Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անակնկալներ թերակղզիներից՝ ֆրանսիական նվագակցությամբ

Անակնկալներ թերակղզիներից՝ ֆրանսիական նվագակցությամբ
16.12.2014 | 12:07

Այո, անակնկալներ մատուցեցին թե «Յուվենտուսը», թե «Պարի Սեն Ժերմենը», թե «Բարսելոնը», թե Մադրիդի «Աթլետիկոն»՝ սայթաքելով բոլորովին հարթ տեղում, ինչը չես զորի ասել եվրոպական ֆուտբոլի երեք գրանդ ակումբների՝ «Բավարիայի», Մադրիդի «Ռեալի», «Չելսիի» մասին, քանի որ մնացին բարձրության վրա:


ԻՍՊԱՆԻԱ
Առաջատար եռյակից հաղթական ելույթների ավանդույթին հավատարիմ մնաց միայն արքայական ակումբը: «Ռեալը» հավուր պատշաճի համոզիչ էր «Ալմերիայի» հետ խաղում (4:1): Ավելորդ չհամարենք հիշեցնել, որ սա մադրիդցիների թվով քսաներորդ անպարտելի ելույթն էր՝ ռեկորդային արդյունք:
Հակառակ սպասումներին՝ նկատելիորեն թույլ հանդես եկավ «Բարսելոնը»՝ հյուրընկալվելիս այդպես էլ չկարողանալով կոտրել «Խետաֆեի» դիմադրությունը (հուսանք, որ սա պարզ հետևանք էր Չեմպիոնների լիգայում «Պարի Սեն Ժերմենի» հետ հաղթական խաղում կորցրած ահռելի էներգիայի): Գոլազուրկ ոչ-ոքին կատալոնցիներին ընդամենը մեկ միավոր վաստակելու հնարավորություն տվեց, ինչը նշանակեց արքայական ակումբից հետ մնալ արդեն ամբողջ չորս միավորով:
Կատալոնցիների սայթաքումից կարող էր օգտվել Մադրիդի «Աթլետիկոն» ու 35 միավորով նստել նրա շնչին, սակայն «Վիլյառեալը» տանտերերին կամքի ու միակամության դաս տվեց՝ 1:0՝ թողնելով ունեցած 32 միավորով:

ՖՐԱՆՍԻԱ
Տանը «Կաննի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակը (3:0), «Լիոնին» օգնեց ավելի ամրապնդվելու երրորդ հորիզոնականում: Այժմ նրա ակտիվում է 36 միավոր: Թվում էր, թե աղյուսակի միջին հորիզոնականներում գտնվող «Գենգամի» հետ խաղում դյուրին հաղթանակի պիտի հասներ երկրի չեմպիոնը, սակայն «Պարի Սեն Ժերմենի» համար տանտերերն «անդյուրամարս» եղան՝ 1:0:
Երեկ ուշ երեկոյան կայացած «Մոնակո»-«Մարսել» հանդիպումում հաղթանակի հասնելու դեպքում մարսելցիները ՊՍԺ-ից պոկվածությունը կարող էին հասցնել չորս միավորի առավելության:

ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուս»-«Սամպդորիա» դիմակայությունում «Ծեր սինյորան» չկարողացավ կոտրել հյուրերի համառությունը, արդյունքում կողմերը բաժանվեցին մեկական միավոր վաստակած՝ 1:1:
«Յուվենտուսի» միավոր կորցնելուց առավելագույնս օգտվեց «Ռոման»՝ արտագնա խաղում առավելության հասնելով մինչ այդ աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող «Ջենովայի» նկատմամբ (1:0), ինչը հնարավորություն տվեց առաջատարից հետ մնալը հասցնել մեկ միավորի՝ 35:
Հերթական անգամ փոխվեց առաջնության երրորդ հորիզոնականի թիմը: Այժմ այն «Ատալանտայի» հետ հաղթական հանդիպում ունեցած (3:0) «Լացիոն» է՝ 26 միավորով, սակայն այնպես չէ, որ այդ տեղը հիմնավորապես նրանն ու նրանն է: «Լացիոյի» երրորդը լինելը պայմանավորված է «Սամպդորիայի» ու «Ջենովայի» հետ հեռակա մրցակցությունում ունեցած լրացուցիչ գործակիցների առավելությամբ:

ԱՆԳԼԻԱ
Տասնվեցերորդ տուրը հաղթական եղավ թե «Չելսիի», թե «Մանչեստր Սիթիի» համար: Առաջինը տան պայմաններում հաղթեց «Հալ Սիթիին»՝ 2:0 (գոլերից մեկի հեղինակն իր բուն գործառույթը հիշած Դիեգո Կոստան է), երկրորդը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեստերի» նկատմամբ: Արդյունքում թիմերի միջև եղած երեք միավորի տարբերությունը պահպանվեց, լոնդոնցիները 39 միավորով շարունակում են գլխավորել աղյուսակը:
Դեռևս նախորդ տուրից առաջին եռյակ մտած մանչեստրյան մյուս ակումբը՝ «Յունայթեդը», կարող էր էլ ավելի ամրապնդել դիրքերը, եթե հաղթական հանդիպում ունենար ընթացիկ մրցաշրջանն անկայուն անցկացնող «Լիվերպուլի» հետ: Լուի վան Գալի սաներն այդպես էլ վարվեցին՝ երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության մատնելով լիվերպուլցիներին: Նրանց անվան դիմաց արդեն 31 միավոր է գրանցված:

ԳԵՐՄԱՆԻԱ
Ինչպես և պատշաճում է մեծ ակումբին, Մյունխենի «Բավարիան» շարունակում է հաղթական մրցելույթները: Մրցակիցն այս անգամ նախորդ տուրի արդյունքներով երրորդ հորիզոնականում հայտնված, չորս անընդմեջ հաղթանակների շարան ունեցող «Աուգսբուրգն» էր, որին սակայն անգամ հարազատ պատերը չօգնեցին: Պարտությունը դաժան էր, ինչի մասին համոզիչ խոսում է 4:0 հաշիվը, թեպետ գրեթե մինչև առաջին վաթսուն րոպեն աուգսբուրգցիները անխոցելի էին պահում դարպասը:
Հետապնդողներից էլ ավելի առաջ կարող էր պոկվել «Վոլֆսբուրգը»՝ պայմանով, որ հաղթեր բունդեսլիգայի նորեկին՝ աղյուսակի միջնամասում գտնվող «Պադերբոռնին»: Հաղթել չհաջողվեց (1:1), սակայն երկրորդ տեղն էլ մրցակիցներին չզիջվեց, եթե թույլ կտաք այսպես արտահայտվել: «Վոլֆսբուրգը» 39 միավոր ունեցող «Բավարիայից» հետ է մնում ամբողջ ինը միավորով:
Տուրի կենտրոնական հանդիպումն անկասկած «Բայերն»-Մյոնխենգլադբախի «Բորուսիա» դիմակայությունն էր, որը նույնպես խաղաղ ավարտ ունեցավ՝ 1:1: «Բայերնը» 24 միավորով երրորդ հորիզոնականում է ու միայն ի հաշիվ լրացուցիչ գործակիցների է առաջ նույն Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» ու «Աուգսբուրգից»:
Նախորդ տուրի հաղթանակից հետո այնքան էլ երկար չշարունակվեց Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների ուրախությունը: Յուրգեն Կլոպի սաները դարձյալ պարտություն կրեցին՝ այս անգամ «Հերտայից», որը նույնպես աղյուսակի ստորին հորիզոնականներին երդում տված ակումբներից է, իսկ հաշվի թվաբանական արտահայտության նվազագույն լինելն ընդամենը թույլ մխիթարանք կարող է լինել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ