Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վաստակի ծիրանին և մենության բեռը

Վաստակի ծիրանին և մենության բեռը
16.12.2014 | 13:20

Գոհար Գասպարյանի մասին շատ է գրվել ու ասվել և դեռ շատ է գրվելու ու խոսվելու: Ինձ ուրախացնում է, որ Հանրային ռադիոյում պահվում են երգչուհու կատարումների ձայնագրությունները, և որ ծննդյան 90-ամյակին ընդառաջ նախորդ ամբողջ շաբաթվա ընթացքում «Գոհար Գասպարյանին նվիրված շաբաթ» ծրագրով բազմապիսի ռադիոհաղորդումներ եթեր հեռարձակվեցին: Իսկ ծննդյան օրը` դեկտեմբերի 14-ին, ի տարբերություն Հանրային հեռուստատեսության, ամբողջ օրը եթերում Գոհար Գասպարյանն էր: Ֆոնդային այդ ձայնագրությունները մեզ կրկին ու կրկին հնարավորություն են տալիս վայելելու Գոհար Գասպարյանի զուլալ, հնչեղ, կախարդիչ ձայնը:
Այսօրվա իմ գրելիքը, սակայն, Է՜Ն ՈՒՐԻՇ Գոհար Գասպարյանի մասին է, ով որոշակի ներանձնության մեջ էր կյանքի վերջին տարիներին, մանավանդ ամուսնու` Տիգրան Լևոնյանի վաղաժամ մահից հետո: Թող երգչուհու դուստրն ինձ ների, իմ ասելիքը համընդհանուր վերաբերմունքի մասին է, որի բացակայությունը ես զգացի, երբ Լևոնյանը դեռ կար, ու լրագրող Շուշանիկի հետ հյուրընկալվեցինք նրանց: Մեզ թվում էր, թե նրանք դեռ երկար, շատ երկար են ապրելու, և մենք դեռ կհասցնենք մի քանի այցելություն էլ ունենալ` մեր հետագա գրելիքն ամբողջացնելու համար:
Սակայն...
Սակայն Տիգրան Լևոնյանն արդեն ծանր էր տանում օպերային թատրոնից իր հեռանալը, իսկ Գոհար Գասպարյանն էլ առաջացած տարիքում էր: Իմ ականջներում դեռ շատ երկար կմնա այդ օրվա հրաժեշտին Գոհարի ձայնը: Երբ Տիգրան Լևոնյանը նախասրահում մուտքի դուռը բացեց ու ասաց. «Երբ հարմար գտնեք, համեցեք, ուրախ կլինենք ձեզ կրկին տեսնել», սենյակի կիսաբաց դռնից դանդաղորեն առաջացող Գոհարն արձագանքեց. «Մեզ հիմա հազվադեպ են հիշում, Տիգրան»: Արդեն բացված դռան մոտ մենք կարկամեցինք մի պահ` ինչ-որ բան ասել, արդարանալ կամ էլ, ես ի՞նչ իմանամ, մեր ինչ անելը մոռացանք: Երկու տաղանդավոր մարդ, արվեստի աշխարհի մեծեր, արվեստի ծանրության բեռը տասնամյակներով իրենց ուսերին թեթև տարած մարդիկ այդ պահին, մի տեսակ, խեղճ ու անօգնական էին թվում: Նրանց ուսերին որքան զարդարուն էր վաստակի ծիրանին, նույնքան ծանր նստած էր մենության բեռը: Անձի գնահատման ինչ չափանիշներ էլ այդ պահին որոնեինք՝ պիտի հնչեին որպես անհարկի մխիթարության սուտ ու փուչ խոսքեր, և անհնար պիտի լիներ դրանք զուգահեռել նրանց այդ օրվա ներանձնության ու տրամադրության անկումի պահերին, նրանց զսպված ու չբարձրաձայնվող ասելիքին. «Աշխարհումս մարդուն ամենացավեցնող բանը անտարբերությունն է»:
Տիգրան Լևոնյանի` կյանքից վաղաժամ հեռանալն ավելի ջարդեց Գոհարին:
Անշուշտ, մենք կշարունակենք լսել Գոհար Գասպարյան փառահեղ երգչի կատարումները, կշարունակենք տեսաժապավեններով ու ձայնագրություններով հետայսու էլ նայել ու լսել նրան` վերստին ու վերստին ըմբոշխնելով նրա զմայլելի ձայնից հորդացող լույսի ճառագումների անմարելի փայլը: Մենք կշարունակենք մեզ հպարտ զգալ, որ մեծ հայուհին օպերային արվեստի փառքն աշխարհին բաշխեց` այդ փառքի ծիրանին ուսած: Մենք հայրենիքի զգացողության, հայրենիքի հանդեպ խորին սիրո արտահայտության նրա պահվածքը կփորձենք սերտելի դաս համարել անգամ նրա կյանքի այն մեն մի օրինակով, որ 1946-ին, աշխարհահռչակ «Լա Սկալա» օպերային թատրոնի հրավերը մերժելով, ընտրեց իր հայրենիքի օպերային թատրոնի բեմը: Հետո, ինչ խոսք, նվաճեց աշխարհի համարյա բոլոր հայտնի բեմերը, բայց իր բոլոր, բոլոր նվաճումների հենքը պիտի մնար հայրենական բեմը: Այս ցանկությամբ էր Եգիպտոսից եկել հայրենիք:
Մենք նրան հայոց մեծերի պանթեոն ուղեկցեցինք 2007-ի մայիսի 16-ին: Նախորդ օրը հուզված ու տրտում, նրա բնակարանում, նրա տան բակում հավաքվել ու մեկս մյուսին էինք ասում այն նույն հիացական, ապա և ափսոսանքի խոսքերը, որ պանթեոնում էլ հնչեցին: Բայց գուցե մենք նրա ֆիզիկական գոյությանն ավելի վա՞ղ էինք հրաժեշտ տվել (մեղա Աստծո), երբ նա մենակ էր ու գուրգուրանքի կարոտ հատկապես իր մեծ խնամակալ Տիգրան Լևոնյանի վաղաժամ հեռանալուց հետո: Ցա՞վ պատճառեցի ընթերցողին` մեզ բոլորիս, որ նախկինում էլ վայելում էինք ու դեռ երկար պիտի վայելենք հայ և համաշխարհային երգարվեստի աստղաբույլի ամենափայլուն աստղերից մեկի արվեստի շենշող լույսը: Տիգրան Լևոնյանը, ավաղ, իրեն «իրավունք վերապահեց» այդ ցավին չդիմանալ, ու դրանից Գոհար Գասպարյանի մենությունն ավելի թանձրացավ: Եվ մենք` անհոգ ու անտրտում, քաղաքական մեր թոհուբոհի մեջ, մեր առտնին հոգսերով օր վատնող, անտարբեր մնացինք, որ այնտեղ` այդ նեղլիկ բնակարանում լույսն աստիճանաբար մարում է, ինչպես մոմն է իր լույսը տալով սպառվում: ՈՒ հիմա կմտորենք ու կմտմտանք, կհիշենք Իսահակյանի բնութագրումը` «Հայաստանի սոխակ», մակդիրներ կշարենք` տաղանդաշատ, անզուգական, հանճարեղ երգչուհի…
Հրաժեշտին մեծ մասամբ այն սերնդի մարդիկ էին, ովքեր բախտ էին ունեցել լսելու կենդանի երգչուհուն: Նրանց կուռքն էր Գոհար Գասպարյանը, ազգային այն արժեքը, որ համաշխարհային երգարվեստի աստղաբույլում իր մնայուն տեղն ունեցավ: Այն խիզախ, համարձակ երգչուհին, ով համերգներով Թուրքիա այցելելով, պատվիրակության առաջարկը` ծաղկեպսակ դնել Աթաթուրքի դամբարանին, մերժում է, և երբ համերգի ծրագիրը մեծ մասամբ հայ երգերով է կազմում, համերգից հետո այդ երկրի նախագահն ասում է. «Ինչո՞ւ են այդքան տխուր Ձեր երգերը», Գոհարը պատասխանում է. «Այդ հարցը ես Ձեզ պիտի տամ»:
Երանելի Մարատ Վարժապետյանն իր «Անուշ» ֆիլմում, Անուշի դերում նկարահանելով երիտասարդ դերասանուհու, բացառապես օգտվեց Գոհար Գասպարյանի ձայնագրություններից, շատերի` «Ինչո՞ւ» տարօրինակ հարցումին մի պարզ պատասխան տալով. «Իսկ դու մեկ ուրիշ Անուշ պատկերացնո՞ւմ ես առանց Գոհարի»:
Հրաժեշտի օրը ես սա հիշեցի` շարունակ սպասելով, թե բուհերից, երաժշտական ուսումնարաններից, դպրոցներից (կոնսերվատորիան` վրադիր) խումբ-խումբ սաներ կգան օպերային թատրոն: Թող որ դա կազմակերպված այց լիներ ոչ միայն Երևանից, բայց այդ կազմակերպված այցի մեջ, համոզված եմ, պարտադրանք չէր լինի, և մեն մի բացատրություն կարդարացներ այդ կազմակերպած այցը` «Վերջին անգամ տեսնենք թեկուզ մահճում, իմանանք նրա տեղը հայոց մեծերի պանթեոնում` հետայսու երբեմն-երբեմն այցելելու ցանկությունը մեջներս պահպանած»: Եվ ճանապարհին, Երևանից, թե այլ քաղաքներից ու շրջաններից, դասատուները, դասղեկները, խմբերի ղեկավարներն իրենց սաներին պատմեին Գոհար Գասպարյան մեծ երգչուհու, մեծ հայի մասին` անձի գնահատման ճշմարիտ չափանիշների որոնման մեջ վանելու մարդուս հիշողության վրա անհարկի, բայց հաճախ եկող այն շղարշը, որ անտարբերություն է կոչվում:
Խումբ-խումբ երեխաներ, խումբ-խումբ ուսանողներ քիչ կային: Ջահելներ քիչ կային: Եվ վախենում եմ, թե անանց արժեքներ թողած մեր ազգի երևելի գործիչների հանդեպ պակասող հետաքրքրությունն ինչ-որ տեղ վնասի սերունդների ճամփաբաժանը պարզ ու մաքուր պահելու գործին:
Այս անգամ էլ, ուրեմն, համակերպվենք կյանքի բնականոն ընթացքին` մխիթարվելով միայն, որ մեծ երգչուհին երկար տարիներ ապրեց: Համակերպվենք, որ սոսկ ֆիզիկական բացակայությունից հետո մնացածը նույնը մնա` զուլալ, հնչեղ, կախարդիչ ձայնը հաճախակի ունկնդրության պահանջ ու սեր դառնա մեզ համար, որ մեզ համար սովորություն դարձնենք առանձնակի սիրով վերաբերվել մեր ազգի երևելի գործիչներին, ովքեր անանց արժեքներ են թողել: Միայն այս կերպ կարելի է պարզ ու մաքուր պահել սերունդների ճամփաբաժանը:
Ահա այս էի ուզում ասել, որ ծննդյան շնորհավորանքի փոխարեն խնկարկում դարձավ Գոհար Գասպարյանի հիշատակին:

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1351

Մեկնաբանություններ