Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արդյոք կասկածե՞մ Աստծո պատժելու զորությանը

Արդյոք կասկածե՞մ Աստծո  պատժելու զորությանը
12.12.2014 | 11:19

Զարմացած եմ, բայց ինքս ոնց որ ինձ չհավատամ. մենք բոլորս էլ հավատում ենք Աստծո գոյությանը, նույնիսկ վախենում ենք, որովհետև հավատացած ենք, որ Աստված պատժում է յուրաքանչյուր սպանություն, դաժանություն և այլ ծանր հանցագործություններ: Բայց օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ մարզում շարունակվում է եզդիների ցեղասպանությունը, իր բոլոր արհավիրքներով: Նույնիսկ հակաահաբեկչական պետությունների ղեկավարները հայտնում են, որ ԻՊ-ի դեմ պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, որքան «անհրաժեշտ է», մոռանալով, որ Շանգալի փախստականների համար այդ «անհրաժեշտ» ժամանակը կարող է նրանց վերջը լինել: Մի շարք երկրներ, ելնելով իրենց շահերից, ձգտում են, որ պայքարը ԻՊ-ի դեմ հնարավորինս խորանա և երկարաձգվի: Կան երկրներ, որոնք բավականին լավ հարաբերություններ ունեն ԻՊ-ի զինյալների հետ, չնայած պարզ գիտակցում են, որ ի վերջո նրանք էլ կարող են կործանվել ԻՊ-ի կողմից: Նույնիսկ ԻՊ-ից գնում են նավթամթերքներ, զենք ու զինամթերք իրենց հակառակորդների դեմ պայքարելու համար: Հաստատվել են փաստեր, որ ԻՊ-ն իրաքյան կողմից գնել է զենք ու զինամթերք, տրանսպորտային միջոցներ: Կան երկրներ, որ նույնիսկ ԻՊ-ին վերացնելու փոխարեն մտածում են Դամասկոսը դարձնել ԻՊ-ի մայրաքաղաքը: Մի՞թե շատերին շահավետ է ԻՊ-ի գոյությունը և Իսլամական խալիֆայության հաստատումը: Այս ընթացքում նույնիսկ արձանագրվել են հետաքրքիր փաստեր. հարևան երկրներում պատրաստություն անցած հակաիսլամական պայքարի ուսանող-զինվորներն ԻՊ-ի դեմ պայքարելու փոխարեն կամավոր այրում են ԱՄՆ-ի դրոշը և անդամագրվում են իսլամիստների շարքերին: Ցավոք, այդ բոլորը չեն ուզում տեսնել հակաիսլամական կոալիցիայի անդամ պետությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ։ Արձանագրվել են դեպքեր, երբ իսլամիստների դիրքերին օդային հարվածներ հասցնելու փոխարեն, օդից նետվել են զինամթերք և դեղորայք: Բազմաթիվ դեպքեր կան, որ ԻՊ-ի զինյալներն Իրաքի զինված ուժերից գնել են և այսօր էլ գնում են զինտեխնիկա և այլ տրանսպորտային միջոցներ: Ժողովրդի մեծ մասը չի հավատում իր երկրի ապագային, նրա պաշտպաններին, նրանք կամավոր համալրում են ԻՊ-ի շարքերը դրախտ գնալու, ինչու չէ, նաև լավ աշխատելու համար, ինչպես ԻՊ-ից աշխատավարձ ստանալու, այնպես էլ գրավված երկրների ժողովուրդներին թալանելու միջոցով: Փաստորեն, մնում է միայն ինչ-որ մարդիկ և պետություններ ողջունեն ԻՊ-ի հայտնությունը, և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նույնիսկ մի քանիսը պատրաստվում են «ճորտի» ամուր շղթաներ հագցնելու մեր ժողովրդի անմեղ ձեռքերին: Դաժան խավարը պատել է մեզ, կարծես կորցրել ենք զգոնությունը: ԻՊ-ի զինյալները դաժան են ու բռնակալ, իրենց ուժեղ են զգում, որովհետև դիմացինը մարդասպան չէ, իսկ նրանց թվում է, որ նրանք թույլ են: Ոչ, նրանք թույլ չեն, ուղղակի չեն կարող արհամարհել երկնային օրենքները, բարոյականությունը և դառնալ մարդասպան ու դահիճ: Մի՞թե այս վտանգը չի սպառնում մարդկային ցեղի գոյատևմանը և անվտանգությանը:
Իմանալու համար, թե ինչ է կատարվում, կարծում եմ՝ նախ պետք է հասկանալ, թե ինչպես հայտնվեցինք այս իրավիճակում, ու ստանալ շատ հարցերի պատասխանները, որն այսօր չունենք. ինչպե՞ս ի հայտ եկավ ԻՊ-ը, ո՞վ ստեղծեց նրանց, ո՞վ է հովանավորում, ո՞վ է ֆինանսավորում, ո՞վ է ղեկավարում: Եթե այս բոլորի պատասխաններն ունենայինք, գուցե շատ բան ուրիշ լիներ: Մենք դեռևս փորձում ենք լրիվ հասկանալ, թե ովքեր էին եզդիների ցեղասպանությունը կատարողները, մի՞թե միայն ԻՊ-ը։ ՈՒ եթե միայն ԻՊ-ն էր, ապա ուրիշներն ինչո՞ւ չկանխեցին, կամ ինչո՞ւ չեն վերացնում այդ չարիքը և չեն ազատագրում եզդիաբնակ Շանգալը: Մի՞թե ճիշտ են նրանք, ովքեր ասում են, թե շատերն ուզում են եզդի ժողովրդի «գլուխն ուտել»: Միանգամից ասեմ, որ 6000-ամյա պատմություն ունեցող եզդիները եղել են, կան ու կլինեն, անկախ այս կամ այն պետության, քաղաքական գործչի վարած քաղաքականությունից: Եթե մի քիչ կոպիտ արտահայտվեմ, ապա կարող եմ ասել, որ եզդի ժողովրդի ոչնչացումն աշխարհի կործանման սկիզբ կարող է լինել: Այստեղ մեր ժողովրդի թշնամիներին հիշեցնեմ, որ շատ ու շատ պատմաբաններ եզդի ժողովրդի հոգևոր առաջնորդարան Լալիշա Նուրանին «Աստծո դրախտ են համարել»: Ես հավատացած եմ, որ աշխարհի առաջադեմ մարդկությունն ամեն ինչ կանի պաշտպանելու համայն մարդկության և առավելապես արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը սրբությամբ պահպանող եզդի ժողովրդին:
Հավատացած եմ, որ Աստված կլսի մեր աղոթք-խնդրանքը և եզդի ժողովրդին կփրկի հերթական դաժան փորձությունից ու կպատժի բոլոր մեղավորներին: Շանգալի փախստականները կարծես կորցնում են հավատի ուժը: Իսկ մեր ժողովրդի կյանքում վաղեմի ժամանակներից ամենաահավոր անեծքը համարվել է հավատը կորցնելը:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ