Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մենք տանուլ ենք տալիս քաղաքակրթական պատերազմում

Մենք տանուլ ենք տալիս քաղաքակրթական պատերազմում
20.01.2015 | 12:54

Վիրահայոց եկեղեցու առաջնորդարանը դիմել է Վրաստանի կառավարությանը, որպեսզի հայ եկեղեցուն և համայնքին վերադարձվեն Վրաստանում եղած թվով 442 հայկական եկեղեցիները՝ կանգուն, խոնարհված կամ վրացականացված: Վրաստանում հայկական հոծ բնակչության պատմությանն անտեղյակ օտարներին, անգամ մեր հայրենակիցներին անհավանական է թվում հայկական եկեղեցիների այդ թիվը: Բայց ամեն ինչ բացատրելի է ու ապացուցելի, եթե պատմությանն ու մշակույթին վերաբերվում են ազնիվ ու անաչառ:

Այո՛, Վրաստանում այդքան հայկական եկեղեցի եղել է. եթե հաշվենք Ջավախքի հայկական գյուղերը, որտեղ որոշ դեպքերում նույնիսկ երկու եկեղեցի կա՝ մեծ ու փոքր, ամբողջ Կախեթը, որի բնակիչները հիմնականում վրաց Հերակլ թագավորի՝ Հայաստանից բռնի գաղթեցրած և բռնությամբ վրացախոս դարձած հայեր են ապրել ու ապրում: Այս հայերը փոխել են իրենց լեզուն, բայց պահպանել են հայ առաքելական դավանանքը, կարծելով, թե հարազատ մնալով հավատին, կպահպանեն նաև իրենց ազգային ինքնությունը, հետևաբար պահպանվել են նաև եկեղեցիները, որ կառուցել էին ներգաղթելու ժամանակ: Զարմանալի է, որ ո՛չ վրաց թագավորը, ո՛չ եկեղեցին չեն պարտադրել ներգաղթյալ հայերին դավանափոխ լինել, ամենայն հավանականությամբ, լավ են հասկացել լեզվի դերի կարևորությունը, քանի որ կրոնն ու դավանանքը ազգություն չեն որոշում: Այսօր այդ և այլ շրջանների լեզվափոխ հայերը ամբողջությամբ վրացացել են և, որոշ դեպքերում, ակամայից, հաճախ՝ հայ եկեղեցու սպասավոր չլինելու պատճառով, ընդունել են ուղղափառություն: Վրաստանի մյուս հայահոծ շրջաններում ու քաղաքներում, նայած գյուղի կամ քաղաքի մեծությանը, մեկ կամ երկու եկեղեցի է եղել: Եթե հաշվի առնենք նաև հայերիս՝ եկեղեցի կառուցելու սերը, իսկ դրա ապացույցը գործում է և այսօր, այդ թիվը բնավ չափազանցված չէ: Թիֆլիսում, 19-րդ դարի երկրորդ կեսի (1864-65 թթ.) մարդահամարի տվյալներով, ապրել է մոտ 70 հազար մարդ՝ տարբեր կրոնի ու դավանանքի: Եկեղեցիների ընդհանուր թիվը եղել է 54` ուղղափառ և հայ առաքելական, սրանցից 25-ը՝ ուղղափառ, 10-ը` ռուսական, 15-ը՝ վրացական, 26-ը՝ հայկական: «Իրատես de facto» թերթի 2011 թ. 28.6-30.6 (45) համարում տպագրված իմ հոդվածում ես ապացուցում եմ, որ Վրաստանում կառուցված վեղարաձև, կենտրոնագմբեթ եկեղեցիները կառուցել են հայերը և՛ իրենց , և՛ վրացիների համար: Ահա այդ փաստարկները: 451 թ. վրաց եկեղեցին, որ հայ եկեղեցու մի թևն է եղել, հայոց պետականության կորստից հետո, պարսից ստույգ սպառնալիքից խուսափելու համար, անցնում է հույների կողմը, ընդունում է ուղղափառություն: Հայտնի Քաղկեդոնի ժողովում քրիստոնեական կրոնը, դավանաբանական անիմաստ վեճից հետո, բաժանվում է՝ հիմք դնելով առաջին աղանդավորությանը՝ ի դեմս ուղղափառության: Պետականությունը կորցրած հայ եկեղեցին փորձում է իր անկախությունը պահպանել եկեղեցաշինության ճարտարապետության ինքնատիպության միջոցով, և միանավ ճարտարապետական ոճը, որ ընդհանուր էր քրիստոնեական եկեղեցիների համար, փոխարինվում է կենտրոնագմբեթ վեղարաձև կառույցով: Հույները մշակում են կլոր-ուռուցիկ կենտրոնագմբեթ ոճը: Իսկ վրաց եկեղեցին ի՞նչ ոճ մշակեց։ Ըստ էության, ոչ մի: Սակայն տրամաբանությունը պահանջում է ենթադրել, որ վրացիները նույնպես իրենց եկեղեցիները պիտի կառուցեին կլոր-ուռուցիկ գմբեթներով: Բայց 451 թվականից նրանց եկեղեցիները նման են մեր եկեղեցիներին. ինչո՞ւ, որովհետև հայ ճարտարապետներն ու շինարարներն են կառուցել նրանց համար: Եթե վրացիները՝ որպես ուղղափառ դավանանքի հետևորդներ, իրենք կառուցեին իրենց եկեղեցիները, հաստատ կլոր-ուռուցիկ պիտի կառուցեին: Բայց չեն կառուցել, իսկ հույներն էլ, չգիտես ինչու, վրացիների համար եկեղեցի չեն կառուցել ուղղափառ եկեղեցու ոճով: Գուցե նրանք մեզնից հեռատե՞ս են եղել։

Ահա այսպիսի քաղաքական, իրավական, բարոյական, ճարտարապետական թնջուկ են ստեղծել վրացիները մեր կառուցած եկեղեցիների շուրջ՝ համարելով դրանք վիճելի: Ես չգիտեմ՝ վիրահայոց եկեղեցին ու առաջնորդարանը որքան սկզբունքային և հետևողական կլինեն այս հարցում, բայց հայտնի Սուրբ Նորաշեն եկեղեցու որմնանկարները անմխիթար վիճակում են, օր օրի վնասվում են. խոսակցություններ են շրջում, որ այդ որմնանկարները «նորոգելու» են վրացիները: Նոր տարվան հաջորդող օրերին ես անձամբ եմ տեսել մետաղյա սանդուղքը անփութորեն հենված իտալական Վերածննդի ժամանակների որմնանկարներին ոչնչով չզիջող այս որմնանկարների վրա: Որմնանկարների հեղինակներն են նշանավոր Հովնաթանյան ընտանիքի ժառանգ Հակոբ Մկրտումի Հովնաթանյանը, որ նկարազարդել է նաև Սուրբ Նշան ու կաթողիկե Սուրբ Սիոն եկեղեցիները, և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանը: Սուրբ Նշան և Սուրբ Նորաշեն եկեղեցիներն առայսօր վրացիները վիճարկում են, որովհետև դրանց բարձրարվեստ որմնանկարները վրաց կերպարվեստը կբարձրացնեն համաշխարհային մակարդակի: Վրացիները դա լավ են հասկանում, իսկ մենք, որ դրանց տերն ենք, ոչ մի կերպ չենք կարողանում ըմբռնել, որ մեր դեմ նաև քաղաքակրթական պատերազմ են մղում: Ի դեպ, մեր հայեցողական անտարբերության պատճառով Վրաստանի կառավարությունն ու վրաց եկեղեցին, թուրքական իշխանությունների թողտվությամբ, Խորագույն Հայքի կամ Տայքի ճարտարապետական հուշարձանները համարում են վրացական և Վրաստանի պետական միջոցներով և ճարտարապետների աշխատանքով նորոգում են: Մենք դարձյալ լռում ենք: Այս եկեղեցիների վրացականացումն առավել վտանգավոր է քաղաքական տեսակետից, քան Վրաստանի տարածքում տասնյակ հայկական եկեղեցիների յուրացումը վրացիների կողմից: Տայքի հանդեպ վրացիների նկրտումները առավելապես տարածքային-հողային են։

Քաղաքական գործընթացներն այսօր այնքան արագ են փոխվում աշխարհում, որ մի տասնամյակ հետո, գուցե ավելի վաղ, Թուրքիան կարող է մասնատման ենթարկվել. այդ դեպքում ի՞նչ ենք անելու մենք, ինչպե՞ս ենք վրացիներից հետ վերցնելու և՛ պատմական Հայաստանի տարածքները, և՛ մշակութային արժեքները։

Այնպիսի տպավորություն է, թե մենք ո՛չ պետություն ունենք, ո՛չ համապատասխան նախարարություն, ո՛չ պատմաբաններ, որ հասկանան ու տեր կանգնեն այսօրվա, վաղվա ու բոլոր ժամանակների հայոց հայրենիքին ու մշակութային արժեքներին։

Մինչև ե՞րբ, հայե՛ր։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 3386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ