Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շիաների ու քրիստոնեական համայնքների դաշինքը որպես Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի գործոն

Շիաների ու քրիստոնեական համայնքների դաշինքը որպես Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարի գործոն
20.01.2015 | 01:21

Տեսնելով, թե 2015-ի հունվարին ինչ է կատարվում... Արևմտյան Եվրոպայում (հակաիսլամական ակտեր Գերմանիայում, ահաբեկչական գործողություններ Փարիզում և այլն), հարկ է անդրադառնալ անցած տարվա մի նրբերանգի։ Երբ 2014 թ. դեկտեմբերի վերջին Իրանի Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին Դամասկոսում բանակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, բոլորը գիտեին, որ դա նրա մերձավորարևելյան շրջագայության առաջին կետն է միայն, և որ նա շոշափելու է ահաբեկչության դեմ մղվող պայքարում մահմեդական երկրների ջանքերի միավորման թեման։ Այնուհետև տեղի ունեցան այցեր Լիբանան և Իրաք, ու բացի այդ երկրների բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից, Լարիջանին բանակցություններ վարեց նաև դրանց զինվորական և հոգևոր առաջնորդների հետ։ Այսպես, Իրաքի Էն-Նեջեֆ քաղաքում նա հանդիպում ունեցավ իրաքյան Մեծ այաթոլլահ Ալի աս-Սիստանիի, իսկ Բեյրութում` Լիբանանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և Լիբանանի «Հըզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար շեյխ Հասան Նասրալլայի հետ։

Թեհրանից ստացված տեղեկությունից պարզ դարձավ, թե Իրանի դեսպանորդն ինչ նկատի ուներ ահաբեկչության դեմ պայքար ասելով։ Դեռ հոկտեմբերի 9-ին իրանական «Ալ-Վաֆակ» թերթը գրել էր, թե Թուրքիայի ձգտումը` ակտիվորեն մասնակցելու ահաբեկչության դեմ պայքարի` ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային, որը նպատակ ուներ պառակտելու մերձավորարևելյան տարածաշրջանը, համագործակցություն է ի շահ Թել-Ավիվի և Վաշինգտոնի։ «Արևմուտքիերկրներիծրագրերըտարածաշրջանում»վերտառությամբհոդվածումթերթը հաղորդում էր, որ Սիրիայում և Իրաքում թուրքական միջամտությունը կոպտորեն հակասում է միջազգային իրավունքի դրույթներին և խաթարում երկու երկրների ինքնիշխանությունը։ Ավելին, թերթն ընդգծում էր, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր առավել խոշոր հաջողություններին հասել է, այսպես կոչված, «ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի» ստեղծումից հետո։ Իրանցիները ևս մերկացրին Արևմտյան երկրների երեսպաշտությունը, ընդգծելով, որ կոալիցիայի ավիացիան ավերել է Սիրիայի ենթակառուցվածքները Ռաքքայի և Դեյր-Էզ-Զորի նահանգներում։ Նոյեմբերի 1-ին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Ալաեդդին Բորուջերդին «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց, որ Թեհրանը չի կարող վստահել «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի միջազգային կոալիցիային, որովհետև նրա մեջ մտնում են այնպիսի երկրներ, որոնք էլ հենց ստեղծել են այդ խմբավորումը, իսկ «հիմա էլ ուզում են ջախջախել այն»։

Հանդես գալով հեռուստահարցազրույցով, Արևմուտքին նույն «մեղքերում» մեղադրեց լիբանանցի շեյխ Հասան Նասրալլան, նշելով, որ ԱՄՆ-ը չի կարող ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա ստեղծել, որովհետև ինքն է ԻՊ-ի հիմնադիրը և լիակատար պատասխանատվություն է կրում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համար և «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես ԻՊ-ի դեմ մղվող պայքարում հանդես է գալիս ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ամեն տեսակի ռազմական միջամտության դեմ։ Ընդ որում, նա ասես նախազդարարեց տարածաշրջանի գլխավոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ հենց նոյեմբերի կեսերին, երբ «Հըզբոլլահի» շիական զինված միլիցիան համաձայնության եկավ Լիբանանի քրիստոնեական կազմակերպությունների հետ` երկրում համատեղ պարեկում անցկացնելու և ԻՊ-ի ու սիրիական «Ջեբհաթ-ան-Նուսրայի» ջիհադականների դեմ համատեղ կռվելու հարցում։ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների զինված դիմադրության կազմակերպման գաղափարը պաշտպանեցին Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Մար Դընհա 4-րդը, մարոնական կաթոլիկ, լիբանանյան գեներալ Միշել Աունը, ծածուկ կերպով` Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոսությունը և այլք, թեև կային նաև գաղափարի հակառակորդներ, օրինակ, սիրիական կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն և Մելքիտյան կաթոլիկ եկեղեցու առաջնորդ պատրիարք Գրիգորի 3-րդը։ Ի դեպ, վաղուց ու լավ հայտնի է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաներից ինքնապաշտպանական զինված ջոկատներ ունեն միայն մարոններն ու հայերը, և միայն վերջերս Սիրիայում ի հայտ են եկել նաև ասորիների ջոկատներ։

Այսպես թե այնպես, տարածաշրջանի տակֆիրիստական (վահաբական) խմբավորումներին դիմակայող կողմերը հաջողություններ սկսեցին ունենալ հենց այդ համաձայնությունից հետո։ Օրինակ, լիբանանյան բանակը փակեց Սիրիայի հետ սահմանի մոտ Կալամունի շրջանում ահաբեկիչների տեղաշարժի ուղիները և գերեց Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներից մեկի պարագլուխ Հալեդ Հայդար ալ Հուջարիին, երբ սա այլ ավազակների հետ Էրսալի շրջանում փորձում էր սահմանի վրայով փախչել Լիբանան։ Այդ պահի դրությամբ լիբանանցիները արդեն 1726 մարդ էին բռնել, որոնք մեղադրվում են ահաբեկչության մեջ և կամ կապեր ունեն այլ քրեական խմբերի ահաբեկչական գործունեության հետ։

Նոյեմբերի 27-ին ջիհադականների դեմ կռվող «մյուս կոալիցիայի» (այսինքն` ոչ ամերիկամետ) ուժերը է՛լ ավելի ծանրակշիռ հաջողությունների հասան. իրաքյան Անբարի նահանգում հաջողվեց «մաքրել» մի շարք տարածքներ, սպանվեցին ԻՊ-ի ղեկավարության կողմից հինգ ամիս առաջ նահանգի «էմիր» նշանակված Սանան Մեթիբն ու նրա շրջապատի 24 մարդ։ Ճիշտ է, ամերիկացիները շտապեցին նրանց ոչնչացումը վերագրել «կոալիցիայի ուժերի ավիահարվածին»։ Իսկ Լիբանանում տեղի բանակը այդ ժամանակ, փաստորեն, ավարտել էր Բեքաայի հովտի «մաքրումը», ոչնչացնելով թե՛ ահաբեկիչներին, թե՛ նրանց հանցակիցներին, թե՛ «ռումբ-ավտոմեքենաների» պատրաստման ընդհատակյա արհեստանոցները (այդ մեքենաներն այնուհետև վաճառվում էին Սիրիայում, Լիբանանում, Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումներին)։

Կա նաև ոչ պակաս կարևոր մեկ այլ «տեղային» փաստ` կապված այդ ժամանակվա հետ. հենց նոյեմբերի 27-ին Լիբանան հասավ 30 զինվորից և 2 սպայից բաղկացած հայ խաղաղապահների խումբը։ Խմբի մանդատը, ինչպես նաև ֆինանսավորումը, տրված է ՄԱԿ-ի կողմից։ Հայ խաղաղապահները կհերթապահեն ՄԱԿ-ի ուժերի առաքելության (UNIFIL) շրջանակներում գործող իտալական խաղաղապահ գումարտակի կազմում։ Բայց դա այնքան էլ, ասենք, Իրաքում, Աֆղանստանում, Կոսովոյում ու Մետոխիայում հայ խաղաղապահների «վաստակի ճանաչման» արդյունքը չէ։ Նշվածմերձավորարևելյաներկրները,Իրանիհետմեկտեղ,տարածաշրջանումսփյուռքիհայ համայնքների համահավաք բնակության վայրեր են։ Իհարկե, որպեսզի ՄԱԿ-ը Հայաստանի խաղաղապահների առաքելությանը մանդատ տար, բավական երկար ժամանակ էր պետք` համաձայնեցնելու ինչպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այնպես էլ Լիբանանի ղեկավարության, իսկ մեր կարծիքով` նաև «Հըզբոլլահ» կուսակցության ղեկավարության հետ։ Բայց անզեն աչքով էլ նկատելի է, որ հայ զինծառայողների մուտքը տարածաշրջան հնարավոր դարձավ հատկապես այն բանից հետո, երբ շիական «Հըզբոլլահը» ջիհադականների դեմ համատեղ պայքարի մասին համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերեց Լիբանանի առաջատար քրիստոնեական համայնքների հետ։

2015 թ. ընթացքում կերևա, թե ինչի հետ առիթ կունենան բախվելու հայ խաղաղարարները Լիբանանում շիաների ու լիբանանյան քրիստոնյաների փաստական ռազմական դաշինքի պայմաններում, որն ուղղված է ընդդեմ... իսկ ո՞վ ասաց, թե միայն «Իսլամական պետություն» խմբավորման։ Իսլամով քողարկվող այդ ֆաշիստներն իրականում Արևմուտքի դրածոներն են Սիրիայի իշխանությունների և այդ երկրի ալավիական համայնքի դեմ մղվող պայքարում։ Վերջին ամիսներին` նաև տարօրինակ պատերազմում ընդդեմ Սիրիայի քրդերի, թեև դա տարօրինակ կարող է թվալ միայն առաջին հայացքից։ Չէ՞ որ հայտնի է, որ սիրիացի քրդերի փաստորեն 99 %-ը անցել է Սիրիայի իշխանությունների և ըստ այդմ... այո, այո, Սիրիայի քրիստոնյաների, այսինքն նաև հայերի կողմը։ Այսպես թե այնպես, բայց եթե հանկարծ մի օր խոսք բացվի ՄԱԿ-ի խաղաղապահներին նաև Սիրիա ուղարկելու մասին, ապա Հայաստանը պետք է համապատասխան կառույցներում ձգտի հասնել խաղաղարար գործողություններին հայ զինծառայողների մասնակցությանը։ Մերձավոր Արևելքի հայերի կյանքն ու անվտանգությունը, առհասարակ, պետք է վաղուց եղած լինեին Հայաստանի արտաքին քաղաքականության օրախնդիր օրակարգը։ Պարզապես քչերը կարող էին սպասել, թե Իրաքի, Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների հիմնարար իրավունքներն ու ազատությունները սպառնալիքի տակ կհայտնվեն Մերձավոր Արևելքում` հենց Արևմուտքի ապակառուցողական քաղաքականության պատճառով։

Իսկ այնուհետև ամեն ինչ ընթացավ տրամաբանական զարգացմամբ. Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) էապես ընդլայնեց ռազմական ակտիվությունը Իրաքի հետ, այսպես կոչված, «բուֆերային գոտում»` այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ի առավոտյան Իրաքի անվտանգության ուժերը հեռացան իրանա-իրաքյան սահմանի երկայնքով Խուզիստանի նահանգում գտնվող իրենց դիրքերից։ Ընդ որում, մինչ այդ Իրանի ղեկավարությունն արդեն հայտարարել էր, որ սահմանի երկայնքով ընկած իրաքյան տարածքի 30-կիլոմետրանոց գոտին այն «անվտանգության բուֆերն» է, որտեղ Իրանը պատրաստ է ինքնուրույն ռազմական գործողությունների ընդդեմ ԻՊ-ի։ Նշենք, որ իսլամականների պարագլուխները բազմիցս հայտարարել էին, թե Իրանի կառավարությունն ու նրա դաշնակիցները (Սիրիան և «Հըզբոլլահ» կուսակցությունը) «նոր խալիֆայության» գլխավոր թշնամիներից են, որ նրանք մտադիր են ստեղծել Մերձավոր Արևելքում։ Այդ իրադարձություններից մի քանի օր առաջ Իրանի ՌՕՈՒ-ի չորս գրոհային կործանիչներ հարվածներ էին հասցրել ԻՊ խմբավորմանը, նպատակ ունենալով ազատագրելու Սաադիա և Ջալալա քաղաքները, որոնք գտնվում են Դիալայի նահանգում` իրանական սահմանից 30 կմ հեռավորության վրա, այսինքն, հենց «բուֆերային գոտում»։ Այդ նույն օրերին Լիբանանը հայտարարեց Սիրիայից Լիբանան սահմանային անցակետում ԻՊ-ի պարագլուխ Բաքր ալ Բաղդադիի երկու կանանցից մեկի` Սայի Համիդա ալ Դուլաիմիի ու նրա իննամյա դստեր ձերբակալության մասին։ Ձերբակալությունը Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունք էր։ Բայց հիմքեր կան համարելու, որ նրանց աջակցություն են ցուցաբերել «ավելի մեծ տրամաչափի» երկրներից մեկի` Իրանի կամ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները, թեև երկուսն էլ լռում են։ Բայց ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆֆը լրագրողներին հայտնել է, որ Սայի Համիդա ալ Դուլաիմին ակտիվորեն մասնակցում է ԻՊ-ի գործունեությանը և լուրջ տեղեկություններ ունի այդ ահաբեկչական կազմակերպության մասին։ Հետևաբար, Վաշինգտոնը լարված հետևում էր Սիրիայի, Լիբանանի և Իրաքի հատուկ ծառայությունների գործողությանը։ Միևնույն ժամանակ, Սիրիայի Այն-էլ-Արաբ (Քոբանի) քաղաք ներխուժեց քրդական «փեշմերգաների» (զինյալների) ևս մեկ խումբ, որն ուժեղացրեց տեղի քրդական միլիցիայի դիրքերը։

Վերջապես, վերջին խոշոր հաջողությունը. լիբանանյան «Հըզբոլլահի» հակահետախուզությունը հայտարարեց, թե Իրանի տեղեկատվության նախարարության և ԻՀՊԿ-ի աջակցությամբ շարժման ղեկավարության շրջանում անցկացված հատուկ գործողության շնորհիվ հայտնաբերվել է իսրայելական «Մոսսադի» գործակալ Մոհամմեդ Շավրաբան` արտաքին քաղաքական գործողությունների համար պատասխանատու կուսստորաբաժանման` այսպես կոչված, «910 բլոկի», օպերատիվ աշխատակազմի պետի տեղակալը։ Ձերբակալվել է «910 բլոկի» ևս չորս աշխատակից, սակայն քննությունը դեռ պետք է պարզի` մեղավո՞ր են, արդյոք, նրանք Իսրայելի օգտին լրտեսության մեջ, թե՞ ոչ։ Դա հիշեցնում էր «Tehran Times» թերթի միջոցով ամռանը Իրանի կազմակերպած տեղեկության արտահոսքը այն մասին, թե Աբու Բաքր ալ Բաղդադին արաբ չէ, նա «Մոսսադի» գործակալ է, անունը` Շիմոն Էլիոթ, որի հետ «մերկացվել է» ամերիկյան ոչ անհայտ սենատոր Ջոն Մակքեյնը։ Իրանն ու «Հըզբոլլահը», երբեմն էլ Սիրիայի ոչ ամենաբարձրաստիճան մի շարք ղեկավարներ, գրեթե մշտապես Իսրայելին մեղադրում են այն բանում, թե նա մասնակից է Մերձավոր Արևելքի` ԱՄՆ-ի ձեռնարկած «վերաձևմանը», ուստի «Հըզբոլլահի» և Իրանի հակահետախուզությունների ուղղվածությունը զարմանք չի հարուցում։ Բայց նկարագրվածի ֆոնի վրա առանձնահատուկ է ընկալվում ևս երկու փաստ. 1) Սիրիան անսպասելիորեն հայտարարեց, թե երբեք չի հաշտվի «Ալեքսանդրետի սանջակի» (ք. Իսկանդերուն) բռնազավթման և Թուրքիային միացման հետ, 2) վերն արդեն հիշատակված լիբանանյան գեներալ Աունը Բեյրութում բանակցություններ է վարել Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել-Քարիմի հետ, և գլխավոր թեման եղել է հենց ահաբեկչության դեմ պայքարը։ Նշենք նաև, որ Եմենում, փաստորեն, իշխանությունն անցել է շիաներին, ինչպես նաև այն, որ հունվարի 3-ին Իրանն ու Իրաքը ռազմական համագործակցության համաձայնագիր կնքեցին։ Փաստաթուղթն ստորագրվել է Թեհրանում` Իրաքի պաշտպանության նախարար Հալեդ ալ Օբայդիի և Իրանի նրա պաշտոնակից Հոսեյն Դեղանի միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու երկրները համաձայնել են «շարունակելու համագործակցությունը պաշտպանության ոլորտում, մասնավորապես` ազգային բանակի ստեղծման գործում, որն ընդունակ լինի պաշտպանելու Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ապահովելու նրա անվտանգությունը»։

Այսպիսով ստացվում է, որ Իրանի և Մերձավոր Արևելքի շիադավանների հովանու ներքո տարածաշրջանում ձևավորվում է անվտանգության ներքին համակարգ, որին մասնակցում են նաև տարբեր քրիստոնեական համայնքներ, այսինքն, ստեղծվել է շիականների և Արևելյան քրիստոնեության ներկայացուցիչների, ինչպես նաև մարոնների մի մասի տևական դաշինքի նախադրյալ։ Իհարկե, մինչև չարիքի ու բռնության ուժերի նկատմամբ լիակատար հաղթանակը դեռ շատ ճանապարհ կա անցնելու։ Այսպես, դեկտեմբերի վերջին Իրաքի Էս-Սամառա քաղաքում մահափորձի զոհ դարձավ Իրանի ԻՀՊԿ-ի բրիգադի գեներալ, իրանա-իրաքյան պատերազմի վետերան Համիդ Թաքավին։ Գեներալն ու նրան ուղեկցող սպաները գնդակոծվեցին թաքստոցից։ Նաորպեսխորհրդականծառայում էր Իրաքում և գլխավորում էր «Բադր», «Հըզբոլլահ», «Ասաիբ-ալ-Հակ» և այլ կազմակերպությունների զինված ջոկատներից շիական աշխարհազորի կազմավորման ու վարժեցման աշխատանքները։ Էս-Սամառան, այսպես կոչված, «Բաղդադի շրջակա անվտանգության հյուսիսային գոտու» առանցքային հանգույցն է, որի համար կատաղի մարտեր են ընթանում շիական աշխարհազորի ջոկատների և ԻՊ-ի գրոհայինների միջև։ ԱՄՆ-ն էլ իրանա-իրաքյան ռազմական համաձայնությունից հետո հայտարարեց, որ ընդլայնելու է իր ռազմական ներկայությունը Իրաքում։ Սակայն գերիշխող միտումն անսասան է։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ