Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հոր ու մոր սրտմտությանը համբերելը մեծ Աստվածպաշտություն է»

«Հոր ու մոր սրտմտությանը համբերելը մեծ Աստվածպաշտություն է»
05.12.2014 | 11:58

Նախկինում Արևմտյան Հայաստանում «Հարգիր ծերին, որ ծերանաս» բառերով սկսվող խալիներ էին գործում. գեղեցիկ նախշազարդերով ընդելուզված, իսկ մեջտեղում, որպես օջախի անդամներին ուղղված պատգամ, գրված էր հիշյալ նախադասությունը։ Ծերությունը յուրաքանչյուր մահկանացուի է սպասում, երբ նա տարիքն առնի ու մոտենա այս երկրային կյանքի ելքին:

Ծերերին հարգելու հարցը համամարդկային է, որ բոլոր ազգերն են փորձում լուծել յուրովի՝ ըստ իրենց ավանդույթների ու կրոնական սովորույթների: Օրինակ, աշխարհի շատ ազգերի հիացմունքը շարժող երկիրը՝ Ճապոնիան, ընտանեկան հարցերում «կաղում» է, նրանց բարքերը, մեղմ ասած, վայրի հեթանոսականից չեն տարբերվում։ Չնայած այդ երկրի կանայք համարվում են ամենաերկարակյացներից, բայց շատ ընտանիքներում ծերացած ծնողները բեռ ու ավելորդություն են համարվում, այդ պատճառով նրանց մոտ մեծահասակների ինքնասպանության դեպքերը ցավալիորեն շատ են։ Նույնիսկ այդ նպատակի համար Ճապոնիայում մի հատուկ բուդդայական վանք կա՝ Կատիձենձի անունով, ուր գնում են արդեն իրենց ընտանիքների անդամներից հալածված, հիվանդ ու ծերացած ծնողները, իրենց վերջին հանգրվանը գտնելու երանելի համարվող մահվան գրկում, որովհետև տեղի վանականները «մասնագիտացել» են անսպասելի ու արագ մահ խնդրող աղոթքներում։ Ասում են` ավտոբուսներով օրական 500-600 «ուխտավոր» ծերեր են գալիս այդ վանքը` «բարձրյալից» անտանջանք վախճան հայցելու համար։
Այդ հարցը առավել զազրելի է Հնդկաստանում, որտեղ առավոտյան աղբահավաքները կարող են հենց աղբակույտի կողքին տեսնել հիվանդ, ծերացած և դեռևս ողջ մարդկանց, որոնց բերել-թողել են հենց իրենց զավակները կամ հարազատները։ Սուրբ մայր Թերեզան, ով մոտ կես դար ծառայեց այդ երկրում, աշխարհին հայտնի դարձավ նրանով, որ այդ «անպետք» համարվող ծերերին ու երեխաներին հավաքում էր փողոցների աղբանոցներից և բերում իրենց վանք խնամելու։ Այս կարևոր հարցում վիճակը քիչ թե շատ բարվոք է, ինչքան էլ տարօրինակ լինի, Չինաստանում, ու, ըստ իս, նաև դա է այդ երկրի բարգավաճման պայմաններից մեկը:
Կայուն ընտանիքի հիմնահարցերից մյուսը ծնողների հանդեպ երիտասարդ ամուսինների վերաբերմունքն է։ Եթե Աստծո պատվիրաններից հինգերորդը` «Հարգիր, պատվիր քո ծնողներին, որպեսզի բարիք գտնես ու երկար օրեր տեսնես», պահեն, ապա Տերն էլ Իր խոստումը կպահի ու այդ ընտանիքին չի թողնի քայքայվել ու թշվառանալ, այլ բարօրության կտանի. և դա հաստատ այդպես է, քանի որ Խոստացողը մեզ Արարող Տերն է։ Հիմա երկու օրինակ ի հաստատումն ասվածի. երբ մի բիզնեսմեն հայորդու մասին լսեցի, որը մեծ հաջողությունների մեջ էր, չնայած այնքան էլ բարոյական կյանքով չէր ապրում, սկսեցի հարցուփորձ անել նրա կյանքի այլ կողմերի մասին, ու նրա մոտիկ ընկերն ասաց, թե այդ բիզնեսմենը չափազանց ծնողասեր զավակ է, նրա համար առաջնայինը ծնողներն են, հետո մնացածը։ Նույնիսկ անցյալ Ամանորին, երբ իմացել է, որ ծնողները մենակ են մնալու այդ օրը, թողել է իր ընտանիքը Մոսկվայում ու մի շաբաթով թռել, եկել է Երևան, որ ծնողների համար ուրախ Նոր տարի լինի։ ՈՒ հասկացա, որ Տերը Իր խոսքն է կատարում Իր այդ պատվիրանը պահողի համար։
Նույն բանն եմ տեսնում նաև իմ մեծ եղբոր ընտանիքում, ով մանկուց, ի տարբերություն մեզ (մենք չորս եղբայրներ էինք), միշտ հնազանդ է եղել ու պատվել մեր ծնողներին առավել, քան մենք։ Այժմ նա երեք տղա ունի, որոնք ոչ ծխում են, ոչ հարբում, ունեն ընտանիքներ ու երեխաներ և բավականին լավ ապրուստ։
Իսկ հակառակ դեպքում անառակ զավակներին այս խոսքի հետևանքն է սպասում. «Այն աչքը, որ արհամարհում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորի ագռավները պիտի հանեն, ու արծիվների ձագերը պիտի հոշոտեն նրանց» (Առակ. 30.17)։ Այստեղ ագռավներն ու արծվի ձագերը նաև հոգևոր իմաստ ունեն, որ նշանակում է` նման անառակ ու ամբարիշտ զավակների ընտանիքները Աստծո անեծքի տակ են մտնում, և դևերը պիտի նրանց հալածեն և դժբախտությունների հասցնեն։ Սա վերաբերում է նաև նորահարսերին, որոնք ամուսնու ընտանիքի անդամ են դառնում, քանի որ նրա հետ, ըստ Աստծո խոսքի, դառնում են մեկ մարմին, ուրեմն ամուսնու ծնողները դառնում են նաև քո երկրորդ ծնողները: ՈՒ շատ բարեպաշտ նորահարսեր հենց առաջին օրվանից նրանց մայրիկ ու հայրիկ են անվանում ու այդ ընտանիքի օրհնանքը վայելում: Բայց ի սկզբանե աշխարհը նաև մի չլուծված թնջուկ ունի, որ կոչվում է հարս ու սկեսուր, փեսա ու զոքանչ հարաբերություն, ինչի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են քայքայվել` որբերի ու դժբախտ ընտանիքների քանակն ավելացնելով: ՈՒ այս բոլորը մեկ պատճառով` վերը նշված Աստծո պատվիրանը չպահելու պատճառով:
Մայրս ժամանակին այս իրական դեպքն է պատմել։ Իրենց դպրոցի ուսուցչուհիներից մեկը ամուսնացրեց որդուն։ Շատ չանցած «հարսը» սկսեց չունեցած իրավունքներ բանեցնել ընտանիքում (գրում եմ չակերտավոր «հարս», որովհետև նա սատանայի կամակատարի վերածվեց)։ Եվ օր ու արև չտալով խեղճ սկեսրոջը, նրան հասցրել էր հուսահատության եզրին։ Մի անգամ, երբ «հարսը» գնալու էր հիվանդանոց, որ իր հերթական երեխային աբորտով սպանի, գնալուց առաջ ասել էր. «Երբ գնամ ու գամ, քեզ այս տանը չտեսնեմ, ուր ուզում ես գնա՛, կորի՛»։ Այս խեղճ ուսուցչուհին, որ ընդամենը մի աման ճաշի ու մի քնելու անկողնու կարոտ էր սեփական տան մեջ, հուսահատությամբ լաց լինելով, Աստծուն էր աղաղակել, որ իր հոգին վերցնի, քանի որ այլևս անհնար էր ապրել։ Բայց Աստված արդար ու ողորմած Դատավոր լինելով, գիտեր, թե հոգին վերցնելու հերթն ումն է, քանի որ «հարսը» իր մեղքերի չափը լցնելու էր գնացել։ ՈՒ նա, որ սպառնում էր՝ գնամ ու գամ, քեզ այս տանը չտեսնեմ, գնաց ու ինքը հետ չեկավ, այլ բերեցին. նա մեռավ աբորտի ժամանակ։
Այս հոդվածը գրելիս մեր փոստատարը թոշակս տուն բերեց, ու մինչ կստորագրեի, ասաց, որ վերևի թոշակառու ծեր կնոջ թոշակը տալիս նրա հարսները բողոքում էին ու ասում, որ թոշակը նրան չտամ, այլ իրենց, քանի որ ծերացած այդ կինը մոռանում է, թե ուր է դնում այն: Հասկացա, որ այդ երկու չակերտավոր հարսները ամեն բան անում են, որ խեղճ կինն իր թոշակն էլ իրենց տա, չնայած ամուսիններն աշխատում են: ՈՒ առիթ գտնելով բարձրացա վերև։ Այդ խեղճ ու ծերացած կինը, մի հին ու մաշված խալաթ հագին, ցրտին նստած էր շենքի ընդհանուր պատշգամբում ու տխուր անորոշությանն էր նայում: Բարևեցի, հարցրի` ինչպես ես: Պատասխանը կարճ էր ու բովանդակալից, իր վիճակին համապատասխան. «Շան պես»: Շատ տխրեցի այդ պատասխանից, արդեն տասնյակ տարիներ նրան ճանաչելով, քանի որ «քարից հաց քամող» աշխատասիրություն ու եռանդ ուներ, շենքի մի փոքրիկ հողամասից անցած մութ ու ցուրտ տարիներին զավակների համար սնունդ էր հայթայթում: Այդ պահին աչքս ընկավ պատշգամբի ծաղկամանում աճած աշնանային գեղեցիկ ծաղիկներին, ու հարցրի, թե ով է աճեցրել, ասաց, որ ամռանն է տնկել, որ հաճելի լինի պատշգամբում նստողների համար: Ասացի նրան. «Գիտե՞ս, որ այդ ծաղիկների միջոցով մեր Արարիչ Տերը ասում է Իրեն լսողներին` «Ես քեզ սիրում եմ ու այս գեղեցկությունն եմ տալիս վայելելու համար»: Նա այդ խոսքերից անսպասելի ուրախություն ապրեց, որ այս աշխարհում դեռ կա Մեկը, որ իրեն սիրում է, և այդ ուրախությունը նրա աչքերից չվերացավ, մինչ զրուցում էինք: Այո՛, հարգելիներ, այն ծնողները, որոնք սեր ու գուրգուրանք տածելով մեծացրել են մեզ, հիմա էլ իրենք կարիք ունեն պատասխան սիրո ու հոգատարության, բայց շատ անառակ զավակներ այդպես էլ չեն տալիս իրենց որդիական պարտքը ու մնում են պարտապան թե՛ Աստծուն, Ով այդ ծնողների միջոցով մեզ կյանք է պարգևել, թե՛ ծնողներին, որոնք, մաշվելով ու տկարանալով, մեզ ոտքի են կանգնեցրել ու այս կյանքի համար նախապատրաստել: Այդ պատճառով Հովհաննես Երզնկացի վարդապետը հորդորել է բոլորիս. «Պատվե՛ք ծնողներին, որոնք Աստծուց հետո ձեր ծննդյան պատճառն են, նրանց ծերությանը խնամք տարեք ու նրանց հորդորներին հնազանդվեցեք, որպեսզի օրհնության արժանանաք»: Ասել կուզի` ծնողասեր երեխաներն օրհնվում են Աստծուց, իսկ ծնողատյացներն ու մեծերի նկատմամբ անբարեհոգիներն անեծքի են արժանանում: Իսկ Խրիմյան Հայրիկը լրացնում է վերն ասվածը. «Բազում պատճառներով ծնողները պատվի են արժանի. նախ, որ Աստծո պատկերն են և խորհրդաբար Աստծուն տրվելիք պատվին են արժանի, որպես ծնող, երկրորդ, քանի որ գործիք են Աստծո պատկերն ու նմանությունը մեզ վրա ձևավորելու համար, որովհետև առանց ծնողների Աստված ոչ հոգի է ստեղծում, ոչ էլ մարդ կազմավորում որովայնի մեջ»:
Այս խրատաշարը ավարտենք հայր Եվեգրի հորդորներից երկուսով. «Ծնողներից գոհացողը Աստվածասեր է»:
«Հոր ու մոր սրտմտությանը համբերելը մեծ Աստվածպաշտություն է»։
Իսկ Ավետարանում այս մասին մի դրվագ կա. «Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, և ասացին. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»: Նա պատասխան տուեց և ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով. քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը և մօրը». և ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի: Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլևս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով» (Մատթեոսի Ավետարան 15.2-5): Այսինքն, այս փարիսեցիները, զանց առնելով Տիրոջ պատվիրանը, իրենց ագահության պատճառով ասում էին, որ ծնողներին օգնության տրվելիք գումարը իրենց բերեն, որպես Աստծուն ընծա են մատուցում: ՈՒ հիշենք, որ այդ ժամանակ թոշակ ասվածը չկար, ու ծնողները, բառի բուն իմաստով, կախված էին մնում իրենց երեխաներից: ՈՒ այդ է պատճառը, որ Ավետարանում ամենաշատ «վայերն» ուղղված են փարիսեցիներին, որոնք խեղաթյուրում էին Տիրոջ պատվիրանները: Այդպես էլ բազում «վայ»-երի ու դժբախտությունների են հանդիպելու իրենց ծնողներին անարգող կամ չհարգող երեխաները. այս բանը թող յուրաքանչյուր ոք հաստատ իմանա, քանզի Տիրոջ պատվիրանն է անարգվել:
Այնպես որ, հարգելի ընթերցող, ընտանիքիդ բարօրության հարցերում նաև շատերից անտեսված այս կողմն էլ քննարկիր` քեզ համար կարևոր եզրակացություն անելով։
Եվ վերջապես, եթե ուզում ենք այս խառնակ ու վտանգավոր ժամանակներում մեր ազգային ու ընտանեկան դարավոր գենոֆոնդը անաղարտությամբ պահպանել, ապա համապետական և լուրջ ծրագրեր մշակելու ժամանակն է եկել` երբեմնի մեր ազգային հարստությունը՝ քրիստոնեական ընտանիքը վերականգնելու, առողջացնելու և զորացնելու հարցում։ Քանի դեռ հիվանդությունը համաճարակի չի վերածվել, պետք է դեմն առնող լրջախոհ ու կտրուկ քայլեր ձեռնարկել։ ՈՒ նմանատիպ ահազանգերը թող «ձայն բարբառոյ յանապատի» չվերածվեն, այլ յուրաքանչյուր հայորդի, իր հնարավորության ծիրում, սկսած սեփական ընտանիքից, իր կարողացածը գործադրի` արդեն ծերության հասած ծնողներին հարգելով ու պատվելով։
ՈՒ ինչպես խոստացել էինք սկզբում, խոսքն ավարտենք որդիներին ուղղված այս պատգամով. «Հարգիր ծերին, որ ծերանաս, որ երբ մեծանաս, դու էլ ուրախանաս»:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ