Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տեր-Պետրոսյանի պրագմատիզմի ստվերը

Տեր-Պետրոսյանի պրագմատիզմի ստվերը
15.12.2014 | 19:36

Անկեղծ ասած, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի շատ քիչ հարցազրույցներ եմ հիշում, որոնք չեն ուղեկցվել սկանդալային հայտարարություններով ու բացահայտումներով: Խորհրդարանի նախկին պատգամավորը երեկ հյուրընկալվել էր «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը, ու օրինաչափությունը չխախտվեց: «Ես, Քոչարյան Անդրանիկը մի առիթով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ զրուցում էինք, ու Տեր-Պետրոսյանն ասաց, որ երբևիցե եթե իշխանության գա՝ առաջին մարդը, ում դատելու է՝ Վարդան Օսկանյանն է լինելու»,- պատմում էր Հայրապետյանը։

Հիմա մի կողմ թողնենք Հայրապետյանին, մանավանդ որ նա չգիտեր կամ չուզեց ասել այն պատճառը, որի համար առաջին նախագահն ուզում էր դատել ԱԳ նախկին նախարարին, ով, ի դեպ, երևանյան իշխանության միջանցքներում հայտնվել է հենց Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում՝ փոխնախարարի կարգավիճակով:
Ես նույնպես մասնավոր զրույցներում Տեր-Պետրոսյանից լսել եմ նման քննադատական դիրքորոշում Օսկանյանի հասցեին ու՝ ոչ միայն նրա: Առաջին նախագահը բավականին հիմնավոր ներկայացնում էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ղարաբաղյան քաղաքականությունն իրականացնող Վարդան Օսկանյանը մեծագույն վնաս են հասցրել Արցախին, նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքին, հետևաբար՝ պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Արդեն ոչ միայն ես ու Հայրապետյանը՝ մասնավոր զրույցում, այլև ամբողջ հասարակությունը՝ բազմամարդ հանրահավաքում լսել է, թե ինչպես էր ՀԱԿ առաջնորդը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին ու նրա թիկնազորին մեղադրում 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու մեջ: Մի կողմ թողնենք, թե ինչքանով էր հիմնավոր Տեր-Պետրոսյանի այդ մեղադրանքը:
Մեկին պատրաստվում էր դատել, մյուսին մեղադրում էր հանցագործություն կատարելու մեջ, սակայն այսօր սերտ համագործակցում է մի կուսակցության հետ, որի համամասնական ցուցակի առաջին ու երկրորդ համարներում հենց իր իսկ մասնավոր զրույցների ու հրապարակային ելույթների «հերոսներն» են, ընդ որում՝ նրանցից ոչ ոք հրապարակավ կասկածի տակ չի դրել իր նախորդ գործունեության որևէ դրվագ կամ հանդես չի եկել ինքնաքննադատությամբ:
Հիմա կասեք՝ քաղաքականութայն մեջ չկան մշտական թշնամիներ ու բարեկամներ, կան ընդհանուր շահեր: Նախ, սա այդ դեպքը չէ, հետո՝ Տեր-Պետրոսյանի թիմի ակնկալած շահը տեսանելի չէ, եթե խոսքը, իհարկե, մի քանի խորհրդարանական մանդատի մասին չէ:
Չեմ ուզում հեռուն գնացող հետևություններ անել, սակայն նման իրավիճակների համար, ՀԱԿ-ԲՀԿ անբնական դաշինքի պարագայում, երկու հետևություն կարող եմ անել: Կամ այսուհետ պետք չէ շատ մեծ նշանակություն տալ առաջին նախագահի խոսքին, որովհետև այն իրադրային է ու արագ կարող է սրբագրվել՝ քաղաքական կոնյունկտուրայի փոփոխության դեպքում, կամ էլ՝ հայաստանյան ոչիշխանական ճամբարում ընթացող գործընթացների հետևում կանգնած են ստվերային «խաղացողներ»՝ մեզ համար անկանխատեսելի իրենց վարքագծով: Ընդ որում, այդ «խաղացողները» կարող են լինել թե ներքին, թե արտաքին դերակատարներ: Գուցե ոմանց ներքաղաքական, իսկ մյուսների արտաքին քաղաքական կողմնորոշումների փոփոխությունը հենց այս «ամենազոր ստվերի» ազդեցության հետևանք է:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ