Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարություն Խաչատրյանը՝ Թուրինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր

Հարություն Խաչատրյանը՝ Թուրինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր
12.12.2014 | 11:52

«Ես այնպիսի ֆիլմ չեմ նկարում, որն ունենա հետաքրքիր սցենար, հիմքում լինի հետաքրքիր պատմություն և ստացվի հանդիսատեսի լայն շերտերի համար դիտվող ֆիլմ: Եթե չլինի պրոբլեմ, անհանգստացնող ինչ-որ մի գաղափար, իմ մտքից անընդհատ դուրս չեկող պատմություն, որպես մարդու, որպես քաղաքացու, որպես արվեստագետի` ինձ հուզող որևէ թեմա, ես ուղղակի ֆիլմ չեմ նկարի: Կինոն ինձ համար ուսումնասիրության միջոց է, ինքնարտահայտման միջոց, ոչ թե մարդկանց զբաղեցնելու ցանկություն: Կինոն ինձ համար շոու-բիզնես չէ, լավ ծախվող ապրանք չէ: Կինոն ընդամենը մի խոշոր մանրադիտակ է, որը ուսումնասիրում է տվյալ պրոբլեմը, տվյալ պատմությունը: Եվ մի լեզու է, որով պետք է այդ պատմությունը պատմել մարդկանց, որպեսզի վերջիններս իրազեկվեն դրա մասին»,- այսպիսին է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի ինքնագնահատականը: Այս մոտեցումով նկարված նրա հեղինակային ֆիլմերն իսկապես անհանգստացնում-հուզում են մարդկանց, այդ թվում` խստապահանջ մասնագետներին՝ բերելով արվեստագետին նորանոր պատկառելի մրցանակներ ու համաշխարհային համբավ: Նման մի փաստ արձանագրվեց տառացիորեն օրեր առաջ. նոյեմբերի 21-29-ին Իտալիայում կայացած Թուրինի 33-րդ միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» վավերագրական հեղինակային կինոշարքի առաջին՝ «Հայկ. փախուստ» ֆիլմն արժանացավ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի գլխավոր մրցանակին:
«Հարություն Խաչատրյանն իրեն հատուկ կինոտարրերի իրական զգացումով և դրանց գիտակից ու զգուշավոր կիրառությամբ հանդիսականին պատումի հոսքի և կենդանագրված իրականության ֆիզիկական մասնակիցը դառնալու հնարավորություն է ընձեռում: Պատկերների խորին գեղագիտության, ժամանակի զգացողության, ազդեցիկ հնչյունաշարի և երաժշտության նուրբ համադրությունը մարդու աշխարhիկ մենությանը մետաֆիզիկական որակ է փոխանցում, որտեղ հանդիսականը հաղորդակից է դառնում երջանկություն, ազատություն և կապվածություն որոնող խեղճ հերոսին»,- այսպիսի մեկնաբանությամբ է ներկայացվել հայ վավերագրողի ֆիլմը միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում էին չեխ վավերագրող Մարեկ Հովորկան, գերմանացի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենն ու ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Բատիստ Մորենը:
«Հայկ. փախուստ» ֆիլմը մինչ օրս մասնակցել է շուրջ տասը միջազգային կինոփառատոների, արժանացել տարբեր պարգևների՝ հաստատելով այն անուրանալի ճշմարտությունը, որ գոյություն չունեն նեղանձնական, նեղազգային խնդիրներ, որոնք ըմբռնելու սահմանները չեն ընդարձակվում ու չեն ընդգրկում համամարդկային ու համաշխարհային տարածությունները, եթե, իհարկե, դրանք մատուցված են բարձր արվեստով, բոլորին հասկանալի, բոլորի հոգու հետ խոսող արտահայտչամիջոցներով:
Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» կինոշարքը ներառելու է մի քանի ֆիլմ, որոնք ընդհանուր խորագրով ռեժիսորը կոչել է «Ազգային նախագիծ»: Այդ շարքը պատմելու է Հայաստանից փախչող հայերի մասին, իրենց պրոբլեմների մասին բարձրաձայնող կամ լռող այն հայերի, որոնք ինչ-ինչ պատճառներով կտրվել են իրենց արմատներից ու հայտնվել տարաշխարհիկ իրողությունների դաշտում: Հարություն Խաչատրյանը պատրաստում է այս ֆիլմաշարը` նպատակ ունենալով այն վերածել հեռուստանախագծի, որպեսզի առավել լայն լսարան հավաքի այդ ֆիլմերում արծարծվող` իրեն ու բոլորիս հուզող անհանգստությունների շուրջ: Շարքի երկրորդ ֆիլմը՝ «Լևոն. փակուղի» կամ «Գրին քարտ» աշխատանքային վերնագրերով, այժմ գտնվում է մոնտաժման փուլում:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ