Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չինաստան-ԱՄՆ. ամերիկյան շանտաժը ձախողվեց

Չինաստան-ԱՄՆ. ամերիկյան շանտաժը ձախողվեց
16.12.2014 | 11:53

ԱՄՆ-ը, չսահմանափակվելով Ռուսաստանին և Իրանին հասցեագրված սպառնալիքներով, ձգտում է «գրոհել» նաև Չինաստանի վրա։ Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ը արդեն փորձել էր սպառնալ Չինաստանին, երբ չինացիների ու ճապոնացիների միջև կոնֆլիկտ ծագեց Արևելաչինական ծովում` Թայվանից 170 կմ հյուսիս-արևելք գտնվող Դյաոյույդյաո (Սենկակու) վիճելի կղզիների շուրջ, և մենք ընթերցողին հաղորդեցինք այն մասին, որ Հարավային Կորեայում բնակալած խամաճիկների միջոցով ամերիկացիները փորձել էին առճակատումը տարածել նաև Հարավչինական ծովում։ Սակայն անցյալ տարվա վերջին Պեկինը կայծակնային արագությամբ արձագանքեց՝ իր հակաօդային պաշտպանության ուժերի գործունեության ընդգրկումը տարածելով նաև Չինաստանի շրջակա տարածության զգալի մասի ու նրա ծովերի վրա։
Տեսնելով, որ ոչ մի կերպ չի հաջողվում Չինաստանին համոզել միանալու «Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներին», ԱՄՆ-ը 2014 թ. վերջում անցել է Պեկինի դեմ ուղղված ավելի ակտիվ գործողությունների։ Եվ ահա դեկտեմբերի 5-ին ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հրապարակեց «Սահմանները ծովերում։ Չինաստան. ծովային հավակնություններ Հարավչինական ծովում» զեկույցը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Հարավչինական ծովում ՉԺՀ-ի ծովային հավակնությունները «ճշգրտված չեն միջազգային իրավունքի տեսակետից», իսկ չինական կառավարության հաշվետվությունները հակասական տվյալներ են պարունակում ջրային հավակնությունների բնույթի ու չափերի մասին։ Փորձենք ճշգրտել, թե ինչի մասին է խոսքը։ 2013 թ. հունվարին, ԱՄՆ-ի ճնշմամբ, Ֆիլիպինները միակողմանի կարգով դիմեց Ծովային իրավունքի միջազգային դատարան (ԾԻՄԴ)` Հարավչինական ծովի մի շարք շրջաններում Չինաստանի հետ ունեցած տարածքային վեճի լուծման համար։ Սակայն պաշտոնական Պեկինը հայտարարեց, որ չինական կողմը չի մասնակցի դատաքննությանը և նախընտրում է վեճը լուծել երկկողմ ձևաչափով։ ԾԻՄԴ-ը 2014 թ. հունիսի 4-ին Պեկինին մինչև դեկտեմբերի 15-ը ժամանակ տվեց հարցապնդմանը պատասխանելու համար, որպեսզի յուրաքանչյուր կողմ լիովին լսված և ներկայացված լինի դատարանում։ Հասկանալու համար, թե իրենցից ինչ է ներկայացնում Ֆիլիպինները որպես երկիր, բավական է ասել. երբ ոչ այնքան վաղուց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով եղավ Մանիլայում, ֆիլիպինյան մայրաքաղաքում նրան դիմավորեցին հազարավոր զայրացած ֆիլիպինցիներ, որոնք պահանջում էին վերջ տալ երկրի օկուպացմանը և նրա իշխանությունների վրա գործադրվող ճնշումներին։
Հարավչինական ծովով է անցնում համաշխարհային ծովային բեռնափոխադրումների գրեթե մեկ երրորդը, իսկ ծովի կղզիների ծանծաղամասը (շելֆը) հարուստ է նավթով։ Այդ շրջանում, բացի Չինաստանից, տարբեր տարածքների հավակնում են ԱՍԵԱՆ-ի մեջ մտնող Բրունեյը, Վիետնամը, Մալայզիան և Ֆիլիպինները։ 2011 թ. հուլիսին ՉԺՀ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրների արտգործնախարարների միջև Բալիում կայացած հանդիպման ընթացքում հաստատվեցին Հարավչինական ծովում վարքագծի օրենսգրքի հիմնական սկզբունքները, որոնք ենթադրում են հրաժարվել ուժի գործադրումից։ Եվ հասկանալի է, թե ինչու է հիմա ԱՄՆ-ի պետդեպարտամենտն «ակտիվացել». չէ՞ որ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) անդամ երկրների` վերջերս Պեկինում կայացած գագաթնաժողովը, ինչպես և հետագա միջոցառումներն ու հանդիպումները ցույց տվեցին, որ Չինաստանը հաստատապես մտադիր է իր ռազմավարական գիծն իրագործել մոլորակում և անտեսում է ԱՄՆ-ի ու Եվրամիության երկրների հակառուսական արարքները։ Հանդես գալով դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ-ը մի տեսակ «գրգռում է» Ծովային դատարանին` դրդելով ընդունելու հակաչինական որոշումներ և միևնույն ժամանակ Չինաստանի կոմունիստական ղեկավարությանն ակնարկում է, թե, իբր, եթե այսուհետ ևս համառեք, ապա Վաշինգտոնը Չինաստանի հանդեպ «ավելի ծանրակշիռ փաստարկներ» կգործադրի։
Սակայն երևի Ամերիկայում թերագնահատում են աշխարհը ԱՄՆ-ի գերիշխանությունից զերծ պահելու ՉԺՀ-ի պատրաստակամության ու վճռականության աստիճանը։ Եվ ահա հետևեց Պեկինի երկու կոշտ ու խիստ պատասխանը. նախ, դեկտեմբերի 7-ին ՉԺՀ ԱԳՆ պայմանագրային-իրավական դեպարտամենտի տնօրեն Սյույ Հունը հայտարարեց, որ Չինաստանի դիրքորոշումը, համաձայն որի, նա հաստատակամորեն հանդես է գալիս ԾԻՄԴ-ում Հարավչինական ծովում Ֆիլիպինների հետ տարածքային վեճի քննության դեմ, մնում է անփոփոխ` անկախ Ֆիլիպինների գործողություններից ու դատարանի վճռից։ «Չինաստանն այսուհետ ևս անշեղորեն հավատարիմ կմնա Միջազգային դատարանի նիստերին չմասնակցելու իր դիրքորոշմանը։ Կարևոր չէ, թե ինչ կերպ Ֆիլիպինները կշարունակի վեճը, կարևոր չէ, թե ինչ վճիռ կկայացնի Միջազգային դատարանը. դա չի փոխի Հարավչինական ծովում գտնվող կղզիների նկատմամբ Չինաստանի իրավասության փաստը, ինչպես և շրջակա ջրատարածքների նկատմամբ»,- հայտարարեց Սյույ Հունը հատուկ բրիֆինգի ընթացքում։ Միջազգային արբիտրաժին մասնակցելուց հրաժարվելու պատճառը Պեկինը համարում է այն, որ ԾԻՄԴ-ն իրավասություն չունի լուծելու նման վեճերը, քանի որ հարցը վերաբերում է վիճելի տարածքների նկատմամբ ինքնիշխանության որոշմանը, ինչը «դատարանի լիազորություններից վեր է»։ Ավելին, Պեկինի հայտարարության համաձայն, Ֆիլիպինների միակողմանի նախաձեռնությունը վեճերի լուծման պարտադիր արարողակարգի խախտում է։
Իսկ դեկտեմբերի 9-ին ամերիկացիներին շշպռեց արդեն ՉԺՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Հուն Լեյը` ամենօրյա բրիֆինգի ժամանակ։ Նա ԱՄՆ-ին մեղադրեց Հարավչինական ծովում տարածքային վեճերի կարգավորմանը չմիջամտելու հարցերում իր ստանձնած պարտավորությունների խախտման մեջ։ Ինչպես հաղորդել է չինական «Chaina Daily» թերթը, Հուն Լեյն ընդգծել է. «Զեկույցում անտեսված են փաստերն ու բազային միջազգային իրավական սկզբունքները։ ԱՄՆ-ը խախտել է Հարավչինական ծովում տարածքային վեճերի կարգավորման հարցերում չեզոքություն պահպանելու իր ստանձնած պարտավորությունները։ Այդ քայլը մենք գնահատում ենք որպես ապակառուցողական։ Այն չի նպաստում ամբողջ Հարավչինական ծովի ջրերում խաղաղության և կայունության պահպանմանը»։ Նա նաև ավելացրել է, որ վիճարկելի տարածքի սահմաններում ՉԺՀ-ի ինքնիշխանությունն ու իրավունքները հետևողականորեն ապացուցված են չինական կառավարության կողմից։ «Չինաստանը միշտ հավատարիմ է եղել այլ պետությունների հետ տարածքային վեճերը պատմության փոխադարձ հարգման և միջազգային իրավունքի վրա հիմնված ուղիղ բանակցություններով և բարեկամական կոնսուլտացիաներով լուծելու սկզբունքին,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը։- Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում հավատարիմ լինել ստանձնած պարտավորություններին, խոսել և գործել զգույշ, անաչառորեն գնահատելով այդ հարցում ստեղծված իրավիճակը»։
Ամերիկյան սադրանքների առնչությամբ Պեկինի երկու կոշտ ռեպլիկներից ակնհայտորեն երևում է, որ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ¥ԱԽՏ¤ արագորեն սրվում է իրավիճակը, և երկու դեպքում էլ ամբողջ մեղքն ընկնում է միայն ու միայն ԱՄՆ-ի վրա։ Առաջին դեպքում Չինաստանը, ըստ էության, հասկանալ է տվել, որ մտադիր չէ ընդունել միջազգային մարմինների իրավաբանությունը, այս դեպքում՝ ԾԻՄԴ-ի, որոնք ջանադրորեն պատրաստվում են կատարելու ԱՄՆ-ի քաղաքական պատվերները։ Պեկինում հիանալի են հասկանում, որ եթե ԱՄՆ-ի ֆիլիպինյան խամաճիկները չունենային Վաշինգտոնի պաշտպանությունն ու աջակցությունը, ապա Ֆիլիպինները չէր համարձակվի վիճարկել Հարավչինական ծովում Չինաստանի տարածքային իրավունքները, այդ թվում՝ ծովային ծանծաղամասի վերաբերմամբ։ Իսկ ահա երկրորդ դեպքում Պեկինը բացահայտորեն, թեև արևելյան ճամարտակությամբ, ԱՄՆ-ին հասկանալ է տալիս, որ Ամերիկան առհասարակ պետք է «ավելի զգույշ» լինի Հարավչինական ծովի մասին ամեն կարգի արտահայտություններում, այսինքն` Չինաստանի տարածքների ու տարածքային իրավունքների մասին խոսելիս։
Եվ այսպես, ի պատասխան ամերիկյան հորդորների ու շանտաժի, Պեկինը կոշտ կերպով «բացում է թեման». ուրեմն խոսենք ոչ միայն Հարավչինական ծովի ծանծաղամասի մասին, այլև խոսենք... Թայվանի մասին։ Իսկ Թայվանը ԱՄՆ-ի արտաքին ռազմավարության մեջ հաստատ Դյաոյույդյաո կղզիները չէ, որոնց հարցում Վաշինգտոնը միայն Ճապոնիայի դաշնակցի դեր ունի։ Թայվանի նկատմամբ ՉԺՀ-ի վերահսկողության վերականգնումը կամ, ասենք, «հեղափոխական փոփոխություններն» այդ կղզում և նրա «կամավոր վերամիավորումը» մայրցամաքային Չինաստանին իրադարձություններ են, որոնք անմիջապես օրախնդիր են դարձնում նաև այն հարցը, որ մի ժամանակ ամերիկացիները «պահպանման համար» իրենց ձեռքն են հավաքել չինական գոմինդանական կառավարության ոսկու պաշարը, ապա և ըստ էության յուրացրել են չինական ոսկին։ Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ում այդ ոսկու պահպանման ժամկետը լրացել է... 2001 թ. սեպտեմբերի 11-ին, և իբր չինական ոսկին պահվել է Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ երկնաքերներից մեկի ստորգետնյա պահոցներում։ Իսկ ավերակները մաքրելուց հետո չինական ոսկին ասես «հօդս ցնդած լինի»։ Հուսանք, որ ընթերցողների մեծ մասը դեռ հիշում է, թե ինչ պատահեց Առևտրի համաշխարհային կենտրոնի երկվորյակ երկնաքերների հետ 2001 թ. սեպտեմբերի 11-ի չարագույժ օրը։
«Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակը անաչառ կերպով գնահատելու» ԱՄՆ-ին հասցեագրված Չինաստանի կոչը առայժմ միտում ունի ստիպելու Վաշինգտոնին ձեռնամուխ լինելու բանակցություններին։ Ի վերջո, կան նաև այն բանի ապացույցները, որ Սյանգանի (Հոնկոնգ) հակակառավարական ելույթների թիկունքում ևս կանգնած են ամերիկացիները` նրանց կողմից վերահսկվող տեղաբնակների հետ, այդ թվում՝ տեղի օլիգարխների։ Պեկինի դեկտեմբերի 9-ի պատասխանը միաժամանակ նաև քողարկված նախազգուշացում է այն բանի, որ քանի որ ԱՄՆ-ն ուզում է «հեղափոխականացնել իրավիճակը» Չինաստանում կամ էլ միայն Սյանգանում, ապա ՉԺՀ-ն էլ կհրաժարվի չմիջամտելու քաղաքականությունից և ձեռնամուխ կլինի Թայվանի «հեղափոխականացմանը»։ Սա պարզապես հեռավոր Արևելքում և ԱԽՏ-ում տեղի ունենալիք իրադարձությունների հերթական վարկած չէ։ Այս խոսքերն արտացոլում են Չինաստանի ղեկավարության իրական քայլերը ¥ինչպես իրենց սեփական, այնպես էլ, օրինակ, Ռուսաստանի ու Իրանի հետ համաձայնեցված¤, որոնց նպատակն է նվազեցնել ԱՄՆ-ի դոլարից համաշխարհային առևտրատնտեսական հարաբերությունների կախումը, ինչպես նաև Պեկինի հայտարարությունները էներգակիրների պահանջարկի առաջիկա աճի և նավթի ու բնական գազի հիմնական հոսքը իր կողմը գրավելու անհրաժեշտության մասին։ Նշենք, միանգամայն ակնհայտ է, որ, ի տարբերություն Եվրոպայի, ոչ ոք Չինաստանում չի հավատում համաշխարհային շուկայում նավթն ու գազը իրենց «թերթաքարային նավթով» ու «թերթաքարային գազով» փոխարինելու հնարավորության պատրաստակամության մասին ամերիկացիների «հեքիաթին»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ