Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր հայտարարի գալուն քաղաքական առումով խանգարում է Հայաստանը՝ իր բազմաթիվ խնդիրներով»

«Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր հայտարարի գալուն քաղաքական առումով խանգարում է  Հայաստանը՝ իր բազմաթիվ խնդիրներով»
12.12.2014 | 00:54

«Իրատես de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-2014-ը՝ տարեսկզբին ու տարեվերջին, քաղաքական դաշտը փոփոխվե՞լ է, թե՞ նույնն է մնացել:
-Իհարկե, նույնը չի մնացել, տարեսկզբին քաղաքական դաշտում գործող ուժերի մի մասը իրեն ընդդիմադիր էր համարում, մի մասը՝ այլընտրանք, տարեվերջին բոլորը միասին իրենց անվանում են ոչիշխանական:
-Ո՞րն է տարբերությունը:
-ՈՒժերը, որ իրենց ընդդիմություն էին համարում, ընդունեցին խաղի այն կանոնները, որ առաջարկում էին իրենց այլընտրանք համարողները, իսկ հետո սկսեցին աֆորիզմներով դասակարգել քաղաքական դաշտը՝ ինչպես իրենց հարմար է:
-Նկատի ունեք «ընդդիմության ընդդիմությո՞ւնը»:
-Այո, որ որակվեց «իշխանության բարեկամ»: Ճիշտ նույն կերպ Ռոբերտ Քոչարյանը կարող է բացատրել՝ «Իմ վասալի վասալն իմ վասալն է»: Քաղաքական առումով՝ ոչիշխանությունը տարեվերջին պարզ դարձրեց, որ դավանում է նույն արժեքները: Այդ գործընթացները հանգեցրին ԱԺ-ում խոսուն միասնականությամբ (բացառյալ «Ժառանգությունը») ԵԱՏՄ պայմանագրին Հայաստանի անդամակցության վավերացմանը: Տարեսկզբին ձևավորվեց քառյակ, որը հետո դարձավ եռյակ. ՀՅԴ-ն, ինչպես միշտ, ճիշտ պահից դուրս եկավ ձևաչափից՝ զգալով, որ գործընթացներն առաջընթացի տեղ չունեն, իսկ տեղում դոփելը 100-ամյակը վաղուց բոլորած կուսակցությանը վայել չէ: Տարեվերջին հասարակությանն ակնհայտ դարձավ, որ իշխանական ՀՀԿ-ն, որ այսօրվա ամբողջ կառավարման համակարգի ու ստեղծված իրավիճակի պատասխանատուն է, իր ծրագրերով ու տեսակետներով բոլորովին չի տարբերվում ոչիշխանական ուժերից: Երկուսն էլ ունեն նույն արժեքները, կառավարման նույն մեխանիզմներն են օգտագործում՝ թե հանրահավաքներ անելիս, թե ընտրություններում, թե տեսակետները տեղ հասցնելու, թե հակառակորդներին որակումներ տալու մեջ:
-Հայտարարությունները, քվեարկությունները, հանրահավաքները հասարակությունն ընկալե՞ց բուն ենթատեքստով, թե՞ շարունակում է հավատալ խոստումներին:
-Հասարակությունը ամեն ինչ տեսնում ու գնահատում է: Աշխարհընկալման իրական փոփոխությունները սկսվեցին տարեկեսից՝ Հայաստանի սահմանային իրավիճակը, ապա հայկական ուղղաթիռի խոցումը պարզ դարձրին, որ մեր անվտանգության երաշխիքը մենք ինքներս ենք: Ո՞Ւմ էին ձեռնտու սահմանային միջադեպերը, ո՞ր երկրներն են ձգտում ռազմավարական համագործակցության Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ո՞ր երկրի իշխանությունն է խոսում Մինսկի խմբի անարդյունավետ լինելուց և փորձում այլ ձևաչափ ստեղծել: Հայ մարդու բնազդն ու բանականությունը չեն կարող ճիշտ եզրակացություններ չանել: Համոզված եմ, որ ԵԱՏՄ-ի պայմանագրին միանալուց հետո, առաջիկա մեկուկես տարում հասարակական մտածելակերպի փոփոխությունն ավելի ակնհայտ կդառնա: Այդ կառույցից, տնտեսական առումով, բացի թանկացումներից, քաղաքական առումով՝ բացի նշանակումներից, ռազմական առումով՝ բացի օրումեջ սահմանային միջադեպերից, այլ սպասելիք չկա ու չի կարող լինել: Մնացածը բառակուտակումներ են, քաղաքական բլեֆ, հրահանգ, որ կատարվում է փոփոխական հաջողությամբ:
-Իսկ այլընտրանքը ո՞րն է:
-Հայ մարդը էությամբ մշտապես ապագային միտված է, մի ոտքը դուրս դրած՝ կարողացել է դրսերում կարճ ժամանակում ոտքի կանգնել, հարստություն կուտակել, նաև Հայաստանին օգնել՝ թեկուզ տարին մեկ Համահայկական հիմնադրամին գումար փոխանցելով: Այդ նույն մարդը ներսում չի կարողանում ապրել ու աշխատել: Ինչո՞ւ: Որովհետև համակարգը սխալ է՝ մարդու դեմ է գործում, ոչ թե մարդու համար:
-Տարիներ շարունակ մեղադրանքը շրջանառվում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում չկա ընդդիմություն, այդպե՞ս է:
-Եթե քաղաքական գործունեությունը պայմանավորենք սոսկ նյութական միջոցներով, աշխատատեղերով, վարչահրամայական ռեսուրսներով, կա իշխանություն և ոչիշխանական ԲՀԿ, մյուսները բացարձակ կցորդ են, որ չունեն ռեսուրսներ, ներքին դառնությունը ներս արած՝ ուզում են այդ ռեսուրսներով ինքնապահպանվել, հակառակ դեպքում՝ չեն գոյատևելու: Ի տարբերություն իրենց՝ մենք գաղափարներ ենք առաջադրում ու համոզված ենք այդ գաղափարների ճշմարտացիության մեջ, մեր իրական տեսակետները չենք թաքցրել ու չենք թաքցնում՝ անկախ՝ մեզ մարգինա՞լ են համարում, փոքրամասնությո՞ւն ենք, թե՞ միտված ենք մեծամասնություն դառնալ: Ընդդիմություն կա ու լինելու է, մենք գոյություն ունենք ու գործում ենք՝ հրապարակելով ու պնդելով մեր տեսակետները ու մեր թիկունքում ունենալով ընդդիմադիր ժողովուրդ: Վերջին շրջանում առճակատումները հենց այս դաշտում են՝ իշխանություն-ոչիշխանություն դաշտում ընդամենը ռևերանսներ են ու միմյանց ասեմ-ասեսների մեկնաբանություններ: Թե իշխանությունը՝ արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ, թե ոչիշխանությունը իր հանրահավաքներում սլաքները ուղղում է մեր դեմ: Իհարկե, կա ընդդիմադիր ուժերի համախմբման խնդիր: Համախմբումը միանշանակ պիտի լինի գաղափարի շուրջ: Մարդիկ, որ Հայաստանի ապագան չեն տեսնում ԵԱՏՄ-ում, բավականին շատ են, ու ժամանակը միանշանակ մեր օգտին է աշխատելու: Իհարկե, երբ առաջին նախագահի մակարդակով փորձում են համոզել, որ ԵԱՏՄ-ից դուրս լուրջ վտանգներ կան, իսկ առաջին նախագահը հաղթանակ տարած նախագահ է, լուրջ գիտնական ու քաղաքական փորձառություն ունեցող, հասարակությունը պիտի մտածի, ու քաղաքական գործչի՝ հակառակը պնդելու ու հիմնավորելու, համոզելու իմ գործը շատ ավելի բարդ է դառնում: Բայց կա նաև դրականը՝ երբ այդ նույն քաղաքական գործիչը ասում է՝ ինչ վատ Իվանիշվիլի է, ժողովուրդը տեսնում է, որ իր Իվանիշվիլին հեչ Իվանիշվիլի չէ, երկու անգամ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանած, երկու անգամ Սերժ Սարգսյանին, նրանց հովանու տակ հարստացած մեկն է, որ հիմա էլ ազնվությունից, հայրենասիրությունից, մարդկանց սրտերից, հոգուց, բարոյականությունից է սկսել ելույթներ ունենալ:
-Հոկտեմբերի 10-ին համաժողովրդական շարժում հայտարարվեց, որ դեկտեմբերի 10-ին արդեն ոչ ևս է, իմաստը ո՞րն էր:
-Նույնն է, որ թզուկի անունը Չինար դնես, կամ գլուխգովանինը՝ Համեստ: Ինչո՞վ է համաժողովրդական: Ֆինանսական ու վարչական ռեսուրսով հանրահավաք անելո՞վ: Հազար անգամ այդպիսի «համաժողովրդական» հանրահավաք կարող է անել ՀՀԿ-ն:
-Ալարո՞ւմ են, որ չեն անում:
-Իմաստը ո՞րն է: Միևնույն է՝ ԲՀԿ-ի հանրահավաքից էլ, ի վերջո, շահում է Սերժ Սարգսյանը: Էռնեստ Հեմինգուեյն ասում էր՝ երբեք շարժումը գործողության հետ չշփոթեք: Այս շարժումը գործողություն չի պարունակում:
-Ռուս-թուրքական մերձեցումը սպառնալիքներ չունի՞ Լեռնային Ղարաբաղի հարցում:
-Թուրքիայից՝ որպես Ադրբեջանի շահերը սպասարկող պետություն, վտանգներ առանձնապես չեմ տեսնում: Երբ սկսում են սերտանալ ռուս-թուրքական հարաբերությունները, լուրջ վտանգներ են ստեղծվում: 70-միլիոնանոց Թուրքիայի և 140-միլիոնանոց Ռուսաստանի ընդհանուր հայտարարի գալուն քաղաքական առումով, Սիրիայից բացի, խանգարում է Հայաստանը իր բազմաթիվ խնդիրներով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Եթե նրանք ընդհանուր հայտարարի են գալիս, Հայաստանն ինչ-որ կորուստ ունենալու է: Դա են ցույց տալիս թե պատմական փորձը, թե ներկա գործընթացների տրամաբանությունը: Երկու երկրներն էլ ժողովրդավարության, մարդու իրավունքների վիճակի, աշխարհաքաղաքական իրենց տեսակետներով գնում են դեպի մեկուսացում, նման են իրենց նախագահների որակով, փորձում են ամբողջ աշխարհին պատերազմ հայտարարել, ու երբ թուլանում են՝ միմյանց կարիքն են զգում:
-Ռուսները հայտարարում են, որ իրենք ուզում են Ղարաբաղի հարցը լուծել՝ հակառակ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, որ չեն ուզում ու չեն ցանկանում: Այդպե՞ս է:
-Ո՛չ, թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան հակված են խնդրի խաղաղ լուծմանը, դա բխում է իրենց տնտեսական ու քաղաքական շահերից: Ռուսաստանը շատ քիչ լծակներ ունի Ադրբեջանի վրա, Թուրքիան արդեն Ռուսաստանի հետ խոսում է հավասարը հավասարի պես, մի քիչ էլ վերևից՝ դատելով Պուտին-Էրդողան վերջին հանդիպումից: Ղարաբաղի հարցի լուծումից հետո Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա զրոյանալու է: Մոսկվան շատ լավ հասկանում է, որ խնդիրը լուծվելուց հետո տարածաշրջանում իրավիճակ է փոխվելու: Եթե Ղարաբաղի խնդիրը լուծվում է, ռուսական զորքի ներկայությունը Հայաստանում դառնում է անիմաստ: Ռուսները փորձում են ներկայացնել, որ միայն իրենք են ցանկանում և ունակ խնդիրը լուծել, ի պատասխան արևմտյան վերլուծաբանների. նրանք ասում են, որ խնդրի լուծմանը խոչընդոտում է Ռուսաստանը:
-Այդ վերլուծաբանները նաև զգուշացնում են, որ ռուս-թուրքական հերթական մերձեցումը ուղղված է տարածաշրջանում Իրանի դերի մեծացման դեմ:
-Ցավում եմ, որ այդ թեման քիչ է քննարկվում փորձագիտական ու քաղաքագիտական մակարդակով: Սովորաբար երբ Արևմուտք-ԻԻՀ փոխհարաբերությունները դրական տեղաշարժ են գրանցում, թուրք-ռուսական հարաբերությունները սերտանում են: Եվ ԼՂ հիմնահարցի լուծման, և տարածաշրջանի տնտեսական ու քաղաքական այլ խնդիրներում Իրանը Հայաստանի ամենահուսալի հարևանն ու բարեկամն է եղել ու մնում:
-2015-ը ի՞նչ տարի է լինելու:
-ԵԱՏՄ-ի պայմանագրին միանալուց առաջ էլ մեր տնտեսությունը չէր ծաղկում, հիմա մեր երկրի քաղաքական գործընթացները շատ ավելի կախյալ են լինելու այդ միության անդամ երկրների գործընթացներից: Ես ԵԱՏՄ-ն միշտ համարել եմ քաղաքական: Եթե ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, Հայաստանը ԵԱՏՄ-ում անելիք չունի: Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելուց հետո մեզ մոտ անհամեմատ էժան են մաքսատուրքերը, քան ՌԴ-ում, ու հիմա պիտի նորից թանկացնենք: Սա հստակ հետընթաց է, որ իշխանությունները չեն կարող ժխտել: Փաստ է: Նույնիսկ Պուտինին պաշտպանող քաղաքական գործիչներն ընդունում են, որ Ռուսաստանում հնարավոր են և տնտեսական, և քաղաքական ցնցումներ: Տնտեսագետները առաջարկում են ռուսական ռուբլու գնից մի զրո հանել, երկուսը հանեք, ռուբլին դրանով չի արժևորվելու: Դեֆոլտը օրեցօր ռեալ է դառնում: Բայց մինչև դեֆոլտը Եվրասիական տնտեսական գոտուց դուրս կգան և Ղազախստանը, և Բելառուսը: Պատկերացրեք մի միություն, որից դուրս են եկել Ղազախստանն ու Բելառուսը և մնացել են Ռուսաստանն ու Հայաստանը: Ի՞նչ է անելու այդ դեպքում Հայաստանը: Այս հարցը պիտի մտահոգի թե քաղաքական դաշտին, թե իշխանություններին ու իրենց ջատագովներին:
-Ձեզ հետաքրքրում է, թե ով ինչպես պաշտպան կկանգնի Ռուսաստանի՞ն:
-Թե ոչիշխանականներից որն ինչ կասի, ես անգիր գիտեմ, ինձ հետաքրքրում է՝ վիճակից ինչպես պիտի դուրս գանք: Այն ուժերը, որ նման իրավիճակներում ասելիք ունեն և մինչև այդ իրենց ասելիքը բարձրաձայնել են, պիտի գործունեության լայն հնարավորություն ունենան ու կարողանան արագ համախմբվել, այդ ուժերն են, որ բանակցային ու աշխարհաքաղաքական լծակներն օգտագործելով՝ կարող են օգնել Հայաստանին ու հայ ժողովրդին: 2015-ին Հայաստանը իրական ժողովրդավարական արժեքներ դավանող, դեպի արևմտյան արժեքներ գնացող քաղաքական ուժերի կարիքն ավելի շատ է ունենալու: Կլինեն արտահերթ ընտրություններ, թե չեն լինի 2015-ին, թողնում եմ քաղաքական բախտագուշակներին, գելափական սոցիոլոգներին, մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչի: Հայաստանին միանշանակ փոփոխություն է պետք, հնարավորինս անցնցում: Հասարակությունը դա կարող է անել, ցանկացած գործողություն, որ հասարակության շահերից է բխում, սահմանադրական է: 2015-ին ու հետո մենք և մեզ նման մտածող ուժերը բազում անելիքներ ունենք:


Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ