և ողջունում է նրանց:
-Թող Տիրոջ խաղաղությունը իջնի Իր արդարների վրա:
-Այո՛, - պատասխանում է Հովակիմը,- աղոթիր, որ խաղաղություն առաքի մեր սրտերին, որոնք դողահար են զոհը մորթելուց առաջ, ինչպես Սիոնն ի վեր բարձրացող Աբրահամինը: Բայց մենք ոչինչ չունենք, որ փոխարինի մեր զոհին: Դե, մենք ինքներս էլ չենք ուզում, որովհետև հավատարիմ ենք Արարչին: Բայց մենք վշտանում ենք, Զաքարիա: Որպես Աստծո քահանա, դու կհասկանաս մեզ և չես տարակուսի:
- Իհարկե ո՛չ: Ընդհակառակը, ձեր վիշտը, որը դուրս չի գալիս չափավորության սահմաններից և չի սասանում ձեր հավատը, սովորեցնում է ինձ Բարձրյալի ճշմարիտ սիրուն։ Քաջացե՛ք, մարգարեուհի Աննան կխնամի Դավթի և Ահարոնի այս ծաղկին: Հիմա Նա Դավթի սուրբ ճյուղից տաճարի միակ Շուշանն է, և Նրան կխնամեն որպես թանկարժեք մարգարտի։ Մոտենում է Մեսիայի գալստյան ժամանակը, որ պետք է ծնվի Դավթի տան Կույսից: Թվում էր, թե Դավթի տան կանայք պիտի այրվեին իրենց դստրերին տաճարին նվիրաբերելու ցանկությամբ: Բայց, հավատի համընդհանուր պակասի պատճառով, տաճարում թափուր են այն տեղերը, որոնք հատկացվում են կույսերին: Այնտեղ կույսերը չափազանց քիչ են, իսկ այն ժամանակից ի վեր, երբ Սառան կնության տրվեց, չկա ոչ մեկը արքայական տոհմից: Ճշմարիտ է, որ մինչև հաստատված ժամանակները դեռևս երեսուն տարի կա, հուսանք, որ Մարիամը Սրբության Վարագույրի առջև կլինի Դավթի տոհմի բազմաթիվ կույսերից առաջինը: Իսկ հետո… ո՞վ գիտե: Ես նույնպես կհետևեմ Նրան։ Ես քահանա եմ և տաճարում իշխանություն ունեմ, որը կծառայեցնեմ ի նպաստ այս Հրեշտակի: Եղիսաբեթն էլ հաճախ կայցելի նրան:
-Իհարկե, կայցելեմ… Այս մանկիկի միջոցով կհաղորդակցվեմ Արարչի հետ, որի կարիքն այնքան ունեմ։
Աննան արդեն տիրապետում է իրեն: Որպեսզի նրան շեղի թախծոտ մտքերից, Եղիսաբեթը հարցնում է.
-Մարիամի հագին քո հարսանեկա՞ն քողն է, թե՞ դու նորն ես գործել:
-Այո, իմն է, ես այն նվիրաբերում եմ Աստծուն, Նրա հետ միասին: Իմ տեսողությունն այլևս այն չէ: Մեր եկամուտներն էլ արդեն պակասել են բարձրացող հարկերի ու մեզ հետապնդող դժբախտությունների պատճառով: Ես չէի կարող ինձ շռայլություններ թույլ տալ: Ինձ վիճակվեց հոգալ միայն Նրա` տաճարին նվիրաբերման հագուստները և դժվար թե բախտ վիճակվի հոգալ նաև Նրա հարսանեկան զգեստը: Բայց ես, այնուամենայնիվ, ուզում եմ, որ այն կարված լինի Իր մայրիկի ձեռքով, թող որ անգամ պաղած և անշարժացած:
-Դե ինչո՞ւ ես այդ ասում:
-Իմ սիրելի զարմուհի, ես արդեն ծերացել եմ, և դա այժմ ավելի խորությամբ եմ զգում: Ես իմ կենսական ուժերի վերջին կաթիլն եմ տվել Ծաղկիս, որպեսզի կրեմ և սնեմ Նրան, և այժմ Դստրիկիս կորստի ցավը խլում է իմ վերջին ուժերը:
-Այդպես մի՛ խոսիր, ի սեր Հովակիմի:
-Այո՛, դու իրավացի ես, կաշխատեմ ապրել ամուսնուս համար:
Հովակիմը ձևացնում է, թե Զաքարիային է լսում, չնայած կնոջ խոսքերը չեն վրիպում նրա լսողությունից: Նա խոր հոգոց է հանում, աչքերում փայլատակում են արցունքները:
-Հիմա ժամը 3-ի և 6-ի միջև է: Կարծում եմ` գնալու ժամանակն է, - ասում է Զաքարիան:
Բոլորը ոտքի են ելնում, հագնում են գլխաշորերը և պատրաստվում դուրս գալու:
Սակայն մինչ այդ Մարիամը դռան շեմին ծնկի է գալիս, պարզելով ձեռքերը, ինչպես փոքրիկ աղոթող Քերովբե:
-Հայրի՜կ, Մայրի՜կ, խնդրում եմ, օրհնե՜ք Ինձ:
Նա լաց չի լինում. փոքրիկ, խիզախ Աղջնակ է: Բայց նրա շրթունքները դողդողում են, իսկ մերթ ընդ մերթ թնկթնկոցից ընդհատվող ցածրիկ ձայնը, առավել, քան երբևէ, հիշեցնում է փոքրիկ տատրակի ղունղունոցի: Նրա դեմքը գունատ է, իսկ աչքերն արտահայտում են համակերպություն վշտի հետ:
Ճիշտ այդպիսի հայացք, բայց ավելի խոր, Նա կունենա Գողգոթայում և Տիրոջ Գերեզմանի մոտ: Սակայն այդ ժամանակ անհնար կլինի Նրան նայել առանց մեծ կարեկցանքի։
Ծնողներն օրհնում են Նրան և համբուրում, մեկ անգամ, հետո նորից, էլի՛, էլի՜, ու տասնյակ անգամ։ Նրանք ուժ չունեն կանգ առնելու: Եղիսաբեթն արտասվում է, Զաքարիան նույնպես ուժ է գործադրում զսպելու արցունքները` խորապես ցնցված կատարվածից:
Նրանք դուրս են գալիս: Ինչպես մինչ այդ` Մարիամը գնում է ծնողների արանքում, Եղիսաբեթը` Զաքարիայի հետ, առջևից:
Վերջապես, նրանք տաճարի ներքին սրահում են:
-Ես կգնամ ավագ քահանայի մոտ, իսկ դուք գնացեք գլխավոր սրահը,- ասում է Զաքարիան:
Նրանք կտրում, անցնում են երեք սրահ ու երեք դահլիճ, որոնք հաջորդում են միմյանց, և մոտենում են ամբողջովին ոսկեզօծ ու հսկայական մարմարյա կաթսայի պատվանդանին: Նրա գմբեթը` ուռուցիկ, ինչպես կիսված նարինջ, փայլփլում է արևից, որը հիմա՝ կեսօրին, լուսավորում է մեծ սրահը` շրջապատված հոյակերտ շինությամբ, և կուրացուցիչ լույսը սփռում է մեծ հրապարակի և տաճար տանող աստիճանների կամրջամասերի լայն հարթակների վրա: Եվ միայն այդ աստիճանների ամենաբարձր մասում, մուտքի շեմն է ստվերում, իսկ բարձրադիր, բրոնզագույնը ոսկեգույնի հետ միախառնված դուռը, այդ պայծառ լույսի ներքո, ավելի մուգ և ավելի հանդիսավոր է երևում:
Մարիամն էլ, պայծառ արևի շողերի տակ, ձյունից էլ ճերմակ է երևում: Նա կանգնած է աստիճանների շեմին, մոր և հոր միջև: Արծաթյա փողերի հնչողության ներքո դուռը դանդաղ պտտվում է իր ծխնու շուրջը: Նրա բրոնզե ծխնիների ճռինչը կիթառի ձայն է հիշեցնում: Երևում է Տաճարի ներքին հարդարանքը` հեռվի կանթեղներով, և հանդիսավոր թափորը` խնկի քուլաներով ու լույսով պարուրված, արծաթյա փողերի հնչյունների ներքո շարժվում է դեպի դուռը:
Ահա նրանք շեմին են: Նրանց առջև ավագ քահանան է. փառահեղ մի ծերունի, կտավե նուրբ հագուստներով զգեստավորված, վրայից կտավե պարեգոտ, ինչ-որ բազմագույն շուրջառով: Ալ կարմիրն ու ոսկին, մուգ մանուշակագույնն ու ճերմակը միախառնվում են և փայլփլում արևից, ինչպես թանկարժեք քարեր: Առանձնապես շողշողում են նրա ուսերին ամրացրած երկու իսկական փայլաքարերը: Հավանաբար դրանք մեծարժեք քարերից կազմված կախոց են: Կրծքի վրա, խոշոր ոսկե շղթայով կախված է թանկարժեք քարերով ընդելուզված մետաղյա տախտակը (Իսրայելի տասներկու ցեղերի թվով քարերով, որոնք խամրում են, երբ որևէ ցեղ մեղքի մեջ է ընկնում, և քահանայապետը զոհերով ու աղոթքով քավում է նրանց մեղքերը, որից հետո այդ խամրած քարը պայծառանում է- հեղ.): Կարճ փարաջան երիզված է փայլուն ծոպերով: Գլխարկը նման է ուղղափառ եկեղեցական քահանայի գլխանոցին: Այն պատրաստված է գմբեթաձև, ոչ թե բարձր գլխանոցի պես, ինչպիսին են կաթոլիկ քահանաներինը:
Ավագ քահանան առաջանում է դեպի աստիճանները: Արևի ոսկեգույն ճառագայթների մեջ նա ավելի փառահեղ է երևում:
Մյուսները նրան սպասում են դռան կամարների տակ: Աջ կողմում աղջիկների խումբն է` ճերմակ հագուստներով, մարգարեուհի Աննայի և տարիքավոր մյուս կանանց՝ հավանաբար մայրապետների հետ:
Քահանայապետը նայում է Աղջկան ու ժպտում, որն այնքան պստլիկ է երևում հսկայական աստիճանների մոտ: Նա երկնառաք ձեռքերով աղոթում է, և բոլորը հեզությամբ խոնարհում են իրենց գլուխները` Հավիտենական Հոր պայծառասիրության հետ զուգորդվող քահանայապետի վեհության առջև։
Այնուհետև նա կանչում է Մարիամին: Բաժանվելով հորից ու մորից, Նա հմայվածի պես բարձրանում է աստիճաններով: Եվ հրճվագին ժպտում է տաճարի ստվերում, որտեղ կախված է Սրբարանի Վարագույրը: Ահա Նա արդեն աստիճանների վերևում է, քահանայապետի առջև: Նա իջեցնում է ձեռքերը Մարիամի գլխին. Զոհն ընդունված է: Ընդունե՞լ է արդյոք տաճարը երբևէ ավելի մաքուր զոհ, քան այս Մեկը։
Այնուհետև նա շրջվում է և, ձեռքը դնելով Մարիամի ուսին, Նրան տաճարի դռներից ներս՝ զոհասեղանի մոտ է տանում, որպես անարատ ու փոքրիկ Գառնուկ: Մինչ ներս թողնելը նա հարցնում է. «Մարիա՛մ Դավթի, գիտակցո՞ւմ ես արդյոք Դու Քո ուխտը», և երբ Նա իր արծաթահունչ ձայնով պատասխանում է. «Այո՛», քահանայապետը հայտարարում է. «Այժմ ներս մտիր, քայլիր իմ առջև ու եղի՛ր կատարյալ»:
Մարիամը ներս է մտնում, և տաճարի մշուշի մեջ աստիճանաբար անհետանում է տեսողությունից:
Մայրապետների և աղջիկների խումբը, հետևից ղևտացիները, ավելի ու ավելի են ծածկում Նրան տեսադաշտից։
Ի վերջո Նա այլևս չի երևում:
Ծխնիների քաղցրահնչյուն ձայնով դռները դանդաղորեն փակվում են։ Հետզհետե նեղացող դռան արանքից երևում է դեպի Սրբություն սրբոց քայլող թափորը: Դռների ծխնիների քաղցրահնչյուն վերջին ձայնը զուգորդվում է մեծահասակ ծնողների հեծկլտոցներով. «Մարիա՜մ, Դստրի՜կս»: Ապա երկուսն էլ, արտասվելով, փարվում են միմյանց։ Ապա շշնջում են. «Փառաբանե՛նք Նրան` Իր տունն ընդունող և Իր ուղիներով առաջնորդող Տիրոջը»։
Այստեղ տեսիլքն ավարտվում է:
Եվ թող մեր բոլորի Մայր, սրբասուրբ Աստվածածնի մեծազոր բարեխոսությունը լինի մեր ազգի ու մեր ընտանիքների հետ նույնպես։ Ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ