«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Եթե ԱՄՆ-ն ու Ադրբեջանը չխաթարեն փխրուն խաղաղությունը տարածաշրջանում

Եթե ԱՄՆ-ն ու Ադրբեջանը չխաթարեն  փխրուն խաղաղությունը տարածաշրջանում
16.01.2015 | 02:22

Ահա և 2015 թվականը։ Տարեսկիզբը, սակայն, առայժմ վաղվա օրվա հանդեպ վստահություն չի ներշնչում։ Եվ դա կապված է հիմնականում Հայաստանի «անհասկանալի» ներքին իրադրության հետ, թեև, բնականաբար, իրենց ավանդն են մուծել Ադրբեջանն ու նրա ամերիկացի «շեֆերը»։ Լրատվամիջոցները հաղորդեցին, թե հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ժամը 3։15-ի սահմաններում Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի բանակի շփման գծի հարավային և արևելյան ուղղություններում ադրբեջանական կողմի հետախուզական դիվերսիոն գործողություններից զոհվել է ԼՂՀ պաշտպանության բանակի երկու զինծառայող։ Աղբյուրի համաձայն, ԼՂՀ պաշտպանության բանակի առաջավոր ստորաբաժանումների պատասխան գործողությունների ճնշմամբ «հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել ելման դիրքեր»։ Միջադեպի մանրամասներն ի հայտ բերելու նպատակով քննություն է կատարվում։ Ադրբեջանն իր սադրանքները շարունակեց նաև հետագա օրերին։ Եվ մեր թշնամիների այդ ռազմական ակտիվացումն ուղեկցվում էր... մի կողմից` Բաքվի սովորական զրպարտանքներով։ Ահա Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի հունվարի 5-ի բացահայտորեն ապուշ ռեպլիկն այն մասին, թե, իբր, «Հայաստանը, հրաժարվելով իր զինված ուժերը ադրբեջանական հողերից դուրս բերելուց, հող է ստեղծում տարածաշրջանում անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի, լարվածության սրման ու մարդկային զոհերի համար»։ Ամեն ինչ գլխիվայր է շուռ տրված. նրանք, ովքեր պետք է իմանային, հասկացան, որ տոն օրերին ագրեսիվ գործողություններ է ձեռնարկել հենց Ադրբեջանը։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հունվարի 7-ին Twitter-ի իր էջում այն միտքն էր «ցփնել», թե, իբր, Հայաստանը խաղաղություն չի ուզում, և նրա բոլոր ջանքերը միտված են կամ բանակցությունների ձախողմանը կամ բանակցությունների նմանակմանը։ Ապա հետևում են մեր հարևան ոսոխի համար սովորական դարձած պարծենկոտությունն ու ինքնագովեստը։ Իսկ ահա ¥երևի ամերիկյան շինծու ժպիտով¤ թե ինչ է գրել Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը, ընդ որում` հենց այն օրերին, երբ նրա խնամարկյալ Ադրբեջանը փորձարկում էր Արցախի զինված ուժերի պաշտպանական դիրքերի ամրությունը. «2015 թվականը պետք է դառնա Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման և հակամարտության կայուն կարգավորման տարի։ Բռնության վերսկսումը լուծում չէ»։ Հետաքրքիր է, միստր ՈՒոռլիքը որոշել էր այս գրառումը թողնել անկախ ԼՂՀ-ի դեմ ռազմական դիվերսիայի ադրբեջանական հերթական փորձից առա՞ջ, թե՞ արդեն հետո։ Անցած տարի ադրբեջանցիները հստակորեն կատարում էին ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական կամքը և մերթընդմերթ սրում էին լարվածությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի հետ սահմաններում։ Ո՞վ կարող է պնդել, թե այս անգամ էլ ամերիկացիները Ադրբեջանին չեն «համոզել» ագրեսիայի դիմել հենց այն օրը, երբ Հայաստանը հռչակվեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Այո, 2015 թ. հունվարի 2-ի այդ օրն արդեն պատմության գիրկն է անցել։ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը հիշեցրին մեզ, որ «իրենք դեմ են»։ Հիշեցրին հենց ԼՂՀ պաշտպանության բանակի երկու զինծառայողի սպանությամբ։ Ավաղ, այսպիսի բարքերի տեր են գիշատիչները, ինչպիսիք մեր տարածաշրջանի համար ԱՄՆ-ն ու Ադրբեջանն են (ամեն մեկն իր քաշային կարգում)։ Մի քանի խոսք ԵԱՏՄ-ի և այդ ինտեգրական կառույցում Հայաստանի առաջիկա անելիքների մասին։ Մինչև 2015 թ. վերջը, երբ կավարտվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) գործող անդամների լիազորությունների ժամկետը, Հայաստանը ԵԱՏՀ կոլեգիայում կներկայացվի երեք անդամով, ովքեր կունենան մեկ ձայնի իրավունք և որոնց պատասխանատվության ոլորտներ ամրակայված չեն լինի։ Միանալով ԵԱՏՄ-ին, Հայաստանը մոտ ժամանակներս Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ բանակցություններ կսկսի ԱՀԿ-ի շրջանակներում իր պարտավորությունների փոփոխման շուրջ։ Նոր կանոնների համաձայն, ԵԱՏՄ-ի տարածք ապրանքների ներմուծումից ստացված մաքսատուրքերի բաշխման մեջ Հայաստանի բաժինը կկազմի 1,13 %։ Բելառուսի բաժինը կկրճատվի` 4,7 %-ից 4,65 %-ի, Ղազախստանինը` 7,3 %-ից 7,25 %-ի, Ռուսաստանինը` 88 %-ից 86,97 %-ի։ Ինչ վերաբերում է սպասարկումների ոլորտին, ապա այստեղ Երևանը ԵԱՏՄ անդամների պայմանավորվածություններին կմիանա ընդհանուր հիմունքներով, իսկ ապրանքների առևտրի ոլորտում նախատեսված է աստիճանական (մինչև 2022 թ.) անցում ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի։ Մինչև 2022 թ. Հայաստանը իրավունք կունենա կիրառելու մի շարք ապրանքների, այդ թվում` մսի ու մսամթերքի, ԵԱՏՄ-ի դրույքաչափերից տարբերվող մաքսատուրքեր։ Մինչև 2020 թ. ընկած ժամանակամիջոցում Երևանի համար կգործի կաթնամթերքի որոշ տեսակների, ձվի, մեղրի, իսկ մինչև 2019 թ.` մրգի որոշ տեսակների և ընկույզի առանձին սակացուցակ։ Դրա հետ մեկտեղ, Հայաստանը մինչև 2018 թ. կկիրառի բենզինի զրոյական մաքսադրույքներ, իսկ միասնական մաքսային դրույքաչափերի կանցնի 2020 թ.։ Նույն սկզբունքով կկարգավորվի նաև օրգանական և անօրգանական քիմիայի արտադրանքի, դեղագործական արտադրանքի որոշ տեսակների, պարարտանյութերի, ներկերի, կենցաղային քիմիայի արտադրանքի, կաշվի, պլաստմասսայե և ռետինե արտադրանքի (այդ թվում` ավտոդողերի) մաքսատուրքերի մակարդակը։ Հիշեցնենք երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Իհարկե, Հայաստանի անդամակցությունն ունի իր առանձնահատկությունը. դա ԵԱՏՄ-ի մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է։ Սակայն մենք համոզված ենք, որ դա չի խանգարի կարգավորման միասնական համակարգերին, տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների` մեր ընդհանուր տնտեսական տարածությունում ձևավորվող համակարգերին Հայաստանի ինտեգրմանը»։ Իր հերթին Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը նշել է, որ «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը դրական իրադարձություն է ԵԱԶԲ-ի համար»։ «Հայկական բիզնեսի համար բացվում է իր արտադրանքի իրացման փաստորեն անսահմանափակ (տնտեսության չափերի համեմատ) շուկա, ինչից պետք է օգտվեն հայ ձեռնարկատերերը, նրանց համար օգտակար կարող են լինել նաև մի ամբողջ շարք երկրներից ՌԴ-ին գյուղմթերքների մատակարարումների սահմանափակումները»,- ընդգծել է Իգնատովը։ Մենք կավելացնեինք ահա թե ինչ. մի ամբողջ շարք հետազոտական կենտրոնների, այդ թվում` արևմտյան, վերլուծական զեկույցների համաձայն, Հայաստանի այսօրվա տնտեսությունը, ավաղ, նորմալ տնտեսության «տնազ» է, որովհետև նրա ավելի քան 40 %-ը կազմում է... սպասարկումների ոլորտը։ Պարզունակ ձևով, դա մանրածախ առևտուրն է կամ ինչ-որ մեկի արտադրանքի վերավաճառքն է տոնավաճառներում կամ այլ վաճառակետերում։ Միայն գյուղատնտեսության մեջ է նկատվում հարաբերական աճ, և մասնագետները աճի ավելացման հեռանկար են ակնկալում։ Իսկ արդյունաբերությունը առավելապես վերամշակման է։ Հասկանալի է, որ 2000 թվականից հետո չէ, որ ոչնչացվել է մեր արդյունաբերության ինդուստրիալ մասը, բայց հունվարի 7-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը (ԵԱ ԲՏԽ) որոշել է ի գիտություն ընդունել այն տեղեկությունը, թե Հայաստանից ԵԱՏՀ-ի խորհրդի անդամ է նշանակվել Վաչե Գաբրիելյանը (փոխվարչապետ, Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար)։ Ինչպես ասվում է հանձնաժողովի կայքում, խորհուրդը որոշել է նաև ԵԱՏՀ կոլեգիայի անդամներ հաստատել Ռոբերտ Հարությունյանին (Հայկական զարգացման բանկի նախկին ղեկավար), Կարինե Մինասյանին (էկոնոմիկայի նախկին փոխնախարար) և Արա Նռանյանին (տնտեսագետ, ՀՅԴ-ից խորհրդարանի նախկին պատգամավոր)։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշեց Հայաստանից Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորների պաշտոններում նշանակել Արմեն Թումանյանին և Էռնա Հայրյանին։ Թե ինչ կտա մեզ, ինչպես նաև Արցախի մեր քույրերին ու եղբայրներին Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, մենք կտեսնենք, եթե ԱՄՆ-ն ու Ադրբեջանը չխաթարեն փխրուն խաղաղությունը տարածաշրջանում։ Մինչդեռ, դեռ Նոր տարուց առաջ մենք նույնիսկ շատ հաճելի լուր ստացանք. ինչպես հայտարարեց Երևանում Իրանի դեսպանը, Թեհրանը 2015 թվականից միակողմանի կարգով պարզեցնում է վիզային անցակարգը Հայաստանի քաղաքացիների համար։ Հիմա մեր համերկրացիները կարող են վիզաներ ստանալ ոչ միայն Երևանի իրանական հյուպատոսարանում, այլև երկու պետությունների սահմանին։ «Այդ քայլը մեր երկրների միջև բարեկամական և խոր կապերի առկայության առհավատչյան է։ Այդ կապերի ընդլայնմանն ու խորացմանը միտված լուրջ ծրագրերը մշակվել են վերջին ամիսներին մեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում»,- նշել է Ռեիսին։ Իրանը հետևողականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ անվիզա անցակարգ սահմանելու օգտին, ինչը, փորձագետների կարծիքով, դրականորեն է ընդունվում պաշտոնական Երևանի կողմից։ Ո՛չ հայերի, ո՛չ էլ իրանցիների համար գաղտնիք չէ, որ իրենց երկրների հարաբերություններն ամրապնդվում են համատեղ տնտեսական նախագծերով։ Հայտարարվել է սահմանային Արաքս գետի վրա Հարավային Կովկասում երկու ամենահզոր հիդրոէլեկտրակայանների կառուցման մտադրության մասին. հայկական կողմից հէկը կգտնվի Մեղրիում, իսկ իրանական կողմից` Կարաչիլարում։ Կայաններից յուրաքանչյուրը կարտադրի 793 միլիոն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա։ Մեղրու հէկի հաշվարկային հզորությունը կկազմի 150 ՄՎտ։ Նրա շինարարությունը կտևի հինգ տարի և գնահատվում է 323 մլն դոլար, որը կտրամադրի Թեհրանը։ 15 տարի Իրանը կլինի այդ հէկի արտադրած էլեկտրաէներգիայի միակ սպառողը, որից հետո այն կդառնա Հայաստանի սեփականությունը։ Մյուս խոշոր համատեղ նախագիծը կլինի Իրան-Հայաստան նավթամուղը, որի շինարարությունը նախատեսված էր սկսել դեռ 2011 թ.։ Դրա հետ կապված բոլոր աշխատանքներն առայժմ նախագծման փուլում են։ Նախագծի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա նավթամթերքները (բենզին և դիզվառելիք) ինչպես Իրանի նավթավերամշակման գործարաններից, այնպես էլ Պարսից ծոցից փոխադրել իրանական Թավրիզ քաղաք, այնտեղից էլ Երասխ, որտեղ վառելիքը կամբարվի կուտակարանում։ Ենթադրվում է, որ նավթամուղի Հայաստանի տարածքով անցնող հատվածը ֆինանսավորելու է Երևանը, որը կներդնի 100 մլն դոլար։ Քննարկվում է նաև Հարավ-Հյուսիս (Իրան-Հայաստան) երկաթուղու շինարարության հնարավորությունը, որը Հայաստանին թույլ կտա օգտվել էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիներից։ Եվ այս ամենը ո՛չ կատակ է, ո՛չ էլ վճար հայկական օրենսդրությունը Իրանին համապատասխանեցնելու դիմաց։ Իսկ հիմա հիշենք, թե ինչպես էին մեզ պարտադրում «ասոցիացիան» Եվրամիության հետ։ Հայտարարված է ախր, որ հիմա Արևմուտքը ձգտում է Հայաստանի հետ «քաղաքական համաձայնության», ուրեմն, կպահպանի մեր հասարակությանը Եվրոպայի առավել խայտառակ «ստանդարտ օրենքները» պարտադրելու պահանջները։ Մի խոսքով, ամեն ինչ` ինչպես միշտ. տրտմությունը և, թող որ ոչ ուրախությունը, այլ լավ օրերի հույսը, քայլում են կողք կողքի։ Իսկ արդյունքում հայ ազգին ի՞նչ կտա 2015-ը` մեր ընդհանուր ողբերգության հարյուրամյակի տարին, հիմա դժվար է կանխատեսել։ Հուսանք, որ տարվա իրադարձությունները կվերլուծենք մեր ընթերցողների հետ, և հույս ունենք, որ Հայաստանի համար ավելի շատ դրական իրադարձությունների առիթ կունենանք հետազոտելու և վերլուծելու, քան բացասական։ Այսպես, օրինակ, հունվարի 4-ին Մոնտեվիդեոյում ՈՒրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն հանդիպում ունեցավ համաշխարհային հայ ազգային խորհրդի և հայ-ուրուգվայական խորհրդի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը դատապարտեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։ «Այսպիսով, հիմք ընդունելով Մինսկի խմբի ջանքերի համապատասխանությունը, ում հետևությունները ՈՒրուգվայը կընդունի ճանաչման (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ իր որոշումն ընդունելիս, հաստատում ենք Լեռնային Ղարաբաղի (հարցի) խաղաղ լուծման անհրաժեշտությունը, որը հատկապես պետք է նկատի ունենա հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը` 1918 թվականի մայիսից մինչև 1920 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակամիջոցում որպես անկախ պետություն նրա սահմաններում»,- նշված է այդ հանդիպման վերաբերյալ ՈՒրուգվայի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Լուիս Ալմագրոն հունվարի 6-ի Սբ. ծննդյան տոնի առթիվ իր շնորհավորանքն է հայտնել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին, հույս հայտնելով, որ Ղարաբաղը շուտով իր ճանաչումը կգտնի «ազգերի միջազգային հանրույթում»։ Սա սոսկ ՈՒրուգվայի կոչը չէ աշխարհին` ճանաչելու Արցախի անկախությունը։ Սա նաև աշխարհին ուղղված պահանջ է` անօրինական ճանաչելու Կարսի, Նախիջևանի մարզերի և Ղազախի գավառի բռնազավթումը Հայաստանից։ Այս է ահա ՈՒրուգվայի նախնական ավանդը 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության ողբերգական տարելիցին ընդառաջ։ Դե, իսկ մենք տարվա ընթացքում ուշադրությամբ կհետևենք ՈՒրուգվայի այդ կոչերին մեծ տերությունների և... մեր պետական ղեկավարության արձագանքին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ