Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զորավոր մտքի արգասիքը

Զորավոր մտքի արգասիքը
05.12.2014 | 11:50

(երկու… ո՛չ, երեք կամ յոթ խոսք Վաչագան Ա. Սարգսյանի և նրա «Կախարդական մասնիկներ. խաղ մեծերի և փոքրերի համար» քառագրքի առիթով)

Նորահնար հապավումներից ինձ ավելի սրտամոտ է ՎԱՍ-ը (Վաչագան Ադիբեկի Սարգսյան), պարզ, մտերմիկ մի այր, որը շուտ է հասկացել մի բան` աշխարհ ես եկել, պիտի ճանաչես քո եզերքը, նրա աշխատասեր, լավի ձգտումով, օրվա բերածով գոհ մարդկանց, սովորես, ջանաս, տքնես, արարես, շարունակես նախնիներիդ, հենց հորդ գործը` դարբնություն… Նա գրող է: Իսկ ո՞վ ասաց, որ գրելը նույն դարբնությունը չէ, նույն ռանչպարությունը չէ, նույն բնապաշտությունը չէ, նույն հայրենասիրությունը, մարդասիրությունը չեն (կարող ենք միասին շարունակել): Նրա զավակների տեսածը ծնողների չարչարանքն էր, նրանք խոսքը շշուկով էին ասում, որ չհալվի, երեխաներն իրար ձեռքից աշխատանք էին խլում, դասեր էին սովորում ու երկար էին նայում Սևանա ծովակին: Իմաստասեր ու խոսքաշեն պապերի օրհնանքով են Սարգսյան ընտանիքի զավակները մարդ դարձել: Տեսածն են սովորել, լսածն են մտապահել: Միայն իր շնորհիվ չէ, որ այսօր Վաչագան Ա. Սարգսյանը… հարյուր գրքով է սեղան նստում: Գոհ է Աստծուց, որ տվել, չի խնայել: ՈՒ լավն էն է, որ Աստծու տվածին խառնել է տոհմական աշխատասիրությունը: Հարյո՞ւր գիրք ասացի: Ոչ միայն ասացի, այլև արձանագրեցի: Հարյուրի մեջ մտնում են նաև թարգմանական տասը գրքերը և տասնմեկ դասագրքերը: (Մի երկու գիրք կից հեղինակներով:) Հարյուրին հասնելու համար գուցե մի երկու գրքի պակասություն զգացվի, ոչինչ, ներող եղեք, մինչև մեկ-երկու-երեք-չորս անելով հաշվենք` հեղինակը կհասցնի լրացնել «պակասորդը», իսկ եթե ավելցուկ լինի… Լավ գրքի ավելցուկ չի լինում: Մարդու նման ամեն մի գիրք իր արևն ու ճակատագիրն ունի: Իմ կրտսեր ընկերը բազմերակ, բազմաշերտ-բղխուն գրող է` մատը դրած օրվա երակի վրա` ցավը, երկրին, ժողովրդին պատած լավը իր սրտին առնող կրքոտ հրապարակագիր: Գերող արձակ` պատմվածք, վիպակ, ամեն ձևի ու թևի բանաստեղծություն. էն խառնիխուռն տարիներին, երբ սեփականաշնորհում բառը միանգամից գործի անցավ, Վաչագանին էլ բաժին հանեց, կրկնեմ, ասույթը որպես հասույթ, հետքերը կորցնելու կամ ավելի նկատելի դարձնելու համար ասույթը երևաց որպես ՎԱՍույթ… Ի՜նչ ՎԱՍույթ` հեղինակի գրքերը վերցրեք, «9-րդ հրաշալիքում» կամ ձեր ցանկացած տեղը տարեք կարդացեք ասույթ-վասույթային դիտարկումներն ու հորդացող, սթափեցնող, ահագնացող երգիծանք, ցավքաշը էլի մնում է գրողը… Էէէ՜, Պոետ, միտքդ պարզիր, տես` ինչո՞վ կարող ես օգնել: Քեզ օգնիր, պոետ: Օրը նաև հուշում է, թե ինչ անես: Երգող այբուբեն (արարման հաղթանակի բերկրանքն եմ տեսել` ժպիտի խրձեր երեսին: Ե՛վ նկարիչ է, և՛ հրատարակիչ, ուսուցանող է և վարքաբան: Տեսածս եմ ասում` հմուտ կապավոր է: Կապը սկսվում է մանկապաշտությունից, մտնում դպրոց, առաջին դասարան ու… նրանց հետ դու էլ բարձրացիր, սիրիր, որ սիրվես: Վաչագան Ա. Սարգսյանը ոչ միայն հրաշալի արձակ և չափածո գրքերի, այլև, որը շատ կարևոր է, նորից ասեմ, տասնմեկ դասագրքի հեղինակ է: Նա քաջ գիտի մեր քաղաքների, մարզերի, գյուղերի, դպրոցների ճանապարհները, և գլխավորը` ի՞նչ հարցով մտնել դպրոց, ինչպե՞ս բացել ամենուր իր առջև բացված դասարանների դռները: Ամենուր իր սիրելի ուսուցիչները և աշակերտներն ունի դպրոցասերը: Հոգսերը շատ են: Ինչ օգուտ տվեցիր դպրոցին` ուսուցչին, աշակերտին:
Նա լեզվաբան է, մաթեմատիկոս, դպրոց էլ չմտնի, կոչումով ուսուցիչ է, ուսուցանող և… սովորող:
Չի կարելի չկարդալ ՎԱՍ-ի հիմնադրած-խմբագրած «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը, որը պարզ-տխուր պատճառով է լույս տեսնում տասն օրը մեկ: Թերթի ամեն մի համարը հիշեցնում է ազգ, ընտանիք, դպրոց, քո մարդ լինելը, հայ լինելն է հիշեցնում, գիտելիքների շտեմարան է, ինչպես ասում են, ամեն մի ճաշակի ընթերցող իր ցանկալի նյութը կարող է գտնել, ճստիկ-պստիկ, 16-էջանի մեղվաջան էս թերթում: Ամեն անմիտ ու թեթևսոլիկ բաների, անորոշ որոշների համար երբեմն ոչինչ չի խնայում մեր հոգսաշատ պետությունը, որը, եթե խելք ունենա ու գլխի գցող լինի, ասել է` միջոց, գումար ունենա, տրամաբանությունը հուշում է, որ կորած տեղ չէ, տիրություն կանի էս, իրոք, հրաշալի թերթին, նաև դեմք ու դիմագիր ունեցող այլ թերթերի: Համո Սահյանն ասում էր` երգի հինը ո՞րն է, երգի նորը ո՞րն է: Ամեն ինչ` Հայաստան երկրի, իր ժողովրդի փրկության համար: Իշխանամետ, թե ընդդիմադիր, անդունդի եզրին կանգնած հայերս պիտի համախմբվենք, մուսալեռվենք, սարդարապատվենք, հայրենիքվենք, թե չէ, թե չէ… Քիչ է մնում ասեմ` վայն եկել մեզ տարել է: Սիրով ու հպարտությամբ եմ ասում` թերթի և ոչ մի համար, իհարկե, նաև ՎԱՍ-ական ստորագրությամբ ոչ մի հոդված, ասույթ, նկարելուկ, տասնուտասնյակ գրքերից և ոչ մեկը աննպատակ չեն աշխարհ եկել: Եվ թերթը ինչ լավ ու ազնիվ հեղինակներ ունի: Հաճախ գլուխկոտրուկ բաներ են տպագրում, բայց գործը չեն հասցնում գլխացավանքի: Ամեն մի հանդիպում մտորելու առիթ է տալիս ընթերցողին, զինում նրան գիտելիքներով, աշակերտներին կապում ապագայի հետ: Լավ հայերենի, լավ հոգեբանության տեր է մեր (իմ, լավ, ձեր ու իմ՝ ավելի ճիշտ` իմ ու ձեր) Վաչագան Ա. Սարգսյանը: Գյուղերից, անհայտներից իրենց համար ուսուցիչ-հեղինակներ է ճարում, դպրոցականներ է գտնում, քաջալերում նրանց, տեղ տալիս թերթի էջերում: Լեզվաբանը լեզվանի է դարձնում և՛ մանուկ բլբլացող-լսողին, և՛ նրանց շաղ տված թոթովանքներն է հավաքում ու բանահավաքել տալիս շա՜տ շատերին: Մեր երեխաներն են, է՜, կմեծանան ու կիմանան, թե ինչե՜ր են ասել:
Չմոռանամ ասել, որ տարիներ շարունակ նա հրաշագեղ բանիմաց տիկին Անահիտ Նավասարդյանի հետ հեռուստատեսությամբ վարում էր «Զարմանահրաշ հայերեն» գրավիչ, այո, շատ սպասված, թթվածնի պես անհրաժեշտ հաղորդաշարը (բառից, խոսքից ծնված զույգ էին): Իսկ դրանից առաջ Հանրային հեռուստատեսությամբ վարում էր «9-րդ հրաշալիք» հեղինակային հաղորդաշարը, որը շատ սիրվեց ու մնաց մարդկանց հիշողության մեջ:
Որդեգրած սկզբունք ունի` ամեն ինչ և հենց սերը, որ տածում ենք երկրի, հայրենիքի հանդեպ, սկսվում է տնից, ընտանիքից, դպրոցից: Դպրոցն սկսվում է ընտանիքից: Ընտանիքով են հաղթում: Ընտանիքը հայրենիքն է: Երկիրդ` եզերքից եզերք, այբուբենի նման պետք է փռես մատաղ սերնդի դեմ, աչքը լցնես լիությամբ ու հպարտությամբ ասես. «Քոնն է, զավակս, տիրություն արա, մի բան էլ դու ավելացրու, որ վաղը քո զավակին ավելի հզոր հայրենիք նվիրես»: Ցանկացած երկիր կարելի է քանդել, եթե կարողանաս քանդել նրա դպրոցը: Դպրոցը կամաց-կամաց, գողունի, ժպտալով քանդիր, որ բոլորին թվա, թե սարքում-կառուցում ես, սիրով ավերիր ու… երկիրն ինքն իրեն կքանդվի: Հաղթած ու հաղթանակած զինվորի պես է զգում, երբ դպրոց-ուսուցիչ-աշակերտ-ընտանիք ճանապարհին երևում են ոչ միայն իր կազմած դասագրքերը, այլև դպրոցական-ուսումնական գործին հրաշալիորեն տիրապետող մասնագետները։
Վաչագան Ա. Սարգսյանն իր բարեկամը, հարազատն է համարում նրան, էն ուսուցչին, գիտնականին, ով իր ուշքումտքով նվիրված է մատաղ սերնդի դաստիարակությանը, նրան, ով դասագիրք է ստեղծում: Հաղթում է դպրոցը, հաղթում է պետությունը: Ինչո՞ւ պիտի օտարը գա ու խորհուրդ տա, թե այ, էսպես ու էսպիսի գիրք պիտի կազմեք, էս թեմային պիտի տրվի էսքան ժամ և… նման լիքը վիրավորանք-անհեթեթություններ, ինչպես կյանքի մյուս բնագավառներում` ինչպես մշակել հողը, ինչպես կերակրել երեխային, երբ վարել, երբ ցանել, երբ հնձել։
… Լսեցի, որ գրչակից կրտսեր ընկերս, որի համար միշտ էլ թանկ է ժամանակը, ինքն իր ժամանակից… ժամանակ է խլել ու ինքն իրենից թաքուն իր պես-պես գրքերից թաքուն, գիրք է գրել: Առաջին գրքի ծննդին է էսպես անհանգիստ եղել, մեկ էլ… հիմա: Դե, ոչ թե անսովոր, այլ գյուտ-գիրք է, ավելի ճիշտ` գյուտի քառագիրք: Հեղինակն այդ քառագիրքը գրել է ինքն իրենից թաքուն, անցել է որոնման երկար ճանապարհ, բայց ոչ երբեք տառապագին: Պարզել է, որ ամեն ինչ ճիշտ է, իր գյուտն է, էլ պահի, անունն ինչ դնի: Գյուտ ես արել, լավ ես արել: Հանձնիր հայոց պատկան մարմիններին: Ըհը, դե սպասիր: Հավատա, որ արածդ գյուտը սիրով է ընդունվելու: Էդպես էլ եղավ: Ընդունվեց, ու ըստ կարգ ու կանոնի, գյուտը «թռավ» Ռուսաստանի Դաշնություն, ուր քննեցին, զննեցին, գլուխ գլխի տվեցին ու… Աչքներս լույս` գյուտի հեղինակ Վաչագան Ա. Սարգսյանն արժանանում է արտոնագրի: Ամիսներ տևած «արարողությունները» գաղտնի են մնացել, թե չէ տեսար մի բարեսիրտ բացբերանի պատճառով այն կարող է գողացվել-յուրացվել: Էնքա՜ն է պատահել:


Ցանկացա ծանոթանալ գյուտարար գրողի գյուտ-քառագրքին (ձեռագիր), համակարգչային շարվածք-նկարներին: Ասես հեքիաթ լինի. ոսկե ձկնիկը կատարում է իմ ցանկությունները: Չէ՛, երազ չէ: Եռլեզվյա գիրք է` հայերեն, ռուսերեն, անգլերեն. մտածում եմ` հայերենը կարդալու և շա՜տ շատ եմ հավանելու (նկարները նույնպես կարդացվում են): Հեքիաթ լիներ` ոսկե ձկնիկին կասեի` հենց քո երեխեքի խերն ու բարին տեսնես, ինձ անգլերեն սովորեցրու, ուզում եմ նաև անգլերեն կարդալ: Մի կախարդող ուժ բացում է քառագրքերը, որը լավ էլ անուն ունի. «Կախարդական մասնիկներ»: Հանկարծ խաղս բռնեց, մերոնք` լոռեցիներն ասում են` էդ լավ լուրը հենց իմացա, էդ բանը, որ իմ աչքով տեսա` տեղնուտեղը ուրխաղս բռնեց, մի ուրխա՜ղ եմ լինում, ի՜նչ ուրխաղ, որ դու էլ սուս: ՈՒրխաղս լավ էլ բռնեց, մեկ էլ տեսնեմ ծանոթանալու համար տունս եկած քառագիրքը դնում եմ ինձնից խռով, ինձնից ձեռ քաշած գրասեղանին (տարիներ շարունակ գործ չանողի վիճակն ի՞նչ կլինի. մնում է ուրախանալ ընկերների, հենց նաև անծանոթների արած լավագույն գործերով): Ինքս ինձ ասում եմ` Վաչագան Ա. Սարգսյանը ինձ միշտ է ուրախացրել: Էսքան կազմակերպված, իր պահվածքն ունեցող, իր խոսքի արժեքն իմացող հայեր շատ շատ են հարկավոր մեր ժողովրդին: Իսկական մտավորականի կերպար է: Մարդ, որ նաև զայրանալ գիտե:
Դու գործդ արա… ՈՒ մի պահ թվաց, թե գիրքը հյուր է, որ ցանկանում է սիրտը բացել քո առաջ: Գիրք է, մարդ է, ասում է` հոգի, սիրտ ունես դու, կարդա ինձ, հասկացիր ինձ: Կարդա, կարդա, երկար նայիր երկրաչափական մարմիններին, ավելի ճիշտ` պատկերներին, մոռացիր մի պահ էն ձեռքը, որ հմուտ դարբնի նման ընդամենը յոթ տեսակի տասներկու մասնիկներով կարողացել է կառուցել հայոց այբուբենի, ռուսաց այբուբենի, անգլերենի այբուբենի բոլոր տառերը, ստացել հարյուրավոր պատկերներ` կառույցների, փոխադրամիջոցների, զանազան իրերի ու սարքերի, մարդկանց, բույսերի ու կենդանիների:
Եվ լավն էն է, որ նախ… և՛ մտահղացումն է իրենը, և՛ իրագործելը, և՛ նախանկարները: Հեշտ բան չէ գյուտ անելը: Այո, եթե առաջին րոպեներին, ժամերին, հենց առաջին օրը վախենում էի, որ չորացած ուղեղիս, մտքիս, խելքիս բանը չէ, ապա օրեր հետո տագնապում էի` էս թանկ ձեռքգիրը, եզակի գյուտագիրքը ե՞րբ է կարողանալու հրատարակել: Մեկ էլ տեսար ռուսներն ու անգլախոս երկրներն առաջ ընկան: Պատահում է: Թող նման լավ բաներ պատահեն: Սա հրաշալի նվեր է և՛ մեծերի, և՛ փոքրերի, ասել է` ժողովրդի, ներկա դեպքում` ժողովուրդների համար: Այ, նման գյուտ-գրքերը պետությունը պետք է առնի հեղինակի ձեռքից ու տպագրի ցանկալի տպաքանակով: Թերթիր, շրջիր էջ առ էջ ու փորձիր զսպել հիացմունքդ` ինչպես է քո Ա տառը դառնում արծիվ, Բ տառը դառնում է բալ, կամ հարցրու քեզ` էս նա՞վ է, թե՞ Ն տառ, էս մոմակա՞լ է, թե՞ Մ տառ:
Էս ի՜նչ սքանչելի գործ է արել իսկական մանկավարժ-գրող-գիտնականը` գիտուն, բանիմաց, մտմտացող: Հիացմունքս չեմ կարող զսպել: Եռախոս (հայերեն, ռուսերեն, անգլերեն) էս գիրքը անգամ հոգնած ուղեղին միտք ու պայծառություն է հաղորդում, սովորեցնում է մտմտալ, որոնել: Բայց ինչո՞ւ խաղ-գլուխկոտրուկ կոչել մի կալվածք-գիրք, որն ավելի շուտ ուղեղ է շարժում, ինչպես ջրաղացքարը, երբ անցնում է աղուն աղալու իր պապենական գործին: Սա ազնվական խաղ է, հենց հանուրի խաղ, ունևոր-չունևորի խաղ, տառերը քեզ պարգևում են ոչ միայն ուրվապատկերներ, այլև գլխավորը` տրամախաչություն, ու թվում է, թե ամեն պատկեր ստանալուց հետո ակամա պետք է նայես վերև. ուրեմն նման բաց-գաղտնիքներ են եղել ու դու…
Շնորհակալություն, ուսուցիչ, իմաստուն դասաժամ-դպրոց գրքիդ համար, ազնիվ տքնանքիդ ու նվիրումիդ համար, տառերի ու թվերի համար նոր աշխատատեղ բացելու համար: Սա հին ու ազնիվ կավից հունցված-հյուսված գիրք է, իրոք, կախարդական, ու դու ոչ թե դարբնի որդի ես, այլ բրուտ` որդի բրուտի: ՈՒրեմն առաջ կավն է եղել, որ ծնել է իր բրուտին, հետո երկաթն է եղել, որ ծնել է իր դարբնին: Քառասուն ու ավելի տարիներ դու բրուտում ու դարբնում ես քո մտքերը, ամեն տառի ու բառի հետ, ամեն հնչյունի հետ սիրտ ու հոգի ես բացում, էնքան ու էնպես ես մտերմանում, որ երբեք գաղտնալսումներ չես անում, պարզապես որսում ես տառ ու բառի ձայնը, կանչն ու տառը արձանվում, կենդանանում է քո դեմ: Էդ մտերմությունից ծնվեց քո «Երգող այբուբենը», հիմա էլ` էս գյուտ-քառագիրքը, սիրելի Վաչագան: Խոստացած յոթ խոսքի փոխարեն էս երկու խոսքը սիրով ու դժվարությամբ գրեցի, որովհետև տկար է մարմինս ու անկար է միտքս: ՈՒ բնավ չմտածեք, թե նվաստս ցանկացավ իր անանուն անունը կապել քո անվան, գրքերիդ տեր լինելու համար միշտ պատրաստ Արտաշես Թադևոսյանի, Հրանտ Վարդանյանի անունների հետ: Դու հպարտ հայ ես, գլուխդ բարձր: Աչքերդ երբեք չես փախցնում և ոչ մեկից: Գիտեմ, որ ամաչում ես միայն քեզ ծնող մորից` քեզ ծնած Սևանից, քեզ ծնած բնությունից: Իսկ բնությունը մեր սերն է, մեր լեզուն է, մեր այսօր ու վաղն է: Օժտյալիդ տիտղոսները ասես քիչ էին, հիմա էլ՝ գյուտարար: Այո՛, լսում ես` ՎԱՍ-ը ինչ գյուտ է արել, է՜… Ձեռքս տանում եմ սրտիս:
Ներող եղեք, ամեն ինչ խառնեցի, ասելիքս չասի, չասելիքս առաջ եկավ:

Պինդկացեքյան մաղթանքով`
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Երկար տարիների աշխատանքի արդյունք հանդիսացող այս գյուտի մեջ կան և տքնաջան աշխատանք, և խորհրդավոր մի բան: Երկար փորձարկումներից, համառ գծագրումներից հետո հեղինակը` գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸ կանգ է առել բավականաչափ ճանապարհ անցած, մտքից ու հոգուց սնունդ առած, առաջին հայացքից պարզ թվացող այս լուծման վրա. քառակուսին բաժանել է 7 տեսակի 12 մասնիկների, որոնցով էլ ստացել է հայերենի, ռուսերենի, անգլերենի այբուբենների բոլոր տառերը, ինչպես նաև բոլոր թվանշանները և հարյուրավոր պատկերներ: Նշենք, որ տառերի այսօրինակ ներկայացումը նախադեպը չունի:
Այս այբբենական ուսումնական խաղ-գլուխկոտրուկը մարզում է միտքը, կամքը, զարգացնում երևակայությունը, տարածական պատկերացումները, ստեղծում երկարատև լարվելու կամային որակներ, նպատակասլաց դարձնում խնդիրների լուծման ճանապարհների որոնումը:
Նշենք, որ ներկայացվող աշխատանքն արտոնագրվել է որպես գյուտ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ:
Մնում է մի վերջին քայլ, որ այս մտահղացումը նյութականացվի և դառնա հասարակության սեփականությունը: Հուսանք, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կօժանդակեն այս գյուտը կյանքի կոչելուն:


Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Վերևում պատկերված ուղղաթիռը հավաքվում է ներքևում պատկերված մասնիկներից:
Դիտվել է՝ 20694

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ