ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ադամով մեռնում ենք, Քրիստոսով կենդանանում

Ադամով մեռնում ենք, Քրիստոսով կենդանանում
20.01.2015 | 13:00

Աստվածաշունչը այն միակ գիրքն է, որ աշխարհում ամենաշատ տպագրությունն է ունեցել, ու հիմա էլ է այդպես։ Մինչ տպագրության գյուտը այն նաև ամենաշատ ձեռագիր օրինակներ ունեցող գրքերի Գիրքն էր համարվում, չնայած դեռ գրեր չունեցող վայրենաբարո ազգերը դրանցից անհաշիվ քանակով այրեցին, իսկ հիմա այդ մագաղաթների անգին մնացորդները աչքի լույսի պես պահվում են աշխարհի բազմաթիվ գրապահոցներում, իսկ մեզ մոտ` Մատենադարանում՝ մեր ազգի հոգևոր ու մշակութային այցեքարտ հանդիսացող մտքի տաճարում:

Աստվածաշնչի տիեզերախորհուրդ մեծությունը ոչ միայն անցյալի պատմությունն է, այլև մարգարեական, այսինքն` գալիքը պատմող գրքերի Գիրքն է: Ո՞վ կարող է մարդուն ասել նրա վաղվա օրը, կամ կատարվելիքը հարյուրավոր կամ հազարավոր տարիներ հետո. միայն Ինքը՝ Արարիչ Աստվածը, որի համար 1000 տարին մեկ օրվա պես է, մեկ օրը` 1000 տարվա:

Սուրբ գրքում գրված են բազմաթիվ կանխատեսումներ ու մարգարեություններ, որոնք մեծ ճշտությամբ արդեն կատարվել են (միայն հետպատերազմյան ժամանակներում կատարվել է մոտ 150 աստվածաշնչական մարգարեություն):

Բայց մեծագույն մարգարեությունը, որ երբևիցե տրված է մարդուն ու գրված Քրիստոսից մոտ 700 տարի առաջ, սա է, որից արմատ ու ավիշ են առնում մնացած բոլոր մարգարեությունները. «Ահա կույսը պետք է հղիանա և որդի կծնի և նրա անունը Էմմանուէլ կդնեն, որը նշանակում է Աստված մեզ հետ» (Եսայի 7.14):

Այն, ինչ գրված է այս մարգարեության մեջ, մարդկայնորեն անընդունելի է և տարօրինակ: Հղի կույս, մարմնացյալ Աստված, այն էլ` մեր մեջ հայտնվելու խոստումով:

Դավիթ թագավորը, մարգարեն ու սաղմոսերգուն, որի մեջ բարձրյալ Աստծո Հոգին կար, նույնպես հաստատում է Աստծո Որդու ծնունդը հետևյալ տողերում.

«Ես օծեցի Իմ Թագավորը, իմ սուրբ լեռան՝ Սիոնի վրա:

Հրամանը պիտի պատմեմ. Տերը ինձ ասաց. «Դու ես իմ Որդին.

Ես այսօր Քեզ ծնեցի» (Սաղմոս 2.6-7)։

Աստծո օծյալը Քրիստոսն է: Քրիստոս հունարեն բառ է, որ նշանակում է օծյալ, իսկ Հիսուս փրկիչ է թարգմանվում, որը նույնպես հունարենից է փոխառված, քանի որ առաջին անգամ Սուրբ գիրքը թարգմանվել է հունարեն։

Հին ուխտի արդարները հավատացին անսուտն Աստծուն, ու դարերի հույսով սպասեցին խոստացված ծնունդին, որովհետև հենց նա էլ պետք է լիներ կնոջ սերունդը, որը և պետք է ջախջախեր օձի գլուխը, այսինքն` այն առաջվա բանսարկուի ու սատանայի գլուխը, որի գերության մեջ էին գտնվում մահվան բռնված ադամական սերունդները, կապված մեղքի ու մահվան կապերով, քանզի…

«Արդար չկա, մեկն էլ չկա.

Աստծո վախը չկա նրանց աչքերի առջև…

Նրանց կոկորդը բաց գերեզման է, իրենց լեզվով նենգավոր

եղան, իժերի թույն կա նրանց շրթունքների տակ…

Որովհետև բոլորը մեղք գործեցին ու Աստծո փառքից

պակասեցին…»

(Հռովմեացիներին 3.10-23)։

Այսպիսի մեղավոր ու թշվառ, ընկած վիճակում գտնվող ադամորդիների հանդեպ մարդասեր Արարիչն իր աստվածային ողորմությունը ցույց տվեց, փրկարար բազուկը մեկնելով. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր Միածին Որդուն, որպեսզի նրան ամեն հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Ավետարան ըստ Հովհաննեսի 3.16)։

Քանզի «Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն ու ճշմարտությունը ճանաչեն:

Որովհետև մեկ Աստված կա ու մեկ միջնորդ Աստծո և մարդու միջև, Քրիստոս Հիսուս մարդը» (2-րդ Տիմոթեոս 2. 5-6)

Իսկ ինչո՞ւ է Քրիստոսի անունը Փրկիչ կոչվում, ինչից Նա մեզ պետք է փրկի և ինչպես:

Աստվածաշունչը այդ հարցին պատասխանում է. «Քանի որ մեղքի փոխհատուցումը մահ է, այսինքն` հավիտենական Աստծո ներկայությունից առանձնացած մի վիճակ, ապա ադամական ողջ սերունդը դատապարտված է մահվան: Բայց Աստծո քաղցրությունն ու երկայնամտությունը թույլ չտվեցին, որ մարդը անմիջապես կրի մեղքի պատիժը և երբ Ադամին ու Եվային արտաքսեց դրախտից, նրանց համար կաշվե հանդերձներ պատրաստեց ու հագցրեց» (Ծննդոց 3.21), որը առաջին զոհն էր Արարչի կողմից, մեղավոր մարդու համար: Անցան տարիներ, ապա դարեր, ու մարդը, կերակրվելով երկրի լիությունով ու ապրելով իր երկրային կյանքը, մնաց էությունով մեղավոր ու անհնազանդ, չնայած Տերը ժամանակ առ ժամանակ այցելում էր ադամորդիներին ու զգուշացնում գալիք չարիքներից, նրանց պղծությունների պատճառով, ինչպես, օրինակ, Նոյի ժամանակ էր, որ Նոյին, միակ արդարին երկրի վրա, զգուշացրեց գալիք ջրհեղեղով կործանման մասին և պատվիրեց տապան շինել փրկվելու համար: Մոտ 120 տարի տևեց այդ պատրաստությունը և գաղտնի չպահվելով քարոզվեց սպասվող կործանման մասին: Բայց մարդկային սերունդը չհավատաց Աստծո բարկության մասին փաստումներին, ու փրկվեց միայն Նոյն իր ընտանիքով, այսինքն` նրա կինը, երեք տղաները ու նրանց կանայք: ՈՒ նորից Արարատ լեռան ստորոտներից, որտեղ իջել է տապանը, սկսեցին բազմանալ, ապա բաժանվելով ազգերի ու ցեղերի` լցրեցին երկիրը: Այդ է պատճառը, որ Ղևոնդ Ալիշանը Հայաստան երկիրն անվանում է «Ազգերի շտեմարան»: Մենք՝ հայերս, Նոյի Հաբեթ որդու սերունդն ենք: Բայց հետագա դարերի ընթացքում Աստված առանց այցելության չթողեց մարդկությանը, այս անգամ Իր Որդու հետ մեզ այցելեց, Ով ծնվելով կույս Մարիամից, Սուրբ Հոգու միջոցով, ապրեց երեսուներեք տարի երկրի վրա, քարոզեց երկնքի արքայության և ապաշխարության մասին և հենց Ինքն էր Աստծո այն անարատ գառը, որ զոհաբերվեց մեր բոլորի մեղքերի քավության համար, ինչպես նախապես վկայեց նրա համար Հովհաննես Մկրտիչը, երբ մկրտում էր Հիսուսին Հորդանան գետում, ասելով. «Ահա Աստծո գառը, որը վերցնում է աշխարհի մեղքը» (Ավետարան ըստ Հովհաննեսի 1.29):

Պետրոս սրբազան առաքյալն այսպես է գրում իր ուղերձում. «Եթե Աստված մեղք գործող հրեշտակներին չխնայեց, ապա խավարի կապերով տարտարոսը նետած, դատաստանի համար պահել տվեց, ու առաջվա աշխարհն էլ չխնայեց, միայն Նոյը, ութերորդ անձը, արդարության քարոզիչը պահեց, երբ ջրհեղեղը ամբարիշտների աշխարհի վրա բերեց. Սոդոմ, Գոմոր քաղաքները մոխիր դարձնելով կործանման դատապարտեց, հետո եկող ամբարիշտներին օրինակ դնելով» (2-րդ Պետրոս 2.6-7):

Դարձյալ մի ուրիշ տեղում. «Մարդուն տրված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան» (Եբրայեցիներին 9.27)։

ՈՒրեմն Աստծո Որդին եկավ աշխարհ ու մեզ ոչ թե մարմնավոր մահից փրկեց, քանզի նրա սրբերն էլ ննջեցին (Քրիստոսի հավատով մեռածներին եկեղեցին կոչում է ննջեցյալներ), այլ քանդելով սատանայի կապերը մեր վրայից, հավիտենական կյանք պարգևեց, որը կոչվում է բարի լուր, որտեղից և առաջացել է «Ավետարան» բառը:

«Նա, ով հավատում է Աստծո Որդու անվանը, վկայություն ունի իր մեջ: Այն, որ Աստծուն չի հավատում, ստախոս է անվանում Նրան, քանի որ չի հավատում այն վկայությանը, որ Աստված Իր Որդու համար վկայեց: Եվ վկայությունը այս է. Աստված մեզ հավիտենական կյանք տվեց, և այդ Նրա Որդու մեջ է: Նա, որ Որդուն ընդունել է, կյանք ունի, և նա, որ Աստծո Որդուն չի ընդունել, կյանք չունի» (Ավետարան ըստ Հովհաննեսի 5.10-12): Եվ այդ է պատճառը, որ Հիսուսն Իրեն մերժող ու չհավատացող մարդկանց համարում էր քայլող մեռելներ, ասելով. «Թողեք մեռելներն իրենց մեռելներին թաղեն, այլ դուք Իմ հետևից եկեք»:

Վերջին ժամանակներում շատերը անտեղյակ լինելով Աստծո խոսքին և չունենալով տարրական հոգևոր դաստիարակություն, նույնիսկ հակառակը, այն թյուր կարծիքին են, որ մարմնավոր մահից հետո ամեն ինչ վերջանում է գերեզմանով: Բայց սրբազան Պողոս առաքյալը բացականչում է. «Ո՞Ւր է, ով մահ, քո խայթոցը: Ո՞Ւր է, ով գերեզման, քո հաղթությունը: Մահը հաղթության մեջ ընկղմվեց: Գոհություն Աստծո, որ հաղթություն է տալիս մեզ Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով» (Առաջին Կորնթացիներին 15.54):

Մեր քրիստոնյա նախնիները, հավատալով Արարչի խոստմանը, իրենց շիրիմներին խաչքար են կանգնեցրել, որ մեր Տիրոջ հաղթության նշանն է և տառապանքներին գրել հավատով. «Տեր, երբ գաս Քո թագավորությունով, ինձ էլ հիշիր»: Որը վերցված է Հիսուսի հետ խաչված ավազակներից մեկի խոսքերից, որը մահվան ցավերում հանդիմանեց մյուս խաչյալ ավազակին, քանի որ նա հայհոյում էր Քրիստոսին, ասելով. «Դու Աստծուց չես վախենում, որովհետև նույն դատապարտության մեջ ես»: Մենք իրավունքով, որովհետև մեր արարածների արժանավոր հատուցումն ենք ստանում, բայց Նա վատ բան չարեց: Եվ դիմելով Հիսուսին, ասաց. «Տեր, հիշիր ինձ, երբ քո թագավորությունով գաս» (Ավետարան ըստ Ղուկասի 23.39-42):

Հիսուսը պատասխանեց ավազակին. «Դու այսօր ինձ հետ դրախտի մեջ պիտի լինես» հաստատելով Իր քարոզած խոստումը. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում, թե Իմ խոսքը լսողը և Ինձ ուղարկողին հավատացողը հավիտենական կյանք ունի և դատաստանի չի գալիս, այլ անցել է մահից դեպի կյանք…» (Ավետարան ըստ Հովհաննեսի 5.24)։

Ինչպես հիշեցինք. «Մեղքի հատուցումը մահ է», բայց սա էլ իմանանք, որ «Աստծո ձրի պարգևն է հավիտենական կյանք» (Հռովմեացիներին 6.23), քանզի. «Մարդով եղավ մահը, մարդով էլ մեռելների հարությունը պիտի լինի, քանի որ ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես էլ Քրիստոսով բոլորը պետք է կենդանի լինեն» (Առաջին թուղթ Կորնթացիներին 15. 21-22):

Սիրելի հայորդի, Աստծո խոսքը կապված չէ, չնայած այս ժամանակի սերունդը ամեն բան անում է այն խեղաթյուրելու և ստությամբ ծածկելու, բայց բարի լուրը այսօր քեզ էլ հասավ: Իմաստուն եղիր ու խորհիր մենությանդ պահերին հոգուդ փրկության ու նրան հավիտենականություն ընձեռած խոստումի մասին, մինչև Աստծո ողորմությամբ շուտով կգա Նա, Ով ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե դուք, որ եկաք Իմ հետևից, երկրորդ գալստյան ժամանակ, երբ որ մարդու Որդին Իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստեք տասներկու աթոռների վրա՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին: Եվ ամեն ոք, որ թողել է տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ Իմ անվան համար, հարյուրապատիկ պիտի ստանա և հավիտենական կյանքը պիտի ժառանգի: Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, և վերջիններ՝ առաջին»:

Առջևում Նոր Երկինքն ու Նոր Երկիրն են սպասում, որտեղ արդարություն է բնակվելու։ Տերը բոլորիս արժանացնի այդ անանց Թագավորությունը ժառանգելուն: Ամեն:

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2282

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ