Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանն ավելի անկեղծ կլինի Իրանի հետ, և Արևելքը «կոչնչացնի ԱՄՆ-ի համընդգրկուն գերիշխանությունը»

Ռուսաստանն ավելի անկեղծ կլինի Իրանի հետ, և Արևելքը  «կոչնչացնի ԱՄՆ-ի համընդգրկուն գերիշխանությունը»
23.12.2014 | 10:52

Հանգամանքներն այնպիսի զարգացում ունեն, որ կարիք է առաջանում մեկ անգամ ևս անդրադառնալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 2014 թ. դեկտեմբերի 18-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի թեմային։ Այդ միջոցառման գնահատականը «տաք հետքերով» արդեն տրված է, բայց հիմա կարելի է ավելի խորությամբ հետևել Ռուսաստանի առաջնորդի հայտարարությունների տրամաբանությանը, հատկապես արտքաղաքական և արտտնտեսական հարցերի առնչությամբ, քանի որ այդ մասում նաև Հայաստանի շահերն են շոշափվում։
Մենք արդեն ընդգծել ենք, որ մամուլի ասուլիսի հիմնական իմաստը ԱՄՆ-ին հասցեագրված մեղադրանքներն էին. հենց ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրում մոլորակում իրավիճակի սրման համար, և հենց ԱՄՆ-ից է ժամանակակից Ռուսաստանն սպառնալիքներ սպասում, այդ թվում՝ ռազմական բնույթի։ ՌԴ-ի նախագահն անտեսեց ՆԱՏՕ-ի դաշինքի գոյությունը, պարզ ասաց, որ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության գրեթե բոլոր որոշումները թելադրվում են հենց Վաշինգտոնից։ Երևի դա ակնարկ էր, որ եվրոպացիներն ի վերջո սկսեին ինքնուրույն կողմնորոշվել. կա՛մ նրանք իրոք ինքնիշխան պետություններ և ազգեր են, կա՛մ` Ամերիկայի ստրուկներ։ Երբ Պուտինը խոսում էր ռազմավարության և աշխարհաքաղաքականության մասին, նկատելի էր, թե ինչքան վստահ է նա իր և իր «թիմի», Ռուսաստանի զինված ուժերի հնարավորություններին։ Կցանկանար, ինչպես ասում են, պարծենալ նրանց մարտունակությամբ, բայց «փոշմանեց»։ Եվ դրանով, հաստատ, մտահոգություն պատճառեց Արևմուտքի իր «գործընկերներին» (իսկ «գործընկեր» բառն այս անգամ Պուտինի կատարմամբ բացահայտ հեգնանքով էր հնչում¤։
Պատասխանելով «Ես ուկրոպ եմ» (ուկրաինական եվրոպացի¤ գրառումով մայկան հագած ուկրաինացի լրագրողի փոքր-ինչ «անկապ» և բրիտանական Բի-Բի-Սի գործակալության թղթակցի փոքր-ինչ կոնկրետ հարցերին, Ռուսաստանի նախագահը ծայրաստիճան կոշտ շեշտադրումներ արեց, և ոչ ոքի մեջ կասկած չմնաց։ ՈՒկրաինայի Գերագույն ռադայի «պատգամավոր», մարդասպան օդաչու Սավչենկոն անպայման դատարանի առջև կկանգնի, Դոնբասում օտարերկրյա լրագրողների սպանությունների վրեժը (իսկ նրանք ոչ միայն ռուսներ էին, այլև մեկ ֆրանսիացի և մեկ իտալացի) անպայման կլուծվի։ Ոչ մի զիջում չի նախատեսված Ղրիմի ու Նովոռուսիայի հարցերում, ընդ որում, Պուտինը Կիևին և նրա արևմտյան հովանավորներին առաջարկում է ընդհանուր լեզու գտնել ռուսների ու կազակների հետ և նախազգուշացնում է, որ ՌԴ-ն մտադրություն չունի հարցականի տակ դնելու ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Սակայն Կրեմլի դիրքորոշումն անսասան է. Արևմուտքի աջակցությամբ փետրվարին Կիևում զինված պետհեղաշրջում է կատարվել և ոչ թե «մայդանի հեղափոխություն», և Ռուսաստանը մտադիր չէ Կիևում իշխանության փոխման համար վճարել Արևմուտքի խամաճիկներին։ Ի դեպ, Արևմուտքն էլ է արձագանքել. այսպես, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշնախմբի խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ խոստովանել է, որ ՆԱՏՕ-ն «Ռուսաստանի հետ առճակատում և նոր սառը պատերազմ չի փնտրում»։ «Կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ Ղրիմի շուրջ տիրող իրավիճակը դեռ երկար կշարունակվի, ուստի դաշնախումբը պետք է ապահովի իր պաշտպանունակության բարձրացումն ու իր հնարավորությունների մեծացումը»։ Եվ հավելեց, որ կցանկանար վերականգնել անմիջական կապերը Մոսկվայի հետ` Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի գծով, նպատակ ունենալով ապահովելու ավելի մեծ ռազմական թափանցիկություն։ Ստոլտենբերգի կարծիքով, Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի սահմաններին ռազմական ներկայության և ռազմական ակտիվության մեծացումը կարող է հանգեցնել անվերահսկելի միջադեպերի։
Բայց դե Ստոլտենբերգը «թույլիկ» Նորվեգիայի ներկայացուցիչն է։ Իսկ ահա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասես «տեղյակ էլ չէ» ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հաշտեցուցիչ հայտարարությունների մասին։ Նա Պուտինի մամուլի ասուլիսից անմիջապես հետո ստորագրեց «ՈՒկրաինայի ազատության պաշտպանության ակտ-2014-ը», որը թույլ է տալիս նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն մտադիր չէ այդ փաստաթուղթը կիրարկել մոտ ժամանակներս, հաղորդել է անգլիական «Reuters» գործակալությունը։ Փոխարենը Եվրամիությունը նոր պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ... Ղրիմի։ Մի՞թե այս ձևով Եվրամիությունը «սակարկություն» է առաջարկում, թե, իբր, դե լավ, թող Ղրիմը լինի «անկախ հանրապետություն» և ոչ թե Ռուսաստանի մաս։ Ամեն ինչ հնարավոր է։ Բայց, անկեղծ ասած, նման քայլով այն եվրոպացիները, որոնք «հակաղրիմյան պատժամիջոցներ են սահմանել, հաստատեցին միայն, որ իրենք ավելի թուլամիտ են, քան Սպիտակ տան ներկայացուցիչներից ոմանք, ասենք` Ջեն Փսակին (այս տիկինը մի անգամ ծով էր «հայտնաբերել» «Բելառուսի ափերի մոտ» և «լեռներ Ռոստովի մարզում)։ Ի՞նչ փաստաթուղթ է դա։ «ՈՒկրաինայի ազատության պաշտպանության ակտ-2014» վերտառված օրինագիծը, որը նախատեսում է ՈՒկրաինային, Մոլդովային ու Վրաստանին շնորհել «ԱՄՆ-ի հիմնական ռազմական դաշնակիցների կարգավիճակ` առանց ՆԱՏՕ-ին անդամակցության», ինչպես նաև թույլ է տալիս ռազմական օգնություն ցուցաբերել այդ երկրներին, դեկտեմբերի 12-ին արժանացավ ԱՄՆ-ի Սենատի հավանությանը, իսկ ավելի ուշ` ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի։ Փաստաթուղթը նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այն դեպքում, եթե նա... դադարեցնի գազի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կամ Մոլդովային, ՈՒկրաինային ու Վրաստանին։ Օրինագծի հեղինակները պնդում են նաև ուժեղացնել ԱՄՆ-ի և Եվրամիության լրատվական ներկայությունը Մոլդովայում, ՈՒկրաինայում և Վրաստանում՝ նպատակ ունենալով «դիմակայել ռուսական քարոզչությանը»։
Ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ին միայն պատրվակ է պետք։ Ասենք, Ռուսաստանը դադարեցնում է գազի մատակարարումը ՈՒկրաինային, թեկուզ և այն պատճառով, որ ՈՒկրաինան չի վճարում։ Վերջ, ԱՄՆ-ը «օգնում է» ՈՒկրաինային։ Բայց ոչ թե վճարելու ստացած գազի դիմաց, այլ ուղիղ ընթացքով պատրաստվելու Ռուսաստանի դեմ պատերազմի։ Ահա թե ԱՄՆ-ի դրածոները Կիևում ինչ էին ասում Վ. Պուտինի մամուլի ասուլիսից մեկ օր առաջ։ Վայ-նախագահ Պ. Պորոշենկոն, հանդես գալով լեհական Սեյմում, խոստանում է. «ՈՒկրաինական դրոշը նորից կփողփողա բազմազգ թերակղզում»։ Ինչպես, ասենք, «վրացական դրոշը նորից կփողփողա Օսիայի և Աբխազիայի վրա»։ Բայց չէ՞ որ սա հենց Ռուսաստանի հետ պատերազմի մասին է, եթե կա մեկը, որ չի հասկանում։ Դեկտեմբերի 18-ի նույն օրը, մամուլի ասուլիսի ժամանակ ՈՒկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, աղանդավոր Ալեքսանդր Տուրչինովը հայտարարեց, որ պատերազմն ՈՒկրաինայում կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ղրիմը վերադարձվի ՈՒկրաինայի իրավասությանը, իսկ Նովոռուսիայի առնչությամբ «կանխատեսեց» առհասարակ աշխարհի կործանում. «Կրակի դադարեցման ռեժիմը, որը շարունակ խախտվում է, կարող է ամեն րոպե վերաճել նոր կոշտ դիմակայության։ Ռուսաստանը կարող է լիամասշտաբ մայրցամաքային պատերազմ սանձազերծել։ Եվ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»։ Դարձյալ խոսակցությունը միայն պատերազմի մասին է։ Դրան համահունչ է Կիևի պաշտպանության նոր նախարար Ստեպան Պոլտորակի սպառնալիքը զորահավաքի չորրորդ ալիքի անցկացմանը նախապատրաստվելու վերաբերյալ։ Կիևում ԱՄՆ-ի դրածոների վարքագիծը, ինչպես նաև Օբամայի կողմից «ՈՒկրաինայի ազատության պաշտպանության ակտ-2014-ի» ստորագրումը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը կիևյան հանցախմբին հրամայել է բանը հասցնել Ռուսաստանի դեմ պատերազմի։
Պատահական չէ, որ արդեն նույնիսկ ուկրաինացի քաղաքագետները խիստ կասկածում են. ԱՄՆ-ի կիևցի խամաճիկները, Պորոշենկոյի գլխավորությամբ, ՈՒկրաինայի «տարածքային ամբողջականության» պահպանում ուզո՞ւմ են, թե՞ ոչ։ Օրինակ, ուկրաինացի քաղաքագետ Վասիլի Ստոյակինը համոզված է, որ մամուլի ասուլիսում ՈՒկրաինայի առնչությամբ ոչ մի նոր բան Ռուսաստանի նախագահը չասաց, բայց մեկ անգամ ևս հասկանալ տվեց, որ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել. «Ըստ էության, Պուտինը ոչ մի նոր բան չասաց, և նրա վերաբերմունքը ՈՒկրաինայում տիրող իրադրության կարգավորման խնդրի նկատմամբ չի փոխվել։ Նա մատնանշեց, որ ուկրաինական իշխանության մեջ բնավ էլ ոչ բոլորն են հակամարտության դադարեցում և «տարածքային ամբողջականության» պահպանում ցանկանում։ Ղրիմի ու Դոնբասի նկատմամբ ուկրաինական ինքնիշխանությունից հրաժարումը ոչ թե Ռուսաստանի միջամտության հետևանք էր, այլ Կիևում հեղաշրջում ծրագրած մարդկանց ռազմավարության տարր։ Այդ տարածաշրջանները խանգարում են, քանի որ խաթարում են երկրի քաղաքական միասնությունը։ Իսկ պատերազմը պետք էր երկրի ներսում պատժիչ միջոցառումներն արդարացնելու, Ռուսաստանին հակամարտության մեջ ներքաշելու և նրան որպես ագրեսոր ներկայացնելու համար (վերջինը հաջողվեց միայն մասամբ)»։ Այսպիսով, եզրահանգում է ուկրաինացի փորձագետը, «Ղրիմից ու Դոնբասից Կիևի հրաժարումը «մայդանը» ծրագրած ռազմավարության մի մասն է»։ Մի՞թե ուկրաինացի այս փորձագետը ճիշտ չէ։ Չէ՞ որ Գալիցիայի «զապադցիներին» միշտ խանգարել են պատմական լավ հիշողության տեր մարդիկ, որ ապրում են հիմնականում Նովոռուսիայում, Մալոռուսիայում, նույն Ղրիմում, Բեսարաբիայում, Պոդոլիեում, Պոլեսիեում, Սլոբոդյան Ռուսիայում։ Սա իմ «հնարածը» չէ, այս անուններն են կրել այն մարզերի շատ տարածքներ, որոնք հիմա մտնում են ՈՒկրաինայի կազմի մեջ։ Կա՞ մեկը, որ այդ տեղանունների մեջ գոնե կես-ակնարկ տեսնի «ՈՒկրաինա» բառի վերաբերյալ։
Նախկին Կիևյան Ռուսիայում և այլ տարածքներում տիրող իրավիճակի մասին 2015 թվականին էլ հարկ կլինի խոսել բավական երկար ու հանգամանալի։ Հիմա ակամա հիշեցի ամերիկյան ևս մեկ «աջակցության ակտ»` «Վրաստանի Հանրապետություն։ 2012 թ. ժողովրդավարության ակտը» (ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատ է մտցվել 2012 թ. մարտի 26-ին)։ Այն ասես նախորդում էր Միխեիլ Սաակաշվիլու պաշտոնանկությանը և անգամ ընդգծում էր դրա և Թբիլիսիում իշխանության լծակները «անցնցում ձևով» Բիձինա Իվանիշվիլու բլոկի «չափավոր արևմտամետներին» փոխանցելու անխուսափելիությունը։ Ինչպես հայտնի է, Վրաստանի նախկին արտգործնախարար, Ֆրանսիայի քաղաքացի Սալոմե Զուրաբիշվիլին ժամանակին առաջիններից մեկը վկայեց այն մասին, որ հենց ԱՄՆ-ն էր Սաակաշվիլու վարչախմբին հրահրել 2008 թ. օգոստոսին պատերազմ սկսելու Հարավային Օսիայի դեմ։ Հիմա ԱՄՆ-ն ամեն կերպ դրդում է ՈՒկրաինային գոնե պատերազմի սպառնալիքներ տեղալ Ռուսաստանի հասցեին։ Այս ամենը բազմապատկում ենք մամուլի ասուլիսում Վ. Պուտինի հայտարարություններով և հեշտորեն ստանում ենք այն պատկերը, որի պայմաններում աշխարհը հարկադրված կլինի ապրել 2015-ին, գուցե նաև հետագա տարիներին։
Սակայն, միևնույն է, ՌԴ-ն չի ընկրկի. այդ է վկայում թե՛ Ռուսաստանի նախագահի պատասխանը Բի-Բի-Սի-ի լրագրողին, թե՛ դեկտեմբերի 17-ին ֆրանսիական լրատվամիջոցներին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տված հարցազրույցը։ Ով ուզում է` համագործակցություն կլինի, Ռուսաստանը պատրաստ է։ Իսկ ով չի ուզում... Բնական գազի վերաբերյալ, օրինակ, խրթին հարցերը հանգամանորեն պարզաբանվեցին, բայց... առանց Բուլղարիայի հիշատակման. նրա մասին միայն անուղղակի ակնարկ եղավ մեկ այլ հարցի պատասխանում. «Այն երկրները, որտեղ սլավոնական ժողովուրդներ են ապրում, գտնվում են խիստ կախյալ վիճակում, ուստի և ենթարկվում են ճնշման»։ Բայց դրանից առհասարակ թող դաս քաղեն բոլոր այն երկրները, որոնք քծնանքով «պոչներն են խաղացնում» ԱՄՆ-ի առջև և սպասում «վարժեցնողի նոր հրահանգին», ինչպիսիք են, օրինակ, Էստոնիան և այլ երկրներ։ Դրան զուգընթաց` կոշտ հավաստիացումներ դեպի Արևելք` Իրան, Չինաստան, Հնդկաստան «տնտեսական վերակողմնորոշման կարևորության և օգտակարության մասին»։ Ահա և արտաքին գործերի եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին է արդեն բացահայտորեն խոստովանել, որ Ռուսաստանի վիճակը և տնտեսության մեջ նրա մտադրությունները ԵՄ-ի համար շատ ողբալի հետևանքների կհանգեցնեն։ Սա, ի դեպ, ևս պատահական չէ. պարզվում է, որ ամբողջ Իտալիան (իսկ Մոգերինին իտալուհի է) տագնապով է հետևում Ռուսաստանին։ Դեռ նոյեմբերի վերջին Ապենիններում խոստովանում էին, որ Հռոմը շարունակում է իր վրա զգալ ռուսական արգելքի հետևանքները, իտալացի փորձագետներն ու լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են Ռուսաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձություններին, նավթի գների և ռուբլու փոխարժեքի կայունացմանն ուղղված նրա գործողություններին, քանի որ հաստատ գիտեն՝ Ռուսաստանի բարօրությունից է կախված նաև իտալական արտահանության ապագան։ Ահա թե այն ժամանակ ինչ է գրել փորձագետ Ջամպաոլո Ռոսսին «Il Fatto Quotidiano» թերթում տպագրված «Պուտինի ոսկին» հոդվածում՝ մտորելով ՌԴ ոսկու պաշարների ավելացման մասին։ «Պուտինյան Ռուսաստանը իսկական ոսկու տենդ է ապրում։ «World Gold Council»-ի պաշտոնական տվյալներով, 2014 թ. երրորդ եռամսյակում ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերի պաշարներին ավելացված ոսկու կեսից ավելին գնել է Մոսկվան. մոտ 55 տոննա։ Բայց ի՞նչն է ոսկի գնելու` Պուտինի և նրա դաշնակիցների շարժիչ ուժը»։
Վերջին տասը տարում Ռուսաստանը ոսկու իր պաշարները եռապատկել է, և հիմա նա ունի 1150 տոննա ոսկի, որը բավական է ոսկու պաշարներով ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից ու Ֆրանսիայից հետո աշխարհի հինգերորդ երկիրը դառնալու համար։ «Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Պուտինը ձգտում է պաշարներ ապահովել «երկարատև ձմեռների» շեմին, որոնց բնորոշ են լինում աշխարհաքաղաքական լարվածությունն ու նավթի գների հետագա անկումը, որոնք շատ ուժեղ են ազդում տնտեսության վրա. չէ՞ որ նավթի ու գազի արտահանումից է Ռուսաստանը ստանում իր եկամուտների 45 %-ը,- կարծում է Ռոսսին։- Շուկայի ձեռնածումը, ինչը մինչ օրս կատարվել է ամերիկյան դոլարի միջոցով, շուտով վերջ կունենա։ Ոսկու արժութային ռեզերվները անսպառ չեն, առավել ևս, որ վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը արևմտյան շատ երկրների ստիպել է վաճառել հսկայական քանակությամբ ոսկի, որի մի մեծ բաժին շտապեցին գնել Ռուսաստանը և զարգացող երկրները` Չինաստանն ու Հնդկաստանը»։ Այնուհետև իտալացի փորձագետը մահացու հարված է հասցնում Արևմուտքին. «Ոսկու կուտակումը կօգտագործվի դոլարի` որպես այդ երկրների միջև վճարման միջոցի, փոխարինման համար, որոնք ավելի ու ավելի ծանրակշիռ դեր են կատարում համաշխարհային տնտեսական համակարգում։ Գործնականում Պուտինը դոլարի մնացորդային ընդունակությունները կօգտագործի նրա իշխանությունը, և դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի համընդգրկուն գերիշխանությունը, ոչնչացնելու համար»։ Ի դեպ, հիշեցնենք՝ մի տասն օր առաջ համաշխարհային բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին, որ հիմա Չինաստանն ունի աշխարհի թիվ 1 տնտեսությունը, այդ դիրքից դուրս մղելով ԱՄՆ-ին։
Ես համոզված եմ, որ Պուտինի մամուլի ասուլիսի հետ սերտորեն շաղկապված այդ խնդիրները խիստ կարևոր են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ու երկու երկրների ժողովուրդների համար։ Հարցը միայն այն չէ, որ այս կամ այն անձինք, իրավիճակային նկատառումներով, երբեմն սկսում են խոսել հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատուկ կարգավիճակի մասին։ Մամուլի ասուլիսում հնչած Թուրքիայի գործոնի, ինչպես նաև Հարավային Կովկասի հակամարտությունների գործոնի մասին մենք արդեն հասցրել ենք գրել, իսկ Ռուսաստանի համար Չինաստանի ու Հնդկաստանի հսկայական նշանակությունը Երևանում առհասարակ երևի քչերին է հետաքրքրում։ Թեև հենց այդ հարաբերություններն են առաջիկա տարիներին վճռորոշ լինելու աշխարհի համար, եթե Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը այդքան եռանդուն ոսկի են գնել ու գնում։
Այժմ մի քանի խոսք ռուս-իրանական հարաբերությունների մասին։ Հարավային Կովկասում, կարծես, այնուամենայնիվ, ուրվագծվում է Իրան-Հայաստան-Ռուսաստան «եռանկյունը»։ Հընթացս մերժելով «Թեհրանում Ռուսաստանի դեսպանին փոխելու» անհեթեթ առաջարկությունը (իսկ դա մեր հայրենակից Լևոն Ճաղարյանն է), Պուտինը հայտարարեց. «Մենք Իրանի հետ բազմակողմանի համագործակցության հնարավորություններ ենք փնտրում և կանենք դա, և մենք դա անում ենք անկեղծորեն։ Մենք աշխատում ենք նաև մեքենաշինության ոլորտում, ավիաշինության ոլորտում, մենք որոնում ենք բազմազանեցման այլ հնարավորություններ»։ «Անկեղծ» բառն առանցքային է այդ հայտարարություններում։ Նա նաև մի հետաքրքիր մանրամասն ակնարկեց նավթի գների անկման վարկածների թվում. «Միգուցե դա պարզապես հումքի ավանդական արդյունահանողների պայքար է նույն թերթաքարային նավթի դեմ, և շուտով (այն արդեն համարյա մոտեցել է իր զրոյական ինքնարժեքին) կարող է էլի իջնել, և էլի պետք է պահել հաշվարկը՝ ի վերջո, ամեն ինչ փուլ է գալու, և գները բարձրանալու են։ Մենք դա հավաստի ասել չենք կարող»։
Ահա և ռուս-իրանական հարաբերությունների մասին խոսակցության «կարևորագույն մասը». «Մենք իրանցի գործընկերների ու բարեկամների հետ կաշխատենք իրանական միջուկային ծրագրի լուծման վրա։ Կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք այդ խնդրի լուծմանը։ Իրանի ղեկավարությունը ցուցադրում է շատ մեծ ճկունություն, իմ կարծիքով՝ շատ մեծ ճկունություն»։ Դա ոչ միայն Ժնևում «վեցյակի» հետ բանակցությունների մասին է, դա, անշուշտ, նաև Իրանում ԱԷԿ-ի կառուցումը շարունակելու երկկողմ պայմանների մասին է։ Վ. Պուտինի այցն էլ Թեհրան սարերի հետևում չէ։ Այնպես որ, Հայաստանում բառացիորեն բոլորը պետք է նկատի ունենան, որ ռուս-իրանական կապերի ու հարաբերությունների թուլացում կամ վատացում տեղի չի ունենա։ Իսկ կշահե՞ն, արդյոք, մեր երկիրն ու մեր ժողովուրդը ռուս-իրանական համագործակցության վիճակից և տարածաշրջանում կայանալիք գործակցությունից՝ այսօր կախված է այն բանից, թե Հայաստանի իշխանությունները ինչքան են պատրաստ վառելիքաէներգետիկ ոլորտում մեր խոշորագույն գործընկերների հարաբերությունների «անկեղծացմանը»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ