ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ…

Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ…
12.12.2014 | 11:38

Այս հրապարակման վերտառության բացականչական խոսքերն անձամբ Հիսուսինն են, Ով արդեն իմանալով, թե ինչ դժբախտություններ ու ավերածություն են սպասում Երուսաղեմին, մեծ ցավով բացականչեց. «Երուսաղէ՛մ, Երուսաղէ՛մ, որ կոտորում էիր մարգարէներին և քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թևերի տակ, բայց չկամեցաք: Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չէք տեսնի, մինչև որ ասէք՝ օրհնեա՛լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մատթեոս 23. 36 39): Իսկ Երուսաղեմ եբրայերեն թարգմանվում է խաղաղություն, այսինքն, եթե Երուսաղեմն անխաղաղ է, ուրեմն թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր ոլորտում աշխարհում անխաղաղություն է լինում, այդ պատճառով Դավթի սաղմոսներից մեկում գրված է. «Երուսաղեմի համար խաղաղություն խնդրեք», քանզի դրանից նաև մնացածների համար խաղաղություն կլինի, ինչպես հին աշխարհի իմաստունները հասկանալով այդ, ասել են, որ Երուսաղեմը աշխարհի սիրտն է. եթե սիրտը խռովված է, ապա մարդու արարքներն էլ են այդպիսին։ ՈՒրեմն թող խաղաղություն լինի Աստծո քաղաքին՝ Երուսաղեմին: Քաղաք, ուր անձամբ Աստծո որդին է քայլել 33 տարի:
Ինչո՞ւ հիշեցինք այս մասին. որովհետև դարձյալ Երուսաղեմից է սկսվել անխաղաղություն թե՛ մերձակա ազգերի համար, թե՛ մեր սուրբ Էջմիածնի: ՈՒ ինչպես արդեն շատերն են տեղյակ, Երուսաղեմի նորընտիր պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Հայոց կաթողիկոսի ու մի քանի այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ ամբաստանագիր է տեղադրել սոցցանցերում ու անհարկի շահարկումների տեղիք տվել: Պատրիարքի այդ նամակին արդեն տրվել է համարժեք պատասխան («Իրատես de facto», թիվ 79)։ Ասել է՝ իմ նպատակն այլ է. ընթերցողին հանգամանալից ծանոթացնել Երուսաղեմի հայկական արմատներին, որպեսզի հասկանանք, թե Երուսաղեմն ինչ մեծ նշանակություն ունի հայերիս համար։ Որպեսզի ընկալենք՝ միջհամայնքային տարաձայնություններ ու հարաբերությունների սրացումներ էլի են եղել, Երուսաղեմի այժմյան Սուրբ Հակոբ տաճարի մի գավիթը այդ պատճառով նույնիսկ կոչվել է հակաաթոռ Սուրբ Էջմիածին:
Ընթերցողին տարբեր հրապարակումներով մենք արդեն ծանոթացրել ենք հայոց Երուսաղեմին, բայց քանի որ դարձյալ Երուսաղեմ-Էջմիածին հարաբերությունների լարվածություն է առաջացել, ապա հարկ ենք համարում կրկին անդրադառնալ այդ թեմային։
Նախ փաստենք, որ ամբողջ Երուսաղեմի հնագույն տարածքը այժմ բաժանված է չորս գլխավոր թաղամասերի, իրենց համապատասխան անուններով. Քրիստոնեական, Հայկական, Եբրայական և Արաբական: Ըստ էության, միայն երկու թաղամասեր են կոչվում տվյալ ազգերի անունով, իսկ մյուս երկուսը ընդհանրական են: Ինչևէ, Հայկական թաղամասում են գտնվում երուսաղեմաբնակ հայությունն ու մեր բազմադարյա սուրբ Հակոբյանց կոչվող վանքը: Հին Երուսաղեմի ոչ այնքան մեծ հողակտորում մեր վանքը ամենաընդարձակ տարածքն ունի՝ մոտ 150000 քառակուսի մետր: Այնտեղ, բացի սուրբ Հակոբյանց մայր տաճարից, կան նաև վանական շենքեր, մատուռներ, տներ և, իհարկե, մեր պատրիարքարանը, որի հինավուրց դահլիճների պատերից մեզ են նայում հայոց Երուսաղեմի անխոնջ մշակների` պատրիարքների յուղաներկ մեծադիր պատկերները: Քիչ հեռու այս աշխարհի հզորների` կայսրերի, թագավորների, թագուհիների և զանազան բարերարների դիմանկարներն են, որոնք ժամանակին այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Երուսաղեմի հայոց վանքի հետ: Ահա դրանցից մեկի պատմությունը. 1867 թվականին հայոց Երուսաղեմի հոգևոր խորհուրդը, ընդառաջելով Անգլիայի Վիկտորիա թագուհու խնդրանքին, Եթովպիայի Թեոդորոս թագավորի մոտ որպես միջնորդ է ուղարկել երկու հայ վանականների՝ մի գերված անգլիացու ազատ արձակելու խնդրագրով: Իսահակ Բաբերդցի եպիսկոպոսի գլխավորությամբ երկուհոգանոց պատվիրակություն է գնում Եթովպիա ու երկու տարի այնտեղ տքնում այդ խնդրի բարեհաջող լուծման համար: Վիկտորիա թագուհին, բարձր գնահատելով հայերի այդ աջակցությունը, որպես հիշատակ Եսայի պատրիարքին է ուղարկում իր ամուսնու` Ալբերտ իշխանի և գահաժառանգ Էդուարդի մեծադիր նկարները, իսկ ճանապարհային և այլ ծախսերի համար էլ որպես հատուցում տալիս է 1000 ոսկի:
Իսկ եթե բացելու լինեք պատրիարքարանի դահլիճում դրված պատվավոր հյուրերի մատյանը, ապա չզարմանաք, երբ կարդաք ցարական ընտանիքի անդամների, անգլիացի իշխանազունների, Ֆրանսիայի դուքսերի, նույնիսկ Գերմանիայի Վիլհելմ կայսեր և կայսրուհու ու այս աշխարհի այլ մեծերի, ինչպես նաև հայոց ազգի անվանիների անունները, ովքեր, սուրբ Երուսաղեմ գալով, որպես հարգանքի տուրք՝ հարկ են համարել այցելել հայոց սուրբ Հակոբյանց աթոռ: Իսկ երբ իր թագավորությունը կորցրած Եթովպիայի կայսրը՝ Հայլե Սելասիեն, 1936 թ. վշտացած սրտով Երուսաղեմ է գալիս, երկու անգամ լինում է սուրբ Հակոբի վանքում, որտեղ հանդիպում է ժամանակի պատրիարք Թորգոմ Գուշակյանի հետ: Երբ կայսրը խոնարհաբար ծնկի է գալիս Աստծո ծառայի` մեր պատրիարք հոր առջև, վերջինս օրհնում է նրան և քաջալերանքով ասում. «Վեհափառ արքա՛, իմ ազգանունը Գուշակյան է. կանխագուշակում եմ, որ Դուք պիտի վերստանաք Ձեր գահը, և Ձեր ձեռքով խաղաղություն պիտի լինի Եթովպիայի ժողովրդի մեջ: Տիրոջը ապավինեցե՛ք, և Տերը պիտի Ձեր պաշտպանը լինի»: Դրանից հինգ տարի չանցած, 1941 թվականին, նա իսկապես վերստանում է իր գահը և, հիշելով հայոց պատրիարքի օրհնանքը, մեծ արտոնություններ է շնորհում Եթովպիայի հայ գաղութին:
Պատրիարքարանից քիչ այն կողմ` քարե աստիճանները տանում են միաբանության նախկին սեղանատունը, որտեղ «Հայսմավուրքի» (սրբերի վարքի մասին գիրքը) ընթերցանության ուղեկցությամբ իրենց հանապազօրյա հացն են ճաշակել Աստծո մշակները: Իսկ հիմա այդ ճաշարանի խոհանոցից օգտվում են կարիքավոր հայ ընտանիքները: Այժմ դրա շուրջը տարագիր հայորդիների փոքրիկ բնակարաններն են, որոնցից շատերը նույնիսկ պատուհաններ չունեն, և արևի լույսը միայն բաց դռնից է ներս ընկնում: Մի քանիսն էլ իրենց անշուք պարզությամբ վանական խցեր են հիշեցնում:
Մայրավանքի տարածքում աչքի ընկնող ճարտարապետական կոթողներից է 1929 թ. կառուցված Գյուլպենկյան մատենադարանը՝ իր հնաբույր 100000-ից ավելի գրքերով: Իսկ սուրբ Թարգմանչաց վարժարանը, որը հրաշակերտ եռահարկ քարե շենքում է գտնվում, այն դարբնոցն է, որտեղ կռում են հայորդի մանուկների հոգիները՝ այլազգիների մեջ տարրալուծումից փրկելու համար: Այստեղ է գտնվում նաև նախկին Ժառանգավորաց վարժարանի շենքը, որն այժմ վերածվել է հայկական Երուսաղեմի դարավոր պատմությունը ցուցադրող թանգարանի: Իսկ ժառանգավորաց աստվածաբանական վարժարանի՝ ժամանակակից ոճով կառուցված կրթահամալիրը գտնվում է վանքի պարիսպներից դուրս, գլխավոր մուտքի դիմաց: Այս վարժարանը հիմնադրվել է 1831 թ. և տվել է բազմաթիվ վարդապետներ, եպիսկոպոսներ ու պատրիարքներ, որոնցից մեկն էլ նախկին պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանն է եղել: Որպես նշանակալի ու հետաքրքիր մի տեղեկություն՝ ասենք, որ այդ վարժարանի շենքը կառուցված է Իսրայելի արքա Հերովդես Մեծի պալատի փլատակների վրա: Հովսեպիոս Փլավիոսի պատմությունից տեղեկանում ենք, որ հիշյալ պալատի կողքին Ագրիպպաս արքան Սիոնի այս բարձունքի վրա հատուկ կառուցել տվեց իր սեղանատուն-հանգստարանը, որկարողանա անարգել դիտել, թե ինչ է կատարվում ներքևում՝ Սողոմոնի տաճարի տարածքում: Հրեա ռաբբիները, երբ այս մասին իմանում են, խիստ վրդովվում են՝ այդ քայլը համարելով սրբապղծություն, և մի հսկայական պատ են բարձրացնում տաճարի ու պալատի միջև: (Հետագա դեպքերն այնպես դասավորվեցին, որ այս պատը դարձավ այժմ ամբողջ աշխարհին հայտնի Լացի պատը): Ագրիպպասն էլ իր հերթին զայրացավ հոգևորականների վրա ու հրամայեց քանդել այն: Բանն արյունահեղությամբ կավարտվեր, եթե տասը երևելի հրեաներ ընծաներով չգնային Ներոն կայսեր մոտ, որն իր բարեպաշտ կնոջ՝ Փիբեյի բարեխոսությամբ ներեց հրեաների այդ արարքը և թույլ տվեց շարունակել իրենց տաճարում կատարվող զոհաբերությունները՝ զերծ արքայի «պիղծ» հայացքից: Մինչև այժմ էլ վարժարանի սպորտդահլիճի հեռու անկյունում կարող ենք տեսնել այն մուտքը, որ տանում է դեպի Հերովդեսի պալատի հիմքերը:
Հիմա ասեք՝ տեսնենք, մարդկանցից ո՛վ կարող էր մտածել, որ մի ժամանակ Հիսուսին սպանել ցանկացող, բազում մանուկների կոտորող, սարսափազդու և դաժան Հերովդեսի շքեղ պալատը անշուք փլատակի կվերածվի, և հայոց ազգի պատանիները կքայլեն դրանց վրայով, Հիսուսի կյանքի մասին գրքեր կսերտեն ու Նրան ուղղված աղոթքներ կանեն: Հիրավի զարմանալի ու անքննելի են գործերը Աստծո:
Հայոց Երուսաղեմի համար ամենանշանակալից տարիներից են սուլթան Սալահ ադ-Դինի ժամանակները, երբ նա, Սուրբ քաղաքը գրավելով, առաջին հերթին բոլոր լատին եկեղեցիները փակեց ու վարդաջրով «օծելուց» հետո մզկիթների վերածեց: Այնուհետև Օմարի մզկիթը, որ «գյավուրների» կողմից պղծված էր համարում (ըստ Միքայել Ասորու հիշատակության), նախ «մաքրագործում» է քրիստոնյաների արյունով, հետո ջրով, ապա՝ վարդաջրով և նոր միայն մտնում այնտեղ նամազ անելու:
Ընդհանրապես այդ տարիներին միայն հայերին և Հին արևելքի եկեղեցիներին էին թույլ տալիս պաշտամունք մատուցել սուրբ Հարության տաճարում: Այդ շրջանում Երուսաղեմի առաքելական եկեղեցու գահակալն էր Աբրահամ պատրիարքը: Նա իր շքախմբով, որի մեջ, բացի բարձրաստիճան հոգևորականներից, նաև քաղաքի երևելի հայերն էին մտնում, հնազանդության այցելություն է անում Սալահ ադ-Դին տիրակալին, հայտնելով իրենց հպատակությունը նոր իշխանությանը և, համապատասխան թանկարժեք ընծայաբերությունից հետո, ցույց է տալիս Մուհամմեդի, Օմարի և Ալիի՝ հայոց կալվածքների, եկեղեցիների ու անձերի վերաբերյալ հավատարմագրերը և խնդրում է, որ նորից վերահաստատի այդ բոլորը՝ խոստանալով վճարել նրա որոշած համապատասխան գլխահարկը: Սալահ ադ-Դինը, ծանոթանալով իր հայտնի նախնիների ֆերմաններին (հրամանագրերին), չի հապաղում իր գրագիրներին կանչել և նոր հրովարտակ թելադրել, որով հայոց միաբանությանը շնորհում է կրոնական պաշտամունք կատարելու իրավունքներ և նյութական ստացվածք ունենալու արտոնագրեր, որոնց վերջում գրված է. «Այս հավատարմագիրը անփոփոխ թող մնա իմ ու ինձ հաջորդող խալիֆների և Մուհամմեդի տոհմի բոլոր հավատացյալների ու մուսուլմանների կողմից՝ այժմ և մինչև աշխարհի վախճանը, ու մինչև Տիրոջ՝ երկիրը ժառանգելու ժամանակը»։ Ինչպես տեսաք, այս յուրօրինակ քաղաք Երուսաղեմը մինչև իսկ աշխարհի վախճանաբանական խորհուրդ է կրում ոչ միայն մովսիսականների՝ հրեաների, քրիստոնյաների, այլև մահմեդականների համար:
Մինչ օրս էլ այդ հրովարտակի արաբերեն փորագիր տեքստի մի մասը գտնվում է սուրբ Հակոբյանց մայրավանքի մուտքի կամարի վրա: Ավելացնենք ևս մի հետաքրքիր տեղեկություն. ինչպես հնում, մինչ օրս էլ, մայրավանքի գլխավոր մուտքի դռները երեկոյան ժամը 10-ից փակվում են մինչև առավոտ։ Ինչպես ասում են՝ այն պետություն է պետության մեջ, որտեղ չի կարող մտնել որևէ օտար մարդ, նույնիսկ հրեա ոստիկանները, առանց հրավերի:
Ինչպես հարուստ ծնողներից աղքատացած զավակներին հիշատակ մնացած մեծագին ակով մատանին է, այդպես էլ հայոց Երուսաղեմի անգին ժառանգությունը՝ Սուրբ Հակոբի տաճարն է իր մեղքերի պատճառով թշվառացած հայ ազգի համար: Նման վիճակ է եղել 17-րդ դարի սկզբին, երբ Սուրբ երկիր ուխտի է գալիս բաղեշցի Բարսեղ վարդապետը: Նա, տեսնելով մեր սուրբ աթոռի թշվառ վիճակը և տեղեկանալով, որ վանքի պարտքերն այնքան շատ են, որ արդեն սպառնում են Սուրբ Հակոբը բռնագրավել, թողնում է Երուսաղեմը, գնում Վանի հայտնի Վարագա վանքը՝ Մարտիրոս վարդապետի մոտ և պատմում իրողությունը: Երկուսով խորհրդակցելով՝ որոշում են մեկը՝ արևելյան, մյուսն արևմտյան Վան գնա և հայ ժողովրդին տեղեկացնի մեր հայոց Շուշանի աղետալի վիճակի մասին: Եվ Աստված շարժում է բարեպաշտ հայորդիների սրտերը՝ սկսվում է հանգանակությունը: Բաղեշի խոջա Կարապետը, լսելով այդ մասին, իր կողմից յոթ բեռ արծաթ է նվիրում, և կամաց-կամաց պատկառելի մի գումար է հավաքվում, որը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ Երուսաղեմ են հասցնում: Քաղաքապետն իմանալով՝ ինչի համար են ժամանել նրանք, մունետիկի միջոցով իմաց է տալիս բոլոր երուսաղեմցիներին, որ ով պարտամուրհակ կամ գրավ ստացած եկեղեցական արժեքավոր իր ունի սուրբ Հակոբից, ներկայանա իր գումարը ստանալու: Մի քանի օրում փակելով բոլոր պարտատերերի 48000 դահեկանի հաշիվները՝ պատգամավորները որոշում են ոչ այնքան գործունյա Դավիթ պատրիարքին հրաժարեցնել ու տեղը Ավետիս կաթողիկոսի միջոցով ձեռնադրել ու նշանակել տալ Գրիգոր Պարոնտերին (որը հետագայում իրոք հուսախաբ չի անում իրընտրողներին): Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու է այդքան արժեքավոր Սուրբ Հակոբյանց տաճարը. այն իր անունը ստացել է Ավետարանի երկու Հակոբոսների՝ Հակոբոս Տեառնեղբոր և Զեբեդիոսի որդի Հակոբոս առաքյալի անուններից: Ըստ ավանդության, սուրբ Հակոբ մայրավանքի տեղում են եղել առաջին եպիսկոպոսապետ սուրբ Հակոբ Տյառնեղբոր անշարժ կալվածքն ու տունը, որտեղ և նահատակությունից հետո թաղել են նրա մարմինը: Իսկ մեր Խորենացի պատմահայրը տեղեկացնում է, որ սուրբ Տիրամայրն այնտեղ է ապրել, մինչև Տիրոջ պատվերով Հովհաննես առաքյալը Նրան իր տունն է տարել: Այս սրբավայրն այնքան կարևոր է համաքրիստոնեական առումով, որ երբ 2000 թվականին Հռոմի պապ Հովհաննես-Պողոս Երկրորդը եկավ Երուսաղեմ, նա արդեն հաստատագրված ծրագրից դուրս խնդրեց, որ այցելի հենց այս վայրը՝ որտեղ փաստորեն թաղված է Քրիստոսի Եկեղեցու առաջին եպիսկոպոսը՝ սուրբ Հակոբ Տեառնեղբայրը:
Հակոբոս Տեառնեղբոր գերեզմանը (այժմ թափուր) գտնվում է իր իսկ անունով կոչվող աթոռի տակ՝ եկեղեցու աջակողմյան սյունի մոտ: Երբ պաշտոնապես այդ վայրը վերածվում է եկեղեցու, նրա սուրբ մասունքները տեղափոխում են ավագ խորանի տակ: Իսկ նախկին գերեզմանի տեղում, սուրբ Հակոբի աթոռի վերևում, որպես հարգանքի տուրք, վառվում է անմար կանթեղը: Այդ պատվավոր աթոռին տարին միայն մեկ անգամ իրավունք ունի բազմելու հայոց Երուսաղեմի գահակալ պատրիարքը՝ իբրև Գլխադրի հաջորդը: Ավելացնենք, որ այդ ժամանակաշրջանում գահակալող պատրիարքներին թույլ էր տրվում նստել այդ աթոռին միայն գահակալ ընտրվելու օրը: Այս տաճարում է գտնվում նաև Հակոբոս առաքյալի սուրբ մասունքը: Նահատակությունից հետո նրա կտրված գլուխը ամփոփել են տաճարի հյուսիսային կողմում գտնվող մատուռում, որն այդպես էլ կոչվում է՝ «Սուրբ Գլխադրի մատուռ», որտեղ գիշեր ու զօր անմար կանթեղներն են վառվում: Իսկ սրբի մարմինը Տիրոջ հրաշքով ծովով տարվել է Իսպանիա, որտեղ մի կույր, առավոտյան գալով ծովափ, փորձել է լվացվել, երբ ձեռքերը դիպել են առաքյալի մարմնին, աչքերը հրաշքով բացվել են: Եվ այդ է պատճառը, որ հին հայկական քարտեզների վրա Իսպանիա անվան փոխարեն գրված է «Սուրբ Յակոբի երկիր»:
Դարերի հնաբուրությամբ շնչող Սուրբ Հակոբյաց տաճարի մի ընդարձակ սրահ էլ կոչվում է «Հակաթոռ սուրբ Էջմիածնի», որը նախկինում գավիթ է հանդիսացել, բայց 1665 թ. Հովհաննես Այնթափցի պատրիարքի օրոք ծածկվել ու վերաշինվել է որպես հակաթոռ սուրբ Էջմիածնի կաթողիկոսությանը, երբ ինչ-ինչ պատճառներով, ինչպես այսօր, սրվել էին Քրիստոսով եղբայր համարվող երուսաղեմյան ու էջմիածնական բարձրաստիճան հոգևորականների միջև եղած հարաբերությունները: Բայց երբ Աստծո ողորմությամբ հարթվեց այդ թնջուկը, այս սրահը չծառայեց իր կառուցման նպատակին, և այժմ այն ծառայում է որպես ննջեցյալների վերջին հանգրվանի սրահ, որտեղ մեկ գիշերով դնում են երուսաղեմաբնակ ննջեցյալ քրիստոնյա հայորդիներին ու համապատասխան աղոթքների ծիսակարգից հետո տանում են մոտակա Հայոց գերեզմանում ամփոփելու: ՈՒ թող այդ սրահը դարձյալ շարունակի իր այսօրվա նպատակին ծառայել, իսկ Երուսաղեմա-էջմիածնական անխաղաղությունը թող Տիրոջ Հոգով ու մեր տկար աղոթքներով սիրո միաբանութան վերածվի:
Դե ինչ, սուրբ Հակոբ Տեառնեղբայրն ու Հակոբոս առաքյալը նույնպես իրենց բարեխոսությամբ Աստծո անհուն ողորմությունը խնդրեն այս կարևոր հարցի համար, որպեսզի եղբայրական սեր ու խաղաղություն հաստատվի Երուսաղեմի Հայոց մայրավանքի ու Սուրբ Էջմիածնի միաբանության միջև, քանզի ում շատ է տրված. նրանից էլ շատ է պահանջվելու: Առավել ևս դա մեր ազգին է վերաբերում, քանզի Աստված բազում շնորհների ու հոգևոր գանձերի է արժանացրել հայորդիներիս ու ըստ Իր տվածի էլ պահանջելու է, բայց կկարողանա՞նք վերադարձնել անդատապարտ ու անկորուստ։ Ահա հարց, որ յուրաքանչյուրիս է վերաբերում։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ