Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանի թրքությունը

Էրդողանի թրքությունը
20.01.2015 | 01:34

Որ Էրդողանն իր թրքությունը պիտի աներ, սպասելի էր: Բայց եթե սա պիտի լիներ հակահայկականության, ժխտողականության գագաթնակետը, ապա պետք է փաստենք, որ թուրքական խորամանկության, նուրբ դիվանագիտության մասին տասնամյակներով շրջանառվող «ապուրները» ջրիկ են: Ապրիլի 24-ին Գալիպոլիի 100-ամյակ նշելը ողորմելի նախաձեռնություն է, և դրա փուչ լինելը դիպուկ, փաստարկված ի ցույց է դրել ՀՀ նախագահն իր պատասխանում:

Ի՞նչ կլինի: Էրդողանի հրավերն ընդունողներ, անշուշտ, լինելու են, սկսած 259 օր տևած կռվի մասնակից անգլիացիներից ու ֆրանսիացիներից մինչև Ալիև: Հետո Հայաստանի բարեկամներից ոմանք իրենց ինքնաթիռներով կշտապեն Ծիծեռնակաբերդ. ի՜նչ լավ է, համ մեխին կխփեն, համ նալին, համ էլ կհասկացնեն հայ-թուրքական հաշտեցման մասին: Կտեսնեք, այդպես էլ լինելու է:

Բայց այս ամենն անձամբ ինձ ոչ հետաքրքրում է, ոչ մտահոգում, Պուտինի ասած` «крепкий мужик» Էրդողանը որքան ուզում է թող ժխտի Հայոց ցեղասպանությունը, թող մերժեն նրա գալիք «թոռները», միևնույն է՝ աշխարհիս երեսին գեթ մեկ հայ էլ մնա, թուրքին դա հիշեցնելու է: ՈՒրիշ բան եմ ուզում ասել:

ՀՀ նախագահը հիշատակել էր կապիտան Սարգիս Թորոսյանին: Հավելեմ. Գալիպոլիում (թրքավարի՝ Գելիբոլու) հայերը բնակություն են հաստատել 17-րդ դարում, դրանք Կամախից, Ամուտանից, Ակնից և այլ վայրերից այստեղ գաղթած 12 ընտանիքներ էին: 1907 թ. Գալիպոլիում կար 1300 տուն թուրք, 800 տուն հույն, 250 տուն հրեա, 200 տուն հայ: Հայերն ունեին Սբ. Թորոս եկեղեցի, Սբ. Լուսավորչյան-Հռիփսիմյան վարժարան, ուր հաճախում էին 53 մանչեր ու 58 աղջիկներ: Միգուցե Էրդողանի ապագա հյուրերին խնդրենք նրան երկու հարց ուղղել՝ 8 տարի անց ի՞նչ եղան հայերը, ո՞ւր կորան եկեղեցին ու վարժարանը: Միգուցե Ալիևի՞ն խնդրենք այդ հարցերը տալ…

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ