Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեզ միավորում է ընդհանուր գաղափարը»

«Մեզ միավորում է ընդհանուր գաղափարը»
16.12.2014 | 00:12

«Մանկավարժական նախաձեռնություն» (ՄՆ) հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 12-ին հրավիրել էր իր տարեկան ժողովը, որը վարում էր կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Տարեկան ժողովին ներկա էին հիմնադիր անդամները, ԱԺ պատգամավորներ, դպրոցների տնօրեններ, վաստակաշատ մանկավարժներ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: ԱԺ պատգամավոր, նախկինում դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը ներկաներին որակեց մանկավարժական հանրության ընտրանի, որը երբեք համակարգից չի հեռանում: Նա համոզված է, որ ՄՆ ցանկացած նախաձեռնություն հերթական դրական քայլ է՝ կրթական համակարգն առաջ տանելու և զարգացնելու ուղղությամբ: Նա ուրախ էր Մանուկ Մկրտչյանի խմբագրությամբ՝ «Կրթությունը 21-րդ դարում» գիտակրթական հանդեսի անդրանիկ համարի լույսընծայման համար ու վստահ, որ պրակտիկ քննարկումները հնարավորություն կտան միմյանցից սովորել և սովորածը կրթական համակարգի զարգացմանն ի սպաս դնել: ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որ տասը տարուց ավելի ծանոթ է ՄՆ ասոցիացիայի գործունեությանը և համագործակցում է՝ լինելով «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն, կարևոր է համարում նորարարական միտքը կրթական համակարգում, որը, վերապատրաստելով տնօրեններին և ուսուցիչներին, ասոցիացիան կարողանում է մշտապես շարժման մեջ պահել: Հաջողության գաղտնիք պարոն Մկրտչյանը համարում է խնդիրների խմբային լուծման սկզբունքը: Գնահատման, թեստավորման կենտրոնի տնօրեն Գ. Մելիքյանը, որ կազմակերպության ձևավորման ակունքներում է եղել, ասաց, որ հանրապետությունում հատուկենտ կազմակերպություններ կան, որ համառորեն իրենց գաղափարներն արձանագրում ու առաջ են տանում: ՄՆ հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Արա Իսպիրյանը իբրև վերջին երկու տարվա աշխատանքների հաշվետու ելույթ ներկայացրեց կարճ տեսաֆիլմ, որը ևս նոր խոսք էր հաշվետվությունների ներկայացման ձևաչափում: Ֆիլմը պատմում էր ասոցիացիայի ոչ թե երկու, այլ համարյա 17 տարիների մասին, երբ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել կրթության ոլորտում՝ նորարարական-փորձարարական գործունեության, հանրապետական և տարածքային կրթական ծրագրերի մշակման ու իրականացման: Այսօր ՄՆ ասոցիացիան հանդես է գալիս որպես հանրապետական, տարածաշրջանային և միջազգային համաժողովների կազմակերպիչ՝ համագործակցելով կրթական ոլորտի բոլոր կազմակերպությունների հետ՝ Հայաստանում ու ԱՊՀ-ում, որտեղ պարբերաբար ներկայացնում է հայաստանյան փորձը, Հայաստան բերում նրանց փորձը: 2009-ին ՄՆ ասոցիացիան մասնակցեց կրթության և գիտության նախարարության հայտարարած մրցույթին, հաղթելով՝ ոլորտի մասնագետների վերապատրաստման իրավունք ստացավ ու արդեն չորս տարի նախարարության երաշխավորած անձանց վերապատրաստում ու հավաստագիր է տալիս: Վերապատրաստման ընթացքում օգտագործվում են ուսուցման կոլեկտիվ եղանակի տարբեր մեթոդիկաներ՝ ապահովելով բարձր արդյունքներ: Հավարտ ֆիլմի և հավելյալ տեղեկությունների` Արա Իսպիրյանը շնորհակալություն հայտնեց «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին՝ ասոցիացիայի գործունեությանը աջակցելու համար: Իսկ հետո Վահրամ Մկրտչյանը «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նվերները հանձնեց Երևանի և մարզերի մի քանի դպրոցների տնօրենների՝ հայոց պատմության վերջին 200 տարվա ծավալուն քարտեզները և «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից» գիրքը՝ «մեր մաքառումների, կորուստների ու հաղթանակների ծանրակշիռ ու թանկարժեք հավաքածուն»՝ ինչպես Վահրամ Մկրտչյանը բնորոշեց, հանձնվեցին նաև պատվոգրեր կրթական ոլորտում իրենց ակտիվ մասնակցությունը դրսևորած մանկավարժներին՝ Աշոտ Ղազարոսյանին, Գայանե Սահակյանին, Անի Վարդանյանին, Կարինե Հովակիմյանին, Անահիտ Կիրակոսյանին, Թերեզա Պետրոսյանին: Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը շնորհավորեց նրանց և բոլոր ներկաներին հաջողություններ մաղթեց՝ վստահ, որ դպրոցում նորարարությամբ զբաղվելը հեշտ գործ չէ, հատկապես երբ խոսքը վերաբերում է արմատական փոփոխություններին: «Ցանկացած ուսուցիչ կամ տնօրեն, եթե հանդգնում է համարձակ քայլեր անել, արդեն արժանի է ոչ միայն պատվոգրի, ես ցանկանում եմ, որ մեր ասոցիացիան ու մեր պետությունն այնքան հարստանան, որ մենք չբավարարվենք պատվոգրերով, ավելի լուրջ նվերներ տանք ազգանվեր գործունեություն ծավալող բոլոր մանկավարժներին»,- ասաց Մանուկ Մկրտչյանը:

Հավարտ տարեկան ժողովի` փորձեցի մասնակիցների կարծիքներն իմանալ:

ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ (ԱԺ պատգամավոր)

-Ես կարծում եմ, որ մանկավարժության, գիտական մտքի հավաքագրումը՝ հանդեսի, գիտաժողովների տեսքով, իր նպաստը պետք է բերի մեր կրթական համակարգի զարգացմանը, Հայաստանում կրթական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Նմանատիպ նախաձեռնությունները՝ անկախ ինչ ձևաչափով են իրականացվում, եթե ունեն հստակ նպատակ, հստակ հեռանկար և տեսլական, անպայման մեր պետությանն անհրաժեշտ են: Սա ևս մեկ դրսևորում է, որ կրթության մեջ ժողովրդավարացումը կրթության ոլորտի զարգացման գրավականն է, այս նախաձեռնությունը հենց ժողովրդավարացման, տարբեր տեսակետների դրսևորման ու համադրման հնարավորություն է տալիս, ինչու ոչ, նաև ստեղծագործական միտքը զարգացնելու: Նմանատիպ մի նախաձեռնություն է և դպրոց-կենտրոնների միությունը, որ այլ ձևաչափով է գործում, մեր շատ նախաձեռնություններ համընկնում են՝ կարծում եմ, մենք համագործակցության եզրեր ունենք՝ ի նպաստ կրթական համակարգի զարգացման:

ՍԻԼՎԱ ԽՐԻՄՅԱՆ (Դասագրքերի և տեղեկատվական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի աշխատակից, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ)

-Հասարակական կազմակերպության կայացման համար մեր երկրում շատ բարենպաստ պայմաններ չկան, կարծում եմ, որ Մանուկ Մկրտչյանի համառության, նախաձեռնող բնավորության ու հետևողականության շնորհիվ այդ կազմակերպությունը կայացավ: Ինձ միշտ հետաքրքրել են ՄՆ ասոցիացիայի նորարարական քայլերը, հատկապես ուսուցման այն մեթոդը, որը հիմա ներդրվում է դպրոցներում և բավականին հաջողություններ է արձանագրել և վերապատրաստման, և ուսուցման ոլորտում: Ես զբաղվում եմ նաև ուսուցման մեթոդների հարցերով՝ համագործակցային ուսուցում, փոխներգործուն մեթոդներ, որ փոխկապակցված են կոլեկտիվ ուսուցման մեթոդիկայի հետ, կարծում եմ՝ դրանց համադրումը կարող է զգալի արդյունք տալ:

ԿԱՐՈ ՀԱԿՈԲՅԱՆ (Վայոց ձորի մարզի Վայքի ավագ դպրոցի տնօրեն)

-Մասնակցելով դասընթացներին՝ մենք ձեռք բերեցինք համախմբված ընկերություն, տարբեր մարզերից ուսուցիչների և տնօրենների խումբ ձևավորվեց, և այսօր մեր 46-հոգանոց խմբի ստվար մասը համագործակցության դաշտ է մտել հենց այս կարգի միջոցառումներից հետո: Մեզ միավորում է ընդհանուր գաղափարը, կրթության որակի բարձրացման համար նախապատրաստական մեթոդների ուսուցման պրակտիկայի ուսումնասիրությունը:

ՄԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ (Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի տնօրեն)

-Արդեն երրորդ տարին է՝ տնօրեն եմ, վերապատրաստումն անցել եմ ՄՆ ասոցիացիայում, շատ ուրախ եմ ու գոհ, որ ուսանելի փորձ ձեռք բերեցի և ամենակարևորը՝ լավ ընկերներ ու համախոհներ, փորձի փոխանակում ու խորհրդակցական դաշտ: Կոլեկտիվ ուսուցում հնարավոր է կազմակերպել բոլոր առարկաների գծով, և այդ փորձը մենք փոխանակում ենք մեր գործընկերների հետ: Հաջորդ ուսումնական տարում, թեև մեր ժամկետը չի լրացել, որոշել ենք նորից վերապատրաստում անցնել ՄՆ ասոցիացիայում:

ՌՈՒԶԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ (Երևանի հիմնական թիվ 13 դպրոցի տնօրեն)

-Երբ սկսել էինք մասնակցել ՄՆ ասոցիացիայի աշխատանքներին, մեզնից ոմանք դեռ ուսուցիչներ էին, ես էլ տնօրեն չէի, բայց հավակնում էի տնօրեն դառնալ, այդ նպատակով դիմեցի ՄՆ ասոցիացիային՝ վերապատրաստվելու և հավաստագիր ստանալու համար: Մեթոդիկան, որով նրանք մեզ հետ աշխատեցին, ի հայտ բերեց մի կարևոր հատկանիշ՝ կոլեկտիվ ուսուցման մեթոդիկայի շնորհիվ ոչ միայն մենք կարողացանք պատվով հանձնել քննությունները, այլև բարոյական արժանիքների համախումբ ստեղծվեց, որը միավորեց մեր խմբին՝ տնօրենների, ուսուցիչների տարբեր մարզերից ու դպրոցներից: Մեր փորձը մենք տեղափոխել ենք դպրոց և բավականին կանխատեսելի արդյունքներ ունենք արդեն:

ՌԻՄԱ ԴԱՎԹՅԱՆ (Երևանի հիմնական թիվ 145 դպրոցի տնօրեն)

-Այսօր, իսկապես, ՄՆ-ը մեզ տվել է շատ և շատ գիտելիքներ, մատնանշել հետագա անելիքները: Մենք ոչ միայն կատարելագործում ենք մեր մասնագիտական ունակությունները, այլև ընկերներ ու աջակիցներ ենք ստանում, ինչը միայն ու միայն նպաստում է մեր աշխատանքների որակի բարձրացմանը:

Կրթության և գիտության փոխնախարար ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ հարցրի իր խմբագրած «Կրթությունը 21-րդ դարում» հանդեսի մասին, որտեղ արդեն հասցրել էի կարդալ, որ հաջորդ համարներում կլինեն նոր խորագրեր.

-Մենք ցանկացել ենք ասել, որ եղած խորագրերը քարացած չեն, ու ամեն անգամ նոր խորագրեր կլինեն՝ ըստ անհրաժեշտության: Ժամանակին մեր ասոցիացիան տպագրել էր «Կրթությունը 21-րդ դարում» անունով գրքույկներ, և մենք որոշեցինք շարունակել այդ գործն արդեն պարբերաբար հրատարակվող հանդեսի տեսքով: Այնպես որ՝ սա և առաջին համարն է, և նախկինում արած գործի ժառանգորդը: Հանդեսի նպատակների ու խնդիրների հստակ պատկերացում ունենք և մտադիր ենք դարձնել հանրապետության մանկավարժական ոլորտի լավագույն պարբերականներից մեկը:

-Եթե հասցեատերը ուսուցիչն է, ո՞վ է լինելու հեղինակը:

-Հանդեսում հիմնականում արտացոլվելու է մեր ասոցիացիայի գործունեությունը, որն ուղղված է նորարարությանը, կլինեն մանկավարժական նախաձեռնություններ ու այդ նախաձեռնությունները ներկայացնող հոդվածներ, իսկ դա նշանակում է, որ կտպագրվեն և ուսուցիչները, և կրթության ոլորտի աշխատողները, և մարդիկ, ովքեր հետաքրքրված են այդ ամենով ու իրենց տեսակետն ունեն:

-Չե՞ք կարծում, որ այսօր նման ակադեմիական մեթոդներով, այն էլ` երեք ամիսը մեկ, ուսուցչին դիմելը պրակտիկ չէ, ավելի արագ ու ճկուն ձևեր են պետք ուսուցչի հետ աշխատելու համար:

-Դա մեր միակ աշխատաձևը չէ և մեզ համար հապճեպ աշխատանքի միջոց չէ, որ արագ պետք է հասցնել ուսուցիչներին՝ իբրև հնացող տեղեկատվություն: Հիմնարար հոդվածներ են լինելու՝ և՛ մեթոդական, և՛ տեսական, և՛ փիլիսոփայական, աշխարհայացքային: Հանդեսի յուրաքանչյուր համար երկար կյանք կունենա:

-Դուք միայն ռո՞ւս մանկավարժական փորձն եք ներկայացնելու, թե՞ ընդհանրապես միջազգային:

-Մենք մեր փորձն ենք ներկայացնելու, առաջավոր մանկավարժական միջազգային միտքը: Մենք ուսումնասիրում ենք և մեր գնահատմամբ՝ առաջավորն ու ապագա ունեցողը ներկայացնում ենք ասոցիացիայի անդամներին ու մանկավարժական հանրությանը:

-Ինչքա՞ն է տպաքանակը:

-Առայժմ քիչ է, կողմնորոշվել ենք նախ ՄՆ ասոցիացիայի անդամների թվով (մոտ 300), եթե միջոցներ լինեն, մեզ օգնում են բարերարները, տպաքանակը կավելացնենք:

Իսկ հաջորդ օրը կազմակերպության հերթական գիտաժողովն էր:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.- Այդպես ձմեռային անձրևոտ առավոտից ես նորից հայտնվեցի այն միջավայրում, որտեղ սկսել էի լրագրողի իմ ճանապարհը՝ բանասիրական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի անցնելով նորաբաց «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսի խմբագրությունում: Հետո ես դարձա հանդեսի գլխավոր խմբագիրն ու անվանափոխեցի «Մայրենի», երեք տարի առանց ֆինանսավորման հրատարակեցի ու մինչև 1994-ը մանկավարժությունը իմ ոլորտն էր: Քսան տարի անց, սակայն, ես ինձ օտար էի զգում այնտեղ, որտեղ ժամանակին գիտեի ամեն ինչ ու ամենքին: Իսկ գուցե վերադառնա՞մ:

Դիտվել է՝ 3245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ