Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սահմանադրությունը «Աննա Կարենինա» չէ»

«Սահմանադրությունը «Աննա Կարենինա» չէ»
28.11.2014 | 00:20

Տասներեք տարվա մեջ ՀՀ Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվեց, ինչպես ասում են, հարմարեցվելով առաջին և երկրորդ նախագահների հեռագնա քաղաքական նկրտումներին: Այսօր օրակարգում է երրորդ անգամ երկրի հիմնական օրենքը նորովի «ձևել-կարելու» վիճահարույց թեման: Այս անգամ, ըստ ընդդիմախոսների, երրորդ նախագահի «հագով»: 1999-ին, երբ հանրապետության նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով էր ստեղծվել, թեմայի շուրջ հարցազրույց խնդրեցի իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանից, ում դիտարկումներն այսօր էլ խիստ արդիական են:

Աշխարհում քանի՞ պետություն գիտեք, որոնց քաղաքացիական օրենսգիրքն էլ նույն մարդիկ գրած լինեն, քաղաքացիական դատավարության օրենսգիրքն էլ, Սահմանադրությունն էլ։ Ես մեկը գիտեմ։ Իհա՛րկե` Հայաստանը։ Իսկ հեղինակի անունը շատերը գիտեն` իրավագիտության դոկտոր, ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԶԱՐՅԱՆ։ ՀՀ Սահմանադրության «հարազատ հայրը»։

Երբ հարցրի, թե ինչու ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող նախկին` կիսասիրողական, ներկա` սուպերարհեստավարժ հանձնաժողովներում չընդգրկվեց, դառնությամբ ասաց. «Ոնց որ դանակը տան ձեռքդ, ասեն` հարազատ զավակիդ մորթիր։ Կմորթե՞ս։ Իհարկե, չես «մորթի»։ Նույնիսկ, եթե «հարազատ զավակդ» հեռու է կատարելության տիպար լինելուց»։

«ՔԱՆԴՈՂ ԲՐԻԳԱԴԻ» ՖԵՆՈՄԵՆԸ


-Դուք շատ ցավագին ու կոշտ արձագանքեցիք նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Սահմանադրությունը բարեփոխելու նախաձեռնությանը։ Իրո՞ք համոզված եք, որ այն փոփոխելու անհրաժեշտություն չկա։
-Նախ եկեք պարզենք` ինչ բան է Սահմանադրությունը։ Զուտ գրական ստեղծագործությո՞ւն, թե՞ պետության հիմնական օրենք։ Եթե գրական ստեղծագործություն է, անշուշտ, անհրաժեշտ է ոչ թե 4-5 տարին մեկ, այլ ամիսը մեկ փոխել-բարելավել-կատարելագործել, ինչպես վարվում էր Լև Տոլստոյը «Աննա Կարենինա» վեպի հետ, երբ 28 անգամ ձևափոխված արտագրում էր այն։ Բայց եթե համարում ենք, որ Սահմանադրությունը երկրի հիմնական օրենքն է, պիտի ընդունենք նաև, որ այն ներքին հակասություն ունի։ Ներքին դիալեկտիկա։ Եվ սա միանգամայն օբյեկտիվ երևույթ է։ Օրենքը, առավել ևս` հիմնական օրենքը, միաժամանակ և՛ ստատիկ է, և՛ դինամիկ։ Հասարակական հարաբերությունների վրա ներազդելու համար այն պետք է լինի կարծր-կայուն-անփոփոխ։ Հասարակական կյանքում տեղի ունեցող սոցիալական, քաղաքական, տնտեսական տեղաշարժերն արտացոլելու, դրանք առավելագույնս արդյունավետ վերահսկելու համար էլ պետք է դինամիկ լինի, շարժուն։ Ես ինչո՞ւ վատ արձագանքեցի Սահմանադրությունը փոփոխելու նախագահի որոշմանը։ Որովհետև նախագահը պետության հիմնական օրենքի թիվ մեկ երաշխավորն է։ Եթե ինքը ձեռքը դրել է նույն այդ Սահմանադրության վրա, երդվել դրանով, նա այլևս իրավունք չունի իրեն առընթեր «քանդող բրիգադ» ստեղծելու։ Թող դա աներ, ասենք, Ազգային ժողովը, որը Սահմանադրության «պահապանը» չէ։ Թող աներ կառավարությունը, բայց ո՛չ հանրապետության նախագահը։ Հիմա Ազգային ժողովը պիտի սպասի, թե «սողոմոնիմաստունների» հանձնաժողովն ինչ սահմանադրական փոփոխություններ է «հրամցնելու» իրեն։
-Այսինքն, Դուք «հրամցնելու» անհրաժեշտությանը դեմ չեք։ Դուք «հրամցնողին» եք դեմ։
-Ես հո չե՞մ ասում` մեր Սահմանադրությանը ձեռք չտա՜ք... Ես ասում եմ` եկեք հասկանանք խնդրի պատասխանատվությունը։ Եթե մենք մնում ենք նախագահական կառավարման շրջանակներում, եկեք, ուրեմն, ճշգրտենք նախագահի լիազորությունները. մասնավորապես, նրա փոխհարաբերությունները Ազգային ժողովի, կառավարության և, ինչո՞ւ չէ, նաև դատական իշխանության հետ։ Ցավոք, մենք Սահմանադրության մեջ ամրագրել ենք միայն իշխանությունների տարանջատման մասին դրույթը, թեև ժամանակին ես պահանջում էի դրան զուգահեռ ամրագրել նաև իշխանությունների հավասարակշռությունն ու հակակշռությունը։ Փոփոխություննե՞ր եք ուզում, եկեք փոփոխություն կատարենք Սահմանադրության 4-րդ հոդվածում և ավելացնենք նոր դրույթ` նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը, բայց նորընտիր Ազգային ժողովն էլ, իր գործունեության առաջին վեց ամսում, իրավունք ունի նշանակելու հանրապետության նախագահի նոր ընտրություններ։ Դա կբացառի խորհրդարանը կամայականորեն լուծարելու վտանգը։

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ «ՏԵՂԵԿԱՆՔ Է ՊԵՏՔ», ԻՍԿ ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՕԳՏԻՆ»


-Եկեք փակագծերը բացենք, պարոն Նազարյան։
-Խնդրեմ։
-Ի՞նչ է ստացվում. Լևոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողովը լուծարելու լիազորություն էր պետք, և նա Սահմանադրությամբ ստացավ այդ իրավունքը (թե ինչու չօգտվեց իր այդ լիազորությունից` այդ հարցին դեռ կանդրադառնանք)։ Քաղաքական շրջանակներում այսօր խոսում են այն մասին, թե նոր իշխանությունները նոր նախագահ «օծելու» գաղափարն են հասունացնում (այստեղից էլ Ռոբերտ Քոչարյանի` նախագահի լիազորությունները սահմանափակող իր նախնական մտադրություններից հրաժարվելու պարտադրված քայլը)։ Այսինքն, գնում ենք Սահմանադրության մեջ պերմանենտ նախագահափոխության հոդված ամրագրելու ճանապարհո՞վ։
-Ես Վազգեն Սարգսյանի հետ գրեթե չեմ առնչվում, բայց Դեմիրճյանի հետ շփվում եմ բավականին հաճախակի և կարող եմ վստահաբար ասել, որ նման ենթադրությունները Կարեն Սերոբիչին չեն վերաբերում։ Նրա հետ նման հարցեր քննարկելն իմ առաքելության մեջ չի մտնում, բայց ես, որպես մտածող մարդ, ունեմ իմ մասնավոր կարծիքն այդ առնչությամբ։ Ժամանակն աշխատում է Դեմիրճյանի օգտին, և նա կարիք չունի արագացնելու ներքաղաքական զարգացումների բնական ընթացքն ու տրամաբանությունը` ինտրիգների մեջ ներքաշվելով։
-Այնուամենայնիվ, «ինտրիգի գործոնը» բավականին լուրջ գործոն է և իր արտացոլումն է գտնում անգամ Սահմանադրության մեջ։ Կարծում եմ, հենց ներքաղաքական ինտրիգներն էին պատճառը, որ մենք այսօր չունենք Սահմանադրությամբ ամրագրված երկքաղաքացիության մասին օրենք։
-Այսի՞նքն։
-Այսինքն, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը լրջորեն տագնապում էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներում դաշնակցության (հատկապես` սփյուռքի դաշնակցության) ակտիվ դերակատարումից և թույլ չտվեց, որ երկքաղաքացիությունը դառնա սահմանադրական նորմ։
-Ձեր ենթադրությունները որևէ առնչություն չունեն երկքաղաքացիության մասին օրենք ունենալ-չունենալու հետ։ Պարզապես, երկքաղաքացիությունը սովորական անոմալիա է, անբնական վիճակ, ինչից մարդուն դուրս բերելու համար պետությունները հաճախ հարյուրավոր համաձայնագրեր են կնքում, և, ի վերջո, նրանցից մեկը հրաժարվում է իր քաղաքացուն ճանաչելուց` վերադարձնելով վերջինիս մեկ պետության քաղաքացի լինելու նորմալ, բարոյաիրավական, հոգեբանական վիճակը։ Առանձին պետություններ էլ, ցանկանալով միջամտել այդ (որպես կանոն` հարևան) պետությունների ներքին գործերին, երկքաղաքացիությունը հաջողությամբ օգտագործում են իրենց նպատակին հասնելու համար։ Օրինակ, Ռուսաստանը, Սիրիան, Լիբանանը (վերջինս, ի դեպ, զոհ է)։ Սիրիան երկքաղաքացիությունն ընդունեց Լիբանանը «կուլ տալու» համար, հիմա էլ, փաստորեն, կառավարում է այդ երկիրը։ Ռուսաստանն էլ շատ մեծ ցանկություն ունի նույն բանն անելու մեզ հետ, չկասկածեք։ Ես էլ ասում եմ` մանավանդ մեր տիպի պետությունների համար դա շատ վտանգավոր է։ Գիտե՞ք, ես Քոչարյանին չեմ մեղադրում, ինքն ուղղակի տեղյակ չէ, թե երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո ինչ բարդություններ կարող են ծագել։ Լավ կլիներ` խորհրդակցեր... չէ, ինձ հետ չէ, միջազգային ստանդարտի որևէ իրավագետի։ Ասեր` խնդրում եմ, ինձ բացատրեք կամ տեղեկանք ներկայացրեք` ինչ բան է էդ երկքաղաքացիությունը։ Կբացատրեին կամ համապատասխան տեղեկանք կներկայացնեին, ինքն էլ կհամոզվեր, որ դա ընդամենը անոմալիա է։
-Կարծում եմ, հանրապետության նախագահին նման տեղեկանք արդեն ներկայացրել են, հակառակ դեպքում, երկքաղաքացիության հարցը սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովում լրջորեն չէր քննարկվի։
-Եթե ուզում են` թող ընդունեն էդ փոփոխությունը։ Փա՜ռք Աստծո, ես էնքան փող ունեմ, որ կկարողանամ հեռուստատեսությամբ մեկ-երկու ժամ ելույթ ունենալ ու ժողովրդին ասել. «Էդ, ինչ որ ասում են, ժողովուրդ ջան, ախմախություն է»։ ՈՒ պարզ, մատչելի լեզվով, հետաքրքիր օրինակներով բացատրել, թե ինչու է ախմախություն։ Դրանից հետո նայենք հանրաքվեի արդյունքները։ Իրենք` բոլորով, ես` մենակ։ Տեսնենք` նրա՞նց կլսեն, թե՞ ինձ։ Հարցրեք` ինչո՞ւ եմ այդքան ինքնավստահ։
-Ինչո՞ւ եք այդքան ինքնավստահ։
-Որովհետև վստահ ու համոզված եմ նաև, որ Սահմանադրության մեջ առաջարկվող ցանկացած փոփոխություն պետք է հիմնավորվի նախ և առաջ մարդու իրավունքների տեսանկյունից։ Եթե ոչ` կա՛մ ինքնանպատակ է, կա՛մ հատուկ նպատակ է հետապնդում։

«ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՅԹԱՔԱՐ Է, ՀԵՏԿԱՆՉԸ` ՎԵՐԱՊՐՈՒԿ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ` ԴԱՏԱՐԿ ԲԱՆ»


-Մարդու իրավունքների տեսանկյունից որ նայենք` պատգամավորներին բոլորովին ձեռնտու չէ հրաժարվել անձեռնմխելիության բացառիկ իրավունքից։ Տարօրինակորեն, շատերը գլխապատառ ուզում են դառնալ «ձեռնմխելի»։ Իրո՞ք ուզում են։
-Անձեռնմխելիության մասին խոսակցությունները զուտ պոպուլիստական շահարկումներ են։ Մե՛կ։ Երկրորդ` էն մարդիկ, ովքեր, իբր թե, պատրաստ են անձեռնմխելիությունից հրաժարվելու, նրանց էդ անձեռնմխելիությունը, եթե լավ մտածենք, իսկի պետք էլ չէ։ Երկու-երեք հարյուր հազար դոլար (մինիմումը) ունեցողների ինչի՞ն է պետք անձեռնմխելիությունը։ Ես չեմ պատկերացնում նրանց դեմ հալածանք կամ քաղաքական հետապնդում (ինչպես հիմա ընդունված է ասել) սկսած մեկին, որ չգայթակղվեր առաջին 50 հազար դոլարով։ Իսկ պատգամավորական անձեռնմխելիությունը, որպես ինստիտուտ, ձևավորվել է օրենսդիր մարմնի տարանջատվածությունը, հակակշռելիությունը, անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանելու համար, որպեսզի գործադիր իշխանությունը անսահմանափակ լիազորություններ չունենա` օրենքի վրա իր ուզած ձևով ներազդելու։
-Պատգամավորների վրա ներազդելու ընտրողներիս իրավունքի մասի՞ն ինչ կասեք։ Եթե այսօր գրելու լինեիք Սահմանադրությունը` դարձյա՞լ հետկանչի մասին դրույթը կշրջանցեիք։
-Ես կատեգորիկ դեմ եմ հետկանչին։ Դա սովետական ինստիտուտ է բառի իսկական իմաստով։ Դրա հետևում այն բացահայտ իրողությունն է թաքնված. համաձայն որի, բարձրագույն օրենսդիր մարմնի ներկայացուցիչն ընդամենը ի՛ր թաղի ընտրողների ներկայացուցիչն է։ Մենք պատգամավորին համարում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցիչ, անկախ այն բանից` մեծամասնականո՞վ է ընտրվել, թե՞ համամասնականով։ Հետկանչի օրենքը հիանալի գործում էր սովետի ժամանակ։ Հերիք է «ժողովրդի ընտրյալը» համակարգի դեմ կամ ղեկավարության «քիմքին չնստող» որևէ բան ասեր, ընտրողներն իսկույն աշխատավորական ժողով էին գումարում, անվստահություն հայտնում և «հետ կանչում» նրան (պարզ է, չէ՞, ում պատվերով)։ Մենք դեմ ենք իմպերատիվ-հրամայական մանդատին։ Մենք ասում ենք` ընտրողը երկու անգամ է շփվում պատգամավորի հետ, մեկ` ընտրելիս, մեկ էլ` նորից ընտրելիս, բայց արդեն հաջորդ ընտրություններում։ Չի՞ արդարացրել իր մանդատը` երկրորդ անգամ մի՛ ընտրիր, բայց այդ ամբողջ ժամանակահատվածում պատգամավորն ազատ է ղեկավարվելու պետության շահերով, ոչ թե իր տարածքի ընտրողների ցուցումներով։
-Կառավարությո՞ւնն ում ցուցումներով պետք է առաջնորդվի` հանրապետությունից վարչապետի բացակայության դեպքում։ Սահմանադրական իրավունքի որոշ մասնագետներ ասում են` փոխվարչապետի։
-Դատարկ բան է։ Առանց փոխվարչապետի ապրում է Գերմանիան, ապրում է Հոլանդիան, ապրում է Անգլիան։ Փոխվարչապետի ինստիտուտ նշանակում է պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա ջարդելու ցանկություն։ Փոխվարչապետերով աչքի էր ընկնում «օղորմածիկ» Սովետական Միությունը, այսօր Ռուսաստանն է շարժվում նույն ավանդույթներով. է՛լ առաջին-փոխ, է՛լ երկրորդ-փոխ, է՛լ ութերորդ-փոխ։ Կար ժամանակ` մի ութ հատ էլ մենք ունեինք դրանցից։ Էն թվերի Հայաստանում ավելի շատ նախարար կար, քան Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներում միասին վերցրած։ Ավելորդ բեռ` բյուջեի ուսերին։ Իսկ հանրապետությունից բացակայելիս` վարչապետն իր պարտականությունների բեռը հերթով կարող է դնել նախարարների ուսերին։ Դրա համար չարժե փոխվարչապետի ինստիտուտ հիմնել։

«Ի՞ՆՉ ՄԵՂԱՎՈՐ Է, ՈՐ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ՄԵՋԻՑ ԷՐ ՔԱՆԴՎԵԼ»


-Մի ժամանակ փոխնախագահի «ինստիտուտ» էլ ունեինք, որը Սահմանադրության մեջ, բարեբախտաբար, տեղ չգտավ։ Երկրի կառավարման հիմքում «դրվեց» կիսանախագահական համակարգը։
-Չէ, չկա էդպիսի բան։ Կիսանախագահական կառավարում չի լինում, ինչպես չի լինում կիսախորհրդարանական կառավարում։ Կա՛մ նախագահական, կա՛մ խորհրդարանական։ Վե՛րջ։
-Թող լինի` նախագահական։ Այսօ՞ր էլ եք այն համոզմունքին, թե Հայաստանի համար դա կառավարման լավագույն ձևն է։
-Անշուշտ։ Բայց` ճշգրտումներ մտցնելով, հակակշռելիություններ սահմանելով նախագահի, Ազգային ժողովի, կառավարության միջև։
-Ինչպե՞ս եղավ, որ «նախագահական» Սահմանադրությունը չկարողացավ պաշտպանել իր նախագահին` «մեզ հայտնի քաղաքական ուժերից»։
-Նա չօգտվեց Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունից (մի հրամանագրով կարող էր պաշտոնանկ անել թե՛ վարչապետին, թե՛ կառավարությունը)։ Իսկ թե ինչու էր ինքն իրեն դրել մի վիճակի մեջ, որ վախենում էր (չնայած, ես չեմ հավատում, թե վախենում էր)` իրեն պետք է հարցնել։ Սահմանադրությունն ի՞նչ մեղավոր է, երբ նախագահը չի կարողանում պատշաճ ձևով իրականացնել սեփական լիազորություններն ու մնալ պետության ղեկավարի բարձրության վրա։ Թեև, ես կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանին պետք էր հեռանալ` հեռացավ։ Ինքը անկախ Հայաստանի առաջին նախագահն էր, պետականության ստեղծման գործում բավականին ավանդ ուներ, իր բոլոր թերություններով հանդերձ` մեծ հմայքի տեր էր, ի վերջո։ Չուզեցավ նաև առաջին նախագահը լինել, որը զիջում է Ղարաբաղը։ Իմ կարծիքով։ Չգիտեմ, ես էդպես եմ մտածում։
-Այսինքն, ճիշտ էր այն ժամանակվա ընդդիմությունը, երբ պնդում էր, թե փաթեթային ու փուլային տարբերակների միջև առանձնապես տարբերություն չկա։ Առաջինով միանգամից ենք «տալիս» Ղարաբաղը, երկրորդով` փուլ առ փուլ։
-Լևոնն անկեղծորեն հավատացած էր, որ երկու դեպքում էլ հարցը մտել է փակուղի, և, ուզես-չուզես, մի տարբերակի տակ պիտի ստորագրես։ Ի միջի այլոց, ինքն իր հեռացումն արդեն նախապատրաստել էր. առաջին քայլը «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածն էր, երկրորդը` իր հայտնի հեռուստաելույթը, երբ ժողովրդին ո՛չ այս, ո՛չ այն «վախեցրեց», թե` իմացիր, դու միշտ էլ վատ ես ապրելու, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Էդ պահից արդեն ինքը նախագահ չէր։ Ինքը «մեջից էր քանդվել»։ Ինձ թվում է, 96-ի ընտրություններից հետո հոգու խորքում ինքն իրեն չէր համարում հանրապետության նախագահ։ Ընդ որում, 96-ի նախագահական ընտրությունները, անկեղծ եմ ասում, լրիվ նրա համախոհները տապալեցին։ Էդ հարցում Վանոյի հետ ես լրիվ համամիտ եմ` ամենափնթի անցկացված ընտրություններն էին։ Իրենք իրենց ձեռքով տարա՜ն` իրենց նախագահին «դրեցին հողը»։ Դուշմանն էդ բանը չէր անի։

ԵՐՄԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՈՐԲԱՉՈՎ «ՀԵԾԱՆԻՎ ԳՈՂԱՑՈՂ ԵՆ»


-Ժամանակին Ղարաբաղի «ցավը Ձեզ էլ էր պատել»։ Դո՞ւք ինչու «մեջից չքանդվեցիք»։
-Էդ պատմությունը շատ հետաքրքիր է, հիմա ասեմ` ե՛ս ոնց եմ դուրս եկել էդ «ցավի տակից»։
1989-ի մարտի 4-ին Գորբաչովի մոտ նստած ենք։ Ես, Սուրեն Հարությունյանը, Խթը-ից էլ` Կրյուչկովը։ Ասացի` Միխայիլ Սերգեևիչ, էդ Ղարաբաղը իմ պապու հողն ա, խնդրում-աղաչում ենք` տաս։ Հենց որ տաս, չէ՞, երեքով իջնելու ենք, ոտներդ պաչենք։ Եթե չես տալիս, ասա` չեմ տալիս, գնանք էդ ազգին ասենք` էս մարդը տվող չի, մենք էլ թողնենք ռադներս քաշենք-գնանք։ Երեք-չորս անգամ նույնը կրկնեցի (պայմանավորված էինք, էլի)։ Սրա «պրիպադկեն» բռնեց, թե` սաղ ռեգիոնում դո՛ւ ես լարվածություն ստեղծում, գրել էիր, թե Սումգայիթը կազմակերպված հանցագործություն է, Մոսկվայից է հրահանգ իջեցվել։ Գիտես չեմ կարդացե՞լ։ Վերջացրեց, հարցրի` մի անկեղծ բան էլ ես ասե՞մ։ Թե` ասա։ «Ես ախմախի մեկն եմ, էլի,- ասում եմ։- Ես, անձամբ ես»։ «Չէ, ասում են` դու խելոք մարդ ես»։ «Ի՞նչ խելոք, ախմախի մեկն եմ, որ եկել եմ աշխարհի ամենամեծ գողի մոտ, բողոքում եմ, թե հեծանիվս գողացել են...»։ «Էդ ի՞նչ ձևով ես խոսում, ի՞նչ նկատի ունես»։ «Էն նկատի ունեմ, որ 12-13-րդ դարերում Ռուսաստանը բաղկացած էր Վլադիմիրի մարզից, որը Հայաստանից փոքր է, Մոսկվայի մարզից, որ երկու անգամ է Հայաստանից մեծ, մեկ էլ` Տվերի մարզից։ Մի «չուդակ» տղա ունեիք` Երմակ անունով, որտեղով քայլում էր` Ռուսաստան էր դառնում, հայ-հայ «վակռուգ սվետա» էր ֆռռալու, գնացել-հասել էր Ալյասկա։ Հըմի էդ սաղ ուրիշի հողերը չե՞ն, Թաթարիա-մաթարիա` սաղ քաշեցիք տակներդ , չէ՞։ Ես էլ եկել եմ քո դուռը, ասում եմ, գիտե՞ս ինչ, հեծանիվս գողացել են։ Ախմախ եմ, է՛լի»։
Ասացի ու դուրս եկա։ Հենց ընդունարանում էլ գրեցի դիմումս` «Խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից»։
Գնացինք, Սուրենի հետ նստեցինք, երկու շիշ կոնյակը դրեցի՜նք, ասացի` պրծա՞, Սուրիկ։ Պրծա, չէ՞...

Դուք պրծաք, բայց Ղարաբաղի հարցը չպրծավ։ Հայաստանի գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանը գնում «ռուսաց թագավոր» Գորբաչովին գող է անվանում, Հայաստանից ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր ընտրված Հենրիկ Իգիթյանը` բոզ, ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանն էլ Քեռի Սեմ-Քլինթոնի հարազատ մորն է «դնում ու վերցնում»։
Հետո էլ ուզում ենք, որ Ղարաբաղը «տան»։
Բա, չեն տա, է՛լի։


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

17 օգոստոսի, 1999 թ.

Դիտվել է՝ 4505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ