«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Գիտե՞ք, թատրոնի վիճակը ծանր չէ ու այդքան ծանր չի էլ եղել»

«Գիտե՞ք, թատրոնի վիճակը  ծանր չէ  ու այդքան ծանր չի էլ եղել»
16.12.2014 | 12:03

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը թատրոնի ստեղծագործական անցուդարձի, խնդիրների, սպասվող պրեմիերաների մասին է:

-Տարեվերջին, հետադարձ հայացքով, ամփոփելով օպերային թատրոնի 2014 թվականի ստեղծագործական անցուդարձը, ի՞նչը կառանձնացնեիք:
-2014-ին բավականին մեծ փոփոխություններ տեղի ունեցան օպերային թատրոնում, գեղարվեստական կազմի արտիստներն անցան որակավորման քննություններ, ունեցանք հետաքրքիր հյուրախաղեր Մարիինյան թատրոնում: ՈՒզում եմ առանձնացնել Շուշիում սեպտեմբերի 1-ին կայացած Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի պրեմիերան: Այն ընդգրկվել է օպերային թատրոնի խաղացանկում, մի փոքր փոփոխությունից հետո կներկայացվի մեր բեմում:
-Նոր թատերաշրջանում պրեմիերաներ սպասվո՞ւմ են:
-Հունվարին, փետրվարին, մարտին նախատեսում ենք երեք պրեմիերա: Կներկայացնենք «Ժիզել», «Կարմեն» և «Լորկիանա» բալետները: Դա լավ ցուցանիշ է: Իհարկե, ավելի շատ աշխատանք ունենք անելու, որ ավելի մեծ թվով ներկայացումներ կարողանանք ներկայացնել մեր հանդիսատեսին:
-Ի՞նչ ծրագրեր կան` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
-Օպերային թատրոնը տարվա ընթացքում շատ ծանրաբեռնված է լինելու, մեծ միջոցառումներ են նախատեսվում, կառավարական միջոցառումները նույնպես կանցկացվեն մեր թատրոնում, մեծ թվով հյուրեր ենք ունենալու դրսից, աշխարհահռչակ դիրիժոր Գերգիևից սկսած, վերջացրած Կլայդերմանով: Թատրոնը զբաղված է լինելու ամեն օր, լինելու են տարբեր համերգներ, ներկայացումներ, հանդիպումներ, մեծ մասամբ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Բացի այդ, մեր կենտրոնական թատրոններից մի քանիսը լինելու են վերանորոգման փուլում, ֆիլհարմոնիկը և ուրիշ թատրոններ փակ են լինելու մի քանի ամիս: Մենք սիրով կտրամադրենք մեր բեմը. մեկ մշակույթ ենք, մեկ թատրոն, մեկ ազգ:
-Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամն ի՞նչ գործառույթ է իրականացնում:
-Մեծ աշխատանք է տարվում նվագախմբի հետ, համերգներ են կազմակերպվել բուհերում, դպրոցներում, սահմանամերձ գոտիներում:
-Արդարացի՞ են դժգոհությունները, որ ներկայացումները քիչ են, խաղացանկը աղքատ է, արտիստները` անգործ:
-Կարծում եմ` արդարացի է, յուրաքանչյուր թատրոնի, մանավանդ օպերային թատրոնի խաղացանկը պետք է լինի հարուստ: Ես նշեցի, որ ունենալու ենք նոր ներկայացումներ: Իմ կարծիքով, թատրոնը պետք է ամեն օր ունենա խաղացանկային ներկայացումներ, սակայն բեմադրությունը մեծ տեխնիկական, ինժեներական խնդիրների հետ է կապված, բնական է, նաև ֆինանսական ներդրումներ է պահանջում:
-Հունիսին օպերային թատրոնի կոլեկտիվներում անցկացված ատեստացիան դժգոհությունների առիթ չտվե՞ց:
-Բնական է, կլինեն դժգոհություններ: Ատեստացիան հենց դրա համար է արվում, որ պրոֆեսիոնալներն անցնեն: Մենք ժյուրիի անդամներին հրավիրել էինք դրսից, որ ավելի օբյեկտիվ լինի որակավորման գործընթացը:
-Ռեժիսորական խմբի ղեկավարման պատասխանատու նշանակվեց դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը: Տարակարծությունների առիթ տվեց այն, որ գլխավոր ռեժիսորը կապ չունի երաժշտական աշխարհի հետ:
-Վիգեն Ստեփանյանին ես հրավիրել եմ որպես ռեժիսորական բաժնի պատասխանատու: Նա ռեժիսորական աշխատանքի բավական փորձ ունի: Իսկ թատրոնի ռեժիսորական օղակը, կարծում եմ, կարիք ունի ավելի պրոֆեսիոնալ դառնալու: Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ Հայաստանը երաժշտական ռեժիսորի խնդիր ունի, չունենք այդ դպրոցը, իսկ դրսից մասնագետ հրավիրելը կապված է մեծ ֆինանսների հետ:
-Կառուցվածքային փոփոխության կարիք ունի՞ օպերային թատրոնը, այս առումով ի՞նչ նկատելի փոփոխություններ են արձանագրվել Ձեր ղեկավարման շրջանում:
-Օպերային թատրոնը մոտ 600- հոգանոց աշխատակազմ ունի, մեծ հիմնարկ է` իր խնդիրներով: Յուրաքանչյուր թատրոն պետք է ունենա մենեջմենթի բաժին, որ, ցավոք, չկար մեզ մոտ: Ֆինանսատնտեսական բաժիններն այն մակարդակին չեն, ինչպիսին ուզում եմ տեսնել: Կան բաժիններ, որոնք չեն եղել թատրոնում, և զրոյից ենք ստեղծել: Ես սկսում եմ զգալ այդ տենդենցը թե՛ հանդիսատեսի առումով, թե՛ դրսի հյուրերի, որ ելույթներ են ունենում մեր թատրոնում, ինչն ուղղակի կապ ունի մենեջմենթի հետ:
-Ասում էին` օպերային թատրոնի տնօրենը պիտի հրաշագործ լինի, որ կարողանա մի բան փոխել: Չափազանցվա՞ծ կարծիք է:
-Գիտե՞ք, թատրոնի վիճակը ծանր չէ ու այդքան ծանր չի էլ եղել: Ես իմ ղեկավարման առաջին օրից ասել եմ, որ այդքան վախենալու չէ, ինչքան որ վախեցնում են: Թատրոնը կենդանի օրգանիզմ է, բնական է, որ ամենօրյա խնդիրներ կան, բայց այդ խնդիրները պետք է լուծել, պետք է սիրել թատրոնը, մարդկանց: Պետք է աշխատասիրություն ունենաս և ինքդ քեզ հարգես, միայն տնօրենի մասին չէ խոսքը, այլ թատրոնի յուրաքանչյուր աշխատողի: Ես վստահ եմ՝ 600 հոգին էլ ունի մի նպատակ, որ մեր թատրոնը բարձր մակարդակի վրա լինի, ինչպիսին եղել է և ինչի համար ստեղծված է: Դրա համար քրտնաջան աշխատանք է պետք:
-Լատվիացի անվանի արվեստագետ Անդրեյս Ժագարսը հայաստանյան այցելության ժամանակ նշել էր, որ Երևանի օպերային թատրոնն այսօր իր ժամանակակից գերհագեցած տեխնիկայով աշխարհի հռչակավոր օպերային թատրոնների շարքում է: «Եթե գումարենք նաև հայաստանյան հիանալի ձայները, ապա աշխարհին հավուր պատշաճի ներկայանալու համար մեզ տասնամյակներ հարկավոր չեն, այլ բովանդակալից, պատշաճ ծրագիր»,- ասել էր նա: Ի՞նչ կավելացնեք այս դիտարկմանը:
-Ես ավելացնելու բան չունեմ, լրիվ համաձայն եմ նրա հետ: Նա եկավ այստեղ մեր հրավերով, բավական եկար ժամանակ էր անցկացնում մեր թատրոնում և իսկապես հիացած էր (գիտեք, թատրոնը պատերը չեն, ներսի մարդիկ են, արտիստները): Ժագարսը նաև կոնսերվատորիայում լսումներ անցկացրեց և ապշել էր հայաստանյան ձայներով: Դա գաղտնիք չէ, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ձայները պատմության ընթացքում եղել են աշխարհը գերող, ուղղակի մենք պետք է շատ աշխատենք, բեմադրություններ ունենանք, որ այդ ձայները ներկայացնենք:
-Օպերային թատրոնի ստեղծագործական գործընթացները համահո՞ւնչ են համաշխարհային թատրոնների զարգացման տեմպին:
-Աշխարհի մշակույթը մի փոքր ճգնաժամի մեջ է, մեզ հայտնի է, որ լավագույն թատրոններն ուղղակի փակվում են: Մեր թատրոնը, չնայած հայաստանյան պայմաններին, գոյատևում է, բեմադրություններ է անում, մեր արտիստները հերոսական աշխատանք են արել այս տարիներին:
-Շուրջ 10 տարի եղել եք Եգիպտոսում Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավարը: Հայաստանյան մշակութային կյանքն ինչպիսի՞ն էր, երբ հեռվից, դրսի հայացքով էիք նայում, և հիմա, երբ ինքներդ ներսում եք:
-Ես հեռվից չէի նայում հայաստանյան մշակութային կյանքին: ՀՀ մշակույթի նախարարության, Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հետ համատեղ իրականացրել եմ մի շարք միջոցառումներ` հայ նկարիչների ցուցահանդեսներ, Առնո Բաբաջանյանի համերգային երեկոն Եգիպտոսում, Փարաջանովի ցուցահանդեսը: Լինելով Ռուսաստանի դեսպանատան աշխատող, բնական է, փորձել եմ այդ կապերն օգտագործել ավելի շատ Հայաստանի մշակույթը աշխարհին ներկայացնելու համար: Յուրաքանչուր ոք գիտի, որ Հայաստանը մշակութային երկիր է, բայց հիմա, լինելով ներսում, ես առավել հպարտորեն կարող եմ ասել, որ մեզ մոտ մշակութային կյանքը բուռն է, մենք մշակութային ազգ ենք:
-Որո՞նք են մշակութային այն խնդիրները, որ գերակա են գրեթե բոլոր երկրներում:
-Մշակույթի ոլորտում կարող են լինել բիզնես նախագծեր, բայց հիմնականում այն բիզնես նախագիծ չէ, որովհետև մշակույթն ինքնին հոգու ճիչ է: Մարդուն, ազգը ճանաչում են իր մշակույթով: Պարզապես շատ հարցեր զուգահեռվում են ֆինանսական հնարավորությունների հետ: Դրա համար մշակույթը պետք է պետական մեծ աջակցություն ստանա: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում մեր կառավարությանը. օպերային թատրոնի աշխատողների աշխատավարձը 2-3 անգամ բարձրացվել է, ուշադրությունից դուրս չենք, և չեմ կարծում, թե այսօր մեծ խնդիրներ կան մեր մշակութային կյանքում:
-Ի՞նչ կասեք վերջում` ամփոփելով մեր զրույցը:
-Ես տնօրենի պաշտոնում նշանակվելու առաջին օրից ասել եմ` որպեսզի ունենանք այն թատրոնը, որ ես ուզում եմ տեսնել, ժամանակ է պետք, գոնե 2-3 տարի: Մեր ժողովրդին ուզում եմ խնդրել, որ գան թատրոն, արտիստը պետք է ոգևորված լինի, մեկս մյուսին պետք է օգնի, այդ ժամանակ կունենանք աշխարհի լավագույն թատրոններից մեկը, որովհետև մեծ պոտենցիալ ունենք:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ