Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բարերարների հիշատակի վերադարձը

Բարերարների հիշատակի վերադարձը
12.12.2014 | 00:48

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում տեղի ունեցավ հանդիպում գրող, հրապարակախոս Խաչատուր Դադայանի հետ, ինչպես նաև «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամի գործունեության` մասնավորապես 1933-1939 թթ. Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի կառուցման և ֆինանսավորման վերաբերյալ ցուցապատվանդանի բացումը: Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը: Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին` այս անգամ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Հայ տնտեսական մշակույթի տեսաբան, հրապարակախոս, առևտրատնտեսական բնույթի բազմաթիվ գիտական և հանրամատչելի հոդվածների և հոդվածաշարերի հեղինակ, «Իրատես de facto» թերթի մշտական հեղինակ Խ. Դադայանը, ծանոթանալով Գրիգոր և Կարապետ Մելքոնյան եղբայրների հայրենանվեր գործունեությանը, պարզել է Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի կառուցման հետ կապված և հանրության համար բացառիկ կարևորություն ունեցող այս փաստը, ինչը արժևորելով` ՀԱԳ տնօրեն Տիգրան Զարգարյանը բացման խոսքում նշեց. «Հուսով եմ` մյուս տարի դրսում կպատրաստենք փոքրիկ հարթակ, որտեղ քարի վրա կամ մուտքի պատին փակցված կլինի մասնաշենքի կառուցման վերաբերյալ ցուցանակ»: Այնուհետև տնօրենը հայ մշակույթին մատուցած ծառայությունների և գրական-հասարակական կյանքում ունեցած ավանդի համար Խ. Դադայանին պարգևատրեց Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալով:
Հայաստանի ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կազմակերպվել էին ցուցադրություններ` Մելքոնյան ֆոնդի հրատարակություններից («Հայերեն արմատական բառարան», «Հին Յերեվանը», «Հայոց լեզվի տեսություն», «Կոմիտասի ստեղծագործությունների անալիզը» և այլ գրքեր), ինչպես նաև Խ. Դադայանի բոլոր գրքերը («Հայեր և բանկեր», «Հայկական ծխախոտ», «Հայ վաճառականի արահետներով», «Ակնարկներ հայ վաճառականության պատմության», «10 կապիտալիստ», «Ալեքսանդր Մանթաշյանց» և այլն):
Ելույթ ունեցավ պատմաբան, հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը, ով թուրքերեն է թարգմանել Խ. Դադայանի «Հայոց առևտրատնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում XV դ.-1915 թ.» գիրքը: «Դա շշմեցուցիչ աշխատանք է, որն ազգի համար շատ կարևոր է` հասկանալու համար, թե հայ կապիտալն ինչպես է շրջանառվել այդ ժամանակահատվածում: Գրիգոր և Կարապետ Մելքոնյանների` արխիվից գտած փաստաթղթի հիման վրա արված լավագույն երախտիքի խոսքը այսօրվա ցուցանակի բացումն է: Եվ հետագայում դրսի կողմից տեղադրվող ցուցանակն էլ անցորդներին կտեղեկացնի, որ այս գրադարանը նաև այդ մարդկանց ֆինանսական աջակցությամբ է բացվել»: Իսկ Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն էլ, լինելով «Հայերը և Բաքուն», «Հայեր և բանկեր», «Վաճառականական պատմություններ», «Հայկական ծխախոտ» գրքերի խմբագիրը, գնահատելով Խ. Դադայանի վաստակը` խոսեց հեղինակի անուրանալի ներդրման մասին:
Իր շնորհակալական խոսքում Խաչատուր Դադայանն առավել հանգամանալից ներկայացրեց Մելքոնյան եղբայրների գործունեությունը և առհասարակ բարեգործություն երևույթը։


Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ