Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Որքան էլ Պուտինը խոստումներ տա Ադրբեջանին, Ղարաբաղի հարցը եղել և մնում է հայ ժողովրդի լուծելիք խնդիրը

Որքան էլ Պուտինը խոստումներ տա Ադրբեջանին,  Ղարաբաղի հարցը եղել և մնում է հայ ժողովրդի լուծելիք խնդիրը
09.12.2014 | 11:03

Լենին-Աթաթուրք, Պուտին-Էրդողան. առաջին զույգ քաղաքական գործիչների վարած քաղաքականության արդյունքում միշտ մտաբերում ենք հայ ժողովրդին հասցրած վնասները, իսկ երկրորդ զույգ քաղաքական գործիչների ստեղծվելիք հարաբերություններով փորձում ենք ընկալել հայ ժողովրդին հասցվելիք հնարավոր վնասների չափը։
Այսօրվա Ռուսաստանը ֆինանսական, քաղաքական խոր ճգնաժամի մեջ է: Արևմուտքն իր անխոհեմ հակառուսական քայլերով Ռուսաստանին ստիպում է ծնկի գալ: Անկեղծ ասած, դա ապուշություն է, որովհետև հյուսիսային մենակյաց, հպարտ, ուժեղ կենդանու բնավորության հետ միշտ համեմատած ռուսին իրոք դժվար է հասկանալ: Ավելի լավ ռուսին, քան Չերչիլը, երևի ոչ ոք չի բնութագրել։ Ինչպե՞ս հասկանաս ռուսին, որը դրսում երեսուն աստիճանի սառնամանիքի պայմաններում կանգնած պաղպաղակ է ուտում: Իրոք, դժվար է հասկանալ: Եվ այսօր ոչ դասական իմաստով (նկատի ունեմ վանդակի չափերը) վանդակն ընկած Ռուսաստանը ոչ միայն համառում, այլև փորձում է…
Չկա մի օր, որ ռուսական հեռուստակայանները չցուցադրեն ռուսական ոգու դրսևորման ընդգծված ուժը՝ բանակը, իր բոլոր բաղադրիչներով՝ ռազմածովային, ցամաքային, հրթիռային ուժերով: Այդ ուժի ցուցադրումով Ռուսաստանը կարծես լկտիացած Արևմուտքին ասում է, տեղներդ վեր ընկեք և չփորձեք ինձ փորձության ենթարկել: Հիշեք Հիտլերին: Իսկ ռուս մարդու ոգին այսօր բարձրացնելու համար այդ նույն հեռուստաընկերությունները վեր են հանում ռուս զինվորին, ռուս թագավորին (կարծես թե նրանց մեջ ապուշներ քիչ են եղել): Մի՞թե այդ ապուշները չէին, որ Ռուսաստանի սահմանները սեղմեցին վերջին մի քանի տասնյակ տարում: Այսօր Ռուսաստանի բոլոր քաղաքական ուժերը արտաքին քաղաքական հարցերում միանշանակ պաշտպանում են Պուտինի վարած քաղաքականությունը: Այսօր ռուս ժողովուրդը հիմնականում միասնական է նախագահի հետ նույն հարցերում: Այսօր բոլորիս էլ պարզ է, որ պուտինյան ռուսական պետության բյուջեն տարիներ շարունակ կազմվում է հիմնականում հումքային ապրանքների վաճառքից ստացվող եկամուտների շնորհիվ: Պուտինն իր դրական դերը խաղացել է՝ կանխելով Ռուսաստանի մասնատումը: Բայց այսօր նրա պարագայում կիրառելի չեն շեքսպիրյան հանճարեղ խոսքերը՝ Մավրը կարող է հեռանալ, որովհետև նրա հեռացումից անմիջապես հետո Ռուսաստանի մարմինը որպես լեշ կգցեն գիշանգղների (ներքին և արտաքին) առաջ: Արժանին հատուցելով Պուտինին՝ կատարած ազգանվեր գործի համար, միևնույն ժամանակ չի կարելի խնայել նրան, չասելով՝ ի՞նչ էիր մտածում, երբ հույսդ դրել էիր միայն հումք ծախելու վրա: Մի՞թե տասնհինգ տարին բավական չէր Ռուսաստանը հումքայինից արտադրական երկրի վերածելու համար:
Մի՞թե կարելի էր այդքան երկար տարիներ Ռուսաստանի պես հարուստ երկիրը նստեցնել ասեղի վրա, ասել է՝ երկրի բոլոր հարցերի լուծումը կապել միայն նավթադոլարների հետ: Խորհրդային երկրի փլուզումից հետո բազմաթիվ ճառեր են արտասանվել, պլաններ կառուցվել, ուղերձներ հղվել: Պուտինի ուղերձը դաշնային ժողովրդին ո՛չ առաջինն է և ո՛չ էլ վերջինը: Բայց փաստը մնում է փաստ, որ հետխորհրդային երկրներում կատուն, անկախ իր գույնից, մուկ չի բռնում: Եվ մկներն այնքան են շատացել ու հզորացել, որ կատուն հոգնել է նրանց վրա վազ տալուց: Նույն վիճակն է նաև մեր երկրում: Դաշնային ժողովին պուտինյան ուղերձը տնտեսական հարցերում հերթական թոզփչոցի է: Երկիրը թալանած գողերը հենց թալանը երբեք հետ չեն բերի, որքան էլ Պուտինը ամնիստիա խոստանա: Որքան էլ Ժիրինովսկին ջանա խելոք մտքեր ասել, միևնույն է, նա քաղաքականության մեջ կմնա որպես խեղկատակ: Ռուսաստանն այսօր տնտեսական հարցերում խեղկատակային վիճակում է: Կհաջողվի՞ Պուտինին այդ հարցերում ակտիվացնել իր կատվին, ցույց կտա ժամանակը: Ճապոնիայի տարածքը մի Կասպից է, որտեղ անգամ թառափ չկա, էլ չասած՝ ուրիշ անբավ հարստություններ, որի բնակչությունն էլ համարյա չի զիջում Ռուսաստանին, և որի արտահանվող արտադրանքն էլ հիմնականում հիմնված է ներկրվող հումքի վրա: Իսկ եթե նշվածին ավելացնենք Երկրորդ աշխարհամարտում անչափ ծանր հետևանքներով նրա կրած պարտությո՞ւնը: Ամբողջ հետպատերազմյան ժամանակաշրջանում ճապոնացի գյուղացին սովից չմեռնելու համար աննկարագրելի ֆիզիկական աշխատանք էր կատարում իր փոքրիկ քարքարոտ սեփական հողի վրա և այսօր էլ նույնն է՝ համեմատության ոչ մի եզր չես կարող գտնել, իսկ տարբերություն որքա՜ն ուզես: Հավանաբար ամենամեծ տարբերությունն այն է, որ ռուսը միշտ զարգացնում է մկանները, իսկ ճապոնացին՝ ուղեղը: Դա էլ, ըստ երևույթին, կարելի է բացատրել վերուստ տրված հնարավորությամբ: Սակայն այստեղ կա մի խնդիր. ինչպե՞ս կարող է ռուսի միտքը ամենագնաց ուղարկել Լուսին ու այնտեղից գիտական ուսումնասիրությունների համար նյութ բերել, բայց չի կարող զարգացնել ոչ միայն սեփական սպառման համար արտադրվող, այլև արտահանվող բարձրորակ արդյունաբերական ապրանքներ: Ինչպե՞ս կարելի է ունենալ աշխարհում առկա սևահողերի մեկ վեցերորդը և գյուղատնտեսական ապրանքներ գնել, այն էլ Թուրքիայից: Կառուցվելիք հարավային հոսքի գազատարն արժե 15 միլիարդ եվրո (որի ցամաքային հատվածն արդեն կառուցվել է Ռուսաստանում), մի՞թե ճիշտ չէր լինի, որ այդ գումարները ծախսվեին ռուսական արդյունաբերության, գյուղատնտեսության վրա: Մայր ցամաքի հսկայական հարստությունները դեռ չօգտագործած՝ նա ձեռնամուխ է եղել Հյուսիսային օվկիանոսում նոր հանքավայրերի որոնմանը:
Արևմուտքը իսկապես կարիք ունի ռուսական գազի, նավթի, և փոխանակ նա գա Ռուսաստանի մոտ, Ռուսաստանն ինքն է ոտուձեռ ընկել, գազի խողովակները շալակն առած էստեղ-էնտեղ է վազում, թե ինձնից գազ առեք: Ո՞վ է Թուրքիան, որի վրա իր համար ճգնաժամային այս վիճակում Ռուսաստանն այսօր հույս է դրել: Իրոք որ պատմությունը կրկնվում է: Անցած դարասկզբին խորհրդային Ռուսաստանին օդի պես անհրաժեշտ էր իր միջազգային ճանաչումը: Տապալված և ծվեն-ծվեն եղած օսմանյան Թուրքիային սպասում էր աշխարհի երեսից վերանալը: Այդ բախտորոշ պահին հիշյալ երկրում հայտնվեց Աթաթուրք քաղաքական գործիչը, որին պետք էր զենք, փող՝ իր իշխանությունը հաստատելու և Թուրքիան կործանումից փրկելու համար: Եվ հայտնվեց այդ բարի քեռին, ի դեմս խորհրդային Ռուսաստանի: Ռուսաստանն այդ ժամանակ ինքն էր կարիքի մեջ, բայց Լենինը, որն իր նպատակին հասնելու համար միջոցների միջև խտրականություն չէր դնում, ձեռք մեկնեց Աթաթուրքին և հավատաց, որ Արևելքի մուսուլման ժողովուրդներին կուղղորդի դեպի սոցիալիստական հեղափոխության: Որքան էլ այսօր ոմանք ընդգծված ատելությամբ արտահայտվեն Լենինի մասին, հայերս, առավել ևս, չենք կարող ժխտել, որ նա հանճար էր, փիլիսոփա էր, տնտեսագետ, ռազմական քաղաքական ակնառու գործիչ էր: Որքան էլ այսօր նսեմացնեն, թե նրանք (բոլշևիկները) բռնազավթել էին իշխանությունը, մոռանում են, որ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (հետագայում՝ բոլշևիկյան) քսան տարի տևած անդուլ պայքարով, հեղափոխությամբ հասավ իշխանության: Եվ այդ իշխանությունը ձեռքում պահելու համար հինգ տարի դաժան քաղաքացիական պատերազմ մղեց, դիմագրավեց Անտանտի բոլոր ագրեսիաներին: Լենին կոչված հանճարեղ մարդը չարաչար սխալվեց Աթաթուրքի հարցում: Աթաթուրքն ավելի խելոք դուրս եկավ Ռուսաստան-Թուրքիա դիվանագիտական խաղից: Եվ վիրավորված այդ խաղում կրած պարտությունից, Լենինը Ստամբուլին միջազգային պոռնիկ անվանեց, իսկ երկու տասնյակ տարի հետո Ստալինը բացահայտ հայտարարեց, որ Թուրքիան մեզ խաբել է և պետք է վերադարձնի Կարսի պայմանագրով հանձնված հողերը: Այդ դիվանագիտական խաղում վերջին հաշվով պարտված Ռուսաստանը շատ բան չկորցրեց, կորցրեց հայ ժողովուրդը: Ճիշտ է, ճակատագրի բերումով, թե Ֆոն Պոպենի շատախոսության արդյունքում ԽՍՀՄ-ի սահմանին կուտակված երկու միլիոն թուրքական սվինը 1942-ին չմտավ պատերազմի մեջ, և պատերազմի ավարտին Թուրքիան հայտնվեց հաղթողների շարքում: Եվ 1921-ին կնքված Կարսի պայմանագիրը գործում է առայսօր: Թուրքիան երբեք չի եղել և չի լինի Ռուսաստանի բարեկամը, որովհետև Ռուսաստանը Թուրքիայից խլել է Ղրիմը, Սև ծովի կովկասյան ափերը, Բալկանները: Այսօր Թուրքիան մերժված է Եվրամիության կողմից, ԱՄՆ-ի խաղերն էլ վատ չի հասկանում: Եվ Էրդողանը դեմքով նորից դեպի Ռուսաստան է շրջվել: Էրդողանը Աթաթուրքից խելոք է, որովհետև իր առջև ունի նրա պատմական փորձը և 100-ամյա պատմության դասերը: Պուտինը Լենինից խելոք չէ բոլոր առումներով: Գուցե ոմանք մտածեն, թե իմ մեջ խոսում է հայկական էմոցիան, սխալվում են, իմ մեջ խոսում է անցյալի պատմության վերլուծողի միտքը: Եթե վաղը Թուրքիան ընդունեն Եվրամիություն, եվրոպական շուկան բացվի նրա առաջ, Աթաթուրքին ուղղված Լենինի խոսքերն այլ ձևով կարտասանի Պուտինը, ճիշտ այնպես, ինչպես ռուս մարդն անգամ եղբոր հետ խոսելիս, միայն ոչ բարձրաձայն, որովհետև Պուտինն ավելի զուսպ է, քան Լենինը, ավելի կշռադատված:
Պուտին-Էրդողան խաղում ո՞րն է մեր անելիքը: Այսօր մենք պետություն ենք և ունենք մեր սուվերեն իրավունքները: Եվրասիական միությանը միանալը մեզ համար ողբերգություն չէ, և երբեք չպիտի հավատանք, որ Ռուսաստանն իր շահը թողած պիտի մեզ պաշտպանի: Ասել և կրկնում եմ՝ հայերի և սերբերի անսահման նվիրվածությանը Ռուսաստանը միշտ ստորաբար է վերաբերվել: Այսօր էլ Պուտինը հարմար պահին կգնա այդ քայլին, և մեր ղեկավարությունը պիտի իր մեջ ուժ գտնի, անհրաժեշտության դեպքում նրան ոչ ասելու: Եվրասիական միությանը մեր անդամակցությունը ամենևին էլ երկաթյա շղթայով գամված մի բան չէ: Էն ժամանակ մեր սահմանները Ռուսաստանն էր տնօրինում, այսօր` ոչ: Եթե Պուտինը ցանկանում է Ադրբեջանը բերել Եվրասիական միություն, դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Վերջապես Ադրբեջանի հետ մեր հարցերը վաղ թե ուշ կարգավորվելու են: Ցանկացած պատերազմ ավարտվում է հաշտության պայմանագրով: Ադրբեջանի հոգեկան հիվանդ նախագահը հավերժ չէ: Որքան էլ Պուտինը խոստումներ տա Ադրբեջանին, Ղարաբաղի հարցը եղել և մնում է հայ ժողովրդի լուծելիք խնդիրը, որն արդեն կայացել է: Կարճ ժամանակում Իրանը դուրս կգա մեկուսացումից: Իրանական հարցում Ռուսաստանը կայուն գործընկեր չի եղել: Արևմուտքին պետք են իրանական նավթն ու գազը: Կախված Արևմուտքի վերաբերմունքից՝ Էրդողանը շուտով ցույց կտա իր թուրք էությունը։ Հայաստանը ստիպված կգործի իր շահերից ելնելով: Հավերժական բարեկամներ չկան աշխարհում:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ