Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կնքամոր» բարենորոգչական գործունեությունը

«Կնքամոր» բարենորոգչական գործունեությունը
20.01.2015 | 12:56

Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնում 2014-ի կեսերից «բարեփոխումներ» են ընթանում: Արդյունքում դեկտեմբերի 27-28-ին աշխատանքից ազատվել է «Ագրոգիտություն» ամսագրի 4 աշխատակից: Հունվարի 13-ին` նաև բաժնի վարիչը: Իհարկե, վերջինիս (70-ն անց, գյուղատնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչներից է), որպես բարի կամքի դրսևորում, առաջարկել են աշխատել լրագրող: Ազատվողներին որևէ պատճառ չի ներկայացվել: Ազատվել են, որովհետև «չեն բավարարել ներկայացվող պահանջներին»: Իրականում որևէ պահանջ չի ներկայացվել: Բարեփոխումներ են և վերջ: Սա, այսպես կոչված, բարեփոխումների հերթական և դժվար է ասել, թե որերորդ փուլն է: Հոկտեմբերի սկզբներին նույն կերպ, առանց որևէ բացատրության, նույն կառույցի մեկ այլ բաժնի` Ագրո TV-ի ամբողջ կոլեկտիվին (5 աշխատակից) ռեժիսոր Անահիտ Հովհաննիսյանի հետ միասին են ազատել: Դարձյալ առանց որևէ բացատրության ու հիմնավորման: Դրանից առաջ ազատվել էին շուրջ 30 տարի այդտեղ աշխատած նկարչից ու ևս մեկ լրագրողից: Գրեթե նույն ընթացքում խորհուրդ էին տվել, որ «սեփական դիմումի համաձայն» հեռանա ԳԱՀԿ-ի տնօրեն Արթուր Ավագյանը: Վերջինս հեռացել է «սեփական դիմումի համաձայն»: Ազատված լրագրողը դատարանով վերականգնել է իր իրավունքները, ստացել փոխհատուցում չաշխատած օրերի և կրած բարոյական վնասի դիմաց ու հրաժարվել այդտեղ աշխատելուց: Ագրո TV-ի կոլեկտիվը դիմել է դատարան իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, և փետրվարին սպասվում են դատական լսումները: Նկարչին փոխարինել է մեկ ուրիշը, որին սակայն ընդունելուց ընդամենը 10 օր անց ազատել են: Երրորդ նկարչին նույնպես 10-15 օր է հաջողվել այստեղ աշխատել: Ագրո TV-ի կոլեկտիվին փոխարինել է նախարարի մամլո խոսնակի ընկերուհին իր թիմով, ով համատեղության կարգով աշխատում է հեռուստաընկերություններից մեկում: Տնօրենի հեռանալուց հետո մինչ օրս ընկերությունը տնօրեն չունի: Ժամանակավոր պաշտոնակատարն է փոխտնօրեն Արշալույս Հայրապետյանը, ում ստորագրությամբ էլ տեղի են ունեցել բոլոր ազատումները: Ընդ որում, որպես կանոն, յուրաքանչյուր նոր եկող նախարար իր պարտքն է համարում ԳԱՀԿ-ի տնօրեն «բերել» «իր մարդուն» և, մինչ մեկին կհանեն, մյուսին կբերեն, «միջանկյալ տնօրեն» է աշխատում Արշալույս Հայրապետյանը: Վերոնշյալ զարգացումները տեղի են ունեցել գրեթե նույն ժամանակամիջոցում (սկսած հուլիս-օգոստոս ամիսներից), երբ ֆինանսների նախկին նախարարի «հեռանալուց» հետո գործազուրկ էին դարձել ֆինանսների փոխնախարար տիկին Լիանա Հունանյանն ու այդ նախարարության մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը, ովքեր գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանի մտերիմներից են: Գյուղնախարարության կնքամայր հանդիսացող Անիի ցանկությամբ էլ այս երկուսը հայտնվում են նախարարությունում: Առաջինը` որպես նախարարի խորհրդական, երկրորդը` որպես գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոնի փոխտնօրեն (մինչ այդ այստեղ, որպես կանոն, փոխտնօրեն աշխատածները եղել են նվազագույնը գյուղատնտեսության գծով գիտությունների թեկնածու): Չնայած ԳԱՀԿ-ի գործունեությունը համակարգվում էր փոխնախարարների կողմից, այդուհանդերձ վերջիններիս արագորեն «ազատում» են այդ պարտականությունից և այն հանձնում Լիանա Հունանյանի տնօրինությանը: Օրիորդ Նվարդին էլ խոստանում են, որ հետագայում նա կհամատեղի նաև նոր բացվելիք ամսագրի խմբագրի պաշտոնը: Այսպիսով, Անի Սմբատյանն իր պարտքն է կատարում բոլոր մտերիմների առաջ, որովհետև մինչ այդ հրապարակավ, ֆեյսբուքյան իր էջում խոստացել է ընկերուհիներին անաշխատանք չթողնել: Եվ ահա` ընկերուհիները շաբաթը մեկ-երկու անգամ, հիմնականում օրվա վերջին, հավաքվում են ԳԱՀԿ-ում սուրճի սեղանի շուրջը` «կրելու» ԳԱՀԿ-ում իրականացվելիք բարեփոխումների «ամբողջ ծանրությունը»: Իհարկե, տիկին Լիանան իր առաքելությունը լավ չպատկերացնելով, նույնիսկ մեկ-երկու շաբաթ չծավալած, ստիպված է լինում տհաճ խոսակցություններ ունենալ նախարարության բարձրաստիճան ղեկավարների հետ ԳԱՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ դրսևորած ցինիկ (նախարարության պաշտոնյաներն ավելի կոպիտ ձևակերպում էին օգտագործում) պահվածքի համար: Դրանից հետո սույն տիկինը շատ ավելի հեզահամբույր վերաբերմունք է դրսևորում կոլեկտիվի հանդեպ: Նախարարի խորհրդականը հավերժ տեղակալ, պարբերաբար տնօրենի պաշտոնակատար Արշավիր Հայրապետյանին մեղմորեն, գրեթե շշուկով (որ միայն իրենց հարկաբաժնում է լսելի լինում) հանդիմանում է, թե «ինչ պարտադիր է, որ թերթում գրվի, թե որ շունը ինչքան օգնություն է ստացել» (խոսքը կառավարության կայքից արտատպված, գյուղացիներին ցուցաբերած օգնության ցուցակի մասին էր): Մեջբերումն արվում է ընդամենը նրա համար, որ պարզ լինի, թե սույն տիկնայք գաղափարական ինչ հենքի վրա են կառուցում նախարարության ստանձնած բարենորոգչական գործունեությունը: Եվ այսպես շարունակ: Իսկ մինչ այդ տիկին Լիանայի նախաձեռնություններից մեկը տապալվում է. փորձում էր փակել ավելի քան 50 տարի գոյություն ունեցող «Ագրոգիտություն» գիտական ամսագիրը, ինչից սակայն ոլորտի գիտնականների ակտիվ բողոքների արդյունքում ստիպված է լինում հրաժարվել: Առժամանակ: Եվ ահա` դեկտեմբերի 30-ին իրենց ազատման մասին հայտնում են չփակված ամսագրի աշխատակիցներից երեքին, օտար լեզուների թարգմանիչներին և աշխատանքները համակարգողին: Առանց որևէ հիմնավորման: Դրանցից մեկին թերևս կասկածում են նախկինում իրենց դեմ տպագրված հոդվածում մասնակցություն ունենալու մեջ: Մեկ օրվա տարբերությամբ, նախարարի տարեմուտի մամլո ասուլիսից անմիջապես հետո, ազատում են իրենց դուր չեկած ևս մեկին, նախապես աշխատակիցներից ճշտելով ազատվողի «իսկությունը»: Բաժնի 9 աշխատակիցներից 4-ին ազատում են 2014-ի վերջին աշխատանքային օրը, հինգերորդն ինքն է իր դիմումով հեռանում: Իսկ բաժնի վարիչին ազատում են արդեն հունվարին, դրանով իսկ փակելով ԲՈՀ-ի հաստատած ավելի քան 50 տարի լույս ընծայվող, հանրապետությունում միակ գյուղատնտեսական գիտական ամսագիրը:

Ամբողջ այս գործընթացը նորմալ է գյուղատնտեսության նախարարության համար, թերևս սովորական, քանի որ ոչ վաղ անցյալում նույն նախարարն իր դեմ հրապարակված անհաճո հոդվածի առիթով հանձնարարել էր իր աշխատակիցներին ճշտել հեղինակի ինքնությունը և հասնել նրան, որ նա ազատվի աշխատանքից:

Որպես վերջաբան: Երբևիցե որևէ տող չգրած «խմբագիր» Նվարդը ուղիղ չորս ամիս բարձր աշխատավարձ է ստացել (280 հազար դրամ) ընդհանրապես աշխատանքի չներկայանալով (իսկ նախարարը ջարդի վերածված այս «բարեփոխումները» բացատրում է ԳԱՀԿ-ի անգործությամբ): Ազատված աշխատակիցներից երկուսն այս հիմնարկում են 1991-ից, երկուսը` 1994-ից, հինգերորդը` 2005-ից, 60-ից 80 հազար դրամ աշխատավարձով: «Բարեփոխական ազատողները» գյուղատնտեսության հետ «շփվում» են 2014-ի օգոստոսից:

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1737

Մեկնաբանություններ