Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թուրքիայում հայկական ինքնության գոյատևումը ունի բավական ամուր կռվաններ»

«Թուրքիայում հայկական ինքնության գոյատևումը ունի բավական ամուր կռվաններ»
14.12.2014 | 16:47

2014-ին լրացավ Կ.Պոլսում հրապարակվող հայկական «Ժամանակ» օրաթերթի 100 տարին: Օրերս Երևանում էր «Ժամանակի» գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Առավոտ վաղ հանդիպելով նրան «Անի» հյուրանոցում՝ հարցրի.


-Հե՞շտ է այսօրվա Թուրքիայում հայ լինելը:
-Թուրքիայի Հանրապետության գոյության ավելի քան 90 տարիներին, ամենատարբեր ժամանակաշրջաններում Թուրքիայի հայ համայնքի անդամները, հայկական արմատներով քաղաքացիները կարողացել են իրենց ինքնությունը պահպանել: Անկախ հեշտ կամ բարդ լինելու հանգամանքից՝ Թուրքիայում հայկական ինքնության գոյատևումը ունի բավական ամուր կռվաններ: Խոսքը միայն Ստամբուլի մասին է, հայ համայնքի 95 տոկոսը Ստամբուլում է ապրում, որտեղ ազգային կառույցների մեծ ցանց ունենք: Քաղաքում 150-200 հազար հայի գոյության պայմաններում և նրանցով պայմանավորված՝ ձգողականության ցանց կա՝ պատրիարքարանի գլխավորությամբ, թե կրոնական, առողջապահական, կրթական և մյուս ոլորտները ներկայացնող հաստատությունների: Այդ հաստատությունները հնարավորություն են ընձեռում, որ մարդիկ կապված մնան իրենց արմատներին, հաղորդակցվեն իրենց ժառանգությանը, որը խթանում է հայապահպանությունը: Մյուս կողմից՝ սիներգիայի ազդեցություն է ստեղծում. այդ կառույցների ցանցը կանգուն է պահվում նախատեսված ուժերի մեկ քառորդով միայն: Այսօրվա համայնքը գերմարդկային ճիգեր է գործադրում, որ իրեն ավանդած կառույցների ցանցը իր առաքելության տևականացումով գոյատևի: Դա համայնքի անդամների համար պատմական պատասխանատվություն է: Այդ ճիգը մարդկանց մեջ միշտ արծարծված է պահում հայկական ոգին: Անհրաժեշտ ենթագետին կա, որ հայկական արմատներով քաղաքացիները կարողանան իրենց ինքնությանը հավատարիմ մնալ ու տևական պահել:
-Խնդիրները երիտասարդների՞ հետ են կապված, լեզվակա՞ն են, քաղաքակա՞ն, նյութակա՞ն, թե՞ բոլորը միասին:
-Կարող եք հաջորդականությունը Դուք դասավորել: Եթե մանրամասնենք, առարկայական պատկերը, որ մեր սփյուռքի բոլոր համայնքներում կամ գաղութներում անխուսափելի է, հետևյալն է. կան հարցեր, որ համայնքի ներքին կյանքից են բխում և կարգավորումը կապ ունի համայնքի ներքին կազմակերպական հարցերի, մարդկանց անձնային կամ կառույցների փոխհարաբերությունների հետ: Կան հարցեր, որ կապված են պետության հետ: Ինչ վերաբերում է լեզվի հարցին, դա սփյուռքի գլխավոր մարտահրավերներից մեկն է, որ բոլոր խնդիրներից առանձնանում է՝ ոչ կարող ես ներքին հարցերի ցուցակի մեջ դնել, ոչ պետության վերաբերմունքի ցուցակի, համաշխարհայնացած աշխարհի խնդիրների մարտահրավեր է: Հայ ժողովուրդը սփյուռքում փոքրամասնական կարգավիճակով է գոյատևում, մինչդեռ այսօր աշխարհի ամենավառ մշակույթը կրող լեզուներն անգամ լեզվի պահպանության տագնապ են զգում: Նայեք ֆրանսերենին, գերմաներենին, իրենց պետությունների հզորությանը: Մի կողմից` աշխարհի լեզուն դառնում է անգլերենը, մյուս կողմից՝ նաև անգլիացիները կամ այդ մշակույթի կրողները այդ լեզվի հեղափոխության ընթացքից կամ հեռանկարներից անհանգստություն են հայտնում, որովհետև աշխարհը հիմա զուտ տեսողական ճանաչողության ճանապարհն է ընտրում:
Արա Գոչունյանի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի դեկտեմբերի 16-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ