Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պողպատյա լեդին

Պողպատյա լեդին
19.12.2014 | 11:53

Նրա անունը ոսկե տառերով է գրված Խորհրդային Միության ինքնաթիռաշինության պատմության մեջ: Ծնվել է Երևանում՝ 1911 թվականի դեկտեմբերի 22-ին, հայտնի դաշնակցական գործիչ Ավետիս Շախաթունյանի ընտանիքում: Երկու տարի Երևանի պետական համալսարանի ինժեներական ֆակուլտետում ուսանելուց հետո՝ 1930 թվականին Շախաթունին ընդունվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել ավիացիոն արդյունաբերության մեջ: 1937-39 թվականներին երիտասարդ գիտնականն աշխատել է Տուշինոյի պլաներային գործարանում, այնուհետև՝ Լավոչկինի անվան կոնստրուկտորական բյուրոյում, իսկ Հայրենական պատերազմի առաջին օրվանից մինչև հաղթական ավարտը՝ Յակովլևի գլխավորած կոնստրուկտորական բյուրոյում: 1946 թվականից Շախաթունին տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իր ապագա ամուսնու՝ Օլեգ Անտոնովի գլխավորած կոնստրուկտորական բյուրոյում: Նրա ղեկավարությամբ կամ անմիջական մասնակցությամբ են կատարվել AH տիպի գրեթե բոլոր ինքնաթիռների ամրության հաշվարկներն ու իրագործվել փորձնական թռիչքները: Հատկապես ակնառու են Շախաթունու գիտական ձեռքբերումները աշխարհում խոշորագույն՝ ԱՆ-22 «Անթեյ», ԱՆ-124 «Ռուսլան», ԱՆ-225 «Մրիա» ինքնաթիռների ամրակայունության ապահովման ու հաջող փորձարկումների գործում: Հընթացս նա ղեկավարում էր Կիևում՝ Եվրոպայում ամենախոշոր փորձարարական լաբորատորիայի ստեղծման, շահագործման ու երիտասարդ կադրերին ուսուցանելու գործը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Շախաթունին պլաներներ էր պատրաստում բանակի համար: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելիզավետա Շախաթունին երկար տարիներ դասավանդում էր Կիևի ավիացիոն ինստիտուտում: Նրան է պատկանում ինքնաթիռների թևերի ու մյուս մասերի զոդման-սոսնձման գյուտը, ինչի շնորհիվ ինքնաթիռների շահագործման ժամկետը հասցվեց 45 հազար ժամի:
Մասնագետներն այս նշանավոր հայուհուն դնում են համաշխարհային ինքնաթիռաշինության այնպիսի գիգանտների կողքին, ինչպիսիք են Գյունտեր եղբայրները՝ Հենկելի, Դոնովան Բեռլինը՝ Կարտիսի, Պետլյակովը՝ Տուպոլևի կոնստրուկտորական բյուրոներում: Նա այս կոհորտայի միակ կին մասնագետն էր ու նաև Խորհրդային Միության միակ կինը, որն արժանացավ Լենինյան մրցանակի: Շախաթունին պարգևատրվել է նաև Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով:
Ելիզավետա Շախաթունին մահկանացուն կնքեց 100-ամյակը բոլորելուց երկու ամիս առաջ՝ 2011 թվականի հոկտեմբերի 30-ին: Նրա հոգեհանգիստը տեղի ունեցավ Կիևի նորակառույց հայկական եկեղեցում, թաղումը՝ «Բերկովցի» քաղաքային գերեզմանատանը:


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ավագ սպա, ռազմական պատմաբան

Դիտվել է՝ 1428

Մեկնաբանություններ