Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես գիրքը գրել եմ որպես մտածող մարդ»

«Ես գիրքը գրել եմ որպես մտածող մարդ»
16.12.2014 | 00:06

Երբևէ մտքովս չէր անցնի, որ ցեղասպանությունից 99 տարի հետո որևէ հայ կարող է նստել ու լսել՝ ինչ է ասում այդ ցեղասպանության կազմակերպիչներից մեկի թոռը, նույնիսկ եթե նա գիրք է գրել «1915. Հայոց ցեղասպանությունը» ու եկել է Երևան ներկայացնելու իր գիրքը: Բայց դեկտեմբերի 11-ին ես մենակ չէի: «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը լեփ-լեցուն էր, թուրքի ապաշխարա՞նք, թե՞ հասարակական երկխոսության դաշտում ճշմարտություն որոնող հայերը շարվել էին նաև աստիճաններին: Ե՞ս ինչ էի սպասում: Գրեթե ոչինչ: Ի սկզբանե պարզ էր՝ Հասան Ջեմալը, որ ծնվել է 1944-ին ու Աթաթուրքի անվան լիցեյն ավարտելուց հետո սովորել Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, ծառայել է բանակում, խմբագրել «Հեղափոխություն» անունով ամսագիր, որը զինվորական միջամտությամբ փակվել է, իսկ ինքը 44 ամսով բանտարկվել ու հետո հեռացել երկրից, հիմա հայրենիքում է, ու՝ լրագրող, հեղինակ 10 գրքի, Հայաստան չէր գա ու հայերին չէր հիշի, հայերի 1915-ը ցեղասպանություն չէր անվանի, եթե գնար իր պապերի ու հայրերի ճանապարհով: Պարզը պարզ էր, բայց պարզ չէր, թե ո՞րն է իր ճանապարհը:
Հասան Ջեմալը հանդիպումը սկսեց ուղերձով. «Սիրելի Հրանտ եղբորս սպանության ցավը պատճառ դարձավ, որ ես գրեմ այս գիրքը՝ «1915. Հայոց ցեղասպանություն»: Ցավերը հասունացնում են և մարդկանց, և ժողովուրդներին: Սիրելի եղբայրս՝ Հրանտը, կյանքով վճարեց և կարողացավ տեղաշարժել կարևոր քարերը, որոնց օգնությամբ կարող ենք հաղթահարել թուրքերի և հայերի պատմական ցավերը: Նա մահացու հարված հասցրեց քարացած տաբուներին: Հրանտ Դինքը կարողացավ ցեղասպանության ցավը ևս մեկ անգամ զգալ տալ մեզ: Սիրելի Հրանտ Դինքը իմ սրտի դուռը բացեց դեպի հայերի ապրած վիշտը և օգնեց հասկանալ այդ ցավերն ու կիսել: Նա ազատ արձակեց իմ գերի ընկած միտքը և մեկ անգամ ևս օգնեց ըմբռնել, որ ցանկացած ազգայնականություն խաղաղության թշնամին է: Ես Հրանտ Դինքի ողբերգական մահով սկսեցի ավելի լավ հասկանալ, որ երբ ազգայնականությունները մարտնչում են միմյանց դեմ, հնարավոր չէ մարդկության համար բացել խաղաղութան ճանապարհը: Ջեյմս Ջոյսն իր վեպում ասում է՝ «Պատմությունը գիշերային այն սարսափն է, որից միշտ ուզում ես արթնանալ»: Մենք բոլորս միասին պարտավոր ենք պատմությունն ազատել այդ գիշերային սարսափից: Մարդկության ամենամեծ սխալներից է պատմությունից վախենալը, այն վախից, թե պատմության էջերից կարող են դուրս գալ ուրվականներ ու զոմբիներ և մեզ կուլ տալ, ծիծաղելի է: Այդ ծիծաղելի վախը շատ տարածված է իմ երկրում: Եկեք չվախենանք անցյալից, որ անցյալը գեղեցիկ ապագայի ճանապարհին չկարողանա կառչել մեր փեշերից, ու չթողնենք, որ պատմությունը մեզ գերի վերցնի: Պատմության պատճառով չթշնամանանք միմյանց հետ, ջարդելով շղթաները՝ եթե կարողանանք ազատ արձակել պատմությունը, մենք նույնպես կդառնանք ավելի ազատ: Պատմության կանխակալ մտքերից ազատվելով՝ կսկսենք անցյալը հիշել ոչ թե ատելությամբ, այլ՝ համոզված եմ, ցավով: Պատմությունն էլ, կյանքն էլ ժամանակ առ ժամանակ շատ դաժան են, որոշ մահեր, որոշ բաժանումներ կարճում են դեպի խաղաղություն և ժողովրդավարություն ճանապարհը: Սիրելի Հրանտին դա հաջողվեց: Հին հունական ասացվածք կա՝ «Քանի գիշերը քեզ չի պատել, վառիր մոմդ»: Հրանտ եղբայրս մի մոմ վառեց, հիմա հերթը մերն է՝ հայ, թուրք, բոլորինս: Պետք է չկառչենք մահերից և բռնվենք կյանքից: Պետք է գրկենք կյանքը և թույլ չտանք, որ խավարը պատի մեզ: Ես եկել եմ Երևան՝ կիսելու ցեղասպանության պատճառով ձեր կրած ցավերը»:
Դահլիճում ծափեր հնչեցին, ձեռքս, սակայն, ծափի չգնաց: Մարի Թիթիզյանը, որ վարում էր Հասան Ջեմալի հետ հարցազրույցը, պատմեց իր տոհմի պատմությունը՝ իբրև ցեղասպանություն տեսած հայ ընտանիքի պատմություն, որ տեղից տեղ է տեղափոխվել, ու նույնիսկ Հայաստան գալով՝ իրեն հայրենիքում չի զգում:
«Ձեր անձնական պատմությունը, այդ պատմության ցավը և ցավի անմոռանալի լինելու փաստը ես հասկանում եմ: Առանց այդ ցավը կիսելու հնարավոր չէ փայլուն ապագա կերտել: Այս գիրքը ես չեմ գրել որպես Ջեմալ փաշայի թոռ: Իմ ընտանեկան պատմությունը մի կողմ թողնենք, մի կողմ թողնենք այս երկրի պատմական բեռը, ես գիրքը գրել եմ որպես մտածող մարդ, որ Թուրքիայի պատմությունը դնում է հարցականի տակ, որ կասկածում է դպրոցում ու համալսարանում իր ուսանած պաշտոնական պատմությանը: Ես հասկացա, որ դա սուտ ու հնարված պատմություն է: Ազգ-պետություններում, որտեղ շարժիչ ուժը ազգայնականությունն է, ձեզ կթվա, որ ձեր ազգայնականությունը ամենագեղեցիկն է, և դուք ուրիշներին կսկսեք օտար ու թշնամի անվանել: Հայոց ցեղասպանության հիմքում թուրքական ազգայնականությունն էր, որ ուզում էր հիմնել ազգային պետություն: Երբ ուսումնասիրեք՝ ինչպես է ստեղծված պետությունը Թուրքիայում, կտեսնեք պատմական մի իրավիճակ, երբ քրդերը պարտավոր են մոռանալ, որ քուրդ են, հայերը՝ իրենց ցավերը, ալևիները՝ իրենց ալևի լինելը, իսկ մուսուլման հավատացյալները, որ նույնիսկ սուննի են, չպետք է ցույց տան իրենց հավատը հասարակության մեջ: Բոլոր մուսուլմանները պիտի ասեն, որ իրենք թուրք են, իսկ ոչմուսուլմանները պիտի հարկադրաբար հեռանան Անատոլիայից, և ամեն ինչ պիտի լինի թուրքերի հսկողության տակ: Անատոլիայում պիտի ստեղծվի թուրքական ազգային պետություն: Օսմանյան կայսրության ամենազզվելի էջերից մեկը իթթիհատական գաղափարախոսության ամենացայտուն օրինակն էր: Հանրապետության տարիներին այդ գաղափարախոսությունը շարունակվեց: Եթե այսօր Թուրքիայում ունենք ժողովրդավարության, իրավական պետության խնդիր, սկիզբը իթթիհատական կուսակցության և հանրապետության առաջին տարիներից է գալիս: Որոշակի սխալներ գիտակցված են, որոշակի սխալներ անգիտակցաբար են արված: Եթե այսօր մենք դեռ խնդիր ունենք քրդերի հետ, ուրեմն երկրում չկա ժողովրդավարություն, չկա մարդու իրավունքների պաշտպանություն: Ես՝ որպես Հասան Ջեմալ, սկսեցի պատմությունը նորից սովորել 90-ական թթ., երբ Բեռլինյան պատը փլուզվեց: ՈՒ ես սկսեցի հետազոտել ոչ միայն քրդական հարցը, այլև ամբողջ ավտորիտար համակարգը: Եվ 1915 թիվը, և 1938-ի Դերսիմի կոտորածները: Այն ժամանակվա նախարարներից մեկն ասել էր, որ Դերսիմում քրդերին մկների նման քշեցին քարանձավ և թունավորեցին: Այսօր այդ ձայնագրությունը կարող եք գտնել Քեմալ Քրիստոլօղլուի արխիվներում: Նա շատ կարևոր պետական դեմք էր Թուրքիայում: Այս ամենով զբաղվելով՝ ես բնականաբար հասա մինչև 1915, այնտեղ ամենակոշտ ու ամենակոպիտ փաստերը կային: Այո, ալևիությունը խնդիր էր, քրդերի հարցը մեծ հարց էր, բայց 1915-ի մասին խոսելը իսկապես մեծ ցնցում կարող է առաջացնել: Հրանտ Դինքը շատ լավ գիտեր, որ դա փորձանք է դառնալու, նա խանգարեց, անհանգստացրեց, իրենից հետո մենք հասկացանք, որ ցեղասպանության հարցը ոչ միայն անցյալի, այլև այսօրվա խնդիրն է: Հրանտ Դինքը քարերը տեղաշարժեց, և մենք պետք է շարունակենք այդ քարերը տեղաշարժել: Հրանտի մահը ստիպեց ավելի լավ գիտակցել, թե ինչ է նշանակում ցեղասպանություն: Թուրքիայում տարբեր մտավորականներ նույնը զգացին: Հեշտ չէր, բայց ես այսօր Երևանում եմ: Շաբաթը մեկ անգամ Ստամբուլի Բելգի համալսարանում մեդիաքաղաքականություն եմ դասավանդում, Թվիթերից իմանալով, որ Երևան եմ գալու, իմ ակադեմիկոս ընկերները ինձ հարց տվին՝ իսկապե՞ս գնալու ես Հայաստան և կինոդահլիճում նստելու ես-խոսես, մեզ թվում էր, որ դու խելացի մարդ ես: Չգիտեմ՝ խելացի եմ, թե անխելք եմ, ինձ համար շատ կարևոր է ձեզ հետ այսօր այստեղ լինել և զրուցելը: Դուք պարտավոր չեք իմ բոլոր մտքերը կիսել, կարող եք ասել՝ այս մարդն ինչո՞ւ է եկել Հայաստան: Չմտածեք, որ Ջեմալ փաշայի թոռն եմ ու այդ պատճառով գրեցի այս գիրքը: Երբ սպանվեց Հրանտ Դինքը, ես հասկացա, որ քարերը շարժելը շատ կարևոր է, երբ դուք շարժում եք հասարակության ներսի քարերը, շարժում եք նաև ձեր մտքի քարերը: Դա կարող է ցավոտ լինել, ձեզ կարող է թվալ, որ դավաճանում եք ինքներդ ձեզ, հակասում եք՝ երեկ այլ բան էի ասում, այսօր ցեղասպանություն եմ ասում: Սա լրագրողի համար անբուժելի է: Բոլորի անցյալում էլ կան նման էջեր, մտքերը միշտ էլ փոխվում են: Հրանտ Դինքը իմ սրտի դռները բացեց և ինձ զգալ տվեց ցեղասպանության ցավը: Ես իր հիշողությանը տեր եմ կանգնում, որովհետև թուրքերի և հայերի միջև երկխոսության ալիքները պետք է բացվեն, մարդիկ պետք է ավելի լավ հասկանան իրար»:
Մարի Թիթիզյանը հարցրեց, թե Ջեմալ փաշայի կերպարն անցյալում ու այսօր փոխվե՞լ է, և ընտանիքն ինչպե՞ս է գիրքն ընդունել: «Ես 70 տարեկան եմ, երբ 2012-ին գիրքը լույս տեսավ, 68 էի, և իմ ընտանիքից քիչ մարդ էր մնացել: Հորաքրոջս 80-ն անց որդին գիրքը կարդաց ու ասաց՝ Հասան Ջեմալ, մեր փաշա պապը այդքան էլ ներգրավված չէր 1915-ին: 80-ին մոտեցող քույրս ավելի շատ գրքերիս թիվն է հաշվում ու ուրախացավ նոր գրքով: Ընկերներս և շրջապատս, իսկ իմ ընկերները դիվանագետներ են, բացասաբար վերաբերվեցին և մեր հարաբերությունները վատացան: Մեզ նման մարդկանց համար դա անխուսափելի է: Հայաստանում էլ կլինեն նման խնդիրներ, եթե դուք սկսեք այդ հարցը բարձրացնել, մեկը կգտնվի, որ ասի՝ դու շատ առաջ գնացիր: Թուրքիայում սահմանափակումներն ավելի շատ էին անցյալում: Տոտալիտար վարչակարգը ստիպում էր ապրել այն ստի մեջ, որը հաստատված էր: Ես շատ բան եմ սովորել Վացլավ Հավելի «Ապրել ստի մեջ և ապրել ճշմարտության մեջ» գրքից: Ես սկսեցի հարցականի տակ դնել թուրքական պետությունը և թուրքական վարչակարգը: Տոտալիտար վարչակարգի նոր մարդ ստեղծելու ցանկությունը և մեր քեմալական վարչակարգի նոր մարդ ստեղծելու քաղաքականությունը՝ քուրդ չկա, արաբ չկա, դաշնակները գոյություն չունեն, բոլորդ թուրքեր եք, ստեղծում է միայն մի բան՝ թուրք: 1973-ի հունվարին լրագրող էի, Անկարայում էի աշխատում, տելեքսով Լոս Անջելեսից լուր ստացանք, որ հայերը սպանել են թուրք դիվանագետ Բահադր Դեմիրին, իմ մանկության ընկերոջը: Երբ Բահադրը նշանակվեց Լոս Անջելես, ինձ ասաց՝ տեսնես, քո փաշա պապի պատճառով այնտեղ ինձ հայերը ի՞նչ են անելու: Ծիծաղեցինք, ու նա գնաց: Պատմությունը պարադոքսալ է: Երբ ԱՍԱԼԱ-ն բեմ բարձրացավ, 48 թուրք դիվանագետ սպանվեց: Երբ ԱՍԱԼԱ-ին նայում եք այս տեսանկյունից, ուզած-չուզած ահաբեկչություն է, բայց նրանց ճանաչելով՝ մարդիկ սկսեցին ճանաչել 1915 թիվը: Չեմ ասում՝ մոռանանք պատմական ցավը, ես ուզում եմ առերեսվենք պատմության հետ, առավել ևս թուրքերը և թուրքական պետությունը պետք է առերեսվեն: Երբ մենք կարողանանք առերեսվել, խաղաղություն կտիրի մեր հողերում ու մեր սրտերում, ու մենք կդառնանք հասուն ժողովուրդ: Հրանտ Դինքն ասում էր, որ պատմությանը գերի չմնալու համար թուրքերը պետք է հասունանան, իսկ հայերը՝ բուժվեն»:
Գրքի հիմնական նպատակը՝ «բացի իմ անցյալից՝ իմ ապրած հողերի հետ սեղան նստելն էր: Ես պիտի շփվեի երկրի հուշերի հետ: Այնքան բարձր պատեր են հայերի և թուրքերի միջև, այս պատերը և սահմանների մոտ են, և մեր սրտերում, և մեր ուղեղում, այս բոլոր պատերը պետք է ոչնչացնենք: 2009-ին Բոստոնում ու Հարվարդում երկու ելույթ էի ունեցել, ես դեռ այն ժամանակ չէի ասում ցեղասպանություն: 2008-ին ես ծանոթացա իմ եղբայր Արմեն Գևորգյանի հետ, որ 1922-ին Թիֆլիսում Ջեմալ փաշային խփող չեթե ավազակախմբի անդամի թոռներից էր: Ես գրեցի, որ Ջեմալ փաշային սպանողի թոռան հետ եմ շփվել Հարվարդում, ուր Մորգենթաուի հիմնած կազմակերպության տնօրենն էր ինձ հրավիրել: Ամֆիթատրոնում, որտեղ ելույթ պիտի ունենայի, թռուցիկներ էին բաժանում, ես էլ վերցրի, որ կարդամ: Գրված էր, որ Հարվարդ ինձ հրավիրած կազմակերպությունը դավաճանում է Մորգենթաուին և ձեռքերն արյունոտ մարդու թոռանը հրավիրում ելույթի: Նույնիսկ ասում էին, որ Մորգենթաուի ոսկորները հաստատ ցավում են գերեզմանում: Ես կարդացի ու ծիծաղեցի, որովհետև նույն ձևով մտածող մարդիկ կան Թուրքիայում: Երբ 1915-ի մասին պաշտոնական պատմությանը հակաճառող հոդվածներ եմ գրում, ինձ ասում են՝ Ջեմալ փաշայի ոսկորները գերեզմանում ցավում են: Իմ սիրտն էլ է ցավում, երբ պատմում եմ այս ամենի մասին, բայց պատմելու եմ՝ քանի դեռ պատեր կան և պատճառներ կան, որ ստեղծել են այդ պատերը՝ անցյալի ցավերը, թուրքական պետականության մեծ սխալները, դուք կարող եք շատ մեղքեր շարադրել, սակայն այսօր մենք՝ թուրքերս, ու հայերդ, պետք է մեր ուղեղում ոչնչացնենք այդ պատերը: Հասարակական կազմակերպությունները օգնում են և կօգնեն մեզ, այս ձևաչափի ծրագրերը կշատանան, և ես համոզված եմ, որ պետության վրա էլ ազդեցություն կունենան, քաղաքական գործիչներն էլ կազդվեն»:
«Մինչև 100-ամյակ ի՞նչ կփոխվի» հարցին Հասան Ջեմալը պատասխանեց. «Դեկտեմբեր, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ՝ չորս ու կես ամիս է մնացել, ի՞նչ կանի Թուրքիայի պետությունը: Չգիտեմ: Այսօր Թուրքիայի կառավարությանը, նախագահ Էրդողանին որպես լրագրող ես շատ եմ քննադատում, սակայն վերջին ցավակցական ուղերձը, որ Էրդողանը հնչեցրեց հայերի հասցեին, իմ հոդվածներում կարևորեցի և ասացի, որ դրական քայլ է: Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ այսքան բարձր մակարդակով առաջին ելույթն էր, սակայն կային թերություններ, և ինձ համար միանշանակ՝ տեսակետի փոփոխություն չէր: Ես գենետիկորեն զգում եմ՝ ազգայնականությունը Թուրքիայից դուրս չի եկել, նախանշանները տեսնում ենք, և ես քննադատական վերաբերմունք ունեմ: Շատ կարճ ժամանակից Էրդողանն ասաց՝ կներեք, ինձ հայ ասացին, ուրեմն իմ վերաբերմունքը ճիշտ էր: Հակասություն կա՝ նա Հրանտ Դինքի սպանությունից հետո ասաց՝ անձնական թշնամանքի հող վրա սպանություն էր, որը չգիտեմ ինչպես մեկնաբանել: Այս ամենից ելնելով՝ այդքան էլ լավատես չեմ, թե 100-ամյակին ինչ կլինի: Եթե նախագահը ցավակցական ուղերձով է հանդես եկել, գուցե կկարողանա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհին որոշակի քայլեր անել, գուցե քայլ կանի սահմանները բացելու վերաբերյալ և մի քիչ էլ առաջ կգնա իր նախորդ ցավակցական խոսքից: Ես հույս ունեմ: Վստահ չեմ, որ Թուրքիան որպես պետություն՝ ցեղասպանություն կանվանի կատարվածը, շատ հեռու քայլ է: Որպես պետություն ներողություն խնդրել 1915-ի համար և նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հե՞տ, ուրեմն Թուրքիայի պետությունը պիտի փոխի իր պաշտոնական դիվանագիտական լեզուն, վերանայի դասագրքերը, հայերի ինքնությունը պաշտպանող որոշակի քաղաքականություն վարի, այդ ամենից առաջ դեռ շատ գործ ունի պետությունը: Քուրդ մի մտավորական ասել է՝ քրդերը Անատոլիայում փորձում են թուրքերին բացատրել, որ իրենք ապրում են, իսկ հայերը Թուրքիայում փորձում են բացատրել, որ իրենք Անատոլիայում սպանվել են: Թուրքիան տարօրինակ երկիր է: Երկար տարիներ քրդերն ուրիշ պայքար են մղում, դուք ուրիշ պայքար եք մղում: Հրանտի ողբերգական մահից հետո հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան ու ասացին՝ մենք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք, և մոտ 40000 մարդ ստորագրեց հայերից ներողություն խնդրող փաստաթուղթը, 90-ական թթ. սկսած որոշակի հրատարակչություններ ¥Բելգի, Արասի¤ սկսեցին գրքեր տպել: Շատ կարևոր ու ուրույն տեղ ունեն Թաներ Աքչամի գրքերը և գիտական հոդվածները: Իսմայիլ Բեշիկջին առաջիններից մեկն էր, որ ցույց տվեց թուրքական ստերը և 17 տարի բանտում անցկացրեց: Ես իմ նոր գիրքը նրան եմ նվիրել և մշտապես մեջբերում եմ իր խոսքերը՝ այս բոլորն այլընտրանքային պատմության օրինակներ են, որը շատ դանդաղ զարգանում է Թուրքիայում: Անցած շաբաթ, երբ Բելգի համալսարանում Դերսիմի մասին պատմում էի, մտածեցի, որ 10 տարի առաջ դա հնարավոր չէր, որովհետև երբ 2005-ին ուզում էինք Հայոց կոնֆերանսը կազմակերպել, շատ մեծ խնդիրներ ունեցանք, դատարան տվեցին, դատավարություն եղավ, բայց մենք կարողացանք տակից դուրս գալ: Երբ նույն համալսարանում խոսում էի Դերսիմի մասին, նաև խոսեցի 1915-ի մասին, մի ուսանող ասաց՝ ես կարդացի ձեր գիրքը ու համաձայն չեմ ձեզ հետ: Ասացի՝ ինչի՞ն համաձայն չես: Նա պատասխանեց՝ պատերազմի ժամանակ հայերն էլ թուրքերին են սպանել: Ես ասացի՝ տղա ջան, սխալ է քո իմացածը, գուցե շարունակես սովորել, աղբյուրներ կան, որտեղից կարող ես ճշմարտությունն իմանալ: Հետո էլ ասացի, որ 9 տարի առաջ, երբ նույն տանիքի տակ պատրաստվում էինք հայոց կոնֆերանսին, մեզ վրա հավկիթներ էին շպրտում, հայհոյում էին, այսօր նույն համալսարանում ես կարողանում եմ լսարանում քննարկել հայոց ցեղասպանության հարցը: Հասկացիր, թե ինչ կարևոր նվեր է սա քեզ: 2008-ին, երբ Երևան էի եկել Սամսոն եղբորս հետ, մտածում էի՝ գնալո՞ւ եմ ցեղասպանության հուշարձան և թանգարան, թե՞ ոչ: Հրանտ Դինքի համար սպիտակ մեխակ չէի՞ դնելու: Նախ՝ ասում էի, լավ, գնամ-դնեմ, հետո էլ ինձ ասում էի՝ Հասան, հրաժարվիր այդ մտքից, վերջը գնացի: Այն ժամանակ «Միլիեթում՛ էի գրում, գրեցի այդ օրվա մասին, բայց նկարը չտեղադրեցի: Ես կիսում եմ ձեր ցեղասպանության ցավը»: Դահլիճում նորից ծափեր հնչեցին, ու իմ ձեռքը նորից ծափի չգնաց: Չէ, ես հարգում եմ մարդու խիզախությունը, քաղաքացիական կեցվածքը Թուրքիայի պես պետությունում, 1915-ի ու թուրքական ողջ պաշտոնական պատմությունը սուտ ու սխալ որակելը: Առավել ևս՝ Ջեմալ փաշայի թոռը լինելով: Բայց չեմ հարգում այն հայերին, որ նախքան հանդիպումը սկսվելը շտապում էին լուսանկարվել Հասան Ջեմալի հետ: Պատերը քանդում են նախ խոսքով՝ ընդունում եմ, բայց գործով չքանդված պատերն առավել են ամրացնում խոսքով կիսաքանդված պատերը: Ես բազմիցս բախվել եմ շարան-շարան ճշմարտություններ ասելուց հետո սեփական «ճշմարտությունը» դիմացինինը «դարձնելու» քաղտեխնոլոգիային: ՈՒ հիմա, երբ գրասեղանիս է Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանությունը» գիրքը, չեմ շտապում կարդալ: Նույնիսկ թերթել, մեջս նվում է բաց մի նյարդ, որի անունը չգիտեմ: ՈՒ ընդհանրապես՝ ինչո՞ւ ես իմ անձնական տարածք եմ ներս թողել Թաներ Աքչամին, Օրհան Փամուկին, Էլիֆ Շաֆակին, հիմա էլ Հասան Ջեմալին, իսկ նրանք չեն թարգմանում ու չգիտեն՝ ո՞վ է Եղիշե Չարենցը, որ ծնվել է Կարսում ու գրել «Երկիր Նաիրին», չգիտեն՝ ո՞վ է Հրանտ Մաթևոսյանը, որ գրել է «Մեծամորը», ո՞վ եմ ես՝ մեկն այն հայերից, ում կոչ են անում անցյալին գերի չմնալ ու առաջ նայել: Ես ազգայնական չեմ, բայց ինձ թվում է, որ իմ երակներում արյան տեղ Վանա ծովի ջրերն են վերուվարում, ու ես ինձ ամբողջովին ճանաչել ու հասկանալ կարող եմ այն ժամանակ միայն, երբ ապրեմ Մհերի դռան ստորոտում ու գլխավերևումս երկինք ունենամ՝ Մշո դաշտն ու Սասնա սարերն ամեն օր տեսնող աստղերով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Հավարտ հանդիպման՝ կես ժամ կար, բայց հարցուպատասխանի հնարավորություն չտրվեց: Լավ է, որ չտրվեց: Հաստատ գտնվելու էր մեկը, որ հարցներ.
1. Հասան Ջեմալը հաշվե՞լ է, թե որքան կլիներ հայ ժողովրդի թիվը, եթե Հայոց ցեղասպանությունը չլիներ, և ի՞նչ երկիր կլիներ Թուրքիան, եթե այսօր հայերն ապրեին իրենց պատմական հողերում: Ինչո՞ւ Դերսիմում «մկների պես սպանված քրդերը» շարունակում են պնդել, որ իրենք ապրում են, իսկ հայերը՝ որ սպանվել են Թուրքիայում: Այսօրվա:
2. Եթե Հասան Ջեմալը շարունակում է իր պապին սպանած հայերին անվանել «չեթեների ավազակախումբ», ի՞նչ անուն տալ իր պապին:
3. Եթե գրել է այս գիրքը, ուրեմն իր տոհմի պատասխանատվությունն արդեն հանե՞լ է, թե՞ «չեթեները» դեռ իրավունք ունեն իր տոհմից որևէ մեկին էլ ուղարկել թուրք 48 դիվանագետների ճանապարհով: ՈՒ ընդհանրապես հայերի ցեղասպանության մասին խոսելը թուրքերի՞ն է ավելի պետք, թե՞ հայերին:
Գուցե այս հարցերի պատասխանն ունենալուց հետո Թուրքիան համարձակվի առերեսվել իր անցյալի հետ ու ընդունել ցեղասպանության փաստը, իսկ «եղբայր՛» հայ ժողովուրդը սկսի մտածել՝ ներե՞լ, թե՞ չներել: Իսկ եթե մինչև ժամը յոթի կինոսեանսը մի քիչ էլ ժամանակ մնացած լիներ ու Մարի Թիթիզյանն արագ չավարտեր հանդիպումը, գուցե խոսք տրվեր և «եղբայր Սամսոնին»: Սամսոն Օզարարատին, ու էլի գտնվեր մեկը, որ «եղբայր Սամսոնին» հարց տար՝ ինչո՞ւ էր նույն Սամսոն Օզարարատի ու իր հարակից Գրիգոր Աժդերհանյանի գլխավորությամբ Նիցցայի թուրքահայերի մի խմբակ նախկին քաղաքապետ Ժակ Պեյրայի դեմ դուրս եկել՝ ինչ է, թե նա թույլ չէր տվել իր քաղաքում մզկիթ կառուցել: Ինչո՞ւ էին այդ նույն պատճառաբանությամբ հրաժարվում անգամ նրա առաջարկած ֆինանսական աջակցությունից, որով պիտի Պարսամյան դպրոցը նորոգվեր, ինչո՞ւ էին այդ դպրոցի հայ երեխաները տարիներ շարունակ սովորում Թուրքիայում տպագրված դասագրքերով, որտեղ Դ տառի տակ Թուրքիայի դրոշն էր: Ինչո՞ւ ամբողջ Ֆրանսիան ընդունում է Հայ առաքելական եկեղեցու կանոնադրությունը, իսկ Նիցցան չի ընդունում, ինչու՞ Նիցցայի հայկական եկեղեցում պատարագ են անում կարգալույծ քահանաներ, որ հրաժարվում են «Հայր մեր»-ն արտաբերել ու եկեղեցու հարակից տարածքը վերածել են խորովածանոցի, իսկ իրական նիցցահայ հավատացյալ համայնքը կաթոլիկ եկեղեցի է գնում պատարագի: Վերջապես՝ ի՞նչ ընթացք ունեցավ Նիցցայի եկեղեցու դատական գործը, երբ Ֆրանսիայի առաջին ատյանի դատարանը զրկեց հայ առաքելական կոչվելու իրավունքից: Եվ՝ ընդհանրապես Սամսոն Օզարարատը Հասան Ջեմալին այս ու այն երկիր տանելով՝ ի՞նչ ծրագիր է կատարում: Ազգային-հայրենասիրակա՞ն, թե՞ թուրքական-պաշտոնական: Տևական ժամանակ Ֆրանսիայում հայ դիվանագետ ներկայացած Սամսոն Օզարարատը միայն Վարդան Օսկանյանի՞ն Հայաստանում թիկունք ունի, թե՞ բոլոր այն պաշտոնյաներին, որ ամառները սիրում են անվճար հանգստանալ Նիցցայի եկեղեցապատկան հյուրատներում, իսկ տարվա մյուս եղանակներին սիրում են մասոն-մասոն խաղալ:
Իսկ ընդհանրապես՝ եթե Հասան Ջեմալը պնդում է, որ պետք է առաջ նայել, նայենք առաջ՝ ո՞ւմ է ձեռնտու, որ հայերը անվերջ խոսեն ցեղասպանությունից, իսկ թուրքերը հրաժարվեն ճանաչել ցեղասպանությունը: Ի վերջո՝ հարցերի հարցը Ղարաբաղն է և փակ սահմանները: Հասան Ջեմալը իր բազմամյա լրագրողի փորձառությամբ ունի՞ պատասխան՝ ինչո՞ւ է իր երկիրը փակել սահմանները, ինչո՞ւ է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար նախապայման դնում և ինչո՞ւ է այդ նախապայմանը վերաբերում Ադրբեջանին, ինչո՞ւ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը բոլոր պարագաներում շարունակում է գործել Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ ինչո՞ւ է իր երկիրը լիուլի ֆինանսավորում տասնյակ ու հարյուրավոր թուրքահայերի, որ աշխարհի տարբեր անկյուններում տրոհեն հայ համայնքը, պայքարեն Հայ առաքելական եկեղեցու դեմ: Դա կոչվում է «մենք կիսո՞ւմ ենք ձեր ցավը»: Թե՞ մենք փողը կտանք, դուք լուծեք մեր հարցերը: Կասեք՝ Հասան Ջեմալի պատասխանելի՞քը չեն այս հարցերը: Բայց նա է հասարակական երկխոսության պատը շարում՝ քանդելու այն՝ մյուս՝ պաշտոնական պատը: Իսկապես բարդ երկիր է Թուրքիան՝ այս հարցում Հասան Ջեմալը ճիշտ էր, և այնքան կմնա «բարդ», քանի դեռ կշարունակվի հայերի ավանդական ազգային դավաճանությունը:

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ