Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կանգ առ, վայրկյան, չքնա՛ղ ես դու»

«Կանգ առ, վայրկյան, չքնա՛ղ ես դու»
21.11.2014 | 11:41

Իր կենսագրության 12 տարում «Գեղարդ» անսամբլը բազմաթիվ համերգներով հանդես է եկել մի շարք միջազգային փառատոներում, այդ թվում` Շտուտգարտում Միջազգային Բախակադեմիայի «Musikfest» և Մարկտոբերդորֆի «Musica Sacra international» փառատոները Գերմանիայում, «Kirkko Soikoon»-ը Ֆինլանդիայում, Ֆրանսիայում «Voix et Route Romane», «Des Voutes Celestes», «Sacrees journees de Strasbourg» և բազմաթիվ այլ փառատոներ, ինչպես նաև ունեցել է առանձին համերգային շրջագայություններ Գերմանիայում (2002, 2003, 2007, 2009, 2011, 2012), Ավստրիայում (2003, 2007, 2008, 2009), Ֆինլանդիայում (2005), Ֆրանսիայում (2008, 2011), Չեխիայում (2008), Իտալիայում (2010), Բելգիայում (2012), Լիբանանում (2013)։ 2010 թ. Բելառուսում մասնակցելով «Կոլոժսկի բլագովեստ» ուղղափառ երգասացությունների մրցույթին` նվաճել է Գրան պրի, իսկ Լեհաստանում կայացած «Հայնովկայի` եկեղեցական երաժշտության օրեր» հոգևոր երաժշտության միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։
Անսամբլի համերգները հաճախ ուղեկցվում են գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի` հայ երաժշտության վերաբերյալ դասախոսություններով։

Հենց բան կոսիմ,
վուր ամպերումը ձեն հանի...


Սայաթ-Նովա

Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հոգևոր երաժշտության կենտրոնի (տնօրեն` Անահիտ Պապայան) կազմակերպած հերթական համերգը։ Այն սովորական չէր, այլ համերգ-շնորհանդես։ Ելույթ ունեցավ Սուրբ Գեղարդ եկեղեցու «Գեղարդ» երգչախումբը։ Ներկայացվեց նաև երգչախմբի 4-րդ, նորալույս ձայնասկավառակը։
Երեկոն բացվեց երաժշտագետ Օլյա Նուրիջանյանի բովանդակալից ներածական խոսքով։ Նա անդրադարձավ աշխարհի հետ «երկխոսության բռնված», Հայաստանը ներկայացնող երգչախմբի առաքելությանը, միջազգային ասպարեզում գրանցած հաջողություններին։ Մի խումբ նվիրյալներ, ովքեր եկեղեցու օրհնությունը բերելով ժողովրդին, մերձեցնում են եկեղեցուն։ Բանախոսը ներկայացրեց նաև «Խորհուրդ խորին» անունը կրող սկավառակը։
Այնուհետև հանդես եկավ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը։ Պրոֆեսորը շնորհակալություն հայտնեց հովանավորներին, նշեց, որ ձայնագրությունը կատարվել է Սուրբ Գեղարդ եկեղեցում, և սրբավայրի հոգևոր մթնոլորտը, արձագանքը, գումարվելով երգչախմբի հմտությանը, ոճական, մեկնողական ճկունությանը, հնարավորինս վերարտադրեցին միջնադարյան երանգն ու բույրը։ Հարց է ծագում. ինչպե՞ս է դա հնարավոր, եթե միջնադարում այդ երգերը երգվում էին արական ձայներով։ Այդ հարցին կարելի է պատասխանել բանաստեղծական լեզվով. Մովսես Խորենացու «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականում ասվում է. «Հովիւքն երգեն ընդ հրեշտակս` տան ավետիս աշխարհի...»։ Կոմիտասի խոսքերով ասենք, «Գեղարդ» «աղջնակների երգչախումբը» վերարտադրում է ոչ թե հովիվների, այլ հրեշտակների երգը. նկատի ունենք բյուրեղյա մաքրությունը, երկնամերձ հնչողությունը...
Երգչախմբի սկավառակը բաղկացած է երկու բաժնից` հոգևոր (14) և աշխարհիկ (7) երգերից։ Համերգային կատարմամբ հնչեցին 15 երգ և մի ծաղկաքաղ, փնջված ժողովրդական երգերի կոմիտասյան 4 մշակումներից։
Համերգի առաջնեկն էր Ստեփանոս Սյունեցու (7-8-րդ դդ.) երեք շարականների շարքը (Հարության ավագ օրհնություններից)։ Խումբը այն երգեց միաձայն, որպես բնօրինակ, մնացած երգերը հնչեցին կոմպոզիտորական մշակմամբ` բազմաձայն։ Կոմիտասի, Մակար Եկմալյանի դասական նմուշների կողքին հնչեցին նաև Երվանդ Երկանյանի և Դանիել Երաժշտի մշակումները և մեկը` Կարո Զաքարյանի։
Իրենց կանոնականությամբ դասական են նաև երգչախմբի լավագույն մեկնաբանումները, մասնավորապես «Խորհուրդ խորին», «Տէր, ողորմեա» շարականները (պատարագից), որտեղ Ա. Պապայանի խնկաբույր «բելկանտոն» նմանվում է երգչախմբից բողբոջող ու երկնքում բացվող ծաղկի (ինչպես Սալվադոր Դալիի «Վարդը»)։ Իսկ «Բարեխոսությամբ» խնկարկության շարականի մասին թող խոսի ինքը` պոետը, որ «Եկեղեցին հայկական» քերթվածում ասում է.
Եկեղեցին հայկական ես աչքս գոց կտեսնեմ
ՈՒ կշնչեմ, կլսեմ` իր Հիսուսով մանկադեմ,
Իր սեղանեն մխացող քուլա-քուլա
խունկերով
Եվ իր պատերը ցնցող աղոթքներով
ալեխռով...

Որպես մեներգիչներ` իրենց արվեստը լավագույնս դրսևորեցին նաև Սոնա Վարպետյանը` «Այսօր կանգնեցավ» (Ավագ Հինգշաբթի օրվա), և Լուիզա Երեմյանը` Աշոտ Պատրիկ Բագրատունու «Զորս ըստ պատկերի քում» (Խաչի վերացման) շարականներում (մշակումները` Կոմիտասի, Դանիել Երաժշտի)։
Ինչ վերաբերում է երգչախմբին, որպես ամբողջական մի «համայնքի», ապա, ինչպես նշել ենք նախորդ համերգի գրախոսականում, առանձին երգչաձայների, վերնահնչյունների (օբերտոների) ռեզոնանսը առաջացնում է «սիներգիայի» (փոխզորացման) էֆեկտ։ Դա հնարավոր է դառնում, երբ բոլորը երգում են անաղարտ, այսպես ասած, տեմպերացված, բոլոր բաղադրիչներով հավասարակշռված։ Արդյունքում ստացվող հնչյունային միաձույլ հագեցածությունը մոռանալ է տալիս, որ սա իգական երգչախումբ է, ոչ թե երկսեռ հզոր մի խումբ։ Հնչողության այս որակին համերգում գումարվեց մի նոր նրբերանգ, որը գուցե և առկա էր նախորդ համերգում և զգացվում էր ենթագիտակցության մակարդակով, բայց այժմ առավել շոշափելի էր։ Նկատի ունենք նույն «Բարեխօսությամբ», Ներսես Շնորհալու «Տարածեալ» և Բարսեղ Ճոնի «Երկրպագեմք Քեզ» (մշակումները` Երվանդ Երկանյանի) շարականները։ Այս խմբերգերում ռեգիստրների, լուսաստվերների խաղը, ձայնի տարբեր հուներով (հորիզոնական) ընթացքը, ուղղահայաց դասավորությունը և դրանց բազմաֆունկցիոնալ համագործակցությունը պայմանավորում են երաժշտության դեպի խորքը, նաև «անկյունագծային» զարգացումը և ստեղծում «հոլոգրաֆիկ», ծավալային պատկերներ։ Մեկ այլ դեպքում հնչյունների վերադասավորումը հիշեցնում է Հակոբի տեսիլքի սանդուղքը, որը երկիրը կապում էր երկնքի հետ։ Երաժշտության բովանդակությունից բխող նման ասոցիատիվ կապեր, պատկերներ մարմնավորելու համար համապատասխան արտահայտչամիջոցներ գտնելու ի զորու են նրանք, ովքեր կարողացել են թափանցել դասականների, հատկապես Կոմիտասի երգարվեստի խորին խորհուրդը, էությունը։
Օրինակի համար հիշենք Կոմիտասի «Ով մեծասքանչ դու լեզու» խմբերգը` գրված երկսեռ երգչախմբի համար։ Հավանաբար, երաժշտության մեջ սա եզակի դեպք է։ Եվ ահա թե ինչու։
24 տակտից բաղկացած այս երգում Կոմիտասը զետեղել է կատարողական կերպերի 22 նշան։ Բացի այդ, խմբերգի երեք բաժիններից յուրաքանչյուրն ունի կատարման բնույթի իր ընդհանուր ցուցումը` «Գովական», «Կաթոգին», «Սրտակոչ», իսկ 3-րդ բաժնի կրկնությունը` «Որպես արձագանք»։ Ընդ որում, 12-րդ տակտում երգչախմբի 4 ձայները երգում են տարբեր բնույթով. սոպրանոն` «սերտիվ և աճուն», ալտը` «հատ-հատ», տենորը` «վճիտ», բասը` «գոհ»։ Նույնը և 18-20 տակտերում. սոպրանոն և ալտը` «սերտիվ, պայծառ և կրակով», տենորը` «ներքին հրճվանքով լի», բասը` «կարոտալիր»։ Այսպիսով, սույն խմբերգի գրեթե յուրաքանչյուր տակտում նրբորեն փոփոխվում են հնչերանգը, գույնը, «լուսավորությունը», հնչուժը։ Նման բանի հանդիպում ենք Դեբյուսիի և այլ իմպրեսիոնիստների արվեստում։ Ահա այսպիսի ներկապնակի են տիրապետում «Գեղարդ» երգչախումբը, նրա խմբավար և մեներգչուհի Անահիտ Պապայանը, որի ճախրուն ձայնը լուսապսակի պես կամարակապում է, ոսկեզօծում խմբի ընդհանուր հնչողությունը։ Իսկ խմբավարական արտահայտիչ ժեստը հստակ «գծագրում» է հնչյունների, ձայների «ուղեծիրները», վերածում «լուսատու հնչյունների» մի համակարգության։ Եվ սա ոչ միայն հոգևոր, այլև ժողովրդական երգերում։ Համերգին պատշաճ կատարեցին նաև «Այ աղջիկ և Ծաղիկ ունեմ նարնջի», «Ելա տանիս» (մշակումները` Կոմիտասի), «Յարուկ մþունիմ և Մատիս մատնիքը» (մշակումը` Դանիել Երաժշտի) և այլ խմբերգեր։
Երգչախմբի հաջողությանը, վերելքին, անշուշտ, մեծապես նպաստում է նաև գեղարվեստական ղեկավարը։
Ըստ Կոմիտասի` մեր երաժշտությունը բխել է մեր լեզվից։ Եվ հայտնի է, թե ինչպիսի «մարմարիոն» ոսկեղենիկ հայերենի է տիրապետում Մ. Նավոյանը և նույնը պահանջում է երգչախմբից։ Սրան գումարվում է նաև տարբեր ոճերի, ժամանակաշրջանի երաժշտության խոր իմացությունը։ Ահա թե ինչու որտեղ էլ ելույթ է ունենում «Գեղարդը», արժանանում է նույն սրտաբաց ընդունելությանը։ Ահա թե ինչու, երբ լսում ես «Գեղարդի» երգերը, ուզում ես բացականչել. «Կանգ առ, վայրկյան, չքնա՛ղ ես դու», սակայն, ի տարբերություն Ֆաուստի, ոչ թե «շղթայվում ես, նետվում գետնին», այլ կապանքներից ազատվում ես, «նետվում երկինք», քանզի «Գեղարդը» գիտի «դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփան», որով և տանում է իր երկրպագուներին, ովքեր իրոք գտնում են այն գանձը, որի մասին հենց երգչախումբն է երգում.
Առաւօ՛տ լուսոյ`
Արեգա՛կն արդար
Առ իս լոյս ծագեա...
Գա՛նձդ ողորմութեան,
Գանձիդ ծածկելոյ
Գտող զիս արա...

Եվ «Գեղարդը», կարծես անսալով երկրպագուներին, իրոք «կանգնեցրել է վայրկյանը», վավերացրել «Խորհուրդ խորին» ձայնասկավառակում 21 «չքնաղ ակնթարթով»` 21 չքնաղ երգ. Մաշտոցի, Ստեփանոս Սյունեցու, Բարսեղ Ճոնի, Ներսես Շնորհալու, Կոմիտասի գլուխգործոցները:


Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Հ. Գ.- Անցյալ դարակեսին Երկրից մի հրթիռ էր ուղարկվել տիեզերք, պարզելու` կյանք կա՞ այնտեղ, թե՞ ոչ, և լինելու դեպքում մտադրված էին պատկերացում տալ երկրային կյանքի մասին։ ՈՒստի խցիկում զետեղել էին լուսանկարներ, առավել գործածական իրեր և մի հատուկ ձայնասկավառակ` Յոհան Սեբաստիան Բախի երաժշտությամբ։ Եթե մենք ուղարկելու լինենք, ապա հրթիռում ցանկալի կլիներ տեղադրել նաև «Գեղարդի» նորալույս սկավառակը, որպեսզի այլմոլորակայիններն իմանան, թե «ո՞րն է աշխարհ Հայաստան»։

Դիտվել է՝ 2393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ