Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գաբրիել հրեշտակի վերջին այցը

Գաբրիել հրեշտակի վերջին այցը
16.01.2015 | 13:15

Ալեքսանդր

ԹՈՓՉՅԱՆ

Հոգեառ հրեշտակ Գաբրիելի աշխատանքը գնալով դառնում էր ավելի ու ավելի անտանելի: Աշխարհի ստեղծման օրից անթիվ ու անհամար հոգիներ էր տարել Երկինք ու ներկայացրել Աստծո դատաստանին: Երբեք որևէ բանից չէր բողոքել, անգամ եթե ստիպված էր եղել զարհուրելի եղեռնագործների, ողբալի հավատուրացների կամ քստմնելի դավաճանների հոգիներն առաքել, ինչը պատահում էր երբեմն-երբեմն: Գործ էր՝ պիտի աներ: Այդպես էր որոշել Արարիչը, և բոլորը գոհ էին նրա աշխատանքից, քանի որ ամեն ինչ անում էր ժամանակին, վայրկյանների ճշգրտությամբ, քանի որ ոչ մի անգամ չսխալվեց:

Այսինքն, չէր էլ կարող սխալվել: Ամենաբարձրյալը վաղօրոք որոշել էր, թե հողեղեններից ով, երբ, որտեղ և ինչպես պիտի աշխարհ գա, ինչպես ու որքան պիտի ապրի և որտեղ պիտի հոգին ավանդի: Ամեն ինչ չափված ու կշռված էր բացառիկ ճշգրտությամբ: Այնպես որ, մահվան հրեշտակն առնվազն հարյուր տարվա ցուցակ ուներ ձեռքին, որով անսխալ, օրնիբուն երթուդարձ էր անում երկնքից դեպի մեղսաբեռն երկիր: Ժամանակը նրա համար օրերով ու ամիսներով չէր հաշվարկվում, այլ տասնամյակներով ու դարերով, և նա արդեն սկսել էր ձանձրանալ այդ միապաղաղությունից: Ոչ մի շեղում, ոչ մի անակնկալ: Հարյուր, երկու հարյուր տարի առաջ գիտեր, թե դեռևս չծնված մարդը երբ և որտեղ է ավանդելու հոգին, և որ ինքն այդ պահին պիտի տեղում լինի:

Սակայն վերջին ժամանակներս տարօրինակ բաներ սկսեցին կատարվել: Ասենք, ամիսներ առաջ գիտեր, որ այսինչ վայրում զինված ընդհարում է տեղի ունենալու թշնամական երկու խմբերի միջև, ինչի պատճառով տասը զոհ պիտի լինի, սակայն իջնում էր երկիր և հայտնաբերում չնախատեսված հարյուրը, անուններ, որոնք նշված չէին Արարչի ցուցակում: Ավելին, պարզվում էր, որ այդ մարմիններն սպանվել են մի քանի օր առաջ և արդեն թաղված են, իսկ հոգիները մոլորված ու անհույս դեգերում են երկրի մակերեսից քիչ վեր:

Նախկինում էլ, անշուշտ, կամոքն Աստծո, զինված ընդհարումներ էին լինում, նույնիսկ պատերազմներ, երկու կողմից տասնյակ հազարավոր զինվորներ էին դուրս գալիս ռազմի դաշտ և ընդամենը երկու-երեք հարյուր զոհ էր լինում: Մինչդեռ այսօր, աշխարհի տարբեր ծայրերում, ամեն օր հարյուրավոր մարդիկ էին զոհվում՝ Աստծուց կատարելապես անհայտ պատճառներով: Դրանք կատարվում էին, այսպես ասած, հերթից դուրս և նախատեսված չէին ոչ մի ցուցակով: Այդ դեգերող հոգիներն էլ, մյուսների հետ, Գաբրիել հրեշտակը հավաքում և ուղեկցում էր Երկինք, և տարօրինակն այն էր, որ ոչ ոք չէր նկատում «ավելցուկը»: Բոլորին հավասարապես դատում էին և ուղարկում Դժոխք կամ Դրախտ: Մի երկու անգամ հարկ համարեց զգուշացնել ատյանին այդ տարօրինակ երևույթի մասին, սակայն նրան սաստեցին՝ պահանջելով, որ իր գործով զբաղվի:

Բայց նա զարմանալու ավելի լուրջ պատճառներ պիտի ունենար:

Հույզերը, համակրանքն ու հակակրանքը նրան հատուկ չէին, բայց երբեմն-երբեմն հետաքրքրվում էր առանձնապես աչքի ընկնող հոգիների ճակատագրով: Հողեղենները դրանց որակում էին «տաղանդ», «հանճար» կամ «մեծ» բառերով: Նրանց հոգիներից տարօրինակ մի լույս էր արտածվում, որ երբեմն գալիս հասնում էր Երկինք: Ընդհանրապես բոլոր հոգիներն էին լուսարձակ՝ առավել կամ նվազ, բայց սրանցը տարբերվում էր գույների բազմազանությամբ և շարունակ թրթռում էր, ասես ուր որ է, ժամանակից շուտ պիտի մարի՝ խախտելով աստվածային կարգը:

Այդպիսի մի հոգի կար, մի երիտասարդ: Նրա օրերը բառացիորեն հաշվված էին: Վերևներից տեսնում էր նրան՝ շարունակ թղթին հակված ինչ-որ բան գրելիս և առջևը դրված շշից ժամանակ առ ժամանակ կում անելիս:

Երբ հասել էր նրա օրը, և հրեշտակը պիտի իջներ երկիր, նկատեց, որ երիտասարդի հոգին ճիշտ է՝ մարել է, բայց ստեպ-ստեպ անհասկանալի բռնկումներ են լինում, որոնցից խրձերով կայծեր են տարածվում, և թվում է՝ ուր որ է իր համեստ կացարանը կհրդեհի: Որոշեց առանց հապաղելու այցելել երիտասարդին և տեղում պարզել այդ անհասկանալի երևույթը:

Երկնային անսահման զորությամբ օժտված, նա կարողանում էր անցնել բոլոր փակ դռների միջով, բայց այս անգամ դրա կարիքը չունեցավ, քանի որ դուռը, չնայած ցուրտ եղանակին, կիսաբաց էր, իսկ ներսից զառանցագին մենախոսություն էր լսվում, որի ընթացքում, անկապակից բառերի միջև, հրեշտակը մի քանի անգամ իր անունը լսեց: Հետաքրքրված, մտավ ներս և կանգնեց երիտասարդի դիմաց:

Ողբալի պատկեր բացվեց նրա առջև:

Տանը գրեթե կահույք չկար, եթե կարելի էր կահույք համարել խարխուլ սեղանը, երկու քառոտնուկը և ինքնաշեն փոքրիկ, անդուռ պահարանը՝ իր համեստ պարունակությամբ. մի երկու տասնյակ գիրք, մի երկու ձեռք շոր, անհասկանալի, ինչ-որ անպետք իրեր և բազմաթիվ դատարկ շշեր: Անկյունում երկաթյա մահճակալն էր, չհավաքված, վաղուց ջուր չտեսած սպիտակեղենով: Հատակին հնամաշ մի գորգ էր, իսկ պատին փակցված էր մի մեծ լուսանկար՝ երիտասարդ, ժպտադեմ զույգ, երկու երեխաների հետ:

Սեղանին կիսատ շիշ կար՝ անգույն հեղուկով, ծխախոտի կոթուկներով լցված մոխրաման, մի քանի ճերմակ թուղթ և մի գրիչ: Աղքատիկ կացարանի տանտերը հայացքը հառում էր առաստաղին, աչքերը կիսափակ մրմնջում, հետո արագ-արագ գրում՝ կրկնելով յուրաքանչյուր բառը. «Ո՜վ, եղբայր իմ Գաբրիել, ո՜վ դու հրեշտակ հոգեառ, ո՜վ դու նորօրյա Քարոն, ե՛կ, փրկիր ինձ, տար այս դժոխքից… ո՜վ իմ թանկագին Գաբրիել…»:

Գրեց, գրիչը վար դրեց, կում արեց շշից, ելավ ու սկսեց նյարդային և անկանոն քայլել նեղլիկ սենյակում: Հետո հանդարտվեց, նորից տեղավորվեց սեղանի մոտ, դարակը բացեց, մետաղյա փոքրիկ մի տուփ հանեց, ուղղանկյուն բարակ թուղթ, տուփի ամբողջ պարունակությունը դատարկեց թղթի վրա, փաթաթեց, մի ծայրը վառեց, մյուս ծայրը դրեց բերանը, ծուխն ագահորեն ներս քաշեց, և այդ պահին նրանից խրձերով կայծեր ցայտեցին:

Սենյակը լցվեց շշմեցնող ծխով, որը հեռավոր հուշեր արթնացրեց: Գաբրիելը թեթև, բայց հաճելի գլխապտույտ զգաց: Երկնային ու երկրային հոգսերը միանգամից անհետացան: Իսկ երբ սեղանին դրված շշից մի փոքրիկ կում արեց և այրող հեղուկն իջավ կոկորդն ի վար, հայտնվեց դյութական մի անկշռելիության մեջ: Երիտասարդն էլ նորից սկսեց մենախոսել ու գրել. «Ձայն տո՛ւր, ո՜վ Գաբրիել, ինչո՞ւ լռում ես… Ինչո՞ւ չես գալիս, ես քեզ եմ սպասում…»:

-Ես այստեղ եմ, եկել եմ,- իրենից անկախ ազդարարեց հրեշտակը:

Երիտասարդը դիվական մի քրքիջ արձակեց և շուրջը նայելով ասաց.

-Այո, ես քո ձայնը լսեցի անդենականից, շնորհակալ եմ, որ պատասխանեցիր, բայց ո՞ւր ես դու, չկաս:

-Ես այստեղ եմ,- ասաց հրեշտակը, հետո հիշելով, որ ինքն այս պահին աներևույթ է, տեղնուտեղը դարձավ երևութական, և ամբողջ հասակով կանգնեց տանտիրոջ առջև:

Վերջինս, սարսափահար, աչքերը տրորեց, հայացքը թաքցրեց, հետո նորից նայելով նվաղկոտ ասաց.

-Այդպես էլ գիտեի, ասում էին, չէ՞, որ խմիչքի հետ պետք չէ ծխել, տեսիլքներ են հայտնվում:

-Ես տեսիլք չեմ, ե՛ս եմ, Գաբրիելը, հոգեառ հրեշտակը, եկել եմ քո հոգին տանելու:

-Իմ հոգի՞ն…

-Այո, քո հոգին, չէ որ ինքդ էիր խնդրում քիչ առաջ:

-Հա՜, հասկացա… Բայց դա, ինչպե՞ս բացատրեմ… դա բանաստեղծական հնարանք է, այսինքն՝ դա պետք չէ բառացիորեն հասկանալ: Եթե բանաստեղծը մահ է տենչում, նշանակում է՝ մերժում է գարշ իրականությունը: Ասել է թե՝ ավելի լավ է մեռնել, քան ապրել այս ապականված աշխարհում:

-Որքան հասկացա, դու ցանկություն չունես հոգիդ ավանդելու, այդ դեպքում ինչո՞ւ էիր ինձ կանչում:

-Ես քեզ վաղուց էի կանչում, և միայն ես չեմ կանչողը, ուրիշ բանաստեղծներ էլ կան, ինչպես ասացի, դա այլանդակ իրականությանը հակադրվելու կերպ է:

-Ասեմ քեզ, որ ավելի շուտ պիտի լինեի այստեղ, քո անունը դրված է Երկնային ցուցակում, սակայն հապաղեցի, որովհետև քո հոգին ճիշտ է, այլևս լույս չէր արձակում, բայց երբեմն-երբեմն կայծեր էին ցայտում, հիմա հասկացա՝ ինչու: Այդ ծուխը, որ շնչում ես, քո մեռած հոգին ժամանակավոր աշխուժացնում է, հետո նորից մարում:

-Իսկ ես հոգի ունե՞մ:

-Պիտի որ ունենաս,- պատասխանեց հրեշտակը շփոթված:

-Հարցս պատահական չէ: Իմ հոգին ես կորցրել եմ կամ ինքնակամ լքել է ինձ: Չգիտեմ՝ ինչպես, երբ… Իսկ այդ կայծերն արձակում է ոգիս, որը դեռևս պահպանվում է և փոքր-ինչ աշխուժանում, երբ այս խոտն եմ ծխում:

-Անկարելի է, առանց հոգու մարմինդ չի կարող ապրել:

-Բայց ես ապրում եմ, ճիշտ է, վա՜յ էս ապրելուն, բայց ապրում եմ, շնչում, ուտում, խմում, միզում… և հոգու կարիք առանձնապես չեմ զգում:

-Իսկ հիշո՞ւմ ես դա երբ տեղի ունեցավ, ինչպե՞ս արտահայտվեց քո հոգու կորուստը:

-Հավանաբար մեկ ամիս առաջ։

-Ճիշտ այդ օրն է նշված Երկնային ցուցակում… Իսկապես, քո հոգին այլևս լույս չէր արձակում, և ես պիտի անհապաղ իջնեի, բայց կայծերն ինձ շփոթեցրին, մտածեցի, թե երկարաձգված հոգեվարք է։

-Իսկապես, այդ օրը լա՜վ խմել էի, հետո ծխել ուզեցի, հետո՞… էլ չեմ հիշում… Առավոտյան արթնացա՝ գլուխս դատարկ, սիրտս դատարկ, մարմինս՝ ջարդված… Մի ամբողջ օր մնացի այդպես անկողնուն փռված։

-Սա իմ առաջին բացթողումն է, աններելի սխալը, հիմա որտե՞ղ է քո հոգին, արի ու գտիր։ Նա վաղո՜ւց պիտի ներկայացված լիներ Աստծո դատաստանին։ Ինձ ամենասոսկալի պատիժն է հասնում:

-Մի տխրիր, սիրելի Գաբրիել։ Առանց հոգու էլ կապրեմ: Անկեղծ ասած, ոչ նրա ներկայությունն էի զգում, ոչ էլ հիմա՝ պակասը:

Հրեշտակը նրան չէր լսում, հուսահատ գլուխն էր բռնել:

-Դու չես զգում, բայց այնտեղ կզգան, կտեսնեն, որ քո հոգին չի ներկայացվել ատյանին:

-Դու էլ ասա՝ եկա տեսա, որ այսինչ-այնինչն առոք-փառոք ապրում է:

-Ոչ, չեմ կարող այդպիսի բան ասել, իրավունք չունեմ ձեռնունայն վերադառնալու, ես չեմ ուզում իմ անբասիր հեղինակությունն արատավորել:

-ՈՒրեմն պիտի անպայման մի հոգի հետդ տանե՞ս:

-Այո, այդպես է աստվածային կարգը, եթե իջել եմ՝ պիտի տանեմ:

-Լսիր, եթե մեկ ամսում չեն նկատել, ուրեմն, էլ չեն նկատի:

-Հիմա՝ այո, չեն նկատի, բայց հարյուրամյակի վերջում, երբ հաշվեփակն անեն, կտեսնեն, որ մեկով պակաս է:

-Եթե իմանայի, թե իմ հոգին որտեղ է, սիրով կասեի, միայն թե դատարկ ձեռքով չվերադառնայիր:

Հրեշտակը հուզված նայեց նրան և հանկարծ աչքերից արտասուք հոսեց:

-Այս ի՞նչ կատարվեց ինձ հետ, աչքերս ինչո՞ւ թրջվեցին:

-Դու պարզապես իմ պատասխանից հուզվեցիր, հետո մտար մեր դրության մեջ, հասկացար մեզ: Այսպես որ գնա, վերջը մարդ ես դառնալու:

-Չեմ հասկանում, թե ինչ ես ասում, բայց հավանաբար պատճառն այս խմիչքն էր, որ վառեց կոկորդս, մեկ էլ այն ծուխը, որ քիչ առաջ շնչեցի այստեղ:

-Հա՛, մարիխուանան, ափսոս, վերջացավ, բայց խմիչք շատ ունեմ, մի շիշ էլ կա պահած:

-Իսկ այդ խոտից հնարավոր չէ՞ մի քիչ էլ ճարել, դրա ծուխը կուզեի նորից շնչել:

-Հնարավոր է, բայց փող չունեմ:

-Իսկ որտե՞ղ է, դու ինձ տեղն ասա:

-Այս փողոցի ծայրին մի շքեղ առանձնատուն կա, մի սրիկա է ապրում մեջը, նա է հիմնական մատակարարողը:

Հրեշտակը դատարկ տուփը վերցրեց, հոտոտեց և անհետացավ: Քիչ հետո հայտնվեց՝ ձեռքին մի հսկայական տոպրակ:

-Այսպիսի բազմաթիվ տոպրակներ կային այնտեղ, եթե սա քիչ է, գնամ մյուսներն էլ բերեմ:

-Հետո կբերես, սա մեզ մի քանի ամիս կհերիքի:

Գաբրիելն ախորժակով քաշում էր ծուխը:

-Դու ինչո՞ւ չես ծխում,- հարցրեց երիտասարդին:

-Ես քիչ առաջ ծխեցի, լավ չէ մեկ օրում երկու հատ ծխել:

-Իսկ ես կարո՞ղ եմ:

-Իհարկե, կարող ես, քեզ համար վտանգավոր չէ:

Հաջորդեց երկրորդը, երրորդը: Չորրորդն էր ուզում փաթաթել, երիտասարդն արգելեց:

Երկնային հյուրը հանկարծ սևեռուն նայեց տանտիրոջն ու ասաց.

-Այդ օրը դու մենակ չէիր, հյուր ունեիր: Ես վերևից տեսա, նա շիշ էր բերել և այս խոտը: Հիշո՞ւմ ես նրան, ո՞վ էր այդ չարագործը: Նա է գողացել քո հոգին:

-Այո, այդ օրն իսկապես ինչ-որ մեկը եկավ, դժոխային մի խմիչք էր բերել, խմեցի և տեղնուտեղն ուղեղս անջատվեց… ոչ անունն եմ հիշում, ո՛չ դեմքը։

-Մի տանջվիր, միևնույն է, չես հիշի: Նա է քո հոգին առևանգել:

-Ինչպե՞ս թե առևանգել է,- ապշած հարցրեց երիտասարդը:

-Այո, առևանգել է, սատանաները դա կարող են անել: Իսկ դու չե՞ս հիշում՝ որևէ թուղթ չստորագրեցի՞ր:

-Սատանանե՞րը… Ոչինչ չեմ հիշում, ինչո՞ւ ես հարցնում:

-Հետո կասեմ, նախ պետք է գտնել այդ արարածին:

-Ինչպե՞ս:

-Դա դժվար չէ, պետք է պարզապես մի երկու րոպե թևածել քաղաքի վրա: Սատանաներից մանուշակագույն լույս է արտածվում, բարեբախտաբար, հիմա մութ երեկո է, և լուսին չկա:

Ասելուն պես հրեշտակն անհետացավ: Երիտասարդն ապշած նստել էր: Չհասցրեց ուշքի գալ, երբ հրեշտակը նորից կանգնեց նրա առջև:

-Այս ի՞նչ է կատարվում,- վրդովված ասաց նա:- Ձեր քաղաքը լցված է սատանաներով։ Ամբողջ Սանդարամետում այդքան սատանա չկա, որքան այստեղ: Բայց ինձ թվում է, թե գտա քո հյուրին: ՈՒսդ բաց, տեսնեմ:

Երիտասարդը, զարմացած, հնազանդվեց.

-Այդպես էլ գիտեի,- ասաց հրեշտակը:- Սատանաները հոգին առնելիս խարան են դնում: Հողեղենններին դա տեսանելի չէ: Ամեն մեկն իր նշանն ունի: Այս մեկինն արտաքուստ անմեղ է՝ ընդամենը երեք տերև, բայց թմրախոտի տերևներ: Կարծում եմ` գուշակեցիր, թե ով է եղել քո հյուրը:

-Այո՜… Հիմա հիշեցի։ Սովորաբար ես եմ գնում նրա մոտ, բայց այդ օրը, չհասկացա՝ ինչու, նա ինքը եկավ։

-Եկավ, որովհետև գիտեր, որ այդ օրը պիտի ես գայի։ Ավա՜ղ, իմ մեղքով ինձնից առաջ ընկավ:

-Հիմա ի՞նչ պիտի անենք:

-Հիմա պետք է փրկել հոգիդ, քանի չի ուղարկվել դժոխք:

-Ինչպե՞ս:

-Պետք է նորից այցելեմ այդ շքեղ առանձնատունը, գուցե քո հոգին դեռևս այնտեղ է:

-Փորձիր,- թերահավատ ասաց երիտասարդը:

Ասաց ու տարօրինակ թմբիրի մեջ ընկավ և չնկատեց հրեշտակի գնալն ու գալը:

-Ես ահագին բաներ իմացա,- հաղթական ժպիտը դեմքին հայտարարեց հրեշտակը:- Նախ, այդ արարածը, որ առևանգել է քո հոգին, սատանա չէ, այլ հողեղեն:

-Մի՞թե մահկանացուն կարող է մահկանացուի հոգին գողանալ:

-Կարող է, եթե… Բայց դա դեռ ոչինչ, նա ավելի խրթին բաներ է անում: Համբերիր, ամեն ինչ հերթով կպատմեմ: Նախ, ամենակարևորը. քո հոգին այնտեղ է, հոգեդարանում:

-Դա ի՞նչ բան է, առաջին անգամ եմ լսում այդ բառը, ես, որ բանաստեղծ եմ և իմ լեզուն հրաշալի գիտեմ:

-Այդ բառը, ավելի շուտ երևույթը, չէր կարող քեզ հայտնի լինել: Սատանան, երբ դաշինք է կնքում մահկանացուի հետ, նրա հոգին առնում և պահում է հատուկ տեղում, որ կոչվում է հոգեդարան: Այնտեղ կարող են լինել մեկից ավելի՝ տասը, քսան, նույնիսկ հարյուրավոր հոգիներ:

-Ինչո՞ւ է այդ հոգիները պահում գերության մեջ:

-Պատկերացնել անգամ չես կարող. հոգիների հսկայական առևտուր է գնում այս քաղաքում: Մարդիկ ոչինչ բանի դիմաց ծախում են իրենց հոգին: Այստեղ, երբեմն-երբեմն, իրարանցում է սկսվում, դուք դրան «ընտրություն» եք ասում: Հուդան իր հոգին երեսուն արծաթով ծախեց, այն ժամանակվա համար դա, այնուամենայնիվ, գումար էր, իսկ այստեղ հազարներով հոգի են ծախում մի կտոր հացի դիմաց:

-Ի՞նչ անեն, մարդիկ սոված են, օրվա հացի կարոտ:

-Լավ, հասկացանք, ստորին խավը սոված է, կողոպտված ու ընչազուրկ, բայց իրենց հոգին, և ո՜չ միայն հոգին, ամենից շատ սատանայական աճուրդի է հանում ապահովված, նույնիսկ ունևոր խավը։ Այդ հոգեդարանում բազմաթիվ մեծամեծների, փիլիսոփաների, բանաստեղծների, արվեստագետների հոգիներ տեսա, որոնց համար հոգի ծախելը դարձել է սրբազան ավանդույթ, նրանք ուրիշ կերպ չեն կարող ապրել: Չնչին, փառասեր արարածներ…

-Լսիր, Գաբրիել, դու արդեն մեզ նման ես խոսում, ի՜նչ արագ յուրացրիր և այդքան բան որտեղի՞ց իմացար կարճ ժամանակում:

-Ձեզ՝ հողեղեններիդ, հարյուր տարի է պետք, որ աշխարհի մեկ օրվա բանը հասկանաք, իսկ մեզ՝ երկրային բարձրագույն էակներին, մեկ ակնթարթը բավական է, որպեսզի ձեր հարյուր տարվա կյանքը խորապես ճանաչենք:

-Մի՞թե այդքան դյուրին է հասկանալ մեզ:

-Դուք՝ մահկանացուներդ, շատ պարզունակ արարածներ եք, ամեն ինչ կառուցել եք ճղճիմ հաշիվների վրա: Արարիչը ձեզ անմահ հոգի շնորհեց, որպեսզի Երկինք ձգտեք, իսկ դուք պաշտում եք անցավոր նյութը և խրվում ցեխի մեջ:

-Համաձայն եմ, նույն բաները ես էի ասում իմ տողերում:

-Հիմա էլ ես ասո՞ւմ,- զարմացած հարցրեց հրեշտակը:

Երիտասարդը մի պահ խեղճացավ, հետո, կարծես արդարանալով, պատասխանեց.

-Հիմա այլևս այդ մասին չեմ գրում։ Հիմա միայն մահ եմ երազում: Այնպես որ, ճիշտ ժամանակին եկար:

-Սպասիր, նախ քո հոգին փրկենք, հետո կտեսնենք, թե ինչ անենք: Այդ սրիկայի հետ դեռ քաշելիք ունենք: Պատկերացնել անգամ չես կարող, այդ հողեղենը մի մատ երեխայի պես խաբել է սատանաներին, և գիտե՞ս ինչ է ստեղծել իր ապարանքում, սատանաների կալանավայր, որ կոչել է «դիվադարան» բառով:

-Ինչպե՞ս կարող է հասարակ մահկանացուն սատանային կալանել:

-Նախ՝ նա հասարակ մահկանացու չէ, այլ այս երկրի սատանայախմբի ազդեցիկ անդամներից մեկը, բացի այդ, վարպետորդի մի ստահակ է, որ կարող է սատանաներին ծովը տանել ու ծարավ հետ բերել: Իր առանձնատան ընդարձակ նկուղներում հարյուրավոր ստորին և միջին կարգի սատանաներ է պահում:

-Բայց ի՞նչ զորությամբ է կարողացել այդ սատանաներին գերեվարել:

-Խաչի զորությամբ:

-Հավանաբար խոր հավատացյալ է:

-Նրա նման երդվյալ անհավատ աշխարհում չես գտնի, բայց խորապես ատելով խաչը, կարողանում է իր նպատակների համար օգտագործել: Ասենք, սատանային կանչում է իր մոտ դաշինք կնքելու, և խաչի զորությամբ գցում զնդանը: Դժոխքի գերագույն սատանաներն անգամ անզոր են այս հողեղենի դեմ, ինձ համար սա մի առեղծված է, որ պիտի պարզեմ:

-Ինչպե՞ս:

-Պիտի նորից թափանցեմ նրա ապարանքը: Ի դեպ, այնտեղ եղած խոտի ամբողջ պաշարը պիտի վերցնեմ, հետո հավանաբար փոխանակեմ քո հոգու հետ:

Հրեշտակը ծխեց և անհետացավ, իսկ երիտասարդը նորից ընկավ թմբիրի մեջ: Քիչ հետո աչքերը բացեց և ապշած շուրջբոլորն էր նայում: Սենյակը վերից վար լցված էր տոպրակներով:

-Ամբողջը բերեցի,- հպարտ-հպարտ հայտարարեց Գաբրիելը:- Հիմա նա չոքեչոք կգա ինձ մոտ հետ ուզելու, իսկ ես փոխարենը քո հոգին կպահանջեմ:

-Լսիր, Գաբրիել,- տագնապեց երիտասարդը:- Դու հասկանո՞ւմ ես՝ ինչ ես արել, դրանք թիկնապահ կոչված արնախում ոհմակներ ունեն։ Քեզ ի՞նչ կա որ, քո մազին անգամ դիպչել չեն կարող, բայց ինձ բառացիորեն կփոշիացնեն:

- Անհոգ եղիր, ես այս տունը շրջափակել եմ աներևույթ կրակե օղակի մեջ, որը բարի մարդկանց չի վնասում, իսկ չարամիտներին այրում է:

- Իսկ ե՞րբ է վերադարձնելու իմ հոգին:

- Վաղը: Ասաց՝ այսօր խիստ զբաղված է, գաղտնի հավաք է լինելու, երկրի սատանայական սերուցքը պիտի հավաքվի, իբր ինքը պիտի անպայման ներկա լինի և կանգնի գահի աջ կողմում:

- Քեզ հրավիրե՞ց:

- Ոչ, իրավունք չուներ հրավիրելու: Բայց ես անպայման կգնամ, հրաշալի առիթ է, այս երկրի բոլոր մութ ուժերն այնտեղ հավաքված կլինեն, միանգամից բոլորին կտեսնեմ:

- Ես էլ կուզեի գալ:

- Վտանգավոր է քեզ այնտեղ երևալ։ Դու հիմա քնիր, իսկ ես մի քիչ թևածեմ, վատ չի լինի սատանայական հավաքին գնալուց առաջ իմանալ, թե այստեղ ինչեր են կատարվում:

Երիտասարդը չզգաց, թե ինչպես վայրկենաբար քունն իջավ վրան և աներևույթ մի ձեռքով հայտնվեց անկողնում: Արթնացավ առույգ, լավատեսությամբ լցված և շուրջը նայելով զարմանքից քար կտրեց: Իր համեստ կացարանը վերածվել էր լուսավոր, արդիականորեն կահավորված մի սենյակի: Դեռևս երեկ տարիներով չլվացված պատուհաններն այսօր փայլում էին մաքրությունից և ծածկված էին գեղեցիկ ու ճաշակավոր վարագույրներով, իսկ անկողինը պարզապես թարմություն էր բուրում: Զարմանքով փաստեց նաև, որ խոտի տոպրակներն անհետացել են, մտովի հարցրեց, թե ուր են կորել, և տեղնուտեղն ստացավ պատասխանը.

-Մի՞թե չասացի, որ քո հոգին պիտի փոխանակեմ այդ խոտերի հետ: Ի դեպ, շատ դժվար եղավ նրան համոզել, ասում էր, թե քոնը ամենաթանկն է իր հոգեդարանում:

-ՈՒրեմն, ես հիմա հոգի՞ ունեմ:

-Եթե չունենայիր, այսքան առույգ և լավատեսությամբ լցված չէիր լինի: Ես, որ մինչև հիմա անմահ հոգիներն էի փրկում մեռնող մարմնից և տանում երկինք, առաջին անգամ մեռցվող հոգին փրկեցի սատանայակերպ արարածի ձեռքից:

-Եվ հիմա ինչպե՞ս պիտի ապրեմ:

-Առողջ կյանքով, ո՛չ մի ծուխ և ո՛չ մի խմիչք, դրանք դու գործածում էիր, որպեսզի հոգուդ բացակայությունն ինչ-որ բանով լցնես, այժմ երբ առողջ հոգի ունես առողջ մարմնում, այդ սատանայական բաների կարիքն այլևս չես զգա:

-Հապա ինչպե՞ս պիտի գրեմ առանց դրանց:

-Կգրես, ավելի լավ, քան առաջ, և մանավանդ կդադարես մահ տենչալուց:

-Լա՛վ, կտեսնենք, կարող է նույնիսկ այլևս չգրեմ: Դու պատմիր, թե ինչ տեսար մեր քաղաքում:

-Օ՜, այդ մասին կարելի է երկար խոսել, կասեմ միայն մի բան. Արարչի օրենքներն այստեղ վաղուց արդեն դադարել են գործելուց, և սա դարձել է հոգեզուրկների քաղաք, միայն մարմիններ են այստեղ ապրում և մտածում բացառապես նյութական պահանջների մասին:

-Լավ, գոնե մեկին չտեսա՞ր, որ պահպանել է իր հոգին:

-Տեսա, տեսա, նույնիսկ մեկից ավելին, բայց ինչպիսի՜ դժվարությամբ են պահպանում իրենց հոգիները, և նրանց թիվը գնալով նվազում է:

-Ինձ նման կորցնո՞ւմ են հոգին, թե՞ ծախում սատանային:

-Ոչ, հոգին ավանդում են կամ թողնում հեռանում այստեղից, և քաղաքը մնում է հոգեզուրկների ձեռքին, և գիտե՞ս ինչ է կատարվում, բոլոր մեկնողներն իրենց հետ, առանց իրենց գիտության, տանում են մի թել։

-Հա՜, հասկացա, դա այն թելն է, որ հավերժորեն կապում է հայրենիքի հետ,- ոգևորված ասաց երիտասարդը, որ վերջապես ածիլվել էր, լողացել և մաքուր, մոդայիկ զգեստ հագել:

-Ի՜նչ միամիտն ես, այսինքն, բանաստեղծ ես, ներելի է: Այո, այդ թելը հավերժորեն և անքակտելի կապում է հայրենիքի հետ, բայց ոչ այն իմաստով, որ դու ես կարծում: Այդ թելն ուզած պահին կարող է մտնել հայրենիքից հեռացածի գրպանը, անգամ նրա բանկային հաշվի մեջ և փոշեկուլի պես այնտեղ եղած գումարները քաշել:

-Այսինքն, հօգուտ հայրենիքի:

-Բավակա՛ն է միամիտ բաներ խոսես: Այդ փողը ուղղակիորեն գնում է սատանայախմբի գրպանը: Դու քո տանը փակված քեզ համար ապրում ես, չգիտես, թե ինչ է կատարվում քո հարազատ քաղաքում:

-Այս քաղաքում արդեն վաղուց ոչինչ չի կատարվում:

-Սխալվում ես: Քեզ նմանների հաշվին հարստացած հոգեզուրկները, համաժողովրդական հանգանակությամբ, մի հսկայական տաճար են կառուցում քաղաքի կենտրոնում, որ կոչվելու է Փողի տաճար, և այդտեղ օր ու գիշեր պիտի փողը երկրպագեն: Սա դեռ ոչինչ, այդ գաղտնի ժողովում ես այսօր մի սոսկալի բան իմացա: Բեհեղզեբուղի նվիրակն էր այնտեղ, որ հատուկ ժամանել էր տեղական դիվակերպ հոգեզուրկների հետ բանակցելու: Առաջարկում են այս երկիրը փոխանակել դասական Դժոխքի հետ, իբր այստեղ պայմաններն անհամեմատ ավելի դժոխային են, քան այնտեղ, ուր քսանչորս ժամ տաք ու սառը ջուր կա և անմար կրակներ:

-Ինչների՞ն է պետք դասական Դժոխքը:

-Նորից միամիտ հարց տվեցիր: Այնտեղ ուզում են զբոսաշրջության էլիտար կենտրոն ստեղծել, և ի՜նչ փող կշինեն: Արդեն գովազդ են պատրաստել, աչքովս տեսա. «Մեկ շաբաթ Դժոխքում: Էքսկլյուզիվ հանդիպումներ Ներոնի, Աբդուլ Համիդի և Լենինի հոգիների հետ»: Իսկ այստեղ հիմնական գործն արված է, մնում են մի քանի մանրուքներ, ասենք՝ բոլոր ծառերը պիտի կտրվեն, երկիրը տվել են օտարներին, որոնք ծայրեծայր փորփրում են, իբր այստեղ գետնի տակ ոսկի կա, մի գեղեցիկ լիճ ունեք, մտադիր են չորացնել կամ ճահիճ սարքել, մի խոսքով, մեկ-երկու տարվա անելիք կա, և ձեր երկիրն իդեալական դժոխք կդառնա, շատ ավելի սոսկալի, քան դասականը:

-Եվ դու իմ հոգին փրկեցիր, որպեսզի այդ դժոխքո՞ւմ ապրեմ: Ավելի լավ է հենց հիմա վերցնես և տանես Աստծո արդար դատաստանին:

-Ոչ, դու պիտի մնաս այստեղ և պայքարես այդ փոխակերպուկ սատանաների դեմ:

-Դա ի՞նչ նոր բառ է:

-Դա զուտ տեղական հայտնագործություն է. այդպես են կոչվում այն հողեղենները, որոնք իրենց հոգիները ծախելով սատանաներ են դարձել, դրանց թիվն օրեցօր ավելանում է, և դրանք իրենց նենգությամբ ու խորամանկությամբ շատ ավելի հնարամիտ են ու վտանգավոր, քան դասական Դժոխքի բնածին սատանաները:

-Ինչպե՞ս կարող եմ մենակ պայքարել այդ չար ուժերի դեմ:

-Դու մենակ չես լինի, հոգեկիրները կմիանան քեզ:

-Դարձյալ նոր բառ:

-Հոգեկիրները նրանք են, ովքեր, ի տարբերություն հոգեզուրկների, գիտակցաբար չեն հրաժարվել իրենց հոգիներից:

-Բայց ասացիր, թե նրանց թիվը շատ քիչ է և գնալով նվազում է:

-Այո, հիմա այդպես է, բայց բավական է պայքարդ սկսես, դրանց թիվը կշատանա, և դուք կհաղթեք:

-Սիրելի Գաբրիել, դու, անշուշտ, շատ բան գիտես, նույնիսկ իմ լեզուն ինձնից ավելի լավ գիտես, բայց կներես, դու շա՜տ միամիտ ես, որ կարծում ես, թե դրանց կարելի է այդպես հեշտությամբ հաղթել:

-Ես քեզ դիվահալած աղոթք կսովորեցնեմ, և եթե օրը երեք անգամ արտասանես, մեկ շաբաթում նրանք կհեռանան այստեղից:

-Չէ, Գաբրիել, ավելի լավ է հրաժարվես այդ գաղափարից և վերադառնաս երկինք ու շարունակես քո սև աշխատանքը:

-Ոչ մի դեպքում, ես այլևս հոգեառությամբ չեմ զբաղվելու, սա իմ վերջին այցելությունն էր այդ պաշտոնում: Պիտի խնդրեմ Արարչին, որ այս ծանր պարտականությունն իմ ուսերից վերցնի և մեկ այլ գործ տա:

-Ինչո՞ւ այդպիսի անակնկալ որոշում ընդունեցիր:

-Որովհետև հասկացա, որ մինչև հիմա աշխատել եմ կուրորեն, առանց զանազանելու՝ մեղավո՞ր, թե՞ անմեղ հոգիներ եմ տանում, վերևում էլ առանց խորանալու դատել և մեծ մասամբ ուղարկել են Դժոխք, հիմա այնտեղ բազմաթիվ անմեղ հոգիներ են տառապում, և հակառակը՝ մեղսագործներն ինչ-ինչ հնարքներով կարողացել են մոլորեցնել ատյանը և թափանցել Դրախտ:

-Հիմա ի՞նչ պաշտոն կուզեիր ստանձնել:

-Արարչի խորհրդական Դրախտի և Դժոխքի գծով: Հավատա, ոչ մի մեղավոր ձեռքիցս չի պրծնի:

-ՈՒրեմն, այլևս չե՞նք հանդիպի:

-Անպայման կհանդիպենք, այնտեղ՝ վերևում:

-Իսկ դա ե՞րբ կլինի:

-Դա արդեն կախված է Արարչից և մասամբ էլ քեզնից: Հիշիր, որ լուրջ անելիքներ ունես այստեղ:

Հրեշտակն ասաց և ակնթարթի մեջ անհետացավ:

Բանաստեղծն այդ օրն արթնացավ սովորականից ավելի կանուխ: Նախորդ օրերի մշուշը չկար գլխում և դառնահամը՝ բերանում: Վաղուց, շա՜տ վաղուց այդքան լավ չէր զգացել իրեն: Նրան թվաց, թե ինչ-որ երազ էր տեսել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հիշել, անգամ ամենաչնչին մանրամասնը: Կար ընդամենը երազի գիտակցումը: Ոչ ավելին:

Աչք ածեց սենյակին: Նույնն էր, միաժամանակ նույնը չէր: Ինչ-որ բան փոխվել էր, բայց ինչ՝ այդպես էլ չկարողացավ ճշտել: Օրվա ընթացքում որոշ բաներ նկատեց, ասենք, սեղանից անհետացել էր մշտապես դրված, բերնեբերան կոթուկներով լցված գարշահոտ մոխրամանը: Չկարողացավ հիշել՝ ի՞նքը դեն նետեց, թե՞… Հետո, չգիտես ինչու, փաստեց, որ ծխելու ոչ մի ցանկություն չունի: Նրան թվաց, թե երբեք չի ունեցել: ՈՒրիշ փոփոխություններ էլ նկատեց, բայց կարծեց, ավելին՝ համոզված էր, որ միշտ այդպես է եղել: Ի վերջո անցյալը նրանում աննկատ վերաձևավորվեց, և իր ապրած օրերը ներկայացան կատարելապես ուրիշ: Երա՞զը… Ի՞նչ երազ, այս գիշեր ոչ մի երազ չտեսավ:

Սեղանին դրված թուղթն աչքովն ընկավ՝ իր ձեռագրով վրան գրված օրվա անելիքները. տասնհինգ գործ, որ պիտի ամեն գնով հասցներ անել առավոտից մինչև ուշ երեկո. այցելություններ ծնողներին, հիվանդ ընկերոջը, օգնություն ծեր և միայնակ հարևանին, կարևոր մի հոդված, որ պիտի այսօր հանձներ, հանդիպումներ տարբեր հիմնարկներում, մի խոսքով, լուրջ անելիքներ, իսկ վերջում՝ տասնհինգերորդն էր, անկարևորը. մաքրել ու կարգի բերել տունը:

Նորից կարդաց ցուցակը, հետո տասնհինգերորդն առավ օղակի մեջ և տարավ դրեց առաջին տեղում՝ համոզված, որ ամեն մի կարևոր գործ անելուց առաջ նախ պիտի քո տունը, քո ներսը մաքուր լինի:

Աշխատում էր սևագործ բանվորի պես, անսպառ եռանդով ու միտք անում, թե մեր կյանքը մենք ենք ստեղծո՞ւմ՝ մեր ուզածով, թե՞…

Փարիզ, դեկտեմբեր, 2014 թ.

Դիտվել է՝ 153395

Մեկնաբանություններ