Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ակն

Ակն
05.12.2014 | 11:47

Պատրիարքից բացի, XVIII դ. սկսած, բարձր դիրք ունեին հայ ամիրաները, այսինքն` խելացի ու տաղանդավոր հայեր, որոնք կարողացել էին լուրջ ծառայություններ մատուցել թուրքական կառավարությանն ու համարվում էին նրա մնայուն պաշտոնյաները` որպես սեղանավոր, դրամահատարանի ղեկավար, վառոդապետ, ճարտարապետ։ Բոլորն էլ, բնականաբար, կապեր, հարստություն և ազդեցություն ունեին, միևնույն ժամանակ խորապես հայ մարդիկ էին` հայ եկեղեցու, հայ գրի և հայ գոյության պաշտպան:

Լևոն ՇԱՆԹ

Թուրքերն աղավաղելով կոչել են Էգին, իսկ այժմ՝ վերանվանել Քեմալիե։ Հավանաբար Ակն է կոչվել քաղաքի միջով հոսող Ակնաղբյուրի անվան հետ կապված։ Կիսավանդական պատմության համաձայն, Անիի ողբալի կործանումից հետո նրա բնակիչների մի մասը եկել է այստեղ և հանդիպելով սառնորակ ու քաղցրահամ աղբյուրի՝ դրա մոտ էլ հիմնել է նոր քաղաքը, այն կոչելով Ակն։
Ակնը գտնվում է Արևմտյան Եփրատի (Կարասու) ափին, Տավրոսյան և Անտիտավրոսյան լեռնաշղթաների միջև, Երզնկայից Խարբերդ տանող ճանապարհին։ Քաղաքը տեղադրված է գեղատեսիլ զառիթափ լեռնալանջի վրա, ամֆիթատրոնի ձևով։ Քաղաքն ունի հորդառատ բազմաթիվ աղբյուրներ և աննման օդ։ Թաղերի միջև և շրջակայքում տարածվում են բազմաթիվ այգիներ ու պարտեզներ։ Շրջակայքում կան պղնձի երևակումներ և բովեր, որոնք մշակվել են հին ժամանակներից։
Նոր ժամանակներում մտել է երբեմն Էրզրումի, երբեմն՝ Խարբերդի, երբեմն Էլ՝ Սեբաստիայի նահանգի (վիլայեթի) մեջ, լինելով Ակնի գավառակի (գավառի) կենտրոնը։
XIX դարի սկզբին քաղաքն ունեցել է շուրջ 10000 բնակիչ, որից մոտ 5500-ը՝ հայեր, 1880 թվականի տվյալներով ունեցել է 5442 հայ և 4286 թուրք ու հույն բնակիչ, XIX դարի վերջերին նրա բնակչությունը հասնում էր 20 հազար մարդու, որի կեսը հայեր էին, իսկ մյուս կեսը՝ թուրքեր ու մասամբ հույներ: Ակնեցիները պանդխտել են Պոլիս։
1896 թ. փետրվարի 3-ին թուրք հրոսակները հարձակվում են Ակն քաղաքի, իսկ քրդերը՝ նրա շրջակայքի հայկական գյուղերի (Լիճք, Բինկյան, Զմարա, Կասմա, Ապուչեխ, Կամարակապ և այլն) վրա՝ կոտորելով բնակիչներին և կողոպտելով ու հրդեհելով տները։ Միայն զոհվածների թիվը հասել էր 3000 մարդու։ Արևմտյան Հայաստանի մյուս տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի հետ միասին Ակնը նույնպես ենթարկվում է 1915 թվականի մեծ աղետին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 400-ի հասնող տարագրված ակնեցի հայեր նորից են վերահաստատվում իրենց հայրենի քաղաքում, սակայն թուրքական նոր բռնությունների հետևանքով դրանց զգալի մասը լքում է Ակնը և դիմում արտագաղթի։

Եփրատ գետը, որ անցնելով Երզնկայի մօտէն և Կամախէն կու գայ կþանցնի քաղաքիս ճիշդ ստորոտէն, ունի իւր բազմաթիւ օգուտները. հետը կը բերէ շինութեանց և վառելու փայտեր, և կþընծայէ զանազան տեսակ շիշէկ, մող, վազ, թեփիկ, շաղփուլ, ցռիկ, տափակ-բերան և այլ անուններով ձկներ: Քալակով կամ տիկալաստով ալ ուղևորութիւն և ապրանաց փոխադրութիւն կþընեն, հոսանքն ի վար միայն:

1880 տարւոյ վիճակագրութեան մը համեմատ, քաղաքիս հայոց թիւն է 5442, իսկ թրքաց՝ 4286: Հայք ունին երկու եկեղեցի:
Ընդհանրապէս ակնեցիք, գիւղաբնակներն անգամ, քաղաքացւոյ կեանք կը վարեն, երկրագործութիւնը գրեթէ բոլորովին մէջերնէն վերցած է, արդէն մշակութեան յարմար հողեր ալ կը պակսին: Այս պատճառաւ թէ գիւղացիք և թէ քաղաքացիք կը դիմեն յօտարութիւն, անդ վաստակելու և ի հայրենիս վայելելու: Ակնցին շարունակ կþերթայ կու գայ, կը բերէ, կըսպառէ և նորէն կը վերադառնայ: Կան նաև ոչ սակաւ ակնցիներ աշխարհիս զանազան կողմերը, որք գաղթականութեամբ հաստատուած են և իրենց գործն ու առուտուրը կարգի դրած:
Ակնայ արհեստաւորը՝ ոստայնանկ, կոշկակար, դարբին, պղնձագործ և կլայեկող, ոսկերիչ, ներկարար, խաղախորդ և սեղանաւոր, ընդհանրապէս հայ են: Վաճառականաց, մրգավաճառաց, դեղագործաց և ժամագործաց մեծագոյն մասն ալ հայ են, իսկ մսավաճառաց, որմնադրաց, հիւսանց կէսը հայ են և կէսը թուրք, հացագործաց ալ մէկ մասը հայ և մաս մþալ թուրք և կիմիւշխանեցի պանդուխտ յոյներ:

Քաղաքս իւր շրջակայ հայոց գիւղերով բաւական չէին անդադար ի հնուց ի վեր կրած հարստահարութիւնքն, վերջին ահաւորագոյն հարուած մը ունեցաւ 1896 տարւոյ սեպտեմբերի մէջ: Հայոց Վերին թաղի տներու մեծագոյն մասն հրոյ ճարակ եղան: Ընդհանուր անձանց կորուստն ըստ լրագրաց համարուեցաւ 2000 հոգի: Ամենայն անասելի խժդժութիւնք ի գործ դրուեցան, հայոց կրկին եկեղեցիք այրուեցան և երիցունք սպանուեցան: Նոյն թշուառութիւնն պիտի գար քաղաքիս վրայ 1895-ին, եթէ հայք 1500 լիրա փրկանք չտային: Այս դէպքէն վերջ հարուստ Ակնի ողջ մնացած ժողովուրդն բոլորովին յետին աստիճանի աղքատացաւ և մինչև անգամ չոր հացի կարօտ մնաց:
Վիճակիս մէջ վաճառականութիւնն այնչափ զարգացած չէ. ցորեն, ոչխար, պանիր, իւղ և այլն շրջակայ գաւառներէն կը բերեն, իսկ զգեստեղէններ, շաքար, սուրճ, օճառ, թղթեղէնք մեծաւ մասամբ Կ. Պօլսէն և Հալէպէն:

XIX դարի վերջերում Ակնում հաշվվում էին մինչև 300 խանութներ, կրպակներ, արհեստանոցներ ու պանդոկներ։ Քաղաքն ուներ ներքին աշխույժ առևտուր։ Նրա արտահանած ապրանքներից կարևոր էին բամբակյա ու մետաքսյա գործվածքները, կաշվե ու մորթե մուշտակները և այլ ապրանքներ, որոնք հիմնականում վաճառվում էին Խարբերդում, Սեբաստիայում, Երզնկայում և այլ քաղաքներում։
Ակնը մաքուր քաղաք էր, բարեկարգ, սալահատակված փողոցներով։ Տները մեծ մասամբ երկհարկ և եռահարկ էին, քարաշեն։ XIX դարի սկզբներին ուներ մինչև 2200 տուն, որոնք շինված էին առվի երկու ափերին, զառիվայր լեռան լանջին՝ աստիճաններով։ Քաղաքի բուն տարածքում Եփրատ գետի վրա կար երկու կամուրջ։
Մոտ 200 տարի Ակնը ամիրայական նշանավոր գերդաստաններ է տվել Պոլսին, Զմյուռնիային և վաճառաշահ այլ քաղաքների:

Պոլսո գաղութին մեջ XVIII դարուն նշանավոր դեր մը կատարած են ակնցիները, որոնք կերեւա թե այդ դարուն Կ. Պոլսո մեջ բարգավաճ վիճակի մը հասած էին։ Պետք չէ կարծել թե Ակն միայն սեղանավորներու և վաշխառուներու հայրենիքը է, այլ իբր միջավայր գերազանցապես ներշնչող բնավայր մը եղած է և ժողովրդական բանաստեղծությունը հոն շատ զարգացած է:

Հայ ժողովրդի համայնքային բաժանումների մեջ ակնառու դիրք և անուն ունեցող ինքնատիպ դեմք է ակնցին։ Նա մտքով ճկուն է ու հնարամիտ, ձեռներեց և աշխատասեր։ Բարվոք օրերում նրա ապրելակերպը շռայլ է ու փարթամ, բայց հաշվենկատություն է ցուցաբերում` աչքի առաջ ունենալով ապագան, և այստեղից բխում է նրա հայտնի խնայասիրությունը։ Վայելչասեր է, երբ ունի, բայց նաև համակերպվող, երբ զրկանքի օրերն են վրա հասնում։ Իր ընտրած գործի ասպարեզում ստեղծագործ թռիչք է դնում` բարձրագույնի հասնելու ձգտումով, բայց նաև համբերող ու հպարտ է, ձախողանքի ժամանակ չի ստորանում, անպատիվ քայլեր չի անում։ Լավ ապրուստի ու ոսկու պաշտամունք ունի, որոնց տիրանալով` շռայլորեն, անխնա աջուձախ սփռում է ազգին, հայրենակցին և տեսնելով դրանցից օգտվողներին` մեծ մարդուն վայել հպարտանք է ապրում։

Հայ առևտրականի խանութը հաճախ տոնավաճառ էր հիշեցնում, ուր կարելի էր ամեն ապրանք գտնել։ Գլխավոր հաճախորդը քուրդ գյուղացին էր, որ այդտեղից ամեն ինչ գնում էր` փոխարենը տալով ցորեն, կարագ, պանիր և այլն, շատ անգամ էլ տոկոսով փոխառություն էր վերցնում։ Հայ առևտրականը կամ փոխատուն գանձման համար քրդական գյուղեր էր գնում ձմռանը, այսինքն` այն ժամանակ, երբ քուրդ հողագործն արդեն իր բերքը վաճառել էր և պարտքը մարելու համար դրամ ուներ։
Ակնում արտադրություն գոյություն չուներ, կային միայն արհեստներ` կոշկակարություն, դերձակություն, կահագործություն, մանուսայագործություն, պղնձագործություն և այլն, որոնցից գրեթե բոլորը հիմնել էին հայերը։ Պատրաստվում էին ամեն տեսակի իրեր` բացառապես տեղական կարիքները բավարարելու համար։ Գործվում էին բամբակե և մանուսա կոչված մետաքսե կերպասներ, ինչպես նաև յազմա։ Զարգացած էր նաև մորթու, մուշտակի և կաշվի պատրաստումը։ Սակայն չկային որակյալ կերպասե ու մետաքսե կտորեղեն, սպիտակեղեն, շաքար, օճառ, լուցկի, մոմ և այլն. սրանք ներմուծվում էին Կ. Պոլսից և հատկապես Հալեպից։
Ակնցի բազիրգյանները ¥կամ, ինչպես նրանց անվանում էին, հալեպվորները¤, գարնանամուտին, գոտիների մեջ ոսկի լցրած, քարավան կազմելով անցնում էին Մալաթիա - Բեսնիեն - Այնթապ ուղիով և 20-25 օր հետո հասնում Հալեպ։ Այստեղ գնված ապրանքները բարձում էին ուղտերի վրա ու քարավաններով վերադառնում Ակն։ Երբ կանգ էին առնում քաղաքի գերեզմանատան մոտ ու հակերն իջեցնում, իսկույն շրջապատվում էին հարյուրավոր բնակիչներով, որոնք գնում էին այլազան ու ակնահաճո մետաքսե կերպասներ, կենցաղային իրեր, սպասք և այլն, և այլն, որոնք բերվել էին հեռավոր, առասպելական քաղաքից։
Գյուղերի բերքը և քաղաքի առևտուրը, սակայն, ի վիճակի չէին բավարարելու բազմածին և արագ բնական աճ ունեցող ակնցիների պահանջարկը։ Այդ պատճառով տղամարդիկ սիլա էին գնում, այսինքն` պանդխտության էին դիմում Անատոլիայի խոշոր քաղաքներ և հատկապես Կ. Պոլիս։
Պատանին մեկնում էր հազիվ նախնական ուսումն ստացած։ Բախտավոր էր համարվում նա, ով մայրաքաղաքում արդեն բնակություն հաստատած հայր, եղբայր կամ մերձավոր ազգական ուներ, ում մոտ առևտուր էր սովորում։ Եթե այդպիսի մեկը չկար, ապա որոշ ժամանակ աշակերտություն էր անում հայրենակից առևտրականի կամ արհեստավորի մոտ, մինչև ի վիճակի լիներ սեփական գործ հիմնելու։ Հազվադեպ էր լինում, որ ակնցի երիտասարդն աշխատեր որպես հասարակ բանվոր, ինչպես մշեցիներն ու այլ գավառացիները։ Ակնցու մեջ զարգացած էր ինքնուրույն գործելու ու նախաձեռնողականության ոգին, այնպես որ ուշ թե շուտ նա տեր էր դառնում անձնական գործի` սեղանավորության, թապլաքյարության, մանրավաճառության, կոշկակարության և այլն։
Հաճախ, երբ պատանին 18-20 տարեկան էր դառնում, նրան ամուսնացնում էին և պսակադրությունից անմիջապես հետո սիլայության ուղարկում։
Սիլա գնացողը մի քանի տարի Կ. Պոլսում մնալուց և 50, 100, 200 ոսկի, երբեմն էլ ավելի խոշոր գումար տնտեսելուց հետո վերադառնում էր հայրենիք` իր վաստակածը ընտանիքի հետ վայելելու։ Իսկ երբ խնայված գումարն սպառվում էր, կրկին ձեռքն էր առնում ցուպը` պանդխտի կյանքը վերսկսելու համար։ Նրանք, ովքեր կարողանում էին Կ. Պոլսում բարգավաճ գործ հիմնել, Ակնից բերել էին տալիս իրենց ընտանիքները և վերջնականապես բնակություն հաստատում մայրաքաղաքում։
Սիլայի մեջ գտնվողներն ապրում էին խաներում ¥Վեզիր խան, Մերջան Ալի փաշա խան, Բահչելի խան և այլն¤։ Նրանք, ովքեր նյութական բավարար միջոցներ չունեին կամ ծայրաստիճան խնայող էին, երկու, երեք, երբեմն էլ չորս հայրենակիցների հետ միասին ապրում էին մի սենյակում և կենցաղային աշխատանքները բաժանում մեկմեկու միջև։ Այդ ապրելակերպը տևում էր այնքան, մինչև պանդուխտը կամ հայրենիք էր վերադառնում, կամ էլ կնոջն ու զավակներին բերելով` հաստատվում Կ. Պոլսում։
Խիստ բազմաթիվ են այն ակնցիները, ովքեր մասնավորաբար XVII-XVIII դդ. մայրաքաղաքում առաջնակարգ դիրքի են հասել։ Նրանցից շատերը, ինչպես Յաղուպ ամիրան, Շնորհք ամիրան, Տատյանը, Ճեզայիրլյան ամիրան, Ջանիկ ամիրան, Նորատունկյանը, Պետրոս և Մկրտիչ ամիրա Ալեքսանյանները, ակնցի էին կամ ակնցիական ծագում ունեին։ Այս ընտանիքները որպես ամիրա դադարել են գոյություն ունենալուց կամ կորցրել են իրենց կարևորությունը։ Բայց նրանց հաջորդել է ակնցիների նոր սերունդ, որը ձեռներեցությամբ, առևտրական հմտությամբ և անհատական հատկությունների շնորհիվ նյութական ու բարոյական փայլուն դիրքի է հասել թե Թուրքիայում և թե Եվրոպայում ու Ամերիկայում։

1559 թ. Պոլսում հիշատակվող ոմն Իսկենդեր ամիրայից հետո, մայրաքաղաքում հաստատված ակնցիների համայնքի մասին առաջին գրավոր արձանագրությունը 1612 թ. տալիս է պատմիչ Գրիգոր Դարանաղցին, վկայելով, որ Պոլսի ստվարաթիվ ակնցիներն այնքան ազդեցիկ ու բարձր դիրք զբաղեցնող էին, որ Ակնում ինքնուրույն թեմ ստեղծելու որոշում ընդունել տվեցին։
Երկրորդ արձանագրությունը վերաբերում է 1628-1631 թթ. Պալաթիայի Սբ. Հրեշտակապետ եկեղեցու կառուցմանը, որին եռանդուն մասնակցություն են ցուցաբերել ակնցի ամիրաները։ Իսկ 1634 թ. եկեղեցուն զանազան ընծաներ են նվիրաբերել Բակլաճի Ղազարը, խոջա Հովհաննեսը, խոջա Պարոն Լուսը, Փամբուխ ու Կիրակոս խոջա եղբայրները, Տեր-Հակոբի եղբայր խոջա Նահապետը, ՈՒզուն Փանոսը, խոջա Բահադուրը, խոջա Մարգարը, Նուրումեն, խոջա Հակոբը և այլք։

Թուրք պաշտոնյաներից յուրաքանչյուրը, սկսած մեծ վեզիրից, ուներ իր ֆինանսական գործակատարը` վաճառապետը կամ սեղանավորը, հարկ եղած ժամանակ պահանջված գումարները հայթայթելու կամ ծախքերը կատարելու գործառույթով և ամեն կերպ իր ղեկավարի համար դրամ ճարելու իրավունքներով։ Այդ իրավունքները կարգուկանոն, չափ ու սահման չունեին։ Արդարությունը խեղել, պաշտոնները վաճառել, անիրավությունը սաստկացնել և նմանօրինակ գործերը վաճառապետների ձեռքով էին կատարվում, որոնք ոչ միայն իրենց հովանավորին էին հարստացնում, այլև իրենք էին օգտվում, ու երբ հովանավորը բարձր դիրքի էր հասնում, իրենք էլ ըստ այնմ ազդեցություն և իշխանություն էին ձեռք բերում, որի հետևանքով ազգային շրջանակում նրանց կամքը վճռորոշ էր դառնում։ Բայց քանի որ պետական պաշտոնյաների դիրքն անկայուն էր, և անակնկալ պաշտոնանկություններն ու ոչնչացումները սովորական բան էին, ապա ազգային մեծամեծներն էլ նույն բախտին էին արժանանում, և քիչ չէին գլխով ու գույքով պատասխան տվող, իրենց ղեկավարի անիրավությունները քավող, տապալվող ու ոչնչացվող հայերի օրինակները։

1915թ. օգոստոսի դրությամբ Ակնից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 10200 հայ:

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ