Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ա՜խ այդ ռուսները

Ա՜խ այդ ռուսները
16.12.2014 | 00:21

Ռուս-թուրքական վերջին համաձայնությունների կապակցությամբ Հայաստանի լրատվամիջոցներում նշավակումների ու դատապարտումների իսկական քարոզարշավ ծավալվեց «ավագ եղբոր», անվստահելի «ստրատեգիական դաշնակցի», «հետամնաց գործընկերոջ» մասին և այլն: Բանը հասավ նրան, որ հեռուստատեսությամբ ոմն մի փորձագետ կոչ արեց նպաստել ոչ ավելի, ոչ պակաս «Պուտինի ռեժիմի» հետագա մեկուսացմանն ու անկմանը միջազգային ասպարեզում: Երևում էր, որ տհասը չի կարդացել Կռիլովի հայտնի առակը:
Մինչդեռ թվում էր, թե հատկապես այս անգամ մեր քաղաքագետները, վերլուծաբանները, արևելագետները գոնե… նախանձից ելնելով ոչ թե ուշադրությունը կկենտրոնացնեին Ռուսաստանի բազում «մեղքերի» վրա, այլ նույն կրքոտությամբ ու ագրեսիվությամբ կփնտրեին այն հարցերի պատասխանները, թե մեր քթի տակ մեր հավերժական ոխերիմ թշնամին՝ Թուրքիան, լինելով աշխարհի 20 հզորագույն էկոնոմիկա ունեցող երկրներից մեկը, ինչպես է կարողանում հերթական անգամ հսկայական շահաբաժիններ կորզել իր տնտեսական զարգացման համար, ինչպես է Էրդողանին հաջողվում աշխարհաքաղաքական, տարածաշրջանային հանգույցները գերպրագմատիկորեն լուծել հօգուտ իր երկրի և այլն, և այլն:
Եթե որևէ մեկին թվում է, թե ռուսները ի դեմս Էրդողանի տեսնում են կայուն ու կանխատեսելի գործընկերոջ, ապա սխալվում են: Այստեղ հիանալի գիտեն, որ այդ անձը նույնիսկ ընթացիկ հարցերում կարող է շեղվել պայմանավորվածություններից՝ բացառապես ելնելով թուրքական պետության շահերից: Նա նույնիսկ զիջումների չգնաց Սիրիայի հարցում: «Էրդողանը վաղուց է գիտակցել, որ ավելի լավ է դիրքերը զիջել օտարի աշխարհաքաղաքաքական դաշտում, քան սպառնալիքի տակ դնել սեփական երկրի ամբողջականությունն ու անվտանգությունը», գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
Կամ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ և լայն առումով Արևմուտքի գործընկեր, դիվանագիտական ի՜նչ համառությամբ Էրդողանը հակազդեց նրանց ճնշումներին և ոչ միայն չմիացավ հակառուսական պատժամիջոցներին, այլև Ռուսաստանի՝ դեպի Ասիա, դեպի Արևելք արտաքին քաղաքական-տնտեսական վերակողմնորոշումը առավելագույնս օգտագործեց ի շահ Թուրքիայի: Եվ բանը միայն էներգատարների ուղիներին չի վերաբերում, ինչը, իհարկե, Թուրքիան կդարձնի նոր մակարդակի ազդեցիկ միջազգային խաղացող: Իսկ երկու պետությունների միջև զբոսաշրջության ընդլայման, գյուղատնտեսական մթերքների մատակարարման, ատոմակայանի կառուցման և համապատասխան տեխնոլոգիաների զարգացման, մշակութային փոխանակումների ծրագրե՞րը: Հենց այնպես, Ռուսաստանի «նենգ» նախաձեռնությա՞մբ միահյուսվեցին երկու երկրների տնտեսական ու քաղաքական շահերը:
Մեր շահերի տեսանկյունից թեկուզ և այս վերջին իրադարձությունների առնչությամբ ավելի հրատապ չե՞ն Թուրքիայի ներկա քաղաքական ենթատեքստերի վերծանումներն ու մեկնաբանությունները: Ամեն ինչ այնքան անակնկալ էր ու մասշտաբային, որ խուճապի մատնված Եվրամիությունը, ուշքի գալով, դիվանագիտական դեսանտ ուղարկեց Թուրքիա, իսկ Բրիտանիայի վարչապետը Անկարայում իր անվերապահ աջակցությունն էր հայտնում Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելու պլաններին:
Ի վերջո գոնե մեկ-մեկ համեմատեք Թուրքիայի ու Հայաստանի իշխանությունների գործունեության արդյունքները: Հազիվ թե մեր օգտին է թեկուզ և այն փաստը, որ Էրդողանի կառավարման օրոք թուրքերի կենսամակարդակը բարձրացել է մոտ 5 անգամ: Թե չէ՝ ա՜խ այդ սրիկա ռուսները։

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հ. Գ.- Օրերս Իլհամ Ալիևը, ընդարձակ հարցազրույցով հանդես գալով ռուսական մի հեռուստաալիքով, հանգամանորեն խոսելով իր երկրի տնտեսական հաջողությունների մասին, ասես ի լուր Հայաստանի նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դեպի Ռուսաստան ադրբեջանցիների արտահոսքը գրեթե կասեցված է: Եվ սա՝ մոտ 10-միլիոնանոց թշնամական երկրում: Իսկ ահա ինչ ենք կարդում հայոց մամուլում. «Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին միայն օդային ճանապարհով Հայաստանը լքել է 33 հազար 872 մարդ»: Մի ամբողջ քաղաք:

Դիտվել է՝ 1227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ