Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գերադասեցին հեղինակությունը

Գերադասեցին հեղինակությունը
12.12.2014 | 11:54

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խմբայինները: Այնպես չէ, որ անակնկալներ չկան, սակայն եղածներն էլ, չեմ կարծում, թե առանձնակի սկզբունքային նշանակության են: Ինչ վերաբերում է փլեյ օֆին, հանդիպումները բացառիկ դրամատիկ են լինելու: Ինչ` ինչ, առնվազն երեք թիմ բառացիորեն արյուն է թափելու լավագույնի կոչմանն արժանանալու համար, թեպետ այդ նույն արյունը պղտորելու համար հերթի են կանգնած էլի առնվազն երեքը: Կողմնակալության մեջ չմեղադրվելու համար թույլ տվեք չհիշատակել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռյակը:

ՄԱՆՐ ԱՌԵՎՏՐԻ ԱՆՀԱՐԻՐՈՒԹՅՈՒՆԸ
B խումբ: Որ արքայական անունն ունեցող Մադրիդի «Ռեալը» մեծ ակումբ է, վերստին հաստատվեց: «Լյուդոգորեցի» հետ խաղում այն կրկին ամբողջովին ինքնիրացվեց (4:0)` չնայած նրան, որ մրցաշարային տեսանկյունից այդ երեք միավորը սկզբունքորեն ոչ մի նշանակություն չուներ իսպանացիների համար, իսկ, այ, մրցակցին ոչ թե պետք, այլ շատ էր պետք հաղթանակը: Հասկանալի է, չէ՞, խոսքիս աստառում կոնկրետ ինչ նկատի ունեմ: «Ռեալի» սկզբունքայնությունը «Լիվերպուլի» առաջ բացեց Եվրոպայի լիգայի դռները, թեպետ, եթե անգլիական ակումբը մեծ հավակնությունների կողքին նույնքան մեծ հնարավորություններ ունենար, ոչ-ոքի (1:1) չէր խաղա հյուր եկած ու իրենից երկու միավոր ավելի ունեցող «Բազելի» հետ: Ի դեպ, «Ռեալը» խմբային բոլոր հանդիպումները բացառապես հաղթանակով ավարտած միակ թիմն է:
E խումբ: Այստեղ իսկապես չափազանց հետաքրքիր իրավիճակ էր: Մարզական առումով «Բավարիայի» համար զրոյական նշանակություն ունեցող խաղը (ունեցած 12 միավորով նրանք վաղուց էին լուծել հարցերը) ԲԿՄԱ-ի հետ վերջինիս մեջ որոշակի հույսեր էր առաջացրել, քանզի հաղթական ելքի դեպքում կարող էր փլեյ օֆում հանդես գալու իրավունք ձեռք բերել, սակայն պայմանով, որ «Ռոմա»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը կամ կունենա խաղաղ ավարտ, կամ էլ անգլիացիները կհաղթեն իտալացիներին։ Այս «կամ-կամ»-ը պայմանավորված էր նրանով, որ երեք թիմն էլ ուներ հավասար՝ հինգական միավոր և, ի տարբերություն իտալացիների հետ ունեցած խաղերի, Պելեգրինիի թիմի հետ հանդիպումներում ռուսներն ունեին դրական հաշվեկշիռ: Խնդրո երկրորդ մասով այդպես էլ եղավ: «Մանչեստր Սիթին» անգամ իր գլխավոր հարվածային ուժի՝ վնասվածք ստացած Ագուերոյի, բացակայության պայմաններում հաղթեց Ռուդի Գարսիայի թիմին՝ 2:0, իսկ ռուսները դեմ առան գերմանական կոշտ սապոգին. «Ռեալի» նման «Բավարիան» նույնպես իր պատվից ցածր համարեց հանուն կասկածելի բաների հեղինակությունը վտանգի տակ դնել՝ 3:0: Պարտությունը ԲԿՄԱ-ին զրկեց անգամ Եվրոպայի լիգայում հանդիպումները շարունակելու աղոտ երազանքից, իսկ «Մանչեստր Սիթին» դուրս եկավ փլեյօֆյան խաղեր:
Արքայական ակումբի ու «Բավարիայի» օրինակով մանրառևտրային գործարքների չգնաց և «Չելսին» (G խումբ), թեպետ «Սպորտինգի» հետ խաղում Մոուրինյոն կարող էր օգնել իր հայրենակիցներին: Սակայն «ազնվականները» ազնվաբար հաղթեցին պորտուգալացիներին՝ 3:1, ու կանաչ լույս վառեցին «Շալկեի» առաջ, որն արտագնա խաղում, թեպետև նվազագույն հաշվով, բայց դե հաղթեց «Մարիբորին» ու ստացավ կարգով ավելի բարձր մրցաշարում պայքարը շարունակելու հնարավորություն: «Սպորտինգն» իրեն կդրսևորի Եվրոպայի լիգայում:
F խմբի բացառիկությունը «Բարսելոնի» երկրորդ տեղով էր պայմանավորված, որովհետև, համաձայն նաև ձևավորված ավանդույթի, վերջին հանդիպումից առաջ կատալոնյան ակումբը սովորաբար հարցերը լուծած է լինում և վերևից է նայում ծավալվող իրադարձություններին: Այս անգամ այդպես չէր, և պատճառը խմբային ավարտականում նրանց հյուր գնացած «Պարի Սեն Ժերմենն» էր: «Նոու կամպում» կատալոնցիները վրեժխնդիր եղան փարիզյան պարտության դիմաց: Խաղասկիզբը փոքր-ինչ նյարդային ստացվեց, ու մեղավորը նախկին բարսելոնական Զլատան Իբրահիմովիչն էր: Սակայն ամենայն կատարելություն Մեսին շատ արագ մաքրեց ամոթի մուրը, իսկ Նեյմարն ու Սուարեսը ձևավորեցին հանդիպման վերջնական հաշիվը: Տասներեք միավորով կատալոնցիները խմբային առաջինում են, ՊՍԺ-ն մնաց մեկ միավորի հեռավորության վրա: Ավելորդ չհամարենք նշել, որ այս հանդիպումում խփած գոլով Լուիս Սուարեսն իր նոր ակումբում վերջապես բացեց գոլերի բանկային հաշիվը: Ինչ վերաբերում է «Այաքս»-ԱՊՕԵԼ դիմակայությանը, հոլանդացիներն ավելի նպատակային եղան՝ 4:0, ու հենց նրանք են հանդես գալու Եվրոպայի լիգայում:

ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ
A խումբ: Այստեղ ինտրիգ կարող էր լինել միայն այն դեպքում, եթե Մադրիդի «Աթլետիկոյին» հյուրընկալած «Յուվենտուսը» պարտվեր, իր հերթին էլ «Օլիմպիակոսը» տնային հարմարավետ պայմաններում հաղթեր «Մալմյոյին»: Շտապենք ասել, որ հույներն արեցին առավելագույնը (4:2), իսկ իտալա-իսպանական դիմակայությունում կողմերը բավարարվեցին անշառ բաժանվելով (0:0): Նկատենք, որ հաղթանակը «Ծեր սինյորայի» դիմաց կարող էր բացել առաջին հորիզոնականի դռները, սակայն նրանք «նաղդը» գերադասեցին «նիսյայից», մանավանդ որ անցած տարվա ֆոնի վրա եղածը պարզապես պիտի ավելի քան գոհացուցիչ որակել: «Աթլետիկոն» ու «Յուվենտուսը» կշարունակեն պայքարը Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում, «Օլիմպիակոսը» գործուղվեց Եվրոպայի լիգա:
C խումբ: Ամեն ինչ գլխիվայր կարող էր շրջել «Մոնակո»-«Զենիթ» դիմակայությունը` պայմանով, որ հանդիպումն ավարտվեր կողմերից մեկնումեկի հաղթանակով: Չերկարացնենք` հաղթանակը (2:0) ֆրանսիական ակումբին պարգևեց խմբայինի առաջին հորիզոնականը, «Բենֆիկային» հյուր գնացած Լևերկուզենի «Բայերը» (0:0) նահանջեց երկրորդ տեղ, «Զենիթը» ուժերը կփորձարկի Եվրոպայի լիգայում, իսկ պորտուգալացիներին ոչինչ չի մնում, բացի նոր մրցաշրջանին սպասելուց:
D խումբ: Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ դուրս գալու հարցերը վաղօրոք լուծած Դորտմունդի «Բորուսիան» ու Լոնդոնի «Արսենալը» համապատասխանաբար հանդիպեցին «Անդերլեխտին» ու «Գալաթասարային»: Ներքին առաջնությունում լուրջ հիմնախնդիրներ ունեցող դորտմունդցիները բավարարվեցին ոչ-ոքիով (1:1), իսկ լոնդոնցիները պարզապես մաշկեցին թուրքերին` 4:1: Ի դեպ, «Գալաթասարայի» համար այդ հանդիպումը մարզական առումով ոչ մի նշանակություն չուներ, քանի որ ինչպես կային չորրորդ տեղում, այդպես էլ մնացին այնտեղ:
H խմբում առաջին երկու տեղերի հարցերը վաղօրոք լուծած «Պորտուն» ու Դոնեցկի «Շախտյորը» հանդիպեցին իրար ու խաղաղ դաշն կնքեցին՝ 1:1: Ինչ վերաբերում է «Աթլետիկ»-ԲԱՏԵ դիմակայությանը, շատ ավելի փորձառու բասկերը բելառուսցիներին աչքի ընկնելու հնարավորություն չտվեցին՝ 2:0, ու խմբային երրորդ տեղը նրանցն է:

ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու են իսպանական «Բարսելոն», «Ռեալ», «Աթլետիկո», գերմանական «Բավարիա», «Բորուսիա», «Շալկե», անգլիական «Չելսի», «Մանչեստր Սիթի», «Արսենալ», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», «Մոնակո», իտալական «Յուվենտուս», պորտուգալական «Պորտու», շվեյցարական «Բազել», ուկրաինական «Շախտյոր» ակումբները: Եվրոպայի լիգայում հանդես եկող թիմերին կմիանան «Ռոման» (Իտալիա), «Լիվերպուլը» (Անգլիա), «Աթլետիկը» (Իսպանիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա), «Անդերլեխտը» (Բելգիա), «Այաքսը» (Հոլանդիա), «Օլիմպիակոսը» (Հունաստան), «Զենիթը» (Ռուսաստան):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ