Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սյունյաց լեռների զավակն իր արվեստում ներդաշնակել է Հայոց աշխարհի բիբլիական գեղեցկությունը…

Սյունյաց լեռների զավակն իր  արվեստում ներդաշնակել է Հայոց  աշխարհի բիբլիական գեղեցկությունը…
05.12.2014 | 12:08

Ազգային պատկերասրահում բացվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը։
Բազմաժանր և հարուստ էքսպոզիցիան ամփոփում է գեղանկարչի գրեթե ամբողջ ստեղծագործական ուղին։ Սյունյաց լեռների զավակն իր արվեստում Հայոց աշխարհի բիբլիական գեղեցկությունը, իր հոգու պոռթկումները ներդաշնակել է դասական արվեստի նվաճումներին, ստեղծելով ուրույն մի աշխարհ, որտեղ մի պահ կարելի է պատսպարվել արտաքին աշխարհի աղմուկից, ավերիչ ուժերից և այլ ծամածռություններից։ Տեղին է Կոմիտասի հետևյալ միտքը. «...Մխիթարում եմ ինձ և ասում, որ կա բնութեան մէջ մի ազնիւ բան` գեղարուեստ, որն ամենքը մատչելի չեն, եւ հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը և հանգստութիւնը եւ զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնություններից» (Կոմիտաս, նամականի, Ե., 2009, էջ 107)։
Արվեստագետների կենսագրությունը, ստեղծագործական ուղին ընդունված է բաժանել երեք փուլի` վաղ, հասուն և ուշ («ոսկե աշուն») շրջանների։ Սա կարելի է համադրել մարդկային գոյության երեք փուլերի հետ, որոնք փիլիսոփա Սյորեն Կերկեգորը բնորոշել է որպես էսթետիկական, էթիկական և կրոնական փուլեր։ Գեղապաշտը (էսթետիկոսը) ինքն է ընտրում իր ուղին` վայելքներով լի կյանքը, պոետի խոսքով ասած. «Կին, գինի և վարդ»։ Սակայն երկար չի կարող տևել նման կյանքը, և վերահաս հուսահատությունը հանգեցնում է նրան էթիկական փուլի։ «Բարոյապաշտի» (էթիկոսի) վարքը ղեկավարվում է բանականությամբ և պարտքի զգացումով։ Սակայն այս ուղին էլ տևական չէ. նախորդ և ներկա վիճակների բախման պատճառով տեղի է ունենում ճեղքում դեպի հոգևորը, ինչը հանգեցնում է կրոնական փուլի։ Այստեղ գերակա է հավատը։ Մարդը գիտակցում է, որ ինքը կատարյալ չէ և Աստծո կարիքն ունի։
Ահա այս երեք փուլերն էլ ինչ-որ չափով արտացոլված էին Փ. Միրզոյանի ցուցահանդեսում։
Վաղ շրջանի գործերում գերիշխում են կիրքը, վայելքը, հեդոնիստական մոտեցումը կյանքին։ Դժվար է ասել, թե ինչի կվերածվեին ազատատենչ լեռնցու հզոր տեմպերամենտը, սրտի «հրաբուխը», եթե չլինեին Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում յուրացրած դասական զուսպ կանոնները, որոնք այդ հրաբուխի հրահեղուկն ուղղեցին ակադեմիական հունի և կառուցիկ ձևերի մեջ։ (Այլ կերպ՝ իր հարազատ Սիսիանի գողտրիկ (կամերային) Շաքի ջրվեժը Փարավոնի վրձնահարվածներից կգերազանցեր հզոր («սիմֆոնիկ») Նիագարան)։ Սկզբում Փ. Միրզոյանը հանդես եկավ որպես «կամերային» (սենեկային) նկարիչ-քնարերգու։ Նրա նախասիրություններն էին ինտիմ, մտերմիկ միջավայրը, ծաղիկներով նատյուրմորտը և «ծաղկանց քույրերի»` կանանց գեղեցկության «գովերգությունը»։ Ահավասիկ «Ելենան» (1972), «Լճակը» (1982), «Հարդարվելիս» (1986), «Մերկ կինը ինտերիերում» (1986) և այլն։ Հետագայում կնոջ առինքնող կերպարն ընդլայնվում է ու վերածվում ավելի շատ կանացիության ընդհանրական գաղափարի և դառնում է նկարչի արվեստի յուրօրինակ «լայտմոտիվը» («Հավերժ կանացին»)։ Ըստ Ֆրիդրիխ Շելլինգի՝ բոլոր գույների կատարյալ ներդաշնակությունը կնոջ մարմնի գույնի մեջ է։
Ահա այս բացարձակ գույնով է նկարիչը «գովերգում» կանացիությունն առհասարակ։ Պատահական չէ, որ 2011 թ. պատկերած կնոջ և ծաղիկների կտավը վարպետն անվանել է «Սիմֆոնիա»։ Սա գույների սիմֆոնիա է` համագույն, համանվագ, որն ինչ-որ տեղ հիշեցնում է Ռենուարի «սադափե շրջանի» համահունչ նկարները։
Նույնը կարելի է ասել «Մերկ կինը» (2013), «Սոնա» (2001), «Նազանք» (2013), «Զոհաբերություն» (2010), «Նարինեն» (2001), «Լույս և ստվեր» (1984), «Լոգանք» (2013) և այլ կտավների մասին։ Եվ հաղորդվելով Փ. Միրզոյանի այս «կիներգությանը», ակամա հիշում ես հանճարեղ կնամեծար Գյոթեի «Ֆաուստի» վերջին «ակորդը»` «միստիկ խմբերգը».
Պատրանք է ունայն
Կարճ կյանքը երկրի,
Երկինքն է միայն
Օրրան իղձերի։
Այնտեղ ենք հասնում
Մեր երազածին,
Մեզ վեր է հանում
Հավերժ կանացին։
Զարգացնելով գույների տեսությունը, որում մեծ ներդրում ունի նույն Գյոթեն, Վասիլի Կանդինսկին նկատում է. «Կապույտը տիպիկ երկնային գույն է։ Սաստիկ խորանալով՝ այն առաջ է բերում անդորրի տարր... Երաժշտորեն բաց կապույտը նման է ֆլեյտայի ձայնին, մուգ կապույտը` թավջութակի, ավելի ու ավելի մգանալով` կոնտրաբասի հիասքանչ հնչյուններին։ Կապույտի առավել խոր, հանդիսավոր հնչողությունը կարելի է համեմատել երգեհոնի թավ հնչյունների հետ... դեղիններով արված նկարը միշտ հոգևոր ջերմություն է ճառագում...» (Կանդինսկի, «Հոգևորն արվեստում», Ե., 2000, էջ 88-89)։ Ի դեպ, այդպես է «հնչում» նաև «Տիգրան Մանսուրյան» դաշնամուրով դիմանկարը, ուր գերիշխում է դեղին «տոնայնությունը»։
Կանդինսկու տեսությանը չեն հակասում, համահունչ են նաև «կապույտ» նկարները, օրինակ, «Լճափին» (1982), «Տիեզերքի աչքը» (2010), «Կապույտ երեկո» (2012), «Աստղաբույլը» (2010)։ Առավել երաժշտական կտավներից են կանանց պատկերող «Լուսնի սոնատը» (2011), «Էլեգիան» (2006) և «Մեղեդին» (2013), որտեղ կնոջ կերպարը դիտվում է, ընկալվում որպես մի մեղեդի։ Սա ասես արձագանքում է Պուշկինի հետևյալ տողերին. «Միայն սիրույն է զիջում երաժշտությունը, բայց և սերն էլ մեղեդի է»:
Նկարչի նուրբ լսողությունը զգացվում է նաև «Հայելիների արձագանքը» (2006) կտավում, որտեղ միաձուլվում են տեսողական և լսողական զուգորդումները, ինչը հիշեցնում է Ալբերտ Շվայցերի արվեստների համագործակցության տեսությունը։ Հիշյալ ցուցահանդեսը, ինչպես նաև մաեստրոյի ամբողջ արվեստը, ծաղկաբույր են, նկատի ունենք այն բազմաթիվ նատյուրմորտները, որտեղ «գործող անձինք» հենց «ժպտացող» ծաղիկներն են` հատկապես քրիզանթեմները։ Ինչպե՞ս չհիշես ծաղկապաշտ ճապոնացուն, որ ասում էր. «Ամեն ինչ աշխարհում տեսել են աչքերս, բայց կրկին վերադարձան դեպի ձեզ` սպիտակ քրիզանթեմներ»։ Մնում է ավելացնել` «փարավոնյան քրիզանթեմներ»։
Արվեստաբան Անուշ Հակոբյանը ևս Փարավոնի անցած ուղին բաժանում է երեք փուլի, սակայն գունային առումով։ Ընդ որում, առաջին փուլը նա բնորոշում է որպես «թանգարանային» կանաչի, շագանակագույնի, մուգ կապույտի և անսպասելի լուսային բծերի շրջան։ «Երկրորդ պայմանական փուլում տեղի ունեցավ գունապնակի կտրուկ փոփոխություն։ Այնպիսի զգացողություն է ստեղծվում, կարծես նկարիչը միանգամից բաց արեց բոլոր պատուհանները կեսօրին։ Նկարները միանգամից լուսավորվեցին...» (Փարավոն Միրզոյան, Ե., 2010, էջ 5)։
Եթե, ինչպես նշում է արվեստաբանը, երկրորդ փուլում նկարիչը լուսամուտները բացեց, ապա երրորդ փուլի մասին կարող ենք ասել, որ տեղի ունեցավ մի այնպիսի ժայթքում, որ կարծես, Ագռավաքարի ժայռեղեն դուռը բացվեց, և մեր աչքերի առջև հառնեցին «Ծովից ծով Հայաստանը» և ամբողջությամբ ազատագրված «Արցախը». այսպես են կոչվում Փարավոնի 2008-2010 թթ. շրջանում վրձնած մոնումենտալ նկարները։ Եվ այն, ինչ երբևէ կամ առայժմ հնարավոր չէ իրականում, արվեստն ի զորու է դարձնելու իրական. նկատի ունենք այն, որ «Արցախ» կտավում Փարավոնը զետեղել է նաև Արարատը, որն Արցախից չի երևում։
Ժամանակին նման մի պոռթկում է ունեցել ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն.
Թող որ ջլատվեմ ես,
թող փշրվի ողնաշարս,
Բայց Արարատը ես կշալակեի
Եվ սահմանն
հատելով, կբերեի ձեզ։
Ահա այսպես էլ ճախրուն, հաղթական` Փարավոնի արվեստը վեր է աշխարհագրությունից և ամեն տեսակի կաշկանդող սահմաններից։ Անհնարին է «մեկ հայացքով» ընդգրկել անընդգրկելին, ուստի ամփոփելով մեր խոսքը, նշենք, որ Փարավոն Միրզոյանի գրեթե կեսդարյա ստեղծագործական ուղու ընթացքը նմանվում է Կանդինսկու «եռանկյանը», որը շարժվում է առաջ և դեպի վեր, դեպի կատարելություն։ Ցուցահանդեսը դիտելիս կարելի է նկատել, թե ինչպես նկարիչը, մեկնարկելով «կամերային» ժանրերում, հետագայում հասավ մոնումենտալ «սիմֆոնիզմի», թե ինչպես փափկասուն տիկնանց «եդեմից», «Կատվի դրախտի» (1994) նեղլիկ, կիսախավար սենյակից, թռիչք կատարեց դեպի երկիր դրախտավայր` «Ծովից ծով Հայաստանը»։ Թե ինչպես էսթետիկական և էթիկական փուլերից վեր խոյացավ դեպի ոգեկանություն, դեպի հոգևորի միստիկ ոլորտները, «սովետական կայսրությունից» դեպի «Աստծո արքայություն»... Սա են վկայում վարպետի հետևյալ գործերը` «Պատարագ» (2012), «Թափոր» (2014), մոլորակաձև «Հայաստանը» (2011), «Արարման 7-րդ օրը» (2014), «Պատարագ» (2012), նկարչի «վարիացիաները»` «Խորհրդավոր ընթրիք» թեմայով, և վերջապես եռապատկերը` «Ծնունդ, Խաչելություն, Հարություն»։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Հ. Գ.- Ցուցահանդեսին Փարավոն Միրզոյանի նկարների «մեղեդին»` մերթ մեղմ, մերթ ալեկոծ «նվագակցվում» էր ֆլեյտահար Արմեն Ղուկասյանի «կախարդական սրնգով», Սամվել Խաչատրյանի «ծաղկավետ» հոբոյով և «Կեմ» անսամբլի մյուս երաժիշտների կողմից։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ