Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Դժոխքի դարպասների պահակազորը

Դժոխքի դարպասների պահակազորը
16.12.2014 | 11:44

«Համահայկական ծնողական կոմիտեն» դեկտեմբերի 12-ին «Թեքեյան» մշակութային կենտրոնում իրականացրեց աննախադեպ մի հավաք։ Իսկապես, աննախադեպ էր առիթը` հայոց ինքնության դեմ հայտարարված հարյուրամյա (գուցե թե հազարամյա) պատերազմը արդեն բացել է երախն ու անցել է գրոհի։ Գրոհն էլ հենվում է «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» օրենքի նախագծի վրա, որը ներկայացվել է ՀՀ ԱԺ-ին։ Ավելի ստույգ, պարտադրվել է երկրի օրենսդիր մարմնին։ Պատասխանը չուշացավ, մեր իրականությունում դեռևս լայն ճանաչում չունեցող, սակայն հիմնարար գործընթացների ակունքում կանգնած վերոնշյալ կառույցը հանդես եկավ պատասխան հակահարվածով։ Համաժողովից առաջ մասնակիցները զինվում էին նպատակային հրատարակություններով, որոնք տրամադրվում էին յուրաքանչյուրին, «666 թվով արյունարբու վիշապը աշխարհում, Հայաստանում և նրա պարտությունը Քրիստոսից» («Գթություն» հրատարակչություն), նույն հրատարակչության արգասիք «Ավետարանական աղանդ կամ մի «բարենորոգչության» պատմություն» (հեղինակ` Կարապետ Կարապետյան) և Սուրեն Պողոսյանի «Եվրածառի սյուրռեալիստական պտուղները»։

Հավաքը ներկայացուցչական էր, թեման ոչ պակաս խոսուն. «Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները»։ Միջոցառման պաշտոնական մեկնարկից առաջ 7-8 հեռուստաալիք «շրջափակել» էր Մայր աթոռի ներկայացուցիչ տեր Կյուրեղ քահանային, ով հանգամանալից ներկայացրեց առաքելական սբ. եկեղեցու դիրքորոշումն այս արհավիրքի վերաբերյալ։ Հետո ելույթներով հանդես եկան «Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, տեր Կյուրեղ քահանան, կոմիտեի փոխնախագահ Հայկ Այվազյանը, նաև ցուցադրվեց բավականին տպավորիչ մի տեսաֆիլմ։ Համաժողովին մասնակցում էին թբիլիսահայերի ասամբլեայի նախագահ Դավիթ Մանուսաջյանը և հեռակապի միջոցով՝ Ֆարիդա Բելգյուլը՝ «Մտահոգ և ակտիվ ծնողների անկախ ֆեդերացիայի» նախագահը Ֆրանսիայից, ՌԴ-ից «Համառուսաստանյան ծնողական դիմադրություն» ՀԿ-ի կենտրոնական խորհրդի անդամ Ժաննա Տաչմամեդովան և գերմանական «Մտահոգ ծնողներ» քաղաքացիական կազմակերպության նախագահ Մատիաս Էբերտը, ինչպես նաև քաղաքական և հանրային գործիչներ Հայաստանից։ Այսինքն՝ մտահոգությունն ամենևին «բուն հայկական» աստառ չունի, պարզապես, ինչպես ամեն մի արատավոր և հակազգային երևույթ, այն էլ մեր իրականությունում, զարմանալի ձևաչափ է ստանում։ Թերևս ծաղկաքաղ կատարենք Հայկ Այվազյանի զեկույցից, խնդիրը մեր ընթերցողներին առավել հիմնավոր ներկայացնելու մտադրությամբ, առավել ևս, որ զեկույցը (ինչպես նաև «Համահայկական ծնողական կոմիտեի» ողջ գործունեությունը) խարսխվում է փաստերի և եղելությունների վրա։
«Ընտանեկան բռնության դեմ» պայքարն իրականում ուղղված է մարդկանց մեջ ստեղծելու այնպիսի պատրանք, թե իբր ընտանիքը բռնության որջ է, իսկ ցանկացած ամուսին` բռնակալ։ Ասվածի ապացույցն այն է, որ բավական է մեկ բռնության դեպք արձանագրվի որևէ ընտանիքում և համապատասխան ՀԿ-ները աղմուկ կբարձրացնեն համայն Հայաստանով մեկ, որ տեղի է ունեցել հերթական «ընտանեկան բռնությունը»։
Հիմնվելով միայն պաշտոնական թվերի վրա` արձանագրենք, որ, համաձայն ՀՀ ոստիկանության տվյալների, 2012-ին Հայաստանում գրանցվել է, այսպես կոչված, «ընտանեկան բռնության» 766 դեպք, որը կազմում է ՀՀ բնակչության ընդհանուր թվի 0,025 տոկոսը։
Համեմատենք այլ երկրների պաշտոնական տվյալների հետ։ Համաձայն Մեծ Բրիտանիայի ոստիկանության տվյալների, 2011-2012 թթ. գրանցվել է «ընտանեկան բռնության» 766935 դեպք, որը կազմում է ՄԲ բնակչության ընդհանուր թվի 1,2 տոկոսը։ Քառասունինն անգամ ավելի, քան ՀՀ-ում։ Ըստ ԱՄՆ-ի կառավարության՝ 2012-ին գրանցվել է 1259390 դեպք, այն կազմում է երկրի բնակչության 0,39 տոկոսը։ Տասնհինգ անգամ ավելի, քան Հայաստանում։
Ըստ Նիդերլանդների կառավարության տվյալների, այդ երկրում տարեկան գրանցվում է «ընտանեկան բռնության» 200000 դեպք, որը կազմում է բնակչության 1,19 տոկոսը, 47 անգամ ավելի, քան Հայաստանում։
Ինչու են այս երկրներն այսօր հովանավորում «ընտանեկան բռնության» դեմ պայքարը Հայաստանում, եթե իրենց մոտ վիճակը շատ ավելի վատ է։
Այժմ օրենքի մասին։ ՀՀ ԱԺ ներկայացված «Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին» օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում են, թե ովքեր են համարվում ընտանիքի անդամներ։
«Ընտանիքի անդամներ են համարվում նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք (փաստացի ամուսնություն) և զուգընկերները («զուգընկեր» է համարվում այն անձը, ով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել միևնույն անձի հետ»)։
Փաստորեն, ընտանիքի անդամներ են համարվում նաև համատեղ բնակվող անձինք, որոնք գտնվում են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ (քաղաքացիական ամուսնություն-չՐՈՋՊՈվրՍՌռ ոՐՈՍ)։ Ընտանիքի անդամներ են համարվում նաև զուգընկերները, որոնք գտնվում են պարբերաբար սեռական հարաբերությունների մեջ, և հետաքրքիր է, թե ինչ պարբերականությամբ։ Օրինակ, ասենք, եթե տղամարդը պարբերաբար օգտվում է միևնույն մարմնավաճառի ծառայությունից, սա նույնպե՞ս համարվում է ընտանիք։ Կամ եթե ասենք, զուգընկերը նույն սեռի ներկայացուցիչն է, ապա նրա հետ պարբերաբար սեռական հարաբերությունների պարագայում դա և՞ս կկոչվի ընտանիք։

Այնուհետև, ընտանիքի անդամներ են համարվում նաև ամուսիններից (զուգընկերներից) մեկի հետ ազգակցական այլ կապի մեջ գտնվող և մինչև նախապապը կամ նախատատը ընդհանուր նախնիներ ունեցող անձինք։
Ստացվում է, որ ցանկացած ընտանեկան միավորի, անձի կյանքին կարող են խառնվել մեր, այսպես կոչված, ընտանեկան բռնության դեմ պայքարողները, քանզի ցանկացած անձ որևէ ձևով կարող է գտնվել ամուսիններից (զուգընկերներից) մեկի հետ ազգակցական այլ կապի մեջ մինչև նախապապ կամ նախատատ։ Որևէ մեկը դուրս չի մնա այս ցուցակից։ Ցանկացած անձի և քաղաքացու վրա կարելի է սահմանել և իրականացնել բացարձակ վերահսկողություն։ Օրենքի 5-րդ կետը վերաբերում է «ընտանեկան բռնություն» հասկացությանը. բռնություն է համարվում ընտանիքի անդամների միջև ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության կիրառումը (այստեղ նշված են 7 ենթակետեր, որոնց կարող եք ծանոթանալ նշյալ տխրահռչակ օրենքի նախագծում, ծանոթ.` հեղինակի)։

Զեկույցից մեջբերենք ևս մեկ ուշագրավ դրվագ։
«Իսկ հիմա ամենակարևորի մասին։ Ընտանեկան բռնություն է համարվում նաև.
ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի հանդեպ անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելու նպատակով վերջինիս կամքին հակառակ նրա գույքը դիտավորությամբ վերցնելը, ոչնչացնելը, վնասելը, յուրացնելը, վատնելը, օտարելը կամ թաքցնելը։
Ի՞նչ ասել է անհարկի տնտեսական վերահսկողություն սահմանելը։ Օրինակ, եթե ընտանիքի անդամ ծնողները` հայրը կամ մայրը, թաքցնում են անչափահաս երեխայից նրա մոտ հայտնաբերված պահպանակը, որն ազատորեն վաճառվում է դեղատներում և խանութներում կամ, ասենք, պոռնոգրաֆիկ բնույթի գրականությունը, որը, ի դեպ, Հայաստանի տարբեր բնակավայրերում մարդկանց է բաժանում իբր կանանց իրավունքների համար պայքարող «Կանանց ռեսուրսների կենտրոն» կազմակերպությունը, կամ տրանսվեստիտների կյանքը լուսաբանող գրականությունը, որը, ի դեպ, Հայաստանում տպագրվել և գովազդվել է միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ և վաճառվում է գրախանութներում, կամ ասենք սիգարետ, կամ արգելում են համացանցից այլասերող կայքերի դիտումը և ասում, որ երեխան իրավունք չունի օգտագործելու կամ զբաղվելու. ի՞նչ է, փաստորեն այս արարքով ծնողները բռնությո՞ւն են կիրառում երեխայի նկատմամբ»։

Զարհուրելի է, այնպես չէ՞, սակայն իրականություն է։ Այստեղ մի բան է տագնապալի. անվերապահորեն ՀՀ իշխանություններն ու կառավարությունը, այսինքն՝ երկրի ղեկավար մի քանի հարյուր տիարք և տիկնայք, հոգեպես և բարոյապես դեմ են նման զազրելի և կործանարար օրենքների ընդունմանը։ Սակայն այս օրենքը կարող է և ընդունվել, քանի որ վաղուց ի վեր ՀՀ-ն ներքին մի դաշնագիր է վավերացրել արտաքին ուժերի հետ, լիառատ վարկավորվում է, ըստ էության, և հլու-հնազանդ կատարում է Արևմուտքի պատվերները։ Կատարում է ի հեճուկս հայ պետականության և մեր ազգային ինքնության, ոչ ավելի և ոչ էլ պակաս։

Այսպիսով, դժվար չէ կռահել, թե ովքեր են հանդես գալիս դժոխքի պահակազորի ձևաչափում։ Կռահելը կռահել, սակայն այս պատերազմում տանուլ չտալու նպատակով խիստ անհրաժեշտ է պայքարի համազգային ճակատը։ Ինչին էլ լծվել է «Հանուն ընտանիքի հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության» նորաստեղծ դաշինքը, որի հետ համագործակցության հուշագիր են ստորագրել համանման մի քանի կազմակերպություններ Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, ՈՒկրաինայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից։ Դաշինքը հռչակագիր է պատրաստել, որը և իր տեսակետները նշյալ օրենքի շուրջ պատրաստվում է ներկայացնելու ՀՀ կառավարությանը` կանխելու համար երկրի և ազգի գլխին կախված նշյալ օրենսդրական արհավիրքը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ