Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Бьмбараква Айда Эздит. Շնորհավոր «Այդա Էզդիտ»

Бьмбараква Айда Эздит. Շնորհավոր «Այդա Էզդիտ»
16.12.2014 | 11:25

Մեր հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդը, դարեր շարունակ պետականություն չունենալով, գոյատևում է: Շատերին կարող է զարմանալի թվալ, բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում ուրույն տեղ են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները, որոնք, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան:
Շուրջ 300 տարի մենք՝ հայաստանաբնակ եզդիներս, հեռացել ենք մեր հոգևոր նստավայրից՝ Լալիշա-Նուրանից, բայց, փառք Աստծո, սրբորեն պահպանել ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները:
Աշխարհի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ եզդիների, պատմության մեջ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը, որպես կանոն, վերածվել են տոների ու տոնակատարությունների: Եզդի ժողովրդի կյանքում այդպիսի տոներից է «Այդա Էզդիտը», որը նշվում է որպես աշխարհի արարման օր: Այն իր անվանումն է ստացել եզդի ժողովրդի Աստված Եզդայի հազար ու մեկ անուններից: «Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կյանքում և ճակատագրում կարևոր դեր է խաղացել: Այդ տոնը մշտապես նպաստել է եզդի ժողովրդի ինքնության, կրոնի և մշակույթի պահպանմանը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:
Այս տոնն իր հաստատուն տեղն ունի նաև մեր ժողովրդի գոյատևման գործում: Այն եղել և մնում է մի կամուրջ մեր ժողովրդի անցյալի և ներկայի միջև: «Այդա Էզդիտը» մեր ժողովուրդը նշում է դեկտեմբերի 13-ից մինչև հաջորդ 1-ին ուրբաթ օրը:
Ըստ եզդիական ավանդույթի՝ աշխարհի արարման գործը հրեշտակները Եզդայի Աստծո կարգադրությամբ սկսում են շաբաթ օրը և ավարտում են կիրակի օրը: Երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում և պատրաստվում ծոմի: Երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշում են «Այդա Էզդիտը»՝ աշխարհի արարման տոնը: Այս տարի «Այդա Էզդիտի» օրերը սկսվում են դեկտեմբերի 16-ին, 17, 18-ին ծոմ են պահում, իսկ դեկտեմբերի 19-ին սկսվում է տոնը:
Ցավոք, այս տարի օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որ չէիր տեսնի անգամ զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի ստրկավաճառները հասցրին մինչև Աֆղանստան: Ահավոր ցավով և թափված արցունքներով մենք սպասում ենք, որ կդադարեցվի եզդիների ցեղասպանությունը և կազատագրվի Շանգալը: Մենք սպասում ենք ճշմարտության ձայնին և արդարության հաղթանակին: Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում ենք նրանց թափած արյան համար:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում և փախստականների վրաններում գտնվող եզդիներին «Այդա Էզդիտ» տոնի առթիվ, ցանկանում բոլորին առողջություն, ազատություն, հաջողություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք: Թող իրականանան մեր բոլորի երազանքները, եզդիները այլևս երբեք ցեղասպանություն չապրեն իրենց բնօրրանում, ապրեն ազատ և անկախ: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար:
Աստված ապավեն։

Հասան ՀԱՍԱՆՅԱՆ
Հայաստանի եզդիների
հոգևոր առաջնորդ
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ
խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ