Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երկխոսության դժվարություններ» կան թե՛ Մոսկվայում, թե՛ Թեհրանում, և դրանք չտեսնելու տալը միամտություն կլիներ

«Երկխոսության դժվարություններ» կան թե՛ Մոսկվայում,  թե՛ Թեհրանում, և դրանք չտեսնելու տալը միամտություն կլիներ
09.12.2014 | 00:04

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցը և այնտեղ նրա արած հայտարարությունները փոքր-ինչ ստվերեցին տարածաշրջանում Ռուսաստանի մեկ այլ կարևորագույն քայլի արդյունքները։ Նոյեմբերի 29-30-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը այցելեց Թեհրան։ Այցի ժամանակը հաջող էր ընտրվել. «միջուկային գործի» շուրջ Վիեննայում կայացած բանակցությունների ձախողումից հետո Իրանում նվազել էին ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման և իրանական տնտեսության մեջ արևմտյան բիզնեսի արագ մուտքի պատրանքները։ Փոխարենը ռուս-իրանական համատեղ տնտեսական նախագծերի նշանակությունը, ընդհակառակը, մեծացել էր։ Բայց մինչ բուն այցի մասին խոսելը, որը, նախ և առաջ, գնահատելու և հող շոշափելու բնույթ էր կրում, հարկ է անդրադառնալ Մոսկվայի ու Թեհրանի հարաբերությունների ընդհանուր տնտեսական ֆոնին։
Սկզբի համար հիշեցնեմ, որ անցած տարվա դեկտեմբերին իր ամենամյա մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը հայտարարել էր. «Իրանը մեր առաջնային գործընկերն է տարածաշրջանում, դա մեր սկզբունքային ընտրությունն է, և մենք միտված ենք զարգացնելու հարաբերությունները»։ Այս խոսքերն ընդգծված ոգևորությամբ ընդունվեցին մեր երկրների մերձեցման ջատագովների կողմից` թե՛ Ռուսաստանում, թե՛ Իրանում։ Բայց, ինչպես հաճախ է լինում, քաղաքականության մեջ խոսքի ու գործի միջև միշտ որոշակի տարբերություն կա, իսկ իրանա-ռուսական հարաբերություններում այդ տարբերությունը նաև բազում խոչընդոտներ է պարունակում։ Արտաքուստ գործադրվող դիվանագիտական ու տնտեսական ճնշումը, որի պայմաններում գործում են Թեհրանն ու Մոսկվան, արտքաղաքական կողմնորոշիչների շուրջ Ռուսաստանի և Իրանի քաղաքական վերնախավերի ներսում ընթացող լուրջ բանավեճերը լրջորեն ազդում են երկու երկրների գործընկերային հարաբերությունների զարգացման տեմպերի վրա։ «Երկխոսության դժվարություններ» կան թե՛ Մոսկվայում, թե՛ Թեհրանում, և դրանք չտեսնելու տալը միամտություն կլիներ։
Այսպես, իրանական վերնախավերի մի մասը (ի դեպ, շատ ստվարաթիվ) համոզված է, որ Իրանի համար գերակա խնդիր են հաջող բանակցությունները միջուկային խնդիրների հարցում միջնորդների «վեցյակի» «արևմտյան մասի» հետ։ Քանի որ դա, նրանց կարծիքով, հնարավորություն կընձեռի վերացնելու իրանական էկոնոմիկայի զարգացման ճանապարհին եղած խոչընդոտները` պատժամիջոցները, որոնք հիմնականն են՝ ըստ նրանց։ Նման մոտեցման շրջանակներում այդ վերնախավերը, որոնք, այդուամենայնիվ, շոշափելի ազդեցություն ունեն գործող նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմի վրա, ենթադրում են, որ Իրանի մերձեցումը Ռուսաստանի հետ, ինչի ցանկացած դրսևորում բավական նյարդային արձագանք է առաջացնում Վաշինգտոնում, կարող է բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա։ Սակայն Թեհրանի ու Մոսկվայի երկխոսությունում առկա խնդիրների իրանական մասը բացառապես Թեհրանում «հակառուսական լոբբիի» գործունեությանը վերագրելը չափազանցություն կլիներ, քանի որ վերջին տարիներին թե՛ ռուսական իշխանությունների, թե՛ ռուսական կորպորացիաների քայլերը Իրանում Ռուսաստանի մասին պատկերացում են ձևավորել իբրև բացահայտորեն անհուսալի գործընկերոջ։ Այս կապակցությամբ չեմ հիշեցնի C-300 զենիթահրթիռային համալիրների հետ կապված պատմությունը, այս մասին շատ է ասվել։ Կան իրանական շուկա ռուսական ընկերությունների մուտքի նաև այլ, ոչ այնքան հայտնի ուղենիշեր, որոնք նույնպես բավական դառը նստվածք են թողել իրանցիների մեջ։ Օրինակ, 2009 թ. նոյեմբերին հուշագիր ստորագրվեց «Գազպրոմնեֆտի» և Իրանի ազգային նավթի-գազի կորպորացիայի միջև` Անարանի բլոկում համագործակցության վերաբերյալ։ 2011 թ. օգոստոսին Իրանը խզեց հուշագիրը` «բանակցությունների անհաջողություն» պատճառաբանությամբ։
Պակաս հատկանշական չէ նաև «Լուկօյլ»-ի հետ կապված պատմությունը, որն այսօր հաղորդում է «Իրանի հետ աշխատանքը վերսկսելու» իր մտադրության մասին։ 2003 թվականից «Լուկօյլ»-ը` նորվեգական «Statoil»-ի հետ համատեղ, Իրանում երկրաբանահետախուզական աշխատանքներ էր իրականացնում վերը հիշատակված Անարանի բլոկում։ Այդ նախագծում ռուսական ընկերությանն էր պատկանում 25 %-ը։ Աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին Ազարի և Շանգուլի նավթահանքերը։ Ընկերության ղեկավարությունը Իրանի իշխանությունների հետ քննարկել է հանքավայրերի համատեղ շահագործման հնարավորությունը, սակայն 2007 թ. «Լուկօյլ»-ը դուրս եկավ այդ նախագծից։ Ինչպես հաղորդում է այսօր ընկերության մամուլի ծառայությունը` «միջազգային պատժամիջոցներ մտցնելու պատճառով»։ Իրականում պատժամիջոցները ոչ թե միջազգային էին, այլ միակողմանի, որ Իրանի նկատմամբ սահմանել էին ԱՄՆ-ն ու ԵՄ-ը։ Սա բնավ էլ ամերիկյան իրանատյացության աստիճանից ռուսական ընկերությունների քաղաքական-կլիմայական յուրօրինակ կախման միակ դեպքը չէ։ Իսկ ռուսական բանկերի մասին, որոնք 2012 թ. վերջերից բացահայտ կարգով փաստորեն լիովին միացան իրանական ֆինանսական համակարգի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, միաժամանակ անտեսելով Կրեմլի դիրքորոշումը Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների նկատմամբ, դժվարին կացության մեջ դնելով Իրանի հետ առևտրական գործարքներով կապված հարյուրից ավելի ռուսական ընկերությունների, խոսելն անգամ ավելորդ է։ Ընդհանուր առմամբ, վերջին հինգ-յոթ տարում գործընկերային հարաբերություններն ընդլայնելու ռուս-իրանական փորձերի պատմությունը երկու հիմնական դաս է տալիս. 1. երկկողմ հարաբերություններում Վաշինգտոնին «մտիկ անելը» և ամերիկյան «հանդիմանությունից» վախենալը Ռուսաստանի և Իրանի վրա ֆինանսական, հեղինակության և քաղաքական կորուստներ են նստում, որոնք նույն Վաշինգտոնը ոչ մի պարագայում «ի նշան երախտագիտության» չի հատուցում, 2. մի ամբողջ շարք պատճառներով առևտրատնտեսական ոլորտում գործընկերությունը Թեհրանի ու Մոսկվայի միջև հնարավոր է միայն պետության ու կառավարության հովանավորությամբ` ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի։
Եվ ՈՒլյուկաևի Թեհրան կատարած այցի նշանակությունն այն է, որ Իրանի հետ համատեղ նախագծերի իրականացմանը հիմա խթան կհաղորդվի կառավարական մակարդակով։ «Իրանական նախագիծ» Ռուսաստանում դեռևս չկա։ Բայց «պայմանագրերի իրանական պորտֆելն» արդեն ձևավորվում է։ Այսօր այնտեղ առաջինն ու գլխավորը «Ատոմային պայմանագիրն» է։ Ռուսաստանը կշարունակի և՛ Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ հերթի, և՛ նոր ատոմակայանների շինարարությունը։ Այնուհետև հերթը կհասնի Ռուսաստանն ու Իրանը կապող «էներգետիկ կամրջին», որի շինարարության վերաբերյալ բանակցությունները այս տարի Իրանում արդեն վարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։ Խոսքը 8-10 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի մասին է, որը նախատեսում է 500 ՄՎտ ռուսական էլեկտրաէներգիա արտահանել Իրան, կառուցել նոր արտադրական կարողություններ և փաստորեն լիովին արդիականացնել իրանական բաշխիչ էլեկտրացանցերը։ Այդ պայմանագրի կասկածելի մասը, մեր կարծիքով, Ադրբեջանի մասնակցությունն է, որի տարածքով էլ տարանցվելու է էլեկտրաէներգիան։ Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբասովն արդեն հաղորդել է, որ «տեխնիկական տեսակետից Ադրբեջանը վաղուց է պատրաստ սկսելու Ռուսաստանից Իրան էլեկտրաէներգիայի տարանցումը իր տարածքով»։ Այո, «էներգակամուրջն» արդեն իրագործելի է տեխնիկապես։ Ադրբեջանի ու Ռուսաստանի էլեկտրացանցերը միացված են «Դերբենտ» և «Յալամա» էլեկտրաբաշխիչ ցանցերով։ Իր հերթին Ադրբեջանի ու Իրանի էներգափոխանակությունը կատարվում է հինգ գծով. «Պարսաբադ-I», «Պարսաբադ-II», «Աստարա», ինչպես նաև Նախիջևանի տարածքով` «Ջուլֆա» և «Արազ» 132-կիլոմետրանոց էլեկտրահաղորդման գծերով։ Դա նաև իրական «քաղաքական ապտակ» է Վաշինգտոնին, որը հանդես է գալիս որպես նախկին խորհրդային տարածության մեկ այլ էներգետիկ կամրջի` CASA-1000-ի «հովանավոր», որը համատեղ խնամակալությունից, սկզբունքային պայմանավորվածություններից և գեղեցիկ ձևավորված կայքից այն կողմ չի անցնում։ Խնդիրը միայն այն է, որ Ադրբեջանը, չնայած այս ու այն վերապահություններին, լրջորեն կախման մեջ է Թուրքիայից, ԱՄՆ-ից և... բնականաբար, Իսրայելից։ Եվ Իլհամ Ալիևը գրեթե երբեք չի հակառակվել այդ երկրների որոշումներին` նրան ուղղակի միշտ «զգաստացրել» է Իրանի կոշտությունը։
Եվ, վերջապես, «երկաթուղային պայմանագիրը», որը գնահատվում է մեկուկես միլիարդ դոլար։ Այն նախատեսում է Ռուսաստանի մասնակցությունը Իրանի երկաթուղիների արդիականացմանը, այդ թվում՝ դրանց մի մասի էլեկտրիֆիկացմանը, որը Իրանին հնարավորություն կտա նվազեցնելու երթևեկության ինքնարժեքը և մեծացնելու արագությունն այդ տեղամասերում։ Ի դեպ, այդ նախագծի շրջանակներում ընթացիկ տարվա փետրվարին տեղի ունեցան նաև բանակցություններ իրանցիների կողմից ռուսական ռելսերի ձեռքբերման շուրջ։
Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Նավթային մեծ պայմանագրին»` 20 մլրդ դոլար արժողությամբ և օրական 500 հազար տակառ իրանական նավթի մատակարարմամբ, որի դիմաց վճարումը կկատարվի ռուսական արդյունաբերական արտադրանքով ու ինժեներական ծառայություններով, ապա այն առայժմ իբր հետաձգվում է նավթի համաշխարհային գների հետ կապված իրավիճակի պատճառով։ Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի և ոչ անհայտ Ջեն Պսակիի նյարդային արձագանքը, որոնք դեկտեմբերի 1-ից Ռուսաստանին բարձրագոչ սպառնում են «նոր պատժամիջոցներով», եթե Մոսկվան ու Թեհրանը սկսեն իրականացնել «Նավթային մեծ պայմանագիրը», ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի և Իրանի մտադրությունները գնահատում են իբրև անսասան ու անշրջելի։
Կյանքի է վերադարձել մի նախագիծ, որի իրականացման հնարավորության հող էին Թեհրանում շոշափում ՈՒլյուկաևը և ներկա ուղևորության ընթացքում նրան ուղեկցող անձինք, և որի նպատակն է երկրների միջև արտաքին առևտրում փոխադարձ հաշվարկներ իրականացնելիս անցնել ազգային արժույթների։ Այս խնդիրը հեշտանում է նրանով, որ փոխադարձ հաշվարկների նման ձևի է պատրաստվում անցնելու Ռուսաստանը Չինաստանի հետ։ Բացի այդ, այս տարվա սեպտեմբերից իր գործունեությունն է սկսել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների նման ձևի մշակման աշխատանքային խումբը։ Ենթադրվում է, որ թե՛ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների անցումը, թե՛ այդ արժույթների` Ռուսաստանի և Իրանի կառավարությունների կողմից կարգավորվող դևալվացիան որոշակի չափով ընդունակ են նվազեցնելու տնտեսության ծախքերը նավթի գների անկման պայմաններում։ Ռուսական տնտեսության համար իրանական շուկայի հնարավորությունները, ամենազգույշ կանխատեսումներով, կազմում են 20-25 մլրդ դոլար։ Ընթացիկ ապրանքաշրջանառությունը, անցած տարվա արդյունքներով, կազմել է 1,59 մլրդ դոլար, ինչը 2012 թ. համեմատ կրճատվել է 31,5 տոկոսով։ Թվերը պերճախոս են. երկկողմ առևտրատնտեսական գործընկերությունը մի երկրի հետ, որը Վ. Պուտինն անվանել է «առաջնային գործընկեր տարածաշրջանում», վերջին երկու տարում, ըստ էության, ձախողվել է և այսօր բավական դեկորատիվ բնույթ է կրում։
ՈՒստի թվում է, ՈՒլյուկաևի այցի ընթացքում իրանական և ռուսական կողմերի ստացած տեղեկությունները, կառավարական պաշտոնյաների, ՈՒլյուկաևի իրանցի պաշտոնակիցների` Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Ռըզա Նեմաթզադեի և էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ալի Թայեբնիի ձեռք բերած նախնական պայմանավորվածությունները վերջապես կզսպեն այդ անկումը և նոր խթան կհաղորդեն երկու երկրների համար այնքան կարևոր տնտեսական նախագծերի իրագործմանը։ Նշենք, որ Իրանի տնտեսության համար ռուսական շուկայի հնարավորություններն առայժմ պարզ չեն նաև իրանցիներին։ Այսպես, դեկտեմբերի 2-ին Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրոութաջը հայտարարեց, որ անհրաժեշտ է զարգացնել առևտուրը Ռուսաստանի հետ, նա խոստովանեց, որ Իրանը չունի ռուսական շուկա դուրս գալու հատուկ ծրագիր։ Սակայն արդեն հայտնի է, որ Ռուսաստանին Իրանի արտահանական մատակարարումները կսպասարկի «Միր բիզնես բանկը» (Իրանի «Մելլի» բանկի մասնաճյուղը)։ Այսպիսով, իրանական արտահանողները վարկերի հետ կապված խնդիրներ չեն ունենա։ Ընդ որում, ռուսական կողմը իր բանկն է առաջարկել, և ներկայումս անհրաժեշտ համաձայնեցումներ են կատարվում բանկային ոլորտում ապագա աշխատանքի կազմակերպման նպատակով։ Այդուամենայնիվ, դեկտեմբերի 2-ին Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Վալիոլլա Աֆխամիրադը Իրանի առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի ներկայացուցիչների խորհրդի նիստում հայտարարեց, որ չնայած Իրանի ու Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերին, երկու երկրների միջև առևտրի ծավալը դեռևս անբավարար է։
Սակայն, մի շարք գործոնների ազդեցությամբ, Իրանը ևս կտրուկ ակտիվացնում է ոչ դեպի Արևմուտք կողմնորոշված իր տնտեսական քաղաքականությունը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 3-ին Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղու բացման արարողության ժամանակ (այն տեղի ունեցավ Ինչե-Բարուն սահմանային անցումում` երեք երկրների նախագահների մասնակցությամբ) նշեց այդ երկաթուղու առանձնակի նշանակությունը և ընդգծեց. «Այսօր մենք կարևոր քայլ արեցինք տարածաշրջանի պահանջարկի բավարարման և տարածաշրջանային պետությունների զարգացման ուղղությամբ։ Սակայն սա միայն առաջին քայլն է, և այն պետք է հետագա զարգացում ստանա»։ Նավթաքիմիական արդյունաբերության բնագավառի հայտնի մասնագետ, «Ջամ» նավթաքիմիական կոմբինատի մարքեթինգի ու վաճառքի տնօրեն Մոհսեն Ֆարահին դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ «Ջամ» կոմբինատը, գտնվելով «Հարավային Պարս» (Բուշերի նահանգ) հատուկ տնտեսական գոտում, ծրագրում է մեծացնել նավթաքիմիական արտադրանքի արտահանումը Թուրքիա, Ռուսաստան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներ։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի խոշորագույն գործընկերների ծրագրերը լայն են ու բազմակողմանի, թեև ոչ անվիճելի, եթե նայելու լինենք ավանդական մտածողության տեսակետից։ Եվ մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն տեղյակ լինել ռուս-իրանական պլանների մասին, այլև մասնակցել դրանց, այն մասով, որը համապատասխանում է մեր ազգային շահերին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ