Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Ջեմալ Փաշայի թոռը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ջեմալ Փաշայի թոռը՝ Հայոց ցեղասպանության մասին
12.12.2014 | 12:30

«Սիրելի Հրանտ, եղբորս ցավը պատճառ դարձավ, որ ես գրեմ այս գիրքը»


Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում թուրք գրողը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին իր «1915-Հայոց ցեղասպանություն» գիրքը:
Լրագրող, գրող, հրապարակախոս, տասներկու գրքերի հեղինակ Հասան Ջեմալը ընդգծել է, որ իրեն Հայաստան է բերել իր սիրելի Հրանտ Դինքի ցավը.
«Սիրելի Հրանտ եղբորս ցավը պատճառ դարձավ, որ ես գրեմ այս գիրքը: Սիրելի եղբայրս կյանքով վճարեց, նա մահացու հարված հասցրեց քարացած տաբուներին: Նա կարողացավ Ցեղասպանության ցավը մեկ անգամ ևս զգալ տալ մեզ: Նա օգնեց հասկանալ այդ ցավերը և կիսել: Նա ազատ արձակեց իմ գերի ընկած միտքը և մեկ անգամ ևս օգնեց ըմբռնել, որ ցանկացած տեսակի ազգայնամոլություն խաղաղության խախտում է»,-ասաց հեղինակը:
Նրա խոսքով՝ մարդկության ամենամեծ սխալներից է պատմությունից վախենալը, այդպիսի ծիծաղելի վախը շատ տարածված է իր երկրում՝ Թուրքիայում:
«Եկեք պատմության պատճառով չթշնամանանք միմյանց հետ: Պատմությունն էլ, կյանքն էլ ժամանակ առ ժամանակ շատ դաժան են: Հրանտ եղբայրս մի մոմ վառեց, հիմա հերթը մերն է, պետք է չկառչենք մահերից և կառչենք կյանքից,- ասաց նա,- ես եկել եմ այստեղ՝ կիսելու Ցեղասպանության պատճառով ձեր կրած ցավերը»:
Թուրք գրողի հետ զրույցը վարել է Ցեղասպանություն վերապրած սերնդի ժառանգորդ, Կանադայից Հայաստան մշտական բնակության եկած Մարիա Թիթիզյանը:
«Շատ հոդվածներում դուք խոսում եք, որ հնարավոր չէ փախչել պատմությունից: Մենք այդ հիշողության դերը շատ լավ հասկացել ենք: Ես ծնվել եմ Բեյրութում, մեծացել, կրթություն ստացել Կանադայում և որքան ես մեծ սեր ունեմ այս պուճուր հանրապետության նկատմամբ, բայց և այնպես, ես ինձ զգում եմ անհայրենիք: Ինչքան կցանկանամ պատկանել այս հայրենիքին, չեմ կարող,-ասել է նա և հարց ուղղել բանախոսին,-այս գեղեցիկ գիրքը շատ հանդուգն քայլ էր Ձեր կողմից: Ի՞նչը Ձեզ բերեց ու հասցրեց այս գրքին»:
Ի պատասխան՝ հեղինակը նշել է, որ առանց այդ ցավը գիտակցելու, հնարավոր չէ նորմալ պատմություն կերտել. «Իմ ընտանեկան պատմությունը մի կողմ թողնենք, Ջեմալ Փաշային էլ մի կողմ թողնենք. ես գրեցի այս գիրքը, քանի որ, որպես մտածող մարդ, ես սկսեցի Օսմանյան կայսրության պատմությունը դնել կասկածանքի տակ: Ես ունեի կասկածներ և հասկացա, որ դա կեղծ պատմություն է: Երբ հարց տաք, թե ինչ է Հայոց ցեղասպանությունը, ես կասեմ, որ դրա հիմքում կա թուրքական ազգայնամոլություն: Ես պարտք ունեմ Հրանտին, և սա այդ պարտքն է: Իր հիշողությանը տեր եմ կանգնում, որովհետև թուրքերի և հայերի միջև երկխոսության ալիքները պետք է բացվեն: Դրանում ես ևս պետք է ներկայացված լինեմ, և դա իմ պարտքն է»:
Հասան Ջեմալը նաև ասել է, որ այնքան պատեր կան հայերի և թուրքերի միջև, և այդ բոլոր պատերը պետք է վերացնել. «Պատճառներ կան, որ ստեղծվել են այս ցավերը: Մենք այսօր պետք է փորձենք մեր ուղեղում այս պատերը ոչնչացնել: Այս տիպի ծրագրերը կշատանան, և պետության վրա էլ ազդեցություն կունենան»:
Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հարցին Հասան Ջեմալը պատասխանել է. «Չորս ու կես ամիս է մնացել: Չգիտեմ, թե Թուրքիայի պետությունն ինչ կանի: Հիմա ես էլ եմ հեռու քաշված և ուզում եմ հեռվից նայել այդ պետական շրջանակներին: Այն ցավակցական ուղերձը, որ անցած տարի Էրդողանը հնչեցրեց, ես ասացի, որ կարևորում եմ այդ հայտարարությունը, դա առաջինն էր Թուրքիայի պատմության մեջ: Բայց ես դեռ զգում եմ, որ գենետիկական ազգայնականությունը դեռևս դուրս չի եկել նրանց միջից: Ես այնքան էլ լավատես չեմ տարելիցին ընդառաջ»:
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի՝ Հայոց ցեղասպանության մասին «1915-Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը բողոքում է, որ գիրքը հրատարակող «Հրանտ Դինք» հիմնադրամը գրքից հեռացրել է իր տողատակերը:
Մելքոնյանի խոսքով՝ հեղինակը Ղարաբաղը ներկայացրել էր որպես օկուպացված տարածք: Նա նաև բողոքել է, որ գրքի ներկայացման ժամանակ իրեն ժամանակ չտվեցին հարց ուղղել հեղինակին: «ՈՒզում էինք հարցնել՝ այս մարդը իրավական ի՞նչ գնահատական է տալիս: Մենք պետք է Ջեմալ փաշայի թոռանը ո´չ թե ծափերով ընդունեինք, այլ տայինք այդ հարցերը: Իրավական հարթությունում կա փոխհատուցման խնդիր, պետք էր նրա կարծիքն իմանալ այդ մասին»,-ասել է Մելքոնյանը: Նա նաև նշել է, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը խմբագրել է իր թարգմանությունը՝ պատճառաբանելով, որ դա խանգարում է հայ-թուրքական երկխոսությանը: «Գրքում ԱՍԱԼԱ-ն ներկայացված է որպես տեռորիստական կազմակերպություն: Սա հերթական գրանտ ստանալու և այն հաջողությամբ մարսելու ծրագիր էր»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ