Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պահանջում եմ հերքել

Պահանջում եմ հերքել
12.12.2014 | 11:56

Որ բազում առավելությունների կողքին համացանցը նույնքան էլ թերություններ ունի, թերևս չի վիճարկի ոչ ոք, բայց որ այն մարդուս կարող է հասցնել կլինիկական մահվան, գործնականում ավելի քան առարկայնորեն համոզվեցի, երբ կարդացի տարվա լավագույն մարզչի քվեարկության վերաբերյալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարած մրցույթի մասին: Չէ, ճիշտ հասկացեք, տեսականորեն ամեն ինչի վերաբերյալ էլ կարելի է մրցույթ հայտարարել, ասենք, ժանգյալով հացի, թոնրի լավաշի, հասած ծիրանի, թթվի վարունգի, Գորիսի լոբու, նույնիսկ գեղեցիկ փռշտոցի կամ քաղցր հորանջի, բայց այնքան ամբարտավանություն ունենալ, որ հայկական ֆուտբոլի այս վիճակում լավագույն մարզչի մրցո՜ւյթ հայտարարել…
Դե, մտածեցի, մեկ որ ընկել եմ վիրտուալ աշխարհում ապրողների ճանկը, տեսնեմ այդ ովքե՞ր են հայկական ֆուտբոլի մերը լացացնողները, որոնցից էլ, որպես բուռն երախտագիտության արտահայտություն, լավագույնին ընտրելու պատիվն ենք ունենալու:
Մահվան քրտինքը միանգամից վրա տվեց, երբ կարդացի Բեռնար Շալանդի անունը, այն նույն Շալանդի, ում, ահռելի չարչարանաց գնով, մի անմեկնելի հրաշքով պեղել-գտել ենք համաշխարհային ֆուտբոլի մարզչական «աստղաբույլից», բերել-կարգել Հայաստանի ազգայինի գլխավոր մարզիչ, կարծես առանց նրա գործուն ղեկավարության հավաքականի կրած պարտությունները պակաս նվաստացուցիչ կամ պակաս նյարդային կլինեին:
Սույն պատվարժան շվեյցարացուն ցանկում գալիս են հաջորդելու տարիքային մյուս խմբերի հավաքականների մարզիչները: Ենթադրվում է` նրանց գլխավորած ընտրանիների փայլուն արդյունքների համար, որոնց մասին ոչ ոք տեղյակ չէ, քանի որ դրանք չեն եղել:
Հավաքականների գլխավորներին գալիս են հաջորդելու հայաստանյան բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող ակումբների գլխավորները, ու բացարձակապես կապ չունի, թե այդ մարզչի գլխավորածն ավանդականորեն աղյուսակի գլխամասո՞ւմ է, միջնամասո՞ւմ, թե՞, նույնքան ավանդականորեն, քարշ է գալիս պոչում: Մի՞թե տրամաբանություն կա նրանում, որ աղյուսակի ութերորդ հորիզոնականից վեր նայելու համարձակություն չունեցող «Արարատի» չորս նախկին ու ներկա գլխավոր մարզիչները տեղ են գտել ընտրյալ տասնհինգի մեջ: Սա բանական մարդու կամ մարդկանց արած բա՞ն է:
Բոլոր դեպքերում ես մնում եմ անուղղելի լավատես ու կարծում եմ, որ սույն ցուցակը համացանցային զվարթաբանությունների շարքից է, և որ ֆուտբոլի ֆեդերացիան կապ չունի դրա հետ ու կշտապի եթե ոչ ժամ առաջ, գոնե աշխատանքային հինգ օրվա ընթացքում հերքում պահանջել լրատվությունը հրապարակողներից: Իսկ եթե իրականում դա այդպես է, ինչ ասեմ, ժողովուրդ ջան, Աստված բոլորիս հետ, էլ ավելի բեթարից ազատելու չափից դուրս պարզ ցանկություն-խնդրանքով, որովհետև, մեկ էլ տեսար ֆեդերացիայով մեկ հավաքվեցին ու դամբուլի սորտերի մրցույթ հայտարարեցին` ինչ է թե սույնը մոտավորապես հիշեցնում է ֆուտբոլի գնդակը, կամ մեր ֆուտբոլի գլուխ կանգնած որոշ մարզիչների դամբուլ լինելը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Կասկածում եմ, որ Անգլիայի նման բարձրակարգ առաջնություն, բարձրակարգ մարզիչներ ունեցող երկրում, որտեղ, ի տարբերություն մեզ, ութի փոխարեն բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում է քսան թիմ, ֆուտբոլի ֆեդերացիան լավագույնի ընտրության հարցում համարձակվեր տասը հավակնորդից այն կողմ նայել:

Դիտվել է՝ 804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ